Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Մարդու բնույթի երկակիությունը
Հոդվածներ

Մարդու բնույթի երկակիությունը

Մարդը զարմանալի արարած է։ Որքան էլ խորհրդավոր լինի մշուշը, որքան էլ կատարյալ լինի բյուրեղը, որքան էլ բարդ լինի ատոմային միջուկի կառուցվածը, դրանք անկարող են համեմատվել մարդու հետ։ Նրա մարմնի ամենաբարդ ու կատարյալ կազմությունը, նրա մտքի գանձարանը, զգացմունքների գերհարստությունը՝ այս ամենը, հիրավի, դարձնում է նրան Արարչագործության պսակը։ Կատարելության հասնելու նրա կարողությունը գրեթե անսահման է։

 

Գերձայնային արագընթաց ինքնաթիռը մարդկային հնարամտության հրաշք է հանդիսանում, բայց որքան հեռու է այն մարդու կատարելությունից՝ այն զարմանահրաշ արարածից, որը կառավարում է այդ ինքնաթիռը՝ բարձրացնում է այն գետնից, թռչում ստրատոսֆերայով և այնուհետև բարեհաջող վայրեջք է կատարում երկրագնդի մյուս կողմում։ Մարդկային ցեղը կարծես օժտված է անսահմանափակ հնարավորություններով։ Նա կարող է ծնել ճգնավորի, ով հանգիստ, արժանապատվորեն և անգամ երախտագիտությամբ անարգանքի սյունին գամված ընդունում է մահը՝ լցված այնպիսի անսասան համոզմունքով, որ մահանում է հանուն ավելի լավ աշխարհի, որին հավատալը գրեթե անհնար է։ Բայց մարդկային ցեղը կարող է ծնել նաև հրեշ՝ սադիստական տանջանքների գյուտարարի, որի դաժանությունն ու կործանման հանդեպ բարբարոսական հիացմունքն ավելի սահմռկեցուցիչ ու նողկալի են, քան ամենաագրեսիվ գիշատիչների արյունարբությունը։ Նա կարող է հպարտանալ, որ աշխարհին նվիրել է Շեքսպիր, Բեթհովեն, Ռեմբրանդտ, Դարվին, Էյնշտեյն, և ամոթից գետինը մտնել՝ աշխարհ բերելով Ներոն ու Հիտլեր։ Նա ծնում է անհամար հերոսներ և միևնույն ժամանակ՝ հանցագործների հորդաներ։ Պարզ է մի բան՝ Մարդ արարածն ունի ապշեցուցիչ ունակություններ և օժտված է հսկայական էներգիայով։ Մարդկության նվաճումներից ելնելով կարելի է պնդել, որ սկզբունքորեն գոյություն չունի մի բան, որին մարդիկ չկարողանային հասնել, եթե, իհարկե, իրենց առջև համապատասխան խնդիր դնեն և փորձեն բացահայտել այն օրենքները, որոնք կօգնեն իրենց ի կատար ածել մտածվածը։

 

Ի՞նչ է գալիս մեր մտքին, երբ մենք մտովի ուսումնասիրում ենք այն աղետների պատկերները, որոնցից այսօր տառապում ենք։ Մեր աչքերի առջև անմիջապես հառնում է չարը՝ գումարման ահռելի նշանը կողքին։ Բարին գրեթե նույնքան հստակ է ուրվագծվում, բայց այն պակաս է, նրա կողքին հանման նշանն է։ Հաշվի առնելով, որ մեզ հետաքրքրում է անհատի խնդիրները, այլ ոչ թե կառավարությունների և հասարակական շարժումների, մենք, նայելով աշխարհի պատկերին, տեսնում ենք, որ ատելությունն ու թշնամանքը մարդկանց շրջանում այսօր շատ ավելի է, քան սերն ու կարեկցանքը։ Նախապաշարմունքներն ու անհանդուրժողականությունը իշխում են հանդուրժողականությանն ու ըմբռնմանը։ Ուրիշների տառապանքների հանդեպ անտարբերությունը, եսասիրությունը, սուտը, հարբեցողությունը, թմրամոլությունը, ամուսնալուծությունների և հանցագործությունների թիվն աճում է օր օրի։ Այս ամենը վկայում է աճող չարության, նրա ավելցուկի մասին։ Պակաս ակնհայտ, բայց ոչ պակաս վտանգավոր են այնպիսի չարիքներն, ինչպիսիք են ցինիզմը, հուսահատությունը, գաղտագողի մոտեցող կասկածները բարության արժեքների հանդեպ, և նրա, թե արդյոք բարություն առհասարակ պետք է գործել, երբ շուրջբոլորն այդքան մարդիկ ոչ մի ջանք չեն գործադրում դա անելու համար, ինչպես նաև այն զգացումը, որ անիմաստ է միայնակ պայքարել, որ ավելի հեշտ է հանձնվել և ամեն բան ինքնահոսի թողնել։ «Հանման նշանով բարու» հասկացողությանը մենք կարող ենք վերագրել այն ամենն, ինչ պատնեշներ է ստեղծում մարդկանց միջև. դա աղանդավորությունն ու խմբավորումներն են, որոնք ծառայում են միայն նեղ, պարփակված համայնքներին։ Սրանք փորձեր են՝ բարելավելու մեծամասնության կենսապայմանները տարբեր փոքրամասնությունների բարեկեցության հաշվին կամ շրջանցելով դրանք։ Սա որոշ ժողովուրդների շահագործումն է մյուսների կողմից։

 

Կառավարությունները փորձում են մեղմել մարդու վիճակը՝ իրականացնելով ռեֆորմներ և նոր ծրագրեր, բժշկությունը նոր միջոցներ է տրամարդրում, որպեսզի այն կարողանա թեթևացնել իր հիվանդությունների բեռը, հոգեբանությունն օգնում է հասկանալ, թե ինչպես է աշխատում նրա ուղեղը և դրա շնորհիվ հաղթահարել մինչ այդ անլուծելի թվացող խնդիրները։ Եվ այնուամենայնիվ, մարդն ինքնավստահություն ձեռք չի բերել, նա զգում է, որ դեռևս ազատ և երջանիկ չէ։  Եվ ի՞նչ օգուտ նրան այս առաջընթացներից, բոլոր բարելավումներից ու վերափոխումներից, եթե նա ինքն իր վրա վստահ չէ և չի կարողանում հանգստություն գտնել։ Մարդուն հարկավոր է գտնել որոշակի բևեռ, կենտրոնանալ ինչ-որ բանի վրա, որն անփոփոխ և կայուն է համարվում։ Այժմ նրա կողմնացույցի սլաքը տատանվում է։ Դեռ նպատակակետին չհասած՝ նա հայտնաբերում է, որ դա բոլորովին էլ այն վայրը չէ, ուր նա ձգտում էր հասնել։ Իրականություն դարձած հույսի ուրախությունն անմիջապես հոդս է ցնդում։ Ո՛չ հաջողությունը, ո՛չ հարստությունը, ո՛չ ամուսնությունը, ո՛չ երեխաները, որպես կանոն, մարդուն չեն տալիս այն, ինչ նա սպասում է դրանցից՝ ուրախության և բավարարվածության մշտական ​​զգացում։ Նա աշխատում է տարիներ շարունակ, հաճախ՝ իր ամբողջ կյանքի ընթացքում՝ փորձելով հասնել որոշակի պաշտոնի, իսկ երբ հասնում է դրան, պարզվում է, որ ամեն ինչ ապարդյուն էր և նա միևնույն է բավարարված չէ։ Բայց փոխարենն ասելու «ես ինքս եմ մեղավոր, երևի ինձ հետ ինչ-որ բան այն չէ», նա, ամենայն հավանականությամբ կպնդի, որ ճանապարհին սխալվել է՝ ինչ-որ տեղ բաց թողնելով անհրաժեշտ շրջադարձը։ Մենք հաճախ ենք մտածում, որ, այն ինչ մեզ ամենաշատն է պետք աշխարհում, հենց այն է, ինչին մենք քիչ էր մնում, որ հասնեինք։ Մենք չենք ցանկանում նայել մեր ներքին «ես»-ին, չենք փորձում տեսնել, թե ինչ կա մեր ներսում, ինչն է հարկավոր իրենց տեղերում դնել, ինչը մաքրել, ինչ հրաշալի գործիքներ են մեզ տրված այն բանի համար, որ կարողանանք կյանքից խորը բավարարվածություն ստանալ։ Մարդու հնարավորություններն անսահմանափակ են։ Արևելքում կան մարդիկ, ովքեր բարձրացնելով իրենց ձեռքը, այն պահում են այդ դիրքում, քսան, անգամ երեսուն տարի, այնքան ժամանակ, մինչև մկաններն ատրոֆիայի ենթարկվեն, և այն այլևս հնարավոր չլինի իջեցնել։ Կան մարդիկ, ովքեր պարանի վրա քայլում են Նիագարա ջրվեժի վրայով, կան այնպիսիք, ովքեր կարող են իրենց քթի ծայրին պահել աթոռ, սեղան և բազմաթիվ այլ առարկաներ։ Վիրաբույժները նրբին վիրահատություններ են կատարում ուղեղի հյուսվածքի, աչքերի, սրտի վրա, կարում են նյարդերը։ Ֆիզիկոսներն ու մաթեմատիկոսները գիտական այնպիսի բացահայտումներ են անում, որոնք գրեթե անհնարին են թվում։ Ինչի՞ շնորհիվ է մարդկանց հաջողվում լուծել այս զարմանալի և գերբարդ խնդիրները։ Պատասխանը մեկն է՝ կամքի ուժի, մարզումների, ջանքերի շնորհիվ։

 

Հատված Մերի Մաքսվելի <<Կյանքի գաղտնիքը>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ