Գիտեք, որ հոգևոր ճշմարտությանը հասնելու ամենաբարդ ճշմարտությունն այն է, որ գոյություն ունեցող աշխարհը՝ այս անվերջանալի տիեզերքը, սկիզբ չունի:
Աստվածության հատկություններն իրենք իրենցով պահանջում են էակների առկայություն: Պարզ է, որ չի կարելի պատկերացնել ուսուցիչ՝ առանց աշակերտների, չի կարող գոյություն ունենալ միապետ՝ առանց հպատակների, չեն նշանակում դաստիարակ, եթե չկան սաներ, չկա ստեղծող՝ առանց ստեղծագործության, չի կարելի պատկերացնել մատակարարին առանց սպառողի, այդպես նաև աստվածային անուններն ու հատկությունները պահանջում են էակների առկայություն: Եթե մենք կարողանայինք պատկերացնել ժամանակ, երբ չի եղել ոչ մի էակ, երևակայության այդպիսի խաղը կլիներ Աստծո Աստվածության ժխտումը: Ավելին, գոյության բացարձակ բացակայությունը չի կարող վերածվել գոյության: Եթե էակները լիովին բացակայեին, գոյությունը չէր սկսվի: Հետևաբար, քանի որ Միության Էությունը (այսինքն Աստծո գոյությունը) հավերժ է և անսահման, այլ կերպ ասած այն չունի ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ, ապա պարզ է, որ գոյություն ունեցող աշխարհը, այս անսահման տիեզերքը, ո՛չ սկիզբ ունի, ո՛չ էլ վերջ: Իհարկե, կարող է այնպես պատահել, որ տիեզերքի մասերից մեկը, օրինակ, մոլորակներից մեկը, կարող է հայտնվել կամ կազմալուծվել, բայց միևնույն ժամանակ, շատ ուրիշ մոլորակներ կշարունակեն գոյություն ունենալ, տիեզերքը անկարգության չի գա և չի փլուզվի: Ընդհակառակը, գոյությունը հավերժ է և շարունակական: Քանի որ յուրաքանչյուր մոլորակ ունի սկիզբ, անխուսափելիորեն ունի նաև վերջ, քանզի ամեն կազմավորում՝ խմբային, թե անհատական, անխուսափելիորեն քայքայվում է: Միակ տարբերությունը նրանում է, որ որոշները քայքայվում են արագ, իսկ մյուսները՝ ավելի դանդաղ, բայց անհնար է, որ մասերից կազմվածը ի վերջո չքանդվի:
Եվ հետևաբար, մեզ անհրաժեշտ է իմանալ ի սկզբանե ինչ է իրենից ներկայացրել գոյության ամենանշանակալի ձևերից յուրաքանչյուրը, քանզի կասկած չկա նրանում, որ ի սկզբանե ծագումը եղել է նույնը, չէ որ բոլոր թվերի սկիզբը մեկն է, ոչ թե երկուսը: Այսպիսով, ակնհայտ է, որ սկզբում նյութը եղել է մեկը, և այս միասնական նյութը յուրովի է արտահայտվել յուրաքանչյուր տարրի մեջ: Այսպես ստեղծվել է ձևերի տարբերությունը, իսկ նյութի դրսևորման տարբեր տեսակները, մեկ անգամ առաջանալով, մնացել են որպես մշտական, և յուրաքանչյուր տարր ստացել է իր նշանակությունը: Բայց այս կայունությունը վերջնական և ամբողջական է դարձել և կատարելապես իրականացվել միայն երկար ժամանակ անց: Եվ այդ ժամանակ տարրերը կազմվել են, կազմակերպվել և կարգավորվել ձևերի անսահման բազմազանությամբ կամ, ավելի լավ է ասել, այս տարրերի համադրումից և դասավորությունից ստեղծվել են անհամար արարածներ:
Այս համադրությունն ու կարգը, Աստծո իմաստության և Նրա գոյություն ունեցող զորության միջոցով, առաջացել են մեկ բնական նյութից, որը կազմվել և կառուցվել է մեծագույն զորությամբ, ըստ իմացության և համընդհանուր օրենքի: Սրանից ակնհայտ է, որ այս ամենը Աստծո ստեղծագործությունն է, ոչ թե պատահական զուգակցում ու համադրություն: Ահա թե ինչու յուրաքանչյուր բնական համադրությունից կարող է հայտնվել էակ, իսկ պատահական համադրությունից ոչ մի էակ չի կարող հայտնվել: Օրինակ, եթե մարդը իր մտքով և հասկացությամբ վերցնի որոշ տարրեր և համակցի դրանք, ապա կենդանի էակ չի գա լույս աշխարհ, քանի որ այս համակարգը բնական չէ: Ահա թե որտեղ է այն հարցի պատասխանը, թե ինչու, չնայած նրան, որ արարածները ստեղծվում են տարրերի համադրությամբ ու կարգավորմաբ, մենք չենք կարղ տարրերը հավաքել միասին ու համակցել այնպես, որ ստանանք կենդանի արարած: Սա կեղծ ենթադրություն է, քանզի համադրությունը գալիս է Աստծուց, և հենց Նա՝ Աստված է կատարում տարրերի համադրությունը, և քանի որ դա արվում է բնական համակարգի շրջանակներում, յուրաքանչյուր համակցությունից ստացվում է կենդանի էակ, և այդպիսով ստացվում է գոյություն: Մարդու ստեղծած համադրությունը ոչինչ չի ստեղծում, քանզի մարդուն տրված չէ արարել:
Համառոտ հիշենք, որ մենք ասացինք, թե ինչպես են տարրերի համադրման և դասավորության, դրանց քայքայման, նրանց հարաբերակցությունների և դրանց վրա այլ էակների ազդեցության շնորհիվ ձեռք բերվում տարբեր ձևեր, գոյության անվերջ տեսակներ և անհամար էակներ: Ակնհայտ է, որ երկրագունդը միանգամից չի հայտնվել իր ներկայիս տեսքով և իր համընդհանուր գոյությունն աստիճանաբար անցել է տարբեր փուլեր՝ մինչ իր ներկա կատարելությունը ձեռք բերելը: Համընդհանուր մասշտաբի ձևերը համեմատելի և համադրելի են գոյության հատուկ ձևերի հետ, քանզի և մեկը, և մյուսը ներառված են մեկ բնական համակարգի մեջ, ենթարկվում են մեկ համընդհանուր օրենքի և աստվածային կարգի: Եվ այսպես, դուք կարող եք նկատել, որ տիեզերական համակարգի փոքրագույն ատոմները նման են տիեզերքի ամենամեծ օբյեկտներին: Հասկանալի է, որ նրանք աշխարհ են եկել մեկ հզոր լաբորատորիայից, հնազանդվում են մեկ բնական համակարգին և մեկ համընդհանուր օրենքին, այդ իսկ պատճառով էլ նրանք համեմատելի են մեկը մյուսի հետ: Այսպիսով, մոր արգանդում սաղմը հետզհետե աճում և զարգանում է, ստանում է տարբեր ձևեր և փոխում է վիճակներ, մինչև հասնում է կատարյալ գեղեցկության և հասունության վիճակին և հայտնվում է կատարյալ տեսքով՝ իր ողջ գեղեցկությամբ: Նույն կերպ, այս ծաղկի սերմը սկզբում աննշան և փոքրիկ բան էր, բայց այն աճեց և զարգացավ երկրի արգանդում, և անցնելով տարբեր ձևերի փուլեր, հայտնվեց կատարյալ գեղեցկությամբ ու թարմությամբ: Ակնհայտ է, որ նման կերպ երկիր մոլորակը, մեկ անգամ գոյություն ստանալով աճել և զարգացել է երկրի արգանդում, անցել է տարբեր ձևերի և վիճակների փուլեր, մինչև հասել է իր ներկայիս կատարելությանը և դարձել է բնակեցված անհամար արարածներով, ներկայանալով որպես բարդագույն օրգանիզմ:
Հիմա պարզ է, որ սկզբնական նյութը, որը հայտնվել է սաղմնային վիճակում, ինչպես նաև խառնված և համակցված տարրերը, որոնք ներկայացնում են նրա նախկին ձևերը, աստիճանաբար աճել և զարգացել են բազում դարերի և ժամանակաշրջանների ընթացքում, մեկ ձևից և տեսակից անցնելով մյուսին, մինչև դրանք, Աստծո բարձրագույն իմաստության շնորհիվ, հայտնվել են կատարյալ տեսքով, այս համակարգում, այս կազմակերպմամբ, այս կարգով:
Վերադառնանք մեր մտորումներին այն մասին, որ մարդը, Երկրի արգանդում իր գոյության սկզբից, ինչպես սաղմը մոր արգանդում, աստիճանաբար աճել և զարգացել է, անցել է մի ձևից մյուսին, մի վիճակից մյուսին, մինչև հայտնվել է իր ողջ գեղեցկությամբ ու կատարելությամբ, ուժի և հնարավորությունների ամբողջականությամբ: Ակնհայտ է, որ նա սկզբում օժտված չի եղել ներկայիս հաճելի տեսքով, շնորհով և նրբագեղությամբ, և որ աստիճանաբար է ստացել այս տեսքը, այս ձևը, այս գեղեցկությունն ու այս նրբագեղությունը:
Ակնհայտ է, որ մարդու առաջացումը Երկրի վրա, զարգացումից մինչև ներկա վիճակի, ձևի և դիրքի, անհրաժեշտ ձևով պետք է տևեր շարունակական ժամանակ և անցներ բազում փուլեր, մինչ ներկայիս մակարդակին հասնելը: Բայց հենց առաջացման ամենասկզբից, մարդն իրենից ներկայացնում է կոնկրետ տեսակ: Այնպես, ինչպես սաղմն է մոր արգանդում այլ տեսք ունենում, հետո ստանում մեկ ձևից մյուսը, անցնում է մեկ վիճակից մյուսին, անցնում է մեկ տեսքից մյուսը, մինչև չի հայտնվում իր ողջ գեղեցկությամբ ու կատարելությամբ: Բայց անգամ մոր արգանդում, երբ նա ունի այդքան անսովոր ձև և տեսք, որը կտրուկ տարբերվում է իր ներկայիս տեսքից, նա բարձրագույն տեսակի սաղմ է, ոչ թե կենդանու, նրա տեսակային վիճակն ու էությունը փոփոխման ենթակա չեն:
Եվ եթե ենթադրենք, որ կորած օրգանների հետքեր կան, մենք չենք ստանա տեսակների փոփոխականության և դրանց ծագման ոչ առաջնային լինելու մասին ապացույցներ: Դա միայն փաստում է այն մասին, որ մարդու ձևը, արտաքին տեսքն ու օրգանները էվոլյուցիա են ապրել: Մարդը միշտ եղել է կոնկրետ տեսակի, մարդ, ոչ թե կենդանի: Այսպիսով, եթե սաղմը մոր արգանդում մի ձևից անցնում է մյուսին այնպես, որ մի տեսակը նման չէ հաջորդին, արդյոք դա տեսակի փոփոխության ապացույց է: Որ սկզբում նա եղել է կենդանի, հետո նրա օրգանները փոփոխվել և զարգացել են, մինչ նա վերածվել է մարդու: Դա այդպես չէ: Որքան անհաս և անհիմն է այս գաղափարը և այսպիսի մտքերը: Քանզի մարդկային տեսակի ինքնատիպության և մարդկային բնույթի կայունության ապացույցները պարզ են և ակնհայտ:
Հատված <<Որոշ հարցերի պատասխաններ>> գրքից