Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Մի՛ դադարեք հարցեր տալ
Հոդվածներ

Մի՛ դադարեք հարցեր տալ

Մի կիրակի ես չգնացի եկեղեցի՝ մահացու մեղքի վտանգին ենթարկվելով։ Պապիս հետ միասին նրա կոբրիոլետով գնացինք Միսսիսիպիի ափ։ Այնտեղ սարսափելի փոթորիկ էր եղել, և բոլոր մարդկանց տներն, ովքեր ապրում էին ափին, ջրի տակ էին անցել։ Պապս օգնում էր նրանց փրկել իրերը։ Մենք աշխատեինք մինչ ուշ գիշեր։ Երբ մենք վերադարձանք, տատս պապիս մի լավ շշպռեց, իսկ ինձ ուղարկեցին վերև՝ քնելու, ավելի շուտ, քան հայրս կգար և հարցերս կլուծեր։ Ես հասկանում էի, որ չի լինելու խոսակցություն՝ ինչպես <<տղամարդը տղամարդու>> հետ, չի լինելու ուռենու բարակ ճիպոտ, լինելու է ածելի սրելու կաշեփոկով ծեծ։ Հայրս այնպես էր բարձրացնում այդ կաշեփոկը, ասես փայտ էր ջարդում, երբեմն իր աշխատանքի մեջ կորցնելով չափի զգացումը, և կարծես չէր կարողանում որոշել՝ արդյո՞ք տղան բավարար է ծեծվել՝ ուղղվելու համար։ Բայց, ինչը շատ ավելի ահավոր էր, այն էր, թե նա ինչ կերպով էր բարձրանում աստիճանները։ Նրա ոտքերն այնպիսի զգացմունքայնությամբ էին խաղում այդ աստիճանների վրա, որ անգամ միսթր Թիլլին կիրակի օրերին եկեղեցական երգեհոնի վրա այդպես չէր խաղում։ Աստիճանների վրա լսվող հորս ոտնաձայները միշտ ավելի սարսափելի էին, քան ծեծը։ Երբեմն, առավոտները, երբ նա երկու անգամ մեզ ձայն էր տալիս, իսկ մենք չէինք արթնանում, նա մի քանի աստիճան բարձրանում էր ամենազարհուրելի ձևով։ 


-Ես գալիս եմ ձեր հետևից,- ասում էր նա,- ու որ  բարձրացա, փոշմանելու եք։

 

Եվ նա ցատկում էր աստիճանով վերև-ներքև, մեծ աղմուկ բարձրացնելով ամբողջ տնով մեկ, ձևացնելով, որ բարձրանում է վերև։ Ես մետեորիտի պես դուրս էի թռչում անկողնուցս, և ընկնում ուղիղ  տաբատիս մեջ։ Մի առավոտ հայրս հատկապես լավ մարզավիճակում էր․

 

-Եթե հինգ րոպեից վեր չկենաք,- ասաց նա,- գալու եմ ու վզներիցդ բռնած դուրս հանեմ։

 

Տասը րոպե անց նա ասաց․

 

-Ես եկա՛։

 

Քայլերի ձայնն այնքան տպավորիչ էր, որ ես հորս համար հպարտություն զգացի։ Ես ծիծաղեցի, և ձայն տվեցի Էլլային․

 

-Վատ չի։ Էնպիսի տպավորություն է, ոնց որ պապան հենց սենյակի մոտ լինի։

 

Ես բարձրացրի աչքերս․

 

- Բարի լույս, պապ։ 

 

Հիմա, երբ ես բաց էի թողել կիրակնօրյա պատարագը, ես իմ սենյակում կրկին սպասում էի <<հորս ճակատագրական քայլերին>>։ Եվ դրանք լսվեցին։

 

-Արի լուծենք էս հարցը,- ասաց նա։

 

-Այո՛, սըր։

 

-Սա ինձ ավելի շատ ցավ կպատճառի, քան քեզ։

 

-Բայց ուրիշ տեղում։

 

Պատասխանիս համար ես արժանացա մի քանի ավել զարկերի, բայց հենց հայրս վերջացրեց <<խփել թմբուկներին>>, ինչպես դա անվանում էր Էլլան, ես իջա ախոռ ու միացա պապիս։ Նա նստած էր վարսակի արկղի վրա։ 

 

-Նստի՛ր, տղաս,-ասաց նա։

 

Ես օրորեցի գլուխս։

 

- Առայժմ չեմ ուզում։

 

-Դու կարծում ես, որ եթե այսօր խաբեիր ու չասեիր ուր ենք գնացել, հիմա շալվարիդ մեջ ավելի հարմար նստատե՞ղ կունենայիր։

 

Ես գլխով արեցի։ Պապս ծիծաղեց;

 

-Ավելի լավ է ծեծված լինել, բայց հպարտ, - ասաց նա ինձ,- ահա ինչ է նշանակում բնավորություն ունենալ։ Մոռացիր ազդրիդ մասին։ Դու բարի գործ ես արել՝ օգնելով գետի այդ մարդկանց։

 

Պապս արագ հայացք գցեց դեպի ախոռի անկյունը, ասես այնտեղ տեսավ տատիս շողքը, հետո ասաց․

 

-Իհարկե, աղոթելը նույնպես կարևոր է։ Բայց նույնքան լավ կարելի է աղոթել աշխատանքի ընթացքում։ Չեմ ուզում, որ մտածես, թե քո ծեր պապը չի հավատում աղոթքին, որովհետև ես հավատում եմ։ Բայց տարբեր ուղիներ կան։ Հիմա, եթե ես ծնկի իջնեմ, Աստված ինձ կասի․ <<Մել Վագներ, դու ծեր երկերեսանիի մեկն ես։ Ոտքի կանգնիր և ավելի լավ է գնա խոզերին կերակրելու։ Թող աղոթի նա, ով կարողանում է։ Իսկ դու գնա, օգնիր գետի այդ մարդկանց, լսու՞մ ես։ 

 

-Աստված իրո՞ք ասում է քեզ դա,- հարցրեցի ես նրան։

 

- Հենց դա էլ նա կասեր ինձ։

 

Պապս սայլից մի փափուկ բարձ տվեց ինձ։ Ես զգուշությամբ նստեցի դրա վրա։ Ես սիրում էի նրա շորերի հոտը, նրա խորշոմած այտերը՝ ծակող հատուկենտ մազերով, որոնք քերծում էին, երբ նա ինձ գրկում էր։ Ախոռում գոյություն ուներ մի աշխարհ, որը պատկանում էր միայն ինձ ու պապիս։ Ես սիրում էի այստեղ անցկացրած յուրաքանչյուր րոպեն, չորացած երեքնուկի ու առվույտի բույրը, երբ պապս եղանով չոր խոտը կերատաշտի մեջ էր գցում։ Փոշին, որ կոկորդդ քոր էր տալիս, լծվածքի տտիպ բույրը։ Ինձ դուր էր գալիս, թե ինչպես էին ձիերը շարժում ականջները՝ ցածրաձայն խրխնջալով, և անհանգստանում, երբ վարսակով լի սնդուկի կափարիչը  զրնգացնում էինք։ Ես սիրում էի նաև ընկերական բոթոցները, որոնցով ինձ պարգևատրում էր թմբլիկ Արքայազնը, երբ ես այտով հպվում էի նրա թավշյա, տաք ռունգին։ Երբեմն ես թփթփացնում էի նրա պարանոցին և հետևում էի արևի ճառագայթներին, որոնք ներս էին թափանցում ախոռի պատերի ճեղքերից, ասես փոքրիկ լուսարձակներ, որոնց շիթերը խաղում էին պարող փոշեհատիկների հետ։

 

Մինչ այդ գիշեր տուն գնալս, պապս ինձ իր արջի գիրկն առավ, նրա այտամորուքը քերծեց երեսս։

 

-Երբեք չդադարես հարցեր տալ,- ասաց նա։ Այնուհետև ինձ երդվել տվեց, որ եթե դադարեմ, ավելի լավ է հենց այստեղ գետինը մտնեմ։

 

-Դա նույնն է, ինչ սովորելը,- ասաց նա,- երբ դու մեծանաս, թողնելու ես հարցեր տալը և սկսելու ես ամեն ինչ ընդունել այնպես,  ինչպես որ այն կա, իսկ դա՝ այն, որ դու ամեն ինչ ընկալում ես այնպես, ինչպես կա, վերջիվերջո, այնքան էլ լավ չէ։ Այ, թե ինչն է կարևոր, տղաս, Հարցեր տուր։ Ինչ-որ տեղ ինչ որ բան պետք է ավելի լավը լինի, քան մենք ունենք։ Մի օր դու կհասկանաս քո երազների իմաստը։ Հույս ունեմ, որ կողքիդ կլինեմ, երբ դա տեղի ունենա։ Չէ որ ես ինքս էլ ինչ որ բան եմ փնտրել ավելի քան յոթանասուն տարի։

 

Այդ պահին հայրս թակեց գոմի դուռը՝ հասկացնելով, որ մեր խորհրդակցությունն ավարտված է։

 

Հատված <<Աստված սիրում է ծիծաղ>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ