Մի երեկո Բրյուսելում, տրամվայի մեջ ես ստացա մի հրաշալի, անմոռանալի դաս, թե ինչպես է պետք աշխատել։ Քաղաքի գործնական թաղամասից վերադառնալով իմ՝ ծայրամասում գտնվող տունը, ես նստեցի տրամվայ։ Ես գնացի մոտ տասնհինգ-քսան րոպե, բայց այդ տրամվայի վագոնավարն ինձ հասցրեց աշխատանքի հանդեպ վերաբերմունքի մի անգնահատելի դաս տալ։ Դա շատ տարիներ առաջ էր, բայց մինչ այժմ ես երբեք նման բան չեմ տեսել։ Վագոնավարին նայելով՝ ինձ մոտ տպավորություն էր ստեղծվում, որ տրամվայը նրա սեփականն է, և յուրաքանչյուր մտնողը՝ նրա հյուրը, և որ նա պատասխանատու էր բոլորի համար, ով այդ պահին տրամվայում էր։ Սակայն նա բացարձակապես չէր գիտակցում դա։ Նա ուղղակի ամբողջությամբ իրեն աշխատանքին էր նվիրում։ Տրամվայի վագոնավարի պարտականությունների մեջ մտնում էր վաճառել տոմսերը, վերադարձնել մանրը։ Դրա հետ մեկտեղ, Բրյուսելում, այն օրերին, վագոնավարը պետք է ի տհաճություն հաճախորդների, փչեր սարսափելի ձայն հանող պղնձե շեփորով՝ ազդանշան տալով վարորդին, որ կարելի է շարժվել։ Բայց այս մարդը, ում, թերևս, ոչ ոք երբեք չէր ասել, որ նրանից պահանջվում էր միայն պղնձադրամները հաշվելը և շեփորի մեջ փչելը, օգնում էր տարեց տղամարդկանց, կանանց և երեխաներին մտնել և դուրս գալ վագոնից, տալիս էր նրանց կապոցները, երեխային գրկում էր, մինչև մայրը իջնում էր աստիճաններից, քայլում էր վագոնի երկայնքով, ինչպես տանտերն է քայլում իր հյուրասենյակով, հարմարավետ տեղավորում էր հոգնած մարդուն, առաջարկում էր մյուս ուղևորներին մի փոքր իրար մոտենալ, որպեսզի նստեցներ կնոջը և անհավանական պատրաստակամությամբ, իհարկե, քաղաքավարությամբ պատասխանում էր հարցերին, մարդկանց խնդրանքով ասում էր նրանց, թե որ կանգառում պետք է իջնեն, ժպտում էր և ասես թե հայացքով ասում․ «ինչ լավ է, որ դուք այստեղ եք։ Է՞լ ինչպես կարող եմ ձեզ ծառայել»։ Դա զարմանալի էր։ Ակամայից գլխումս մի միտք ծագեց․ ինչպիսին կդառնար այս աշխարհը, եթե բոլոր մարդիկ կատարեին իրենց աշխատանքը նման կերպ, առանց բարկանալու, առանց նեղանալու, առանց ուրիշներին անտարբերությամբ ողողելու։ Չէ՞-որ այդ վագոնավարը կարող էր հարմար դիրք ընդունել․ «Ես վաստակում եմ իմ ապրուստը և դուք ինձ հետաքրքիր չեք, ես այստեղ եմ միայն տոմսերը վերցնելու և մեկնման ազդանշան տալու համար, և դա է այն ամենը, ինչ ես պատրաստվում եմ անել», բայց սառն անտարբերության փոխարեն (որն այնքան բնորոշ է մեծամասնությանը), նա ուշադրություն, քաղաքավարություն, օգտակարություն էր ճառագում։ Եվ ես չեմ կասկածում, որ դրա հետ մեկտեղ նա երջանիկ էր։ Իրեն ամբողջությամբ նվիրելով այս սակավ հետաքրքիր աշխատանքին, նա փոխարենը մեծագույն բավարարվածություն էր ստանում։ Դա գրված էր նրա հոգնած, անհրապույր դեմքին՝ այն երջանկությունից փայլում էր։ Նա բացահայտել էր աշխատանքի գաղտնիքը՝ աշխատանքի, որը ծառայություն է, գտել էր ոսկե թալիսմանը, որը ձանձրալի, ծանր աշխատանքը վերածել էր հաճույքի, հոգնածությունը՝ բավարարվածության, ձանձրույթը՝ հետաքրքրվածության։ Կարո՞ղ է արդյոք ինչ-որ մեկն ասել, որ նրա աշխատանքը ջուրն է ընկել, որ նա հիմարի պես է իրեն պահել։ Ես ընդամենը նրա ուղևորներից մեկն էի, բայց քանի դեռ ապրում եմ, ես չեմ մոռանա այդ մարդուն։ Որքան շատ բան կարող է անել ընդամենը մեկ մարդը։ Արժե մտածել, իսկ ինչ կլիներ, եթե մենք բոլորս փորձեինք այդպես աշխատել։ Ինչպիսի՞ն կդառնար այս աշխարհը։ Տալ նշանակում է ստանալ։ Թե ինչու է դա այդպես, մնում է առեղծված, բայց որքան շատ եք դուք տալիս, այնքան ավելի շատ եք ստանում ձեր հոգու համար։
Հատված <<Կյանքի գաղտնիքը>> գրքից