Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

 Մարմնի, հոգու և ոգու մասին 
Հոդվածներ

 Մարմնի, հոգու և ոգու մասին 

Մարդու էությունը բաղկացած է երեք աստիճանից` մարմին, հոգի և ոգի: Մարմինը մարդու ֆիզիկական կամ կենդանական բնույթն է: Մարմնական տեսանկյունից մարդը պատկանում է կենդանական աշխարհին: Ե՛վ մարդու, և՛ կենդանու մարմինները  ֆիզիկապես կազմված են միևնույն տարրերից, որոնք էլ մեկը մյուսին կապված են  ձգողականության ուժի շնորհիվ: 

 

Ինչպես կենդանին, մարդը ևս օժտված է զգայարաններով: Նա զգում է ջերմությունը, ցուրտը, սովը, ծարավը և այլն: Բայց, ի տարբերություն կենդանու, մարդն ունի բանական հոգի, մարդկային գիտակցություն: Մարդու բանականությունը միջնորդ է նրա մարմնի և ոգու միջև: Երբ մարդը թույլ է տալիս, որպեսզի իր ոգին հոգու միջոցով լուսավորի իր գիտակցությունը, նա միանում է արարման ամբողջական գործընթացին, քանի որ մարդը բոլոր էակների գագաթնակետն է, զարգացման աստիճանով իրեն նախորդող զարգացման բոլոր էակներից ամենակատարյալը։ Նա իր մեջ ընդգրկում է ողջ ստորին աշխարհը: Հոգու միջնորդությամբ ոգով պայծառացած մարդու լուսափայլ գիտակցությունը նրան դարձնում է արարման փառքն ու պսակը: 

 

Բայց մյուս կողմից էլ, երբ  մարդն իր սիրտն ու զգացմունքները չի բացում ոգու օրհնությունը ստանալու համար, եթե նրա հոգուն ավելի հարազատ է իր էության նյութական, կենդանական մասը, ապա նա զրկվում է իր դիրքից և գլորվում է ցած, կենդանական ոլորտից էլ ներքև: Այդ դեպքում մարդու վիճակը դառնում է ողբալի: 

 

Քանզի, երբ աստվածային ոգու լույսի համար բաց հոգու ոգեղեն հատկանիշները չեն օգտագործվում, նրանք թուլանում են, հետաճում,  աստիճանաբար դառնում անօգտագործելի: Միևնույն ժամանակ, եթե զարգանում են միայն հոգու նյութական հատկանիշները, դրանք դառնում են սարսափելի հզոր, և չկառավարվող, դժբախտ մարդը դառնում է ավելի դաժան,  ավելի անարդարացի, ավելի կոշտ ու չարամիտ, քան ամենաստորին կենդանիներն են: Սրանով մարդու բոլոր ձգտումներն ու ցանկությունները համապատասխան կդառնան նրա հոգու ստորին էությանը, նա ավելի ու ավելի բիրտ կդառնա, մինչև ամբողջ էությամբ չգերազանցի գազանի բնույթը, որը դատապարտված է չգոյության: Նման մարդիկ ձգտում են չարիք գործել,  վնասել, ավերել: Նրանք բոլորովին զրկված են կարեկցանքի աստվածային ոգուց, քանի որ նրանց հոգու երկնային էությունը դարձել է նյութականին գերի: Եվ  ընդհակառակը, եթե հոգու ոգեղեն էությունը զարգանա այնքան, որ հաղթանակի նյութականին, մարդը կմոտենա աստվածայինին, նրա մարդկային խառնվածքը այնպես կփառավորվի, որ նրա մեջ կբացահայտվեն բոլոր երկնային առաքինությունները: Նա կճառագի աստվածային գթասրտության լույսով և կաջակցի մարդկության հոգևոր զարգացմանը` դառնալով նրա ուղին լուսավորող փարոս: 

 

Դուք արդեն պատկերացնում եք, թե ինչպես է հոգին միջնորդի դեր կատարում մեր մարմնի և ոգու միջև: Նույնկերպ այս ծառը, որ տեսնում եք, կապող օղակ է սերմի և պտուղների միջև: Երբ հայտնվում ու հասունանում է ծառի պտուղը, մենք իմանում ենք, որ ծառը կատարյալ է: Իսկ եթե ծառը ոչ մի պտուղ չի տալիս, ապա նրա աճը եղել է անօգուտ՝ չծառայելով ոչ մի նպատակի: 

 

Եթե հոգին լի է ոգեղենությամբ, ապա այն տալիս է բարի պտուղներ և դառնում է աստվածային: Ջանացեք հասկանալ այս օրինակը: Ես հուսով եմ, որ Աստծո աննկարագելի երանությունը ձեզ ուժ կներարկի և ձեր ոգու էությունը, որը կապված է ձեր հոգու հետ, միշտ կգերակշռի նյութականին՝  ամբողջովին կարգավորելով մեր զգացմունքները այնպես, որ ձեր հոգին աստիճանաբար մոտենա երկնային արքայության կատարելությանը: 

 

Որոշ մարդիկ զբաղված են միայն այս աշխարհի գործերով: Նրանց ուշադրությունն այն աստիճան է կլանված արտաքին սովորություններով և ավանդույթներով, որ նրանք անտարբեր են գոյության այլ ասպարեզների և իրերի հոգևոր նշանակության նկատմամբ: Նրանք մտածում և երազում են միայն երկրային փառքի և նյութական բարեկեցության մասին: Զգայական հաճույքներն ու հարմարավետությունը սահմանափակել են նրանց մտահորիզոնը, նրանց բարձրագույն նկրտումները կենտրոնացել են աշխարհիկ պայմանների ու հանգամանքների հաջողության վրա: Նրանք չեն զսպում իրենց ստորին հակումները, նրանք ուտում են, խմում և քնում:  Կենդանիների նման նրանք մտածում են միայն իրենց ֆիզիկական պահանջների բավարարման մասին: Ճիշտ է, սեփական կարիքները պետք է բավարարվեն: Կյանքը մի բեռ է, որը մենք կրում ենք, քանի գտնվում ենք Երկրի վրա, այնուհանդերձ մենք չպետք է թույլ տանք կենցաղային հոգսերին գերիշխել մեր բոլոր մտքերին և ձգտումներին: Սրտի ցանկությունները պետք է ծառայեն ավելի վեհ նպատակների, իսկ մտավոր գործունեությունը պիտի լինի ավելի բարձր մակարդակում: Մարդիկ պետք է իրենց աչքի առաջ և իրենց հոգիներում ունենան աստվածային կատարելության պատկերը և այնտեղ մի ապահով անկյուն պատրաստեն աստվածային ոգու անսպառ շնորհների համար: 

 

Թող ձեր ձգտումներն ուղղված լինեն երկրի վրա երկնային քաղաքակրթության հաստատման գործին: Ես ձեզ համար խնդրում եմ բարձրագույն օրհնություն․ թող աստվածային ոգին ձեզ այնպիսի կենսունակությամբ օժտի, որ դուք դառնաք ողջ աշխարհի կյանքի աղբյուրը: 

 

Աբդուլ-Բահա՝ Փարիզյան զրույցներ

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ