Տոնակատարություններն ու միջոցառումները մարդկանց ուրախություն և լավ տրամադրություն են հաղորդում և ժամանակ են տալիս ընկերների և ընտանիքի միասնության համար: Բայց ուրախությունն ավելին է, քան պարզապես կարևոր զգացմունք։
Բահայի գրվածքներում ուրախությունը դիտվում է որպես աստվածային հատկություն, քանի որ այն մեզ ստեղծող կատարյալ էակի` Աստծո բազմաթիվ հատկանիշներից մեկն է: Այսպիսով, ի՞նչն է այդքան խորը այս հատկանիշի մեջ, որը կոչվում է ուրախություն:
Իր ամենահիմնարար մակարդակում ուրախությունը մեզ թույլ է տալիս ապրել արդյունավետ և հագեցած կյանքով: Աբդուլ-Բահան՝ Բահայի հավատի հիմնադրի և մարգարեի՝ Բահաուլլաjի որդին, ասել է. «Ուրախությունը մեզ թևեր է տալիս։ Ուրախության ժամանակ մեր ուժն ավելի կենսական է, մեր ինտելեկտը՝ ավելի սուր, և մեր հասկացողությունը՝ ավելի քիչ պղտորված: Մենք կարծես ավելի լավ ենք համակերպվում աշխարհի հետ և գտնում ենք մեր օգտակարության ոլորտը»։
Գործողությունից բխող ուրախության մեծ աղբյուրը ուրիշներին ծառայելուն մասնակցելն է: Բայանում Բաբը, ով Աստվածահայտնությունն էր, ով ճանապարհ պատրաստեց Բահաուլլայի համար, գրել է. «Ոչ մի երկրպագություն ավելի ընդունելի չէ Նրա կողմից, քան հավատացյալների սրտերը ուրախացնելը, և ոչինչ ավելի չի հեռացնում Աստծուց, քան մարդկաանց տառապանք պատճառելը»:
Հասկանալի է, որ մենք ավելի լավ ենք հանդես գալիս ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը, երբ ուրախ ենք։ Ես, իհարկե, մոռանում եմ դրա մասին և կարող եմ չափազանց շատ ժամանակ ծախսել՝ անհանգստանալով ինչ-որ բաների մասին և մտածելով, թե ինչպես պետք է արձագանքեմ, եթե որևէ խնդրի հանդիպեմ: Փոխարենը, ես պետք է վստահեմ Աստծուն և ուրախությամբ գործս անեմ:
Ուրախության մյուս կարևոր հատկանիշը մեզ մաքրելու նրա կարողությունն է: Բաբն իր հետևորդներին ասաց, որ լինեն անբիծ, մաքուր մտքերով, խոսքով և գործով, որպեսզի նրանք կարողանան տեսնել ճշմարտությունը: Հետաքրքիր է, որ սա ներառում էր նաև ուրախություն. «Աստված չի ուզում տեսնել… ոչ ոքի առանց ուրախության և պայծառության: Նա իրոք ցանկանում է, որ բոլորը զարդարված լինեն մաքրությամբ, թե՛ ներքուստ, թե՛ արտաքուստ, որպեսզի զզվանք չպատճառեն ոչ իրենց, ոչ էլ առավել ևս՝ ուրիշներին»։
Նույնն ասել է Բահաուլլան` Նվիրական խոսքերում: Նա գրել է.
Ուրախացեք ձեր սրտի ուրախությամբ, որպեսզի արժանի լինեք հանդիպելու Ինձ և արտացոլեք Իմ գեղեցկությունը:
Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք պետք է ուրախանանք, որպեսզի հնարավորություն ունենանք ավելի մոտենալու Աստծուն։ Թե՞ նշանակում է, որ Աստծուն ավելի մոտ լինելու համար պետք է ուրախանալ։ Ո՞վ է ասում, որ դա չի կարող նշանակել երկուսն էլ:
Բայց երկրորդ մեկնաբանությունը դիտարկելիս, կարծում եմ, այն կարող է նշանակել, որ ուրախությունն իրականում նախապատրաստում է մեզ Աստծուն հանդիպելուն: Նա մաքրում է մեր սիրտը բացասական հույզերի խավարից և մռայլությունից, որոնք նման են մեր կոշիկների վրայի կեղտին, որոնք մենք չենք ուզում տանել Աստծո մաքրության աշխարհ:
Երբեմն մենք կարող ենք չափազանց ամաչել երջանիկ լինելու համար: Բահաուլլան մեզ խրախուսում է ամեն օր խորհել մեր գործերի մասին, բայց հաճախ մենք ոչ միայն մտածում ենք մեր թերությունների մասին, այլև կենտրոնանում ենք դրանց վրա: Մեր թերությունները պարզապես բացահայտելու և դրանք շտկելու փոխարեն՝ մենք փորձում ենք փրկագնել ինքներս մեզ՝ մեղադրելով և նորից ու նորից նույն սխալները կրկնելով:
Ի՞նչ իմաստ ունի դժբախտ լինելը։ Երբ մենք ընդունում ենք մեր թույլ կողմերը, մենք կարողանում ենք կենտրոնանալ դրականի վրա և առաջ շարժվել ուրախության ոգով:
Ուրախությունը ոչ միայն զորացնում և մաքրում է մեզ. այն նաև կազմում է մեր էությունը և կյանքի նպատակը: «Ապրելու աստվածային արվեստում» Աբդուլ-Բահան մեջբերում է, որ հոգևոր երջանկությունը «մարդկային կյանքի իսկական հիմքն է, քանի որ կյանքը ստեղծված է երջանկության և ոչ թե տխրության համար. հաճույքի համար, ոչ թե վշտի: Երջանկությունը կյանք է, տխրությունը` մահ: Հոգևոր երջանկությունը հավերժական կյանք է: Դա լույս է, որին խավարը չի հաջորդում։ Դա պատիվ է, որին խայտառակություն չի հաջորդում։ Դա կյանք է, որին մահ չի հաջորդում։ Դա գոյություն է, որին բնաջնջում չի հաջորդում։ Սա մեծ օրհնություն է և թանկարժեք նվեր, որը մարդը ստանում է միայն Աստծո առաջնորդությամբ»:
Ինձ համար սա նշանակում է, որ երջանկությունը մեր բնական վիճակն է: Թեև մենք հաճախ դժվարանում ենք ուրախանալ, դա այն պատճառով է, որ կորցրել ենք կապը մեր ներհատուկ հոգևոր էության հետ:
Հոգևորությունը մութ թագավորություն չէ: Ավելի շուտ, դա կյանքի պայծառ ու ուրախ տոն է։ Այն ներառում է հանդիսավոր ափսոսանքի և վիշտի պահեր, բայց հիմնականում ներկված է Աստծո աստվածային լույսով, որը կարող է միայն ուրախացնել մեզ: Այո՛, փոխելու բան կա քո մեջ, կա զոհաբերելու և մեծ ջանքերով զարգանալու բան, բայց մեր Արարչի սիրառատ հայացքի ներքո ջանալն ու մաքուր ու ուրախ կյանքով ապրելը երջանկություն է: