Երեխաները նման են մատղաշ, կանաչ ճյուղերի, նրանք կաճեն այնպես, ինչպես դուք նրանց կդաստիարակեք։
Այնպես, ինչպես ոսկերիչը պետք է տարբերի բարձր հարգի ոսկին ցածր հարգի ոսկուց, բժիշկը՝ ճիշտ ախտորոշում տա, կավագործը տարբերի կավի տարբեր տեսակները, այնպես էլ երեխաների դաստիարակությամբ ու կրթությամբ զբաղվող մասնագետները պետք է իմանան մանկական տարիքի յուրահատկությունները։ Եթե նրանք ի վիճակի չեն գլուխ հանել երեխայի մտածողության, հոգեկան վիճակի, հոգևոր և ֆիզիկական զարգացման գործերից, այսինքն՝ մանկական հոգեբանությունից, ապա նման մանկավարժներին կարելի է համեմատել անփորձ ու անձեռնահաս ժամագործի հետ, ով փոխարենը շտկելու մեխանիզմի փոքր խնդիրը՝ այնպիսի վնաս է հասցնում նրան, որ ժամացույցն արդեն անհնար է սարքել։
Նոր գիտությունը՝ մանկական հոգեբանությունը, չնայած դեռևս շատ երիտասարդ է, շատ արագ հասել է փայլուն հաջողությունների՝ երեխաների հոգեկան զարգացման օրինաչափությունների ուսումնասիրության, նրա հոգու գաղտնիքները հասկանալու գործում։ Լուծելով մի շարք բարդ խնդիրներ՝ այն անգնահատելի ծառայություն է մատուցել երեխաների դաստիարակության ու կրթության հարցում։
Իր կյանքի ընթացքում մարդն անցնում է որոշակի ժամանակաշրջաններ կամ փուլեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունները։ Օրինակ, մանկական տարիքը հատկապես զգայուն է ինտելեկտի, երևակայության զարգացման, ճանաչողական ակտիվության առումով։
Մանկական հոգեբանության բացահայտումներից մեկն այն էր, որ երեխաները նման չեն մեծահասակներին, կամ, այլ կերպ ասած, <<տարբերվում են նրանցից այնպես, ինչպես ցերեկն է տարբերվում գիշերից>>։ Երեխան զգում, մտածում, երևակայում է, շփվում է, ծիծաղում ու լաց է լինում ոչ այնպես, ինչպես մեծահասակը։ Երեխային նաև հասանելի չեն մեծահասակների վերացական դատողությունները։
Ցավոք, շատ հաճախ մանկավարժները և ծնողները սխալմամբ կարծում են, որ երեխաները նման են իրենց և մտածում են, որ ամեն բան, ինչ հետաքրքիր է իրենց, ամենայն հավանականությամբ հետաքրքիր կլինի նաև երեխաներին, այն, ինչ դուր չի գալիս իրենց, ամենայն հավանականությամբ դուր չի գա նաև երեխաներին, իսկ այն ինչ իրենց մոտ ծիծաղ է առաջացնում կամ տխրեցնում է, կուրախացնի կամ կտխրեցնի նաև երեխաներին։ Սակայն շուտով հայտնաբերվում է, որ երեխաներն ու ծնողները, որոնք այդքան նման են իրար արտաքնապես, բայց այդքան տարբերվում են էապես, գտնվում են գնալով մեծացող անդունդի տարբեր կողմերում։ Օգտագործելով գիտականորեն հիմնված մեթոդներ՝ մանկական հոգեբանները ապացուցել են, որ մտածելու, երևակայելու, զգալու և դատելու կարողությունը ունի իր յուրահատկությունները երեխայի զարգացման յուրաքանչյուր փուլում, իսկ նոր փուլի անցումը զգալի փոփոխություններ է մտցնում նրա մտածելակերպ (ուղեղի ձևավորում, ինտելեկտ)։ Օրինակ, չորսից հինգ տարեկան երեխաները յուրաքանչյուր շարժվող առարկա համարում են նույնքան բանական, որքան իրենք են՝ կենդանացնելով ամպերը, քամին, լուսինը, արևը, ամենը, ինչ իրենց կարծիքով շարժվում է։ Նրանք վստահ են, որ լուսինը քայլում է, քամին թռչում է դաշտերի վրայով, գետը քնում է իր անկողնում, իսկ արևը վազում է ամպերի միջով ահռելի արագությամբ։
Երեխաները հաճույք են ստանում նման բաներից, որոնք մեծահասակների մոտ միայն ժպիտ են առաջացնում, և միևնույն ժամանակ նրանք կարող են լաց լինել նրանից, ինչ մեծահասակներին զվարճալի է թվում։ Մայրերը հաճախ են նկատում, որ իրենց անմեղ հեքիաթները երեխաների վրա անբնական ազդեցություն են ունենում։ Երեխաները գունատվում են, նրանց սիրտը սկսում է արագ զարկել հեքիաթի՝ նման, թվում է թե անմեղ մանրամասներից, որոնք մեծահասակների վրա ընդհանրապես ազդեցություն չեն ունենում։
Մայրը պատմում է տղային <<Գեղեցկուհին և հրեշը>> հեքիաթը։ Երեխան ընդհատում է մորն ու անհանգստացած հարցնում լավ, թե վատ ավարտ է ունենալու հեքիաթը։ Երբ նա վստահ լինի, որ հրեշի հետ ոչ մի վատ բան չի լինի, նա խորը թեթևությամբ, հանգիստ կլսի մոր պատմությունը մինչև վերջ (բայց ամեն դեպքում, հոգու խորքում կասկած ունենալով, նա մորը ստիպելու է արագ պատմել, քանի որ նա չի համբերում և ուզում է իմանալ՝ ինչ արկածներ են տեղի ունենում հեքիաթի հերոսների հետ)։
Երեխայի երևակայությունն ու աշխարհի նկատմամբ նրա տեսակետները նույնպես մեծապես տարբերվում են մեծահասակների աշխարհայացքներից ու պատկերացումներից։ Երեխան, օրինակ, հեշտությամբ կհավատա այն բանին, որ ձիու պայտը հյուսները պատրաստում են կարծր փայտից և պարանով այն կապում են ձիու ոտքին, ինչը մեզ համար լիովին անհնար է թվում։ Երեխաները հավատում են կախարդական ձիուն, որը ճախրում է ամպերում, պառավ կախարդին, ով թռչում է ցախավելով և նրան, որ քառասուն կախարդական կերպարանափոխությունների տերը կարող է դառնալ մեկ քար, մեկ վիշապ, մեկ թռչուն։
Ծնողները հակված են երեխաներին մեղադրել անհարկի ծիծաղի, զգացմունքներն անտեղի արտահայտելու մեջ՝ նյարդայնացած նրանց ասելով <<Եվ ի՞նչ ես առանց պատճառի ծիծաղում>>։ Նրանք չեն հասկանում, որ երեխան կարող է ծիծաղել՝ հետևելով սովորական, մեծերի հայացքին սովոր տեսարաններ․ կատվին, որը փորձում է թաթով սատկացնել մեղվին, որը թռչում է նրա շուրջն ու բզզում, եղբոր ստվերի վրա, որը շարժվում է պատի վրայով, ինչպես էկրանի։ Երեխան զարմանում է, որ ծնողները չեն նկատում այդ բաների զավեշտալի կողմը, և շփոթվում է, երբ նրա վրա գոռում են այն բանի համար, որ նա ուրախ ծիծաղում է։
Յուրաքանչյուր երեխա ունի ստեղծագործական կարողություններ, իրենից անհատականություն է ներկայացնում, և ինչպես մենք կարող ենք համեմատել մեզ նրանց հետ, դատել նրանց մեր տեսանկյունից։ Մենք պետք է միշտ հիշենք, որ ինչպես երեխաները չեն կարող հասկանալ մեծահասակների աշխարհը, այնպես էլ մենք չենք կարող դառնալ երեխա և վերադառնալ մանկության աշխարհ։
Պարզ է, որ ծնողները (հատկապես մայրը) պետք է տիրապետեն որոշակի գիտելիքների՝ մանկական փիլիսոփայության ոլորտում, փորձեն ստանալ որքան հնարավոր է շատ գիտելիքներ երեխաների զարգացման մասին, որպեսզի հասկանան մանկության ինքնատիպությունը, մտածողության, պատկերացումների, ընկալման, հիշողության, ուշադրության յուրահատկությունները՝ յուրաքանչյուր տարիքային ժամանակաշրջանում։ Հակառակ դեպքում՝ մանկության գաղտնի ունակությունները երբեք չեն բացվի մոր հայացքի առաջ։
Հատված Ա․Ա․ Ֆուրութանի <<Մայրեր, հայրեր, երեխաներ>> գրքից