Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Սեքսուալացման մշակույթը և դրա հետևանքները
Հոդվածներ

Սեքսուալացման մշակույթը և դրա հետևանքները

Մարդն օժտված է զգայական հաճույք ստանալու ունակությամբ՝ հոտերի, ձայների, ձևերի, լույսի ընկալման միջոցով: Զգացմունքների հարստությունը բոլորովին չի փաստում մարդու չափազանց զգացմունքային լինելու մասին՝ ճիշտ այնպես, ինչպես աշխարհի մասին զուտ գիտական հայացքը ցույց չի տալիս նրա նյութապաշտությունը։ Ճիշտ հակառակը, դա խոսում է այն մասին, որ մարդն առավելագույնս լիարժեք իրացրել է Աստծո կողմից տրված կարողությունները։ Սակայն գոյություն ունի սահման ինքնարտահայտման ամբողջականության և էպիկուրականության միջև։ Կյանքը ստորադասելով բացառապես իր ցանկությունների և կարիքների բավարարմանը՝ զգայական, գեղագիտական ​​կամ նույնիսկ ինտելեկտուալ, մարդը սկսում է չարաշահել դրանք, ինչը խոչընդոտ է դառնում նրա հոգու զարգացման համար։ Այս կյանքի ուրախությունները, դառնալով նրա միակ ձգտումը, ենթարկում են նրան իրենց և նա դառնում է դրանց ստրուկը։ Դա հավասարազոր է նրան, որ հանկարծ ստեղները դառնան անկառավարելի և սկսեն թելադրել երաժշտին ինչպես և ինչ նվագել։

 

Որքան անբնական և կեղծ է իր էությամբ ասկետիզմը, նույնքան անբնական է նաև սանձարձակությունը, միևնույն ժամանակ այն ավելի վնասակար է մարդու համար, քանզի ավելորդությունների հետևանքները, ինչպես էլ որ դրսևորվեն, բերում են ավելի շատ չարիք, քան ամենադաժան ինքնազսպումը։ Հիշենք վերոնշյալ համեմատությունը ձիավորի և ձիու հետ։ Որքան լավ ու հաճելի է սրընթաց ձիուն հեծնելը։ Բայց չկա ավելի վտանգավոր բան, քան հայտնվել մի ձիու վրա, որը քեզ չի ենթարկվում։

 

Այսօր մարդիկ շատ հարցերում են զգում իրենց խոցելիությունը, բայց ամենաակնհայտը համարվում է նրանց՝ սեփական սեքսուալ կյանքը կառավարելու բացարձակ անկարողությունը։ Նրանք համառորեն հավատում են, որ իրենց չափազանց զարգացած սեռական բնազդի բավարարումը ոչ միայն իրենց անհերքելի իրավունքն է, այլև երջանկության միակ ճանապարհն ու ամենամեծ հաճույքը, որը միայն կարելի է ստանալ կյանքից։ Արևմտյան երկրներում սեքսն իր տարբեր արտահայտումներով, գնալով ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում մարդկանց կյանքում։ Ժամանցային գրականության հոսքին՝ էժանագին մելոդրամաների իր անսպառ պաշարով, որը լցվում է ընթերցողների (հիմնականում կանանց) ուղեղների մեջ, այժմ ավելացվել է նաև ակնհայտորեն անպարկեշտ գրականությունը, որով հեղեված են գրքերի և այլ խանութների դարակները, կայարանների կրպակները, դեղատներն և հյուրանոցները։ Դա իր հետ բերել է այն ամենը, ինչ դեռ վերջերս համարվում էր պոռնոգրաֆիա և արգելված էր։ Կինոինդուստրիան այժմ այնպիսի ֆիլմեր է արտադրում, որ անգամ դրանց ցուցապաստառներն ու հեռուստատեսային գովազդներն են օգնում բոլոր տարիքի երեխաներին ձեռք բերել համապարփակ գիտելիքներ սեքսի ոլորտում, ընդ որում՝ խոսքը ոչ միայն նորմալ սեռական ակտի մասին է, այլև տարբեր տեսակի այլասերությունների՝ հոմոսեքսուալության և լեսբիականության մասին։ Երաժշտությունը, նկարչությունը, նորաձևությունը, կոսմետիկան, գովազդը՝ օգտագործելով մարդկային ենթագիտակցության վրա ազդելու նուրբ և միևնույն ժամանակ վտանգավոր մեթոդներ, մարդու մեջ, փոթորկոտ քամու նման, բորբոքում են զգայական հաճույքների ցանկությունը։ Նման հասարակական մթնոլորտում  ամուսնությունը՝ որպես մարդկային հարաբերությունների տեսակ, չի կարող չքայքայվել։ Տպավորություն է ստեղծվում, որ շատ մարդկանց համար կյանքի միակ ձգտումը դարձել են սեռական հաճույքի փնտրտուքները: Նրանք կարծում են, որ սեքսը մի բան է, որում մենք ազատ ենք, և այդ ազատությունը պետք է առավելագույնս օգտագործել։ Առանց մտածելու հետևելով այս կործանարար մոլորությանը՝ մարդկությունը շարժվում է դեպի աղետը, որն արդեն այսօր դրսևորվում է հիվանդությունների աննախադեպ տարածմամբ, այլասերվածություններով, ամուսնալուծությունների թվի աճով։

 

Շատ կասկածելի է համարվում այն պնդումը, որ մարդը, կենդանու նման պետք է հետևի իր բնազդներին, քանզի դա օգտակար է նրա առողջության համար։ Մարդն այլ տեսակի արարած է, նրա կյանքը չի կարող ենթարկվել կենդանական բնույթին, և հետևաբար նրա համար ոչ միայն վնասակար է, այլև վտանգավոր է սեփական բնազդներին ազատություն տալը։ Կենդանիների մոտ բնազդը ծառայում է որպես ինքնարտահայտման միջոց, նրանք կատարում են նաև պաշտպանողական գործառույթ։ Իսկ մարդն ունի գիտակցություն, որը կարողությունների և ազատ կամքի դրսևորման, աբստրակտ մտածելակերպի, խորը զգայունակության հետ մեկտեղ նրա մեջ հզոր ուժեր է ծնում, և այդ ուժերը պետք է կարողանալ կառավարել՝ դրանք ուղղորդելով անհրաժեշտ հունով և թույլ չտալով դրանց դառնալ անկառավարելի, կործանիչ տարր, ինչպես դա տեղի է ունենում ժամանակակից հասարակության մեջ։

 

Մարդկային ամենահիասքանչ զգացմունքը սերն է։ Սերը մարդկային համակեցության ամենաամուր հիմնաքարն է, նա իրենից ներկայացնում է այն միակ, անփոփոխ ուժը, որը ի վիճակի է համախմբել մարդկանց, կարգավորել նրանց հարաբերությունները և ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ կյանքը կհասնի ամենավեհ ձևին։ Սեռական բնազդի արտահայտման մեջ անզսպությունը նվաստացուցիչ է մարդու իրական բնույթի համար։ Այն, ինչը կենդանու համար համարվում է սպոնտան, բնական արձագանք բնության կանչին, որը հանգեցնում է տեսակների վերարտադրության, մարդու համար կարող է մեղք դառնալ, ուղղակի այն պատճառով, որ մարդուն ոչ վայել նման պահվածքը նրան կիջեցնի կենդանու մակարդակին, բայց չէ՞ որ ի տարբերություն վերջինիս, մարդը ոչ միայն հաշիվ է տալիս իրեն իր կատարած գործողությունների համար, այլև պատասխանատվություն է կրում վերջիններիս համար։ Իջնելով նվաստացուցիչ այլասերությունների մակարդակին, խախտելով բարոյականության բոլոր նորմերը, պատահական հարաբերություններ հաստատելով մարդիկ լիովին գիտակցաբար կատարում են իրենց ընտրությունը։ Նրանցից շատերը, թեկուզ և աղոտ, բայց հասկանում են, որ վազելով զգայական հաճույքների հետևից՝ նրանք զոհաբերում են այլ, շատ ավելի կարևոր արժեքներ։

 

Եթե բնության մեջ հայտնաբերվեին ինչ-որ այլ տեսակի անհատներ, որոնք զուգավորվում են՝ առանց սերունդ տալու, մենք դա կհամարեինք ակնհայտ անոմալիա։ Այնուամենայնիվ, մարդ արարածն իրեն շատ ավելի վատ է պահում՝ ինչ ձևերով ասես բավարարելով իր հիպերտրոֆիկ սեքսուալ ախորժակը, և նրա մտքով անգամ չի անցնում ամաչել կամ սարսափել դրանից։ Ուստի զարմանալի չէ, որ աշխարհում այսքան շատ դժբախտ մարդիկ կան։ Զարմանալի չէ, որ ամուսնությունները ուրախություն չեն բերում և քայքայվում են։ Եվ կարո՞ղ են արդյոք երջանիկ լինել այդ ամուսնությունները, երբ այդքան կարևոր հարցում, ինչպիսին սեքսն է, մարդիկ ամբողջովին անտեսում են իրենց հոգու և մարմնի կարիքները. մարմնի մեջ արհեստականորեն բորբոքվում է ավելորդ զգայականությունը, որը մարդուն դրդում է դեպի սանձարձակության, որը բնորոշ չէ կենդանիներին, իսկ մարդու՝ նման ապրելակերպ վարելու պատճառով, հոգին ի վիճակի չէ զարգանալու և կատարելագործվելու։ Եվ եթե ամուսնությունը՝ հասարակության այդ հիմնաքարը, ամուր չէ և չի կատարում իր առաքելությունը, կարո՞ղ են արդյոք նորմալ և լիարժեք լինել այն հարաբերությունները, որոնք կառուցվում են դրա հիմքի վրա՝ ամուսինների ծնողների և երեխաների, քույրերի և եղբայրների, հարազատների և ընկերների միջև փոխհարաբերությունները։

 

Հիմա հարցի բուն էության՝ սիրո մասին։ Դոկտոր Ալեքսիս Քերոլը՝ հայտնի բժիշկ և հետազոտող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, հակիրճ, բայց շատ արտահայտիչ կերպով սահմանել է սիրո բացառիկ դերը մեր հարաբերություններում։ «Մենք դեռևս լավ չենք հասկանում, որ սերն անհրաժեշտություն է, ոչ թե շքեղություն։ Միայն այն կարող է միավորել ընտանիքը՝ ամուսնուն, կնոջը, երեխաներին։ Սերը բավական ապահով լուծույթ է հարուստների ու աղքատների, ուժեղների և թույլերի, գործատուների և աշխատողների միջև բարի հարաբերությունները պահելու համար։ Եթե մի տանը սեր չկա, դրանից դուրս այն ոչ մի տեղ չի լինի։ Սերը մեզ նույնքան անհրաժեշտ է, որքան մտածելու կարողությունը, որքան վահանաձև գեղձի կամ ստամոքսահյութի արտազատումները։ Մարդկային ոչ մի հարաբերություններ մեզ չեն բավարարի, եթե դրանք չջերմացվեն սիրով։ «Սիրեք միմյանց» բարոյական պատվիրանը արտացոլում է մի հիմնարար օրենք՝ թերևս նույնքան անփոփոխ, որքան թերմոդինամիկայի առաջին օրենքը»։

 

Հատված Մերի Մաքսվելի <<Կյանքի գաղտնիքը>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ