Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Մարդկանց բնավորության տարբերությունների պատճառները
Հոդվածներ

Մարդկանց բնավորության տարբերությունների պատճառները

Մարդը օժտված է բնածին բնավորությամբ, ժառանգված բնավորությամբ և ձեռք բերած բնավորությամբ, որը հանդիսանում է դաստիարակության և կրթության արդյունք: Ինչ վերաբերվում է բնածին բնավորությանը, կարելի է ասել, որ չնայած նրան, որ աստվածային արարչությունը կատարյալ է և լավը, այնուամենայնիվ, դրսևորման աստիճանի տարբերության պատճառով տեղի է ունենում մարդու բնական հատկությունների փոփոխություն, բոլորը կատարյալ են, բայց դրա հետ մեկտեղ՝ քիչ, թե շատ, կախված աստիճանից: Այսպիսով, բանականությունն ու կարողությունը բնորոշ են ողջ մարդկությանը, բայց մարդկանց ինտելեկտի, կարողությունների և արժանապատվության մակարդակը տարբեր է:

 

Օրինակ, վերցնենք մի քանի երեխա ՝  նույն ընտանիքից, նույն տեղանքից, նույն դպրոցից, որոնց սովորեցնում է մեկ ուսուցիչ, որոնք սնվում են նույն կերպ, ապրում են նույն կլիմայական պայմաններում, հագնված են նույն կերպ և ուսումնասիրում են միևնույն գիտությունները: Միանգամայն պարզ է, որ այս երեխաներից ոմանք կլինեն օժտված, մյուսները կցուցաբերեն միջին հնարավորություններ, երրորդներն էլ պարզապես ետ կմնան: Պարզ է, որ բնական պայմաններում բնության մեջ գոյություն ունեն հատկությունների դրսևորման աստիճանական տարբերություններ, արժանիքների և հնարավորությունների զանազանություն: Այդպիսի հատկությունները չեն պատկանում բարու և չարի կատեգորիաներին, այլ արտացոլում են միայն աստիճանական տարբերությունը: Մեկը օժտված է որակների դրսևորման բարձրագույն աստիճանով, մյուսը՝ միջինով, իսկ երրորդը՝ ամենացածր աստիճանով: Այսպիսով, երկրի վրա գոյություն ունի մարդը: Կենդանիները, բույսերը, հանքանյութերը նույնպես գոյություն ունեն, բայց այս չորս գոյությունների աստիճանը տարբեր է: Որքան մեծ է տարբերությունը մարդու և կենդանու գոյության միջև: Բայց այնուամենայնիվ, երկուսն էլ գոյություն են: Ակնհայտ է, որ գոյության մեջ կան աստիճանական տարբերություններ:

 

Ժառանգական որակների բազմազանությունը գալիս է կառուցվածքի ուժից կամ թուլությունից, այսինքն, կարելի է ասել, որ երբ երկու ծնողներն էլ թույլ են, նրանց երեխաները նույնպես թույլ կլինեն, եթե երկու ծնողներն էլ ուժեղ են, ապա նրանց երեխաները նույնպես ուժեղ կլինեն: Այս կերպ, արյան մաքրությունը մեծ դեր է խաղում, քանզի մաքուր ծագումը նման է բույսերի և կենդանիների ցեղատեսակների մաքրության: Օրինակ, մենք նկատում ենք, որ երեխաները, որոնք ծնվել են թույլ և նվաղ ծնողներից, սովորաբար ունենում են թույլ կազմվածք և վատ նյարդեր, նրանք հիվանդոտ են, օժտված չեն ո՛չ համբերությամբ, ո՛չ դիմացկունությամբ, ո՛չ վճռականությամբ, ոչ զսպվածությամբ, նրանք տաքարյուն են, քանի որ երեխաները ժառանգում են ծնողների թուլությունն ու հիվանդությունը:

 

Բացի այդ որոշակի ընտանիքների և ցեղերի շնորհվում են հատուկ օրհնություններ: Այսպիսով, հատուկ օրհնություն է համարվում այն, որ Իսրայելի բոլոր Մարգարեները եկել են Աբրահամի սերունդից: Այսպիսին է Աստծո օրհնությունն այս ցեղի նկատմամբ: Մովսեսը պատկանում էր նրան և հայրական, և մայրական գծով, Մուհամմադն ու Բաբը նույնպես այս տոհմից են սերում, ինչպես և Իսրայելում գտնվող բոլոր Սուրբ Մարգարեներն ու Հայտնիչները:

 

Բահաուլլան նույնպես հանդիսանում է Աբրահամի ուղիղ հետնորդը, քանզի Աբրահամը, բացի Իսմայելից ու Իսահակից, ունեցել է նաև այլ որդիներ, որոնք վերոնշյալ օրերին տեղափոխվել են Պարսկաստանի և Աֆղանստանի երկրները, և Բահաուլլան նրանց հետևորդներից մեկն է:

  

Այս կերպ պարզ է դառնում, որ բնավորության ժառանգականությունը նույնպես տեղ ունի և ավելին՝ այն աստիճանի, որ եթե մարդկանց բնավորությունը չի համապատասխանում նրանց ծագմանը, ապա չնայած նրանց արյունակցական կապին, հոգևոր առումով նրանք չեն համարվում ընտանիքի անդամ, ինչպես Քանանը, որը չի համարվում Նոյի հետնորդը:

 

Մշակույթի զարգացման առումով արժանիքների տարբերությունները շատ մեծ են՝ քանզի ուսումն ու դաստիարակությունը ահռելի ազդեցություն ունեն: Կրթությունն ու դաստիարակությունը անգրագետ մարդուն դարձնում են գրագետ, վախկոտը դառնում է համարձակ: Որպես արդյունք՝ կոր ճյուղը դառնում է ուղիղ, թթու և տտիպ լեռնային և անտառային մրգերը դառնում են քաղցր և քիմքին հաճելի, իսկ հնգաթերթ ծաղիկը վերածվում է հարյուր թերթիկներ ունեցողի: Կրթությունը վայրի ցեղերին դարձնում է քաղաքակիրթ, չէ՞ որ անգամ կենդանիներն են ընտանիացվում: Կրթությունն ու դաստիարակությունը հարկավոր է դիտարկել որպես կարևորագույն գործոններ, քանզի ինչպես մարմնական աշխարհում են հիվանդությունները չափազանց վարակիչ, այնպես էլ մարդու հոգու և սրտի արժանիքները նույնպես հնարավոր է փոխանցել: Կրթության և դաստիարակության ազդեցությունը ընդգրկուն է, դրանց առաջացրած տարբերություններն ահռելի են:

 

Հնարավոր է մեկն ասի, որ քանի որ մարդկանց հնարավորություններն ու արժանիքները տարբերվում են, ապա ունակությունների այս տարբերությունները միանշանակ հանգեցնում են բնավորությունների տարբերության:

 

Բայց դա այդպես չէ, քանզի կարողությունները լինում են երկու տեսակի՝ բնական և ձեռք բերովի: Առաջինը՝ Աստծո կողմից նվիրվածը, իր մեջ պարունակում է միայն լավը, Աստծո ստեղծածի մեջ չար չկա, իսկ այլ ձեռք բերված կարողությունները համարվում են վատի առաջացման պատճառը: Օրինակ, Աստված մարդուն ստեղծել է այնպիսի ձևով և նրանց այնպիսի կառուցվածք և այնպիսի հատկություններ է տվել, որ շաքարն ու մեղրը օգտակար են նրանց, իսկ թույնը՝ վնասակար է և կործանարար:

 

Սա է բնածին բնությունը և բնածին կառուցվածքը, և նրանք տրված են Աստծո կողմից և հավասարապես բնորոշ են բոլոր մարդկանց: Բայց ահա մարդը սկսում է աստիճանաբար սովորեցնել իրեն թույնին, ընդունելով այն ամեն օր, փոքր քանակությամբ, և աստիճանաբար ավելացնելով չափաբաժինը, և ահա նա հասնում է այն վիճակին, որ այլևս չի կարող ապրել առանց ափիոնի օրական չափաբաժինը ստանալու: Այսպիսով, բնական կարողությունները ամբողջապես այլասերվում են: Տեսա՞ք, թե որքան ուժեղ կարելի է ազդել բնական կարողությունների ու կառուցվածքի վրա, որոնք տարբեր սովորությունների ու վարժությունների ազդեցության տակ ամբողջովին այլասերվում են: Արատավոր մարդկանց մեջ պետք է դատապարտել ոչ թե նրանց բնածին կարողություններն ու նրանց բնությունը, այլ նրանց ձեռք բերած կարողություններն ու բնությունը:

 

Արարչության մեջ չկա չար, միայն բարին է: Որոշակի հատկություններն ու հակումները, որոնք բնորոշ են մի քանիսին ծնված օրվանից, և ակնհայտորեն արժանի չեն դատապարտման, իրականում այդպիսին չեն հանդիսանում: Օրինակ, երեխայի կյանքի հենց ամենասկզբից մենք նրա մեջ կարող ենք տեսնել ագահության, զայրույթի և բարկության նշաններ: Թվում է, թե կարելի է ասել, որ բարին ու չարը մարդկային բնության մեջ առկա է ի սկզբանե, բայց դա հակասում է բնության ամբողջական բարությանն ու ստեղծմանը: Սրա պատասխանը հետևյալն է. Ագահությունը, այսինքն ավելիին ու ավելիին հասնելու ձգտումը, գովասանքի արժանի որակ է, եթե այն ճիշտ է օգտագործվում: Այսպիսով, եթ մարդն ագահ է գիտելիքների և գիտության նկատմամբ, կամ փափագում է ցուցաբերել կարեկցանք, առատաձեռնություն և հասնել արդարության, ապա դա շատ գովելի է: Եթե նա իր զայրույթն ու բարկությունն ուղղում է արյունարբու բռնակալների դեմ, որոնք նման են կատաղի կենդանիների, սա նույնպես շատ գովելի է, բայց եթե մարդն օգտագործում է այս հատկությունները սխալ, ապա դրանք արժանի են դատապարտման: Այսպիսով, ակնհայտ է, որ արարչության և բնության մեջ չարություն ընդհանրապես գոյություն չունի, բայց եթե մարդու բնական հատկություններն օգտագործվում են օրենքի խախտման համար, ապա նրանք արժանի են դատապարտման: Այսպես, օրինակ, եթե հարուստ և առատաձեռն մարդը փող է տալիս աղքատին իր կարիքի համար, իսկ աղքատն այն ծախսում է անարժան կերպով, ապա դա արժանի է դատապարտման:

 

Եվ այս ամենը վերաբերվում է մարդկային բոլոր որակներին, որոնք կազմում են կյանքի գանձերը: Եթե նրանք օգտագործվում և դրսևորվում են օրենքի խախտման ժամանակ, ապա նրանք արժանի են դատապարտման: Այստեղից էլ պարզ է դառնում, որ ստեղծվածի մեջ միայն լավն է դրված: Մտածեք այն մասին, որ որակներից ամենավատը և հատկություններից ամենազզվելին, որը ծնել է ամեն չարը, համարվում է սուտը: Չի կարելի պատկերացնել ավելի վատ, կամ ավելի խիստ դատապարտման արժանի որևէ հատկանիշ, քան սուտը, այն մարդկային բոլոր կատարելությունների կործանիչն է և անհամար արատների ակունքը: Ավելի վատ որակ լինել չի կարող, սուտը բոլոր չարիքների հիմքն է: Այնուամենայնիվ, եթե բժիշկը հանգստացնում է հիվանդին, ասելով. «Փառք Աստծո, ձեզ արդեն լավ եք զգում, հույս կա ձեր առողջացման»,- չնայած այս խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, նրանք ամեն դեպքում կարող են մխիթարել հիվանդին և շրջադարձային պահ դառնալ հիվանդության ընթացքում: Այս դեպքում սուտը դատապարտման արժանի չէ:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ