Ուրիշների վիշտը, նրանց դրդապատճառները, դժվարություններն ու թուլությունները հասկանալը նրանց օգնելու առաջին քայլն է: Անհանդուրժողականությունը չի հանգեցնում խնդիրների լուծմանը: Ինչպես իմաստուն բժիշկները, մենք պետք է նախ բացահայտենք հիվանդության ախտանիշները, հետո բուժում նշանակենք:
Բայց որքա՜ն քիչ ըմբռնում ենք ցուցաբերում միմյանց հետ մեր շփման մեջ։ Թվում է, թե մենք քարսրտության (կամ գուցե քարմտության) համաճարակի մեջ ենք:
Աշխարհի ժողովուրդները չեն փորձում հասկանալ միմյանց, խորանալ փոխադարձ պահանջների ու խնդիրների էության մեջ։ Նույնը վերաբերում է տարբեր ռասաներին և սոցիալական խմբերին: Բոլորը զբաղված են միմյանց մեղադրելով, ոչ ոք չի ուզում կանգ առնել և լսել դիմացինին։ Դա բնորոշ է նաև մարդկանց փոխհարաբերություններին։ Փոխարենը միմյանց անկանխակալ և անկեղծությամբ վերաբերվելուն, մենք կա՛մ փորձում ենք դիմացինին օգտագործել մեր նպատակների համար, կա՛մ այնպիսի նախապաշարմունքով ենք մոտենում, որ ընդհանրապես հրաժարվում ենք լսել նրան։ Այս անհեթեթ դիրքորոշումը շատ տարածված երևույթ է, անկախ նրանից՝ խոսքը ընտանիքի, թե աշխատավայրում հարաբերությունների մասին է։ Այսպես են վարվում ծնողները երեխաների հետ, երեխաները՝ ծնողների, գործատուները՝ իրենց աշխատողների հետ, իսկ աշխատողները՝ գործատուների, աղքատները հարուստների հետ, իսկ հարուստները՝ աղքատների, և այլն։ Սա հակասում է կյանքի նկատմամբ խելամիտ մոտեցմանը, որն ընդունված է, օրինակ, գիտության մեջ։ Գիտնականն իր որոնման մեջ չի կարող առաջնորդվել նախապես մշակված պատկերացումներով, քանի որ դա նրան կտանի սխալ ճանապարհով, թույլ չի տա տեսնել երևույթների էությունը, և նա պատրանքի հետևից վազելով՝ կկորցնի թանկարժեք ժամանակը։ Նրա խելքը պետք է ազատ լինի նախապաշարմունքներից, իսկ միտքը պետք է կենտրոնանա այն իրական փաստերի վրա, որոնք կապված են ուսումնասիրվող խնդիրների հետ և ի հայտ են գալիս լուծումների որոնման արդյունքում։
Եվ ինչո՞ւ չմոտենալ միմյանց նույն ըմբռնումով, անվերապահ, առանց նախապաշարմունքների։ Այդ դեպքում մենք կկարողանայինք խորասուզվել հարցի էության մեջ և իսկապես օգնել միմյանց: Կան մարդիկ, ովքեր կարծես թե ընդունակ չեն խղճահարության կամ համակրանքի։ Նրանք նույնիսկ հպարտանում են, որ կարողանում են ապրել առանց այդ, ինչպես իրենք են անվանում, թուլությունների դրսևորման։ Նրանք պնդում են, որ մարդն ինքն է ամեն ինչում մեղավոր, որ նրա տառապանքները միշտ սեփական մեղքերի, հիմարության կամ քմահաճույքների հատուցումն են։ Այս մարդիկ վարակված են այն սարսափելի հիվանդությամբ, որի անունը ինքնահավանություն է։ Մենք բոլորս էլ հանդիպել ենք նման սուբյեկտների, ովքեր վստահ են իրենց ճշմարտացիության վրա։ Նրանք հանդիպում են և՛ աթեիստների մեջ, և՛ հավատացյալների։ Իրականում սրանք դժբախտ մարդիկ են, ում կարելի է միայն խղճալ։ Իրենց միտքը կաղապարելով նախապես որոշված շրջանակի մեջ՝ նրանք անհաղթահարելի խոչնդոտ են ստեղծել իրենց զարգացման համար։
Ավելորդ համարելով ուրիշների հանդեպ կարեկցանք կամ ապրումակցում արտահայտելը, նրանք համոզված են, որ իրենց բոլորովին հարկավոր չէ այլոց օգնությունը: Իսկ նման դիրքորոշումը չափազանց ռիսկային է։ Ո՞վ կարող է վստահ լինել, որ իր կյանքում չի գա մի օր, երբ աշխարհում ամեն ինչից առավել նա կունենա ինչ-որ մեկի մասնակցության, կարեկցանքի կամ խղճահարության կարիքը, որը բալասան կդառնա նրա վերքերի համար։ Երբ մարդը երևակայում է, որ երբեք դրա կարիքը չի ունենա, նա դառնում է առավել խոցելի ու հատկապես օգնության կարիք է ունենում, քանի որ դրանով իսկ փակում է իր հոգու զարգացմանը տանող դուռը։ Եթե նա կարծում է, որ իր հետ ոչ մի դժբախտություն չի կարող պատահել, որ չի կարող ընկնել իր բարեկեցության բարձունքից, նրան իսկապես վտանգ է սպառնում, քանզի նա կորցնում է իր զգոնությունը, իսկ կյանքը գնում է վտանգի հետ ձեռք ձեռքի տված, այն թաքնված է թե՛ մեր ներսում, թե՛ դրսում: Չզարգանալ, առաջ չգնալ նշանակում է աստիճանաբար դեգրադացվել։ Ինքնավստահ մարդը կարծում է, որ կանգնած է զարգացման բավականաչափ բարձր աստիճանի վրա, բայց իրականում, նա անխուսափելիորեն ընկնում է ցած, և չի բացառվում, որ կջախջախվի։ Եվ այ հենց այդ ժամանակ էլ նա կունենա մարդկանց խղճահարության ու կարեկցանքի կարիքը, քանզի միայն նրանց շնորհիվ վնասված հոգին կարող է ճախրել։
Հիմա` մարդկային ևս մեկ կարևոր հատկանիշի՝ առատաձեռնության մասին։ Որքան էլ որ տարօրինակ է, բայց ավելի հաճախ հենց աղքատներն են ավելի առատաձեռն լինում, ոչ թե հարուստներն ու ապահովվածները։ Նա, ով կարիքի մեջ է ապրում, սեփական փորձից գիտի, թե երբեմն որքան մեծ նշանակություն կարող է ունենալ անգամ ամենափոքր բանը։ Անցնելով տառապանքի միջով՝ մարդն ավելի նրբանկատ է դառնում այլոց տառապանքների հանդեպ և պատրաստ է տալ վերջին փշրանքները՝ մերձավորի դժվարությունները թեթևացնելու համար։ Տալը միշտ հաճելի է։ Երբ դուք բաժանվում եք ինչ-որ բանից՝ դիմացինին օգնելու կամ երջանկացնելու համար, դա ծնում է զարմանալի ուրախության զգացում, որի շնորհիվ սիրտը թեթևանում և հաճելիորեն հանգստանում է։ Ասում են՝ բնությունը տանել չի կարողանում դատարկություն և անմիջապես լցնում է այն, և այդ իսկ պատճառով, այն, ինչ դուք տվել եք ուրիշին (իհարկե, եթե դա իրական ընծա է եղել, ոչ թե այն դեպքերում, երբ ես քեզ, դու ինձ), կվերադառնա ձեզ երջանկության և հաճույքի զգացումով, կհարստացնի ձեր հոգին՝ այն ավելի մեղմ ու կատարյալ դարձնելով։
Հատված Մերի Մաքսվելի <<Կյանքի գաղտնիքը>> գրքից