Մարդկությունը միշտ փորձել է հասկանալ ժամանակի բնույթը։ Արդյո՞ք պատմությունը գծային է՝ շարժվելով առաջ մեկ ուղղությամբ, թե՞ այն զարգանում է կրկնվող փուլերով, վերելքներով և անկումներով, ծնունդներով ու նորոգումներով։ Բնությունն ինքնին մեզ հուշում է ցիկլայնության մասին․ գիշերը փոխարինվում է ցերեկով, ձմեռը՝ գարնանով, սերունդները գալիս ու անցնում են, իսկ կյանքը շարունակվում է նոր ձևերով։
Տիեզերքի դիտարկումը ևս նույն պատկերն է ներկայացնում։ Երկնային մարմինները շարժվում են հաստատուն օրինաչափություններով, պտտվում են իրենց ուղեծրերով և վերադառնում նույն կետին՝ սկսելով նոր շրջան։ Այս ցիկլային օրենքը ոչ միայն ֆիզիկական աշխարհի առանձնահատկությունն է, այլև արտահայտվում է մարդկային հասարակությունների զարգացման մեջ։ Քաղաքակրթությունները ծնվում են, հասունանում, մարում և իրենց տեղը զիջում նորերին։
Աբդուլ-Բահայի խոսքերը բացահայտում են այս օրինաչափության ավելի խոր՝ հոգևոր չափումը։ Նա ներկայացնում է այն միտքը, որ ինչպես բնության աշխարհում, այնպես էլ հոգևոր առաջնորդության պատմության մեջ գոյություն ունեն ցիկլեր։ Աստվածային Հայտնիչների գալուստը նշանավորում է նոր դարաշրջանների սկիզբը, և յուրաքանչյուր ցիկլ բերում է մարդկության գիտակցության, օրենքների և հասարակական կառուցվածքի նոր աստիճան։ Այս տեսանկյունից պատմությունը պարզապես իրադարձությունների շղթա չէ, այլ աստիճանական զարգացում՝ առաջնորդվող աստվածային իմաստությամբ։
Հետևյալ հատվածում Աբդուլ-Բահան ներկայացնում է գոյություն ունեցող աշխարհի ցիկլերի իրական բացատրությունը՝ միավորելով տիեզերական և հոգևոր իրականությունները մեկ ամբողջական տեսլականում։
Հարց՝ ո՞րն է իրական բացատրությունն այն ցիկլերի, որոնք դիտարկվում են գոյություն ունեցող աշխարհում:
Պատասխան՝ երկնքի այս անվերջ լուսատուներից յուրաքանչյուրն ունի պտույտի իր ցիկլը, յուրաքանչյուրը պտտվում է իր հատուկ ուղեծրով, յուրաքանչյուր ցիկլ ունի իր տևողությունը, և մեկ ցիկլի ավարտին յուրաքանչյուր մարմին սկսում է պտույտի նոր ցիկլ: Այսպիսով, երկիրը յուրաքանչյուր երեք հարյուր վաթսունհինգ օր, չորս ժամ, քառասունութ րոպե և վայրկայնների ընթացքում կատարում է ամբողջական պտույտ, այնուհետև սկսվում է նոր ցիկլ, այսինքն՝ նախորդ ցիկլը վերսկսվում է: Նույն կերպ, ամբողջ տիեզերքում և՛ երկնային աշխարհի տիրույթում, և՛ մարդու աշխարհում տեղի են ունենում մեծ իրադարձությունների ցիկլեր, նշանակալի հանգամանքներ և միջադեպեր: Մեկ ցիկլի ավարտից հետո սկսվում է նորը, և տեղի ունեցող նոր իրադարձությունների նշանակությամբ նախկին ցիկլն ամբողջությամբ մոռացվում է, և նրանից ո՛չ հետք է մնում, ո՛չ հիշողություն: Ինչպես տեսնում եք, մենք քսան հազար տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ոչ մի ապացույց չունենք, չնայած ապացուցված է, որ երկրի վրա կյանքը բավական հին երևույթ է: Այն հաշվվում է ոչ հարյուր, և ոչ էլ երկու հարկուր հազար, ոչ մեկ և ոչ էլ երկու միլիոն տարի, այն գոյություն ունի անհիշելի ժամանակներից, իսկ հին դեպքերի հետ կապված հիշողություններն ու դրանց հետքերը ամբողջությամբ կորսված են:
Այս կերպ, Աստվածային Հայտնիչներից յուրաքանչյուրն ունի իր ցիկլը, ըստ որի շարունակության Նրա օրենքներն ու պատվիրանները տարածվում և պահպանվում են: Երբ Ցիկլն ավարտվում է, նոր Հայտնիչի գալուստով սկսվում է նոր ցիկլը: Այսպիսով, ցիկլերը սկսվում, ավարտվում և նորանում են, մինչև աշխարհում տեղի ունենա տիեզերական ցիկլ, երբ տեղի կունենան այնպիսի կարևոր իրադարձություններ և մեծ գործեր, որոնք ամբողջովին կխավարեցնեն անցյալի բոլոր հիշողություններն ու կջնջեն նրա հետքերը, որից հետո կսկսվի նոր տիեզերական ցիկլ, քանզի տիեզերքը սկիզբ չունի:
Մի խոսքով, տիեզերական ցիկլը գոյություն ունեցող աշխարհում ընդգրկում է ժամանակի երկար հատված, ինչպես նաև անթիվ ու անհամար ժամանակաշրջաններ ու դարաշրջաններ: Նման ցիկլի ընթացքում հիասքանչ Հայտնիչները գալիս են տեսանելի աշխարհի սահմաններ, մինչև մեծագույն Հայտնիչը չվերածի աշխարհը Իր Փայլի կենտրոնակետ: Նրա հատնությունը ստիպում է աշխարհին մտնել հասունության դարաշրջան, և Նրա ցիկլի տևողությունը հսկայական է: Որպես հետևանք, այլ Հայտնիչներ կբարձրանան նրա հովանու ներքո, Նրանք կթարմացնեն պատվիրաններից որոշները՝ համապատասխան ժամանակի կարիքներին, բայց միևնույն ժամանակ կմնան Նրա ստվերի ներքո:
Հատված <<Որոշ հարցերի պատասխաններ>> գրքից