Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Սեր և ամուսնություն
Հոդվածներ

Սեր և ամուսնություն

Որպես անհատներ՝ մենք մեկուսացված չենք մեզ շրջապատող աշխարհից։ Մեր ողջ կյանքը սերտորեն միահյուսված է այլ մարդկանց կյանքի հետ, և հենց շրջապատի հետ հարաբերությունների շնորհիվ է տեղի ունենում մեր զարգացումն ու կատարելագործումը։ Մեր կենսաբանական բնույթով մենք հոտայինների տեսակ ենք, այսինքն նման ենք այն կենդանիներին, որոնց կենսագործունեությունն իրականացվում է ընդհանուր բնակության պայմաններում և հետևաբար, մենք ի վիճակի չենք զարգանալ մեկուսացման մեջ։

 

Մեր օրերում, երբ մարդկությունը գնում է դեպի համընդհանուր միավորում, իմաստունն, ով հեռացել է աշխարհից՝ փնտրելով իր փրկության սեփական ուղին, սուֆին, ով միայնակ զբաղվում է իր «ես»-ի կատարելագործմամբ, վանականը, ով հրաժարվում է աշխարհիկ բարիքներից և կամովին ընդունում է տառապանքը, սխալ ճանապարհով են գնում, քանզի փորձում են լողալ կյանքի հոսանքին հակառակ։ Յուրաքանչյուր հոտային տեսակի մեջ ընդգրկված անհատի առաջընթացը հնարավոր է միայն շփման, համագործակցության, մրցակցության ընթացքում, նա պետք է մոտիվացված լինի և հիմնվի դրական օրինակների վրա։ Հետևաբար, ինքնակատարելագործման մեր ճանապարհը անբաժան է նրանցից, ում հետ մենք շփման մեջ ենք մտնում։

 

Մեր փոխհարաբերություները, որոնք հիմնված են բարու և չարի վրա, ի վերջո որոշում և ձևավորում են մեր բնավորությունը։ Աշխարհը զարգանում է բազմացման մշտական պրոցեսսի շնորհիվ՝ որոշ բջիջներ կիսվում են, մյուսները միանում՝ ծնելով սերունդ։ Մարդը, ինչպես կյանքի մյուս բոլոր ձևերը, նույնպես վերարտադրում է իրեն որպես տեսակ։ Հետևաբար, մարդու կյանքում առաջին դերը խաղում է ընտանիքը։ Որքան էլ որ հիասքանչ լինի ընկերությունը, այն չի հանդիսանում այն հիմքը, որի վրա հիմնվում է մարդկային հասարակությունը։ Նրա հիմքում ընկած են ամուսնական կապերը։

 

Կինն ու տղամարդը կազմում են սկզբնական բջիջը, նրա շուրջը ձևավորվում են երեխաների, հարազատների և ծանոթների մշտապես ընդարձակվող շրջանակը։ Հետևաբար յուրաքանչյուր անհատի համար կյանքի բեկումնային պահը համարվում է սեռերի հանդեպ նրա մոտեցումը։ Մարդիկ միշտ գիտակցել են այս հարաբերությունների կենսական կարևորությունը, բայց նախկինում երբեք այս հարցն այսքան սուր չի կանգնել նրանց առջև։

 

Այսօր քաղաքակիրթ աշխարհը թաղված է սեռական ամենաթողության մեջ, այն ողողվել է էրոտիկ գրականության և սեքս-խթանիչների հեղեղով։ Չնայած սեքսի նկատմամբ մեծ ուշադրությանը, թվում է, թե այս ոլորտում ծագող խնդիրների լուծումը դեռ չի գտնվել։ Ավելի շուտ՝ հակառակը, այս խնդիրներն այնքան արագ են բազմապատկվում, որ ըստ ներկայիս կանխատեսումների, Միացյալ Նահանգներում մոտ ժամանակներում սպասվում է ամուսնությունների ուղիղ կեսի լուծարում։ Ինչպես նշել է լրագրողներից մեկը, ժամանակակից հասարակության մեջ «լուսավորվածությունն ու անկումը քայլում են ձեռք ձեռքի տված»։

 

Ամուսնալուծությունների թիվը գնալով աճում է, վեներական հիվանդությունների թիվը, չնայած առկա բոլոր հրաշագործ դեղամիջոցներին, մշտապես մեծանում է, ինչի մասին փաստում է նաև ներկայումս տարածվող ՁԻԱՀ-ը։ Շատ գերտերություններում ծնելիության մակարդակը նվազում է, էլ ավելի է տարածվում բարոյական այլասերվածությունը, և ինչն առավել վատ է, անառակությունն ու ամենաթողությունը գրավում են երիտասարդներին։ Արևմտյան հասարակության մեջ ինը տարեկանների մարմնավաճառության դեպքերը ընդհանրապես հազվադեպ չեն, իսկ դա նշանակում է, որ հասարակությունը ընկնում է բարոյական դեգրադացիայի անդունդը, ինչին քիչ չեն նպաստում մանկական պոռնոգրաֆիայի թողարկումների տարեցտարի աճը, որն արտացոլում է այնպիսի այլասերված մտածելակերպ, որից չի կարող չսարսափել ցանկացած մարդ, ով ունի նորմալ հոգեկան աշխարհ։ Այստեղ ակնհայտ կերպով ինչ-որ բան խախտված է՝ ինչպես հենց բուն հասարակության մեջ, այնպես էլ այս հասարակությունը կազմող անհատների միջև փոխհարաբերությունների։ Թվում է, թե մարդիկ մոլեգնորեն դեմ են դուրս եկել բոլոր բնածին բարոյական ուղեցույցների դեմ, որոնք այդքան կարևոր են մարդու զարգացման համար։ Միայն վերադառնալով դրանց՝ կարելի է հաղթահարել չարիքը, որն ախտահարել է կյանքի այս ոլորտը։

 

Ընդհանուր առմամբ այսօր աշխարհում գոյություն ունի ամուսնական հարաբերությունների երեք հիմնական մոտեցում։ Ամուսնական ամենատարածված ձևը, որն ընդունված է ոչ միայն Ասիայում և Աֆրիկայում, այլև Խաղաղօվկիանոսյան կղզիներում և Արևմտյան կիսագնդի ցեղերի մեջ, այն է, որ ամուսնությունը դիտարկվում է ոչ միայն որպես սոցիալական ինստիտուտ, այլ առաջին հերթին որպես գործնական անհրաժեշտություն և ընտանիքի հանդեպ պարտականություն, այսինքն՝ ներընտանեկան խնդիր, որն առաջին հերթին որոշվում է ծնողների կողմից։

 

Ամուսնության երկրորդ ձևը պայմանականորեն կարելի է անվանել «եվրոպական մոդել»։ Այստեղ ամուսնությունը դիտարկվում է որպես հասարակության կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ հարաբերությունների հիմք։ Այդ իսկ պատճառով ամուսնությանը վերաբերվում են փիլիսոփայորեն և փորձում են այն բոլոր շահագրգիռ կողմերի համար կնքել մաքսիմալ օգուտով։ Միևնույն ժամանակ ամուսնությունից շատ բան չեն սպասում, օրինակ, ռոմանտիկ սեր, քանզի ցանկության դեպքում այն կարելի է գտնել դրսում։ 

 

Ամուսնության հանդեպ երրորդ մոտեցումը կարելի է անվանել ուլտրաամերիկյան՝ նրան բնորոշ է ծայրահեղ ինդիվիդուալիզմն ու ամուսնական հարաբերությունների ռոմանտիկ իդեալականացումը, որի հիմքը համարվում է «սերը»՝ ոչ թե իրական, այլ առօրյա ընկալմամբ։ Մարդկանց գիտակցության մեջ մտցվում է այն միտքը, որ եթե սիրո երանության չես հասնում ամուսնության մեջ, ապա այն կարող է լուծարվել, որից հետո կարելի է նոր զուգընկեր փնտրել։ Նաև համարվում է, որ եթե ամուսինների ռոմանտիկ հարաբերություններն աստիճանաբար մարում են, ուրեմն ամուսնությունը ձախողվել է և առանց ափսոսանքի կարելի է այն քանդել։

 

Այս երեք մոդելները ոչ այլ ինչ են, քան ընդհանրացումներ, և դրանք հենց այդպես էլ հարկավոր է ընդունել։ Իհարկե, բացառություններ լինում են, և յուրաքանչյուր ամուսնություն իրականում անկրկնելի է։ Բայց լայն իմաստով, ամուսնության հանդեպ այս երեք նշված մոտեցումներն իրականություն են։ Առաջինը Արևելքում ապրող մարդու տեսակետ է, ով ամուսինների միջև իդեալական սիրո և ռոմանտիկ հարաբերությունների մասին պատրանքներ չունի, ով ամուսնությունը դիտարկում է որպես կյանքի անհրաժեշտ դրսևորում։ Դրա շնորհիվ նա կարող է պատվով հավերժացնել իր անունը՝ շարունակելով իր ցեղը։ Երկրորդը եվրոպացու հայացքն է, ով նույնպես ամուսնությունը չի դիտարկում որպես իդեալական հարաբերությունների և երջանկության երաշխիք։ Նա, համեմատականորեն ազատ է իր ընտրության հարցում, բայց ամեն դեպքում, որոշ չափով ենթարկվում է ավանդույթներին և մեծ հարգանքով է լցված ընտանիքի՝ որպես ինստիտուտի նկատմամբ, չնայած, դրա հետ մեկտեղ, դեմ չէ կողքից զվարճանալուն։ Եվ վերջապես երրորդը ամերիկացու տեսակետն է, ով նվազագույն ներդրումներով չափազանց շատ բան է ակնկալում ամուսնությունից և դրան մոտենում է ծայրահեղ ինդիվիդուալիստական ​​ձևով: Նախքան ամուսնանալը նա, որպես կանոն, կարծիք չի հարցնում իր ծնողներից, իսկ ձախողվելով՝ չափազանց արագ է խզում ամուսնական կապը։ Եթե ​​դիմենք ամուսնական միությունների բարեկեցությունն արտացոլող վիճակագրությանը, ապա Միացյալ Նահանգների տվյալները դժվար թե ավելի լավը լինեն, քան, օրինակ, Թայլանդինը։ Միգուցե մենք զարմանանք՝ հայտնաբերելով, որ ընտանիքի ներդաշնակությունն ու երջանկությունը ավելի հաճախ հանդիպում են այն ժողովուրդների մոտ, ում հյուսիսամերիկացիները կամ եվրոպացիները սովոր են հետամնաց համարել։ Իրականում, սակայն, բանը նրանում է, որ այդ ժողովուրդների մոտ ամուսնության հանդեպ վերաբերմունքը շատ ավելի իրատեսական է։ Ամեն դեպքում, որ ազգի մասին էլ որ խոսքը գնա, ակնհայտ է, որ հոգևոր անհասությունը և բարոյական նորմերի մոռացությունը բոլորովին չեն նպաստում երջանկության հասնելուն այնպիսի ինտիմ ոլորտում, ինչպիսին ամուսնությունն է։ Այստեղ նկատվում է երկու ծայրահեղություն: Արևելքի բնակիչն ընդհանուր առմամբ ցավալի քիչ բան է սպասում հարաբերություններից, որոնք ի վիճակի են խորը ուրախություն պարգևել՝ կյանքն ավելի երջանիկ ու հարուստ դարձնելով։ Մյուս կողմից՝ ամերիկացին չափազանց շատ է սպասում և ի սկզբանե շեշտը դնում է կեղծ արժեքների վրա։

 

Մարդկային ցեղի մեծամասնությունը ամուսնությանը վերաբերվում է որպես սերունդ վերարտադրելու հնարավորություն։ Ամերիկացիները, սակայն, հակված են համարելու, որ ամուսնության նպատակը զուգընկերների՝ սեռական բավարարվածության հասնելն է։ Ինչքան շուտ մարդիկ հասկանան, որ առաջին տեսակետը հիմնված է ճշմարտության և բնության օրենքների վրա, իսկ երկրորդը ՝ նրա, որ ամուսնության մեջ երկրորդական ասպեկտներից մեկի կարևորությունը գերագնահատվում է, ընտանիքներն այնքան երջանիկ կդառնան։ Հնարավոր է՝ հենց այստեղ, կապված այնպիսի կարևոր թեմայի հետ, ինչպիսին ամուսնությունն է, տեղին կլինի կանգ առնել մի քանի ընդհանրական հիմնարար ճշմարտությունների վրա։ Մեզ շրջապատող աշխարհի գույները, զգացողությունները, որոնք բնորոշ են մեզ, այս բոլորը հիանալի է, և մենք իրավունք ունենք, անգամ պարտավոր ենք վայելել դա, քանզի այն մեզ տրված է Աստծո կողմից։ Մենք մեր մեջ զարգացրել ենք շրջապատը նուրբ ձևով ընկալելու կարողությունը՝ սովորելով էսթետիկ հաճույք ստանալ ձայնից, գույնից և ձևից։

 

Հրաժարվելն այն երկրային ուրախություններից, որոնք բնությունն առատաձեռնորեն, ասես լիության եղջյուրից հեղում է մեզ վրա, բոլորովին էլ սրբության նշան չէ։ Փախչելն այն խելամիտ հաճույքներից, որոնք մեզ տալիս է կյանքը, ամենևին էլ փրկության ճանապարհը չէ։ Մեր բոլոր զգացողությունները դարպասներ են, որոնք տանում են մեզ ոչ միայն կյանքի ավելի ամբողջական զգացողության, այլ դրա ավելի լավ ընկալման և ի վերջո՝ ինքնակատարելագործման։ Բայց այստեղ, ինչպես և մնացած ամեն ինչում, չափավորություն է հարկավոր՝ չի կարելի կորցնել զգացմունքների հանդեպ վերահսկողությունը, քանզի դրանք չպետք է կառավարեն մեզ։

 

Հատված Մերի Մաքսվելի <<Կյանքի գաղտնիքը>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ