Այսօր սթրեսներն աշխարհում այնքան շատ են, որ բոլորս, անշուշտ հանգստի և հոգեբանական խորհրդի կարիք ունենք: Վերջին տարին մեր երկրի համար հատկապես սթրեսային էր: Պատերազմի և Քովիդի հետևանքով առաջացած լարվածությունն ու տագնապը իրենց բացասական ազդեցությունն են թողել բոլորիս վրա: Մեզնից յուրաքանչյուրը փորձում է յուրովի հաղթահարել հոգեկան անհանգստությունն ու հասնել հուզական աշխարհի կայունության:
Այս նպատակով հունիսի 26-ին Բահայի համայնքը կազմակերպեց օնլայն թրեյնինգ` «Սթրեսի կառավարում» թեմայով: Ծրագիրը ներկայացրեց Ամերիկյան համալսարանի Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մագիստրոսական ծրագրի ղեկավար Իրշատ Մադյարովը, թրեյնինգը վարեց հատուկ հրավիրված հոգեբան-խորհրդատու, քոուչ Տարաս Վավրիկը: Թրեյնինգի ժամանակ քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սթրեսը և Քովիդ-19, սթրեսի հոգեբանությունը, վերջինիս կառավարման բազային միջոցները, դրա հաղթահարման ուղիները և գիտակցության կառավարումը (mindfulness): Վերջում հոգեբանը պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին:
Ակտիվ քննարկումներից բացի հոգեբանը նաև ցույց տվեց մի քանի պրակտիկ միջոց` ինքնակառավարման և հոգեկան անհանգստությունից ազատվելու համար:
Հանդիպումն ավարտվեց կրկին տեսնվելու ակնկալիքով:
Փորձեք լինել լավատես և խուսափել ավելորդ լարվածությունից: Հիշե’ք, չկա ավելի կարևոր բան, քան սեփական առողջության նկատմամբ ուշադրությունը: