Զգույշ եղեք, որպեսզի չխոցեք այլ մարդու զգացմունքները կամ չվշտացնեք ինչ-որ մեկի սիրտը, մի կշտամբեք ոչ ոքի և մի փնտրեք ոչ մեկի մեջ թերություններ՝ լինի դա ընկեր, թե անծանոթ…
Ծնողները լուրջ սխալ են գործում՝ պատժելով երեխաներին փոքրիկ արարքների կամ սխալների համար, որոնց վրա կարելի էր ուշադրություն չդարձնել։ Հաճախ մայրերն ու հայրերը ճնշում են իրենց երեխաներին՝ նկատելով ինչ-որ թերացում միանգամից հարձակվում են նրանց վրա։ Նրանք անգամ հաճույք են ստանում՝ տեսնելով, որ աստվածային այգու այդ քնքուշ էակները ամոթից այրվում են, տանջվում են, կորցնում են իրենց ուժերի նկատմամբ հավատը։ Նման դաժան առյուծին, որը միայն իր տեսքով սարսափեցնում է թույլ եղնիկին, ծնողները, նայելով թույլ, անօգնական երեխաներին, ուրախանում են իրենց ուժով ու իշխանությամբ։ Նման դիրքորոշումն այնքան նողկալի է, որ հանուն սիրո ու մարդասիրության պետք է մերժվի յուրաքանչյուր ընտանիքում։ Եթե ուշադրություն դարձնենք միայն վատին, այդ դեպքում որտեղի՞ց երեխայի մոտ ուժ կգտնվի հաջողության հասնելու համար։
Երեխան դպրոցում իր գրիչը տվել է դասընկերոջը։ Մեծերը հաճախ նույնպես այդկերպ են վարվում՝ նրբասրտություն ու բարյացկամություն ցուցաբերելով, բնական համարելով օգնել ընկերոջը, ով դժվար դրության մեջ է։ Երբ երեխան վերադառնում է տուն, մայրը իր դժգոհությունն արտահայտելով սկսում է պարզել, թե որտեղ է նրա գրիչը։ <<Եթե ես ճիշտն ասեմ, անպայման կբարկանա վրաս,- մտածում է երեխան,- եթե չասեմ՝ կնշանակի ստում եմ։ Միևնույն ժամանակ և՛ մայրը, և՛ հայրը, և՛ բոլորը շրջապատում ասում են, որ սուտը սարսափելի է և չի կարելի ստել>>։
Վերջապես երեխան որոշում է, որ այս պարագայում հարկավոր է փոքրիկ պատմություն հորինել և այդ կերպ ազատվել <<ոչ բարի>> մոր անվերջանալի հարցերի տարափից։ Եվ արագ ընտրություն կատարելով՝ երեխան մորն ասում է, որ գրիչը դպրոցում կորցրել է։
Մի քանի օր անց մայրը պատահաբար իր տղայի դպրոցի ընկերոջից իմանում է, որ նա իր գրիչը տվել է դասընկերոջը և իրեն խաբել են։ Դժվար չէ պատկերացնել հետևյալը․ երեխան դպրոցից վերադառնալով՝ մեծ եղբոր ու փոքր քրոջ հետ նստում է ճաշելու։ Մայրը նվաճողի նման, ով որոշել է գրավել թշնամու բերդը՝ գրոհի է անցնում և հարցնում․ <<Ի՞նչ պատասխանեցիր ինձ, երբ ես քեզ մի քանի օր առաջ հարցրի, թե ուր է անհետացել գրիչդ>>։ Բանտում գտնվող բանտարկյալի պես երեխան այլ ելք չունի, բացի նստելուց և լսելուց <<մեղադրողի>> և <<դատարանի>> որոշումը։ Շփոթության մեջ նա նայում է մորը, բայց շարունակում է լռել։
Մայրը՝ պնդելով, կրկնում է հարցը․ <<Ասում ես ի՞նչ է պատահել գրիչիդ հետ>>։
-Ախ, մամ, ինչու՞ ես այդքան նշանակություն տալիս ինչ-որ էժանագին գրիչին։ Ախր ես ասացի, որ կորցրել եմ այն դպրոցում։
-Իհարկե,- պատասխանում է մայրը,- գրիչն արժանի չէ նման ուշադրության, բայց ես խոսում եմ քո պահվածքի մասին։ Այն շատ ավելի կարևոր նշանակություն ունի, քան դու կարծում ես։ Եվ այսպես, ի՞նչ է պատահել գրիչի հետ։
-Ես կորցրել եմ այն դպրոցում։
-Դու խաբում ես,- նյարդայնացած նետում է մայրը,- խոստովանի՛ր, դու այն տվել ես ընկերոջդ։ Ինչու՞ չէիր ասում ինձ այդ մասին, ինչու՞ էիր սպասում, մինչև ես կհայտնաբերեմ դա ինքս։ Քանի անգամ եմ ասել, որ չի կարելի խաբել։
Երեխան չի հասցնի բերանն անգամ բացել իրեն պաշտպանելու համար, մայրն արդեն մանրամասն կնկարագրի ողջ պատահածը և նրա խոսքերում այդ փոքրիկ կատարվածը կներկայացվի որպես անուղղելի արարք։ Վհատված, հազիվ զսպելով արցունքները, կոտրված սրտով երեխան կվերադառնա դպրոց։
Հնարավոր է, պետք է մորը հարց տալ․ <<Եթե բարի Աստված քո մեղքերին նույն կերպ վերաբերվի, որտեղից դու հավատ կգտնես քո ուժերի նկատմամբ>>։
Ծնողների կողմից դաստիարակության ու ուսուցման հանդեպ նման մոտեցման պատճառով երեխան չի կարող թույլ տալ իրեն ճիշտն ասել, որովհետև դրա համար կպատժվի։
Երեխաների փոքրիկ արարքների վրա պետք չէ ուշադրություն դարձնել, և ավելի լավ է ազդել նրանց վրա՝ դաստիարակելով խնայողականություն և խոհեմություն, ոչ թե անհոգություն ու դաժանություն։ Եթե նետաձիգը ցանկանա նետ պատրաստել ծառի ճյուղերից, ապա նա պետք է զգույշ և հոգատարությամբ ճկի այն, որպեսզի չկոտրի։
Անպատշաճ և գովասանքի արժանի չէ երեխային շփոթեցնել և արցունքների հասցնելը, առավել ևս, ծնողները չպետք է կորցնեն խոհեմությունը և պետք է զսպեն իրենց յուրաքանչյուր իրավիճակում, չհարձակվեն երեխայի վրա նրա պահվածքի մեջ առաջին իսկ <<սխալը>> տեսնելով։ Եթե երեխան ճիշտ չէ, ապա հանգիստ և առանց էմոցիաների պետք է ճշտել անհաջողության պատճառը, փորձել ուղղել սխալը մանկավարժական մեթոդներով՝ խուսափելով դաժանությունից ու կոպտություններից, անհիմն քննադատություններից։ Ապացուցելով երեխային, որ նա գիտակցաբար խաբել է՝ ծնողները ոչ մի դրական բան նրան չեն սովորեցնի։
Սիրելի մանկավարժնե՛ր։ Հարգելի ծնողնե՛ր։ Ձեր երեխաները նման են ահռելի այգու մեջ գտնվող ծաղիկների։ Նրանց պետք է վաղորդյան հովիկ և գարնանային արև, ոչ թե սպառող տապ և ուժգին փոթորիկ։ Չի կարելի վիրավորել ու ատել սեփական երեխաներին, նեղացնել նրանց, չի կարելի ուժ կիրառել, նսեմացնել ընկերների ներկայությամբ, չափազանցնել նրանց սխալները։ Վերաբերվեք երեխաներին մեծագույն բարությամբ ու սիրով, և այդժամ նրանց հարգանքը ձեր հանդեպ կգա սրտի խորքից և նրանք կկատարեն Աստծո կողմից նախասահմանված իրենց պարտքը։
Հատված Ա․Ա․ Ֆուրութանի <<Մայրեր, հայրեր, երեխաներ>> գրքից