Խոսքի և քաղաքավարության մեծագույն պարգևն օգտագործելու կարողությունը մարդկային ամբողջական անհատականության երկու այլ կենսական կարևոր բաղադրիչներն են: Լավ վարքագիծը փոքր, բայց շատ արժեքավոր նվեր է, որը մենք կարող ենք պարգևել միմյանց։ Այն, ինչը հմտորեն արված և ավարտված է, ավելի է գեղեցկանում․ երկրի ընդերքից արդյունահանված թանկարժեք քարերը սովորաբար հղկում են, պատրաստած կահույքը ներկում են և փայլեցնում, հագուստը սկզբում ձևում են ու կարում, և հետո միայն կտրում են ավելորդ մասերն ու զարդարում տարատեսակ դետալներով, կառուցված տունը կահավորում են։ Մեր քաղաքավարությունը նման է մասնագետի վերջին շտրիխներին՝ այն մեզ զարդարում է, մարդկանց հետ մեր շփումը դարձնում է ավելի հաճելի։ Ոչ ոքի դուր չի գալիս սուր ծայրերը, և երբեմն այնքան հիասթափեցնող է, երբ տեսնում ես լավ պատրաստված իրը, որին պակասում է վերջին ավարտական շտրիխները՝ այն նույն դետալները, որը նրան կատարյալ տեսք են տալիս։ Նույնը վերաբերվում է մարդկանց․արդար, բարոյական, բարի մարդը միևնույն ժամանակ կարող է լինել կոպիտ, մանրուքների հանդեպ անուշադիր, անդաստիարակ։ Որքան հաճելի կլիներ նրա հետ շփումը, եթե նա հղկեր իր բնավորության այն անհարթությունները, որոնք այդքան ազդում են մարդկանց նյարդերի վրա և այդքան վիշտ են պատճառում շրջապատին։ Որքան ուրախալի կլիներ, եթե նա ևս մեկ փոքրիկ քայլ կատարեր իր կատարելագործման ճանապարհին։
Վերջերս բավականին տարօրինակ միտում է ի հայտ եկել, որը հատկապես մեծ տարածում է գտել երիտասարդների շրջանում՝ լկտի, կոպիտ և որոշ առումներով նույնիսկ անպարկեշտ ոճի պահվածք։ Սա սկսել է համարվել համարձակության ու մի տեսակ կյանքի փորձ ունենալու նշան:
Միևնույն ժամանակ, եթե այդ նույն երիտասարդների ներկայությամբ, ովքեր ցուցադրում են իրենց կոպտությունը, ինչ-որ մեկը, ձեռքերով ընթրեր, կամ շրջեր կեղտոտ, վատ հոտ եկող յուղոտ մազերով, կամ հյուրասենյակում թքեր հատակին, նրանք հազիվ թե դա համարեին համարձակություն կամ կյանքի փորձ։ Նույնիսկ նման բաների պարզ հիշատակումը մեր մեջ զզվանք ու վրդովմունք է առաջացնում։
Բայց լիովին ընդունելի է համարվում անմակարդակ պատմություններ պատմելը, կտրուկ, անքաղաքավարի, անուշադիր լինելը: Կարող է պարադոքս թվալ, բայց պատշաճ պահելաձևն ու քաղաքավարությունը բարձր էին գնահատվում նույնիսկ այն հեռավոր ժամանակներում, երբ մարդիկ, ներառյալ ազնվական ծագում ունեցողները, ուտում էին ձեռքերով, հազվադեպ էին լողանում, հաճախ համակերպվում էին իրենց վրա ապրող տարբեր տեսակի մակաբույծների հետ և գրեթե երբեք չէին մաքրում իրենց՝ մորթուց ու թավիշից կարված հագուստները: Նրանց համար մեծերի նկատմամբ հարգալից վերաբերմունքը և թույլերի ու հիվանդների հանդեպ հոգատարությունը օրենք էին։ Որքան ապշեցուցիչ կերպով են տարբերվում այդ մարդկանցից նրանց սերունդները, ովքեր պարծենում են իրենց առաջընթացի ձեռքբերումներով, բայց անհույս կերպով հետ են մնում բարոյականության ոլորտում:
Միգուցե այս ենթատեքստում հարկավոր է նշել մարդու բնավորության որոշակի գծերի մասին, որոնք ոչ միայն թունավորում են շրջապատի կյանքը և մեզ դարձնում են պակաս հաճելի, քան կարող էինք լինել, այլ նաև փաստում են մեր հարաբերությունների մեջ մարդկայնության ակնհայտ պակասի մասին։ Օրինակ՝ դուք այնքան շատ եք սիրում շաղակրատել և խոսել ամեն ինչի մասին և բոլորի փոխարեն, որ առանց դադարելու անում եք դա։ Հասկանու՞մ եք արդյոք դուք, որ խոսքի մեջ նման անչափավորությունը խոսում է ձեր զարգացման լճացման մասին։ Դուք առաջ չեք գնում, պարզապես ջուր եք ծեծում։ Եթե դուք ձեզ և ձեր հայացքներն այնքան բարձր եք գնահատում, որ միայն դրա մասին եք խոսում, նշանակում է դուք անկարող եք որևէ բան ստանալ ուրիշներից, դուք կորցրել եք սովորելու ձգտումը, ուշադրությունը, մտքի ճկունությունը, մի խոսքով՝ դարձել եք բացառապես ձանձրացնող մարդ, ում աչքերի մեջ նայելով սովորաբար ասում են՝ զզվեցրիր։ Բայց չէ՞ որ դուք իրականում կարող եք լինել շատ հետաքրքիր մարդ․փորձեք ջանք գործադրել ինքներդ ձեր հանդեպ և հնարավոր է, որ կդադարեք նյարդայնացնել շրջապատող մարդկանց, որովհետև կդադարեք լսել միայն ինքներդ ձեզ և հրճվել սեփական ելույթներով։
Իսկ միգուցե դուք այն մեծահասակներից եք, ովքեր արհամարհանքով դեն են նետում այն ամենն, ինչ գալիս է երիտասարդներից՝ համարելով, որ եթե մարդը դեռ երեսուն տարեկան անգամ չկա, նա ի վիճակի չէ ինչ որ արժեքավոր բան անել, ազդել իրադարձությունների ընթացքի վրա, փոխել որևէ մեկի տեսակետը։ Մի՞թե դուք ինքներդ երբեք երիտասարդ չեք եղել։ Եվ երբվանի՞ց է տարիքը համարժեք դարձել իմաստությանը։ Մի փոքր համեստ եղեք։ Հիշեք, որ բոլոր պետական այրերն ու քաղաքական գործիչները, ովքեր մինչ այժմ այդքան վատ են ղեկավարել աշխարհը, մեծ մասամբ բոլորովին էլ երիտասարդներ չեն:
Իսկ գուցե, ընդհակառակը, դուք այն ինքնավստահ երիտասարդներից եք, ովքեր երեսունն անց յուրաքանչյուրին համարում են քայլող մումիա։ Միգուցե դուք կարծում եք, որ ձեր էմոցիաները, ձեր ակնթարթային համոզմունքները, ձեր հետաքրքրություններն են ճշմարտության իրական չափանիշը, իսկ մնացած ամեն բան ընդամենը ծերունական մարազմի դրսևորու՞մ է։ Մի փոքր ավելի խոհեմ եղեք։ Շատ ժամանակ չի անցնի և ձեր երիտասարդությունը անցյալում կմնա։ Մի՞թե դուք կարծում եք, որ այդ ժամանակ ձեր ինտելեկտը կսպառվի և դուք այլևս պետք չեք լինի հասարակությանը, քանի որ կվերածվեք անպետք ավերակի։ Թե՞ դուք հույս ունեք, որ ձեր ներկայիս էներգիան անսպառ է և դեռ երկար ժամանակ կշարունակի հեղեղի պես դուրս հորդալ։ Այդքան ինքնահավան մի՛ եղեք։ Այժմ ձեզ տրված են երիտասարդության արժանիքները՝ էներգիա, քաջություն, հնարամտություն, լայնախոհություն և պահպանողականության բացակայություն, բայց հասուն տարիքն ունի իր արժանիքները՝ փորձ, հավասարակշռություն, իմաստություն, համբերություն և զգուշություն: Աշխարհին պետք են և՛ մեկը, և՛ մյուսը, և դուք դեռ շատ բան ունեք սովորելու:
Արդյո՞ք դուք հակում ունեք հեգնանքով վերաբերվել և նվազեցնել այլոց արժանիքները։ Եթե այո, ապա դա թերարժեքության բարդույթի նշան է։ Եթե դուք կարծում եք, որ քաղաքավարի մարդիկ «աչքերին թոզ են փչում», «նրբաճաշակ հագնվածները փուչ են ու սնափառ», իսկ սիրալիր մարդիկ ձգտում են «լավամարդ» դուրս գալ, ապա դուք, ամենայն հավանականությամբ անքաղաքավարի եք, անփույթ, շրջապատի մարդկանց հանդեպ անուշադիր և նախանձ։
Իսկ ինչու՞ չփոխվել։ Ոչինչ չի խանգարում ձեզ զարգացնել ձեր մեջ այն հատկանիշները, որոնք հաղորդում են մարդուն նրբագեղություն, հմայք, ջերմություն, նրան շրջապատի համար հաճելի են դարձնում։ Երբ դուք ուրիշի մեջ ինչ-որ լավ բան եք տեսնում, զինվեք դրանով, չէ՞ որ այս ողջ հիասքանչ հատկանիշները հասանելի են յուրաքանչյուրիս և մեզ որպես ընծա են տրվում։ Աշխատեք ձեզ վրա, հարթեք սուր անկյունները, բնությունը զորեղ փոխակերպող է, սովորեք նրանից։ Եթե դուք ինչ-որ հարցում լիարժեք չեք կամ թերանում եք, հաղթահարեք դա։ Եթե դուք դուրս եք եկել անապահով ընտանիքից և ձեր ուղին սկսել եք սոցիալական ցածր կարգավիճակ ունեցող մարդկանց շրջանում, ջանասիրաբար զարգացրեք ձեր ունակությունները, քանզի անտաղանդ մարդիկ չկան, և այն, ինչ դուք թերություն էիք համարում, առավելություն դարձրեք։ Եթե դուք գեղեցիկ կամ հրապուրիչ չեք, միգուցե հնարամի՞տ եք, ինտելեկտուալ, մեղմ, նրբանկատ կամ օգտակար։
Եթե դուք հաշմանդամ եք, մոռացեք դրա մասին, թող ձեր ներսից վառ լույս ճառագի, և այդ ժամանակ ձեր հաշմանդամությունն ուժի կվերածվի, և դուք շրջապատի մոտ ոչ թե խղճահարություն, այլ հիացմունք կառաջացնեք։ Իմ՝ երբևէ ճանաչած ամենահիասքանչ մարդկանցից մեկը կուզ ունեցող, շատ ցածրահասակ մարդ էր։ Այլանդակված էին ոչ միայն նրա մեջքն ու ուսերը, այլ նաև դեմքը։ Բայց նա այնքան կենսուրախ էր ու հմայիչ, որ վայելում էր բոլորի սերը։ Նա իրեն ամբողջական մարդ էր զգում, և դրա վառ ապացույցը նրա՝ բարձրահասակ, սիրունատես կինն էր և երկու հիասքանչ երեխաները։ Երբ երեխաներն արդեն մեծացել էին և նա հիսուն տարեկանում կորցրեց կնոջը, նա ևս մեկ անգամ ամուսնացավ, և այս անգամ նույնպես՝ գեղեցիկ, առանց ֆիզիկական արատների կնոջ հետ։ Եվ դա զարմանալի չէ։ Նա այնքան հմտորեն էր աճեցնում իրեն տրված հոգու և մտքի կարողությունները, որ նրա այլանդակված մարմինը ոչ միայն նրան չէր խանգարում իր կյանքում, այլև թվում էր թե նրան հատկապես գրավիչ էր դարձնում։ Ոչ ոք նրան այլ կերպ չէր պատկերացնում, և ոչ ոք չէր էլ ցանկանում, որ նա դադարի լինել այնպիսին, ինչպիսին կար։
Հատված Մերի Մաքսվելի <<Կյանքի գաղտնիքը>> գրքից