Շատ տարիներ առաջ կային մարդիկ, ում անվանում էին «Իսրայելի որդիներ»։ Նրանք ստրուկներ էին Եգիպտոսում և ընդհանրապես չէին սիրում այդ երկիրը, քանի որ եգիպտացիները կոպիտ էին վերաբերվում նրանց և ստիպում էին կատարել ամենածանր աշխատանքները։ Իսկ Փարավոնը (Եգիպտոսի արքան) հրամայեց իսրայելցիների բոլոր նորածին տղաներին խեղդել Նեղոս գետում, որպեսզի Իսրայելի Որդիները չավելանան։
Բայց պատահեց այնպես, որ մի ընտանիքում Մարիամ անունով մի աղջնակ իր եղբոր՝ Ահարոնի հետ միասին, որոշեցին փրկել իրենց փոքրիկ եղբորը և թաքցրին նրան։ Երեք ամիս շարունակ դա նրանց հաջողվում էր։ Բայց երբ երեխան մի քիչ մեծացավ, նա սկսեց այնպես բարձր ճչալ, որ նրա ձայնը լսելի էր անգամ փողոցից, և եգիպտացիները կարող էին գալ ու վերցնել նրան։ Այդ ժաման կ մայրն իր երեխային կողովի մեջ դրեց, փակեց զամբյուղի ճեղքերը և նրան տարավ ջրի մոտ` գետի ափին գտնվող եղեգան մացառուտ։ Նա Մարիամին ուղարկեց հեռվից հետևել կողովին։ Օրը տաք էր և շատերն էին եկել գետի ափին լողանալու։ Նրանց մեջ էր նաև Փարավոնի դուստրը՝ իր սպասավորուհիների հետ։
Ջուրը մտնելուն պես՝ նա տեսավ կողովի մեջ դրված նորածնին և նա նրան շատ դուր եկավ։ «Եթե նա խեղդվի, լավ չի լինի»,- մտածեց նա և հրամայեց սպասուհիներին երեխային տուն բերել և հոգ տանել նրա մասին։ Մարիամի գլխում, ով այդ ամենի ականատեսը դարձավ, մի միտք ծագեց: Նա դուրս եկավ թաքստոցից և ասաց արքայադստերը․ «Եթե երեխայի համար ձեզ կերակրող է պետք, ես կարող եմ նրան ձեզ համար գտնել»։ Համաձայնություն ստանալով՝ նա ուրախությամբ վազեց մոր մոտ։ Արքայադուստրը խնդրեց մորը գումարի դիմաց հետևել տղային, կերակրել նրան ու հոգ տանել նրա մասին։ Եվ ասաց նրան, որ երեխայի անունը Մովսես է դրել, ինչը նշանակում է «ջրից փրկվածը»։ Մայրը երջանիկ էր՝ նա հոգ էր տանում սեփական երեխայի մասին, չնայած այն բանին, որ տղան հիմա պատկանում էր Եգիպտոսի Փարավոնի արքունիքին։
Մովսեսի պատանեկությունը
Եվ այսպես, Մովսեսը դարձավ Փարավոնի արքունիքի արքայազնը։ Այն ժամանակներում թագավորական ընտանիքի երեխաները հնարավորություն ունեին հիանալի կրթություն ստանալու։ Եվ, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ Մովսեսը ուսումնասիրել է Եգիպտոսի արհեստներն ու գիտությունները։ Չնայած գիտությունների ու արհեստների բուռն զարգացմանը՝ երկրում ծաղկում էր տգիտությունը, քանզի միայն ազնվականները կարող էին իրենց երեխաներին կրթության տալ։
Նման անարդար իրավիճակը ճնշում էր պատանու սիրտը։ Ամենավաղ տարիքից նա սկսեց նկատել բռնությունն ու դաժանությունը, որով առանձնանում էր Փարավոնի կառավարումը։ Մովսեսը ոչ մի իմաստ չէր գտնում Եգիպտոսի կրոնի մեջ, որը բաղկացած էր բազում կուլտերից ու ծիսակարգերից։ Եգիպտացիներն ավելի ու ավելի սնահավատ էին դառնում՝ խոնարհվելով բազում աստվածների։ Զարգանում էին մագիան ու կախարդանքը։ Եգիպտական հոգևորականները վախեցնում էին մարդկանց, իսկ վախեցած մարդիկ «բարկացած» աստվածներին արյունոտ զոհաբերություններ էին մատուցում։
Բայց ամենից շատ Մովսեսը տառապում էր՝ տեսնելով իսրայելցի ստրուկների բարդ իրավիճակը, ովքեր աշխատում էին քաղաքների կառուցման վրա։ Երբ Մովսեսը մեծացավ, նա ստանձնեց ստրուկների վերակացուի պաշտոնը նոր քաղաքներից մեկի կառուցման ժամանակ։ Մովսեսն ամբողջ սրտով խղճում էր այդ մարդկանց, կարեկցում ու օգնում էր նրանց, ինչով կարողանում էր։ Եվ իհարկե, ստրուկների հանդեպ նրա բարի վերաբերմունքը տարբերվում էր այլ վերակացուների պահվածքից։
Հենց այդ օրերին էր, որ Մովսեսի ականջին սկսեցին լուրեր հասնել իր հարազատ ընտանիքի մասին։ Շուտով նրան հնարավորություն ընձեռնվեց այցելել իր ծնողների տուն և ծանոթանալ իր քրոջ՝ Մարիամի և եղբոր՝ Ահարոնի հետ։ Եվ այդ պահից սկսած Մովսեսը սկսեց մշտապես հյուր գալ իր հարազատներին։ Նա ապշած էր իր ծնողների հավատով։ Չէ՞որ Մովսեսի և՛ հայրը, և՛ մայրը, չնայած ստրկությանը, պահպանել էին Միակ Աստծո հանդեպ իրենց հավատը, որը շատ ժամանակ առաջ Աբրահամ Մարգարեի միջոցով փոխանցել էր Իր Հայտնությունը։ Նրանք հավատում էին, որ կգա այն օրը, երբ Աստված նոր Մարգարե կուղարկի, և որ այդ մարգարեն անպայման կազատի իսրայելցիներին։
Մի անգամ Մովսեսը խիստ բարկացավ մի եգիպտացու վրա, ով դաժանորեն ծեծում էր իսրայելցիներին։ Մովսեսը պաշտպան կանգնեց ճնշվածներին և սպանեց այդ եգիպտացուն։ Փարավոնն իմանալով դրա մասին սաստիկ զայրացավ Մովսեսի վրա և հրամայեց բռնել նրան։ Մովսեսը, սակայն չսպասելով, որ Փարավոնի ծառաները բռնեն իրեն, լքեց Եգիպտոսը։
Մովսեսն առաքելություն է ստանում Աստծուց
Մովսեսը որոշեց ուղևորվել Մադիամի երկիր։ Իր ճանապարհորդության ընթացքում նա չէր դադարում դիմել Աստծուն՝ օգնության խնդրանքով․ «Տեր, փրկիր ինձ անիրավներից։ Աղերսում եմ Քեզ, տար ինձ ուղիղ ճանապարհով»։ Եվ Աստված չթողեց Մովսեսին։ Երբ Մովսեսը եկավ Մադիամի երկիր, միանգամից ծանոթացավ ծեր հոգևորական Հոթորի և նրա ընտանիքի հետ։ Մովսեսը շատ դուր եկավ Հոթորին Աստծո հանդեպ իր սիրո շնորհիվ։ Եվ նա առաջարկեց Մովսեսին մնալ իր տանը և արածացնել ոչխարներին։ Որոշ ժամանակ անց Մովսեսն ամուսնացավ Հոթորի դուստրերից մեկի՝ Սեփորայի հետ, և շուտով նրանք երկու որդի ունեցան։
Բայց անգամ հիմա, ապրելով հանգիստ կյանքով, Մովսեսը չէր կարողանում ամբողջությամբ տրվել իր երջանկությանը։ Իր եղբայր իսրայելցիների ծանր վիճակի մասին մտքերը էլ ավելի ուժգին էին տրտմեցնում նրան։ Եվ Մովսեսը աղոթում էր Աստծուն իրեն հնարավորություն տալ օգնել ճնշվածներին։ Երկար ժամեր էր նա անցկացնում աղոթքի ու մտորումների մեջ։ Եվ ահա, մի օր, դա տեղի ունեցավ Մովսեսի՝ Եգիպտոսից հեռանալուց մոտավորապես տասը տարի անց, նա լսեց Աստծո ձայնը, Ով կոչ արեց նրան՝ Մովսեսին, վերադառնալ Եգիպտոս։ Եվ իր կնոջ ու երկու զավակների հետ Մովսեսը ճամփա ընկավ։ Եգիպտոսի ճանապարհին նրա հետ մի հրաշք տեղի ունեցավ՝ Աստված հայտնեց նրան Իր Գործը, և Մովսեսը հասկացավ, որ Աստված ընտրել է նրան հատուկ առաքելության համար։ Ահա, թե ինչպես դա տեղի ունեցավ․
Սինայ լեռան մոտ գտնվող հովիտներից մեկում Մովսեսը նկատեց, թե ինչպես թփերից մեկը բոցավառվեց, բայց չայրվեց, այլ շարունակեց վառվել գեղեցիկ ու հավասար բոցով։ Մովսեսը մոտեցավ վառվող թփին և լսեց ձայնը․ «Ով Մովսես, Ես Բարձրյալի ձայնն եմ։ Հանիր կոշիկներդ, այն վայրը, որտեղ դու կանգնած ես, սուրբ է։ Ես՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածն եմ։ Ես որոշել եմ օգնել Իսրայելի որդիներին և քեզ եմ ընտրել։ Մովսե՛ս, դու պետք է իսրայելցիներին դուրս բերես Եգիպտոսից։ Ես կօգնեմ քեզ դրանում։ Եվ աստվածային ձայնը հրամայեց Մովսեսին գնալ Փարավոնի մոտ։ Մովսեսը, սակայն, հարցրեց Աստծուն․ «Ով եմ ես, որ գնամ Փարավոնի մոտ։ Ի՞նչ անեմ ես, եթե Փարավոնը չցանկանա լսել ինձ»։
Այդ ժամանակ Աստված մի քանի հրաշք գործեց, որոնք Մովսեսը պետք է գործեր Փարավոնի առջև՝ ի ապացույց իր առաքելության։ Բայց Մովսեսը դեռ վախենում էր գնալ Եգիպտոս։ Նա ասաց Աստծուն․ «Ես չեմ կարողանում գեղեցիկ և վստահ խոսել»։ Եվ Աստված պատասխանեց․ «Ահարոնը, քո եղբայրը կօգնի քեզ դրանում։ Եվ ուրեմն գնա՛, և Աստված եղիր Ահարոնի և քո ողջ ժողովրդի համար»։
Այսպես Մովսեսը դարձավ Իսրայելի որդիների համար Մեծ Մարգարե։