Բավարարվածության զգացումը, որն առաջանում է որևէ գործի ավարտից հետո, ափսոսանքի զգացումը, երբ քո առջև դրված առաջադրանքը կատարել չես կարողացել,- այս բոլորը մարդու խղճի արտահայտումն են։ Մայրերի և հայրերի մեծամասնությունը լավ գիտեն, որ խիղճը կարևոր գործոն է, որը պատասխանատու է բարոյական սկզբունքների պահպանման համար։
Հասարակության համար այս հարցի ահռելի կարևորության պատճառով վերջինիս նկատմամբ հարկավոր է հատուկ ուշադրություն ցուցաբերել։ Եթե երեխաներին մանկությունից չսովորեցնել լսող լինել, ապա նրանք չեն կարող ամբողջովին յուրացնել բարոյական նորմերն ու պահանջները։ Կասկած չի կարող լինել, որ արժանավայել պահվածք դաստիարակելու լավագույն ժամանակը մանկության տարիներն են։ Մարդուն, ով արդեն հասել է սեռական հասունացման տարիքին, շատ դժվար է բնավորության թերությունները շտկելու հնարավորություն տրվում։ Եթե երկրում գործերն ավելի լավ են գնում, և երկիրը բարգավաճում է, դա նշանակում է, որ քաղաքացիները ենթարկվող են ու խղճամիտ, գիտակցում են հասարակության առջև իրենց պարտավորությունը և կատարում են իրենց վրա դրված պարտականությունները։ Եթե, սակայն, երկիրը գտնվում է փլուզման եզրին ու անկում է ապրում, երազանքները փշրված են, հույսը՝ մարած, ապա կասկած չկա, որ այդ երկրի քաղաքացիների մեծ մասը չի ենթարկվում հեղինակություններին, իսկ նրանց խիղճը «անջատված է» ։
Այս կերպ, հնազանդության սովորությունը հարկավոր է դաստիարակել կյանքի ամենավաղ տարիներից, և դա պետք է պարբերաբար կատարել։ Ներքևում մենք կբերենք դաստիարակության ոլորտի մասնագետների խորհուրդներից մի քանիսը։
1․ Երեխային որևէ գործ հանձնարարելուց առաջ մայրն ու հայրը պետք է նախապես քննարկեն դա միմյանց հետ, մանրակրկիտ գնահատեն երեխաների վրա դրված պարտականությունների ընդունելիությունը։ Տնային գործերին մասնակցելու անհրաժեշտությունը պետք է բացատրվի բոլոր երեխաներին՝ ընկերական ու ազատ քննարկման շրջանակներում, յուրաքանչյուրի համար նաև պետք է սահմանվի նրանց մշտական պարտականությունների շրջանակը։
Եթե սակայն երեխաները սկսեն հակաճառել, խորհուրդ ենք տալիս ծնողներին ուշադրությամբ լսել նրանց և անհրաժեշտության դեպքում չեղարկել նախկինում ընդունված որոշումը։ Երբ աշխատանքը բաժանված է և բոլորը միահամուռ համաձայնել են նման բաժանման հետ, ծնողները պետք է հույս հայտնեն, որ այն անհրաժեշտ կերպով կկատարվի։
2․ Ծնողները պետք է հաստատակամությամբ երեխաներին ներշնչեն այն միտքը, որ հնազանդությունը վեհանձն գործ է, և յուրաքանչյուրն, ով մերժում է այն, պետք է անհարմարություն և ամոթ զգա Աստծո հայացքի ներքո։ Աշխարհում շատ քիչ բան կարելի է գտնել առավել արժանի պարսավանքի, քան տրված խոստումը չկատարելը, պայմանավորվածության խախտումը։
3․ Ծնողները կարող են տարբեր տեսակի օրինակներ օգտագործել ամենօրյա կյանքից՝ պատմելու համար հանձնարարված գործերի չկատարման բացասական հետևանքների և դրանց կատարման առավելությունների մասին։
4․ Երեխային հարկավոր է քաջալերել և պարգևատրել իր պարտականությունների կատարման համար։
5․ Եթե երեխան դիմադրում է, հրաժարվում է տնային գործերից, նրա հետ պետք է զրուցել և փորձել շտկել իրավիճակը։ Դրա հետ մեկտեղ պատիժը պետք է արդար լինի, խնայի երեխայի զգացմունքներն ու չվիրավորի նրա սիրտը։
6․ Ընտանեկան քննարկման ժամանակ, որին պետք է մասնակցեն ընտանիքի բոլոր անդամները՝ մայրը, հայրը, երեխաները, պետք է հստակ դասակարգել նրանց աշխատանքային պարտականություններն այնպես, որ երեխաների մոտ ոչ մի անհասկանալի բան չմնա։ Հաջորդ ընտանեկան հավաքի ժամանակ պետք է կանգ առնել նոր ծագած հարցերի վրա և նոր խնդիրներ դնել։
Այս խնդիրների հետ անծանոթ մարդիկ կարող են մեր դատողությունները ավելորդ և անգամ ծիծաղելի համարել։ Սակայն, երբ մենք բախվում ենք ինչ-որ նոր գործի հետ, այն սկզբից թվում է ոչ պետքական, դժվար կամ ուղղակի անիրագործելի։ Բայց եթե մարդը մեկ անգամ կարողանում է գլուխ հանել դրանից, այն նրա համար դառնում է սովորական ու թեթև։
Հետևաբար հեղինակը խստորեն խորհուրդ է տալիս ընթերցողին լրջագույնս ուշադրություն դարձնել այս առարկայի վրա և այն սակավ կարևոր կամ անկարևոր չհամարել։
Պատկերացրեք մի ընտանիք, որը բաղկացած է հորից, մորից, վեց, ինը և տասնմեկ տարեկան երեք երեխաներից։ Տանը կան շատ գործեր, որոնք երեխաները լիովին ի վիճակի են կատարել։ Միանշանակ, այդ աշխատանքները կարող են կատարել և ծնողները, բայց դաստիարակչական տեսանկյունից շատ ավելի լավ է, որ այն հանձնարարվի երեխաներին, և նրանք այդկերպ շատ ավելի քիչ կախված կլինեն ուրիշներից, ձեռք կբերեին կյանքի փորձ, ինքնավստահություն։
Ես հիշում եմ մի շատ հարուստ մարդու, ով իր երեխաներին դպրոց չէր թողնում։ Նա այսկերպ էր մտածում․ «Միայն չքավոր մարդիկ պետք է քրտնեն և գիտություններ ուսումնասիրեն։ Իմ տղայի ինչի՞ն է պետք, օրինակ, աշխարհագրությունը։ Նա կարող է գնալ ուր մտքովն անցնի, ուրիշները միշտ նրան տեղ կհասցնեն ու կկատարեն նրա բոլոր ցանկությունները»։ Օգտագործելով այս նույն տրամաբանությունը՝ շատ ծնողներ կարող են հիմնավորել, թե ինչու՞ իրենց երեխաները չպետք է աշխատեն, եթե ընտանիքում կա բավարար գումար։
Աշխատանքը դաստիարակում է մարդուն և ներարկում է նրա մեջ անհրաժեշտ հմտություններ։ Աշխատանքն ինքնին վեհանձն է, իսկ երբ աշխատանքը գնահատվում է որպես օգնություն, դա պատիվ է բերում։ Ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ «Առանց աշխատանքի պտուղ չի կարող լինել»։ Դաստիարակչական գործընթացում հարկավոր է մշտապես օգտագործել այն առավելությունները, որը տալիս է տնային գործերում երեխաների մասնակցությունը։
Երեկոյան, երբ ամբողջ ընտանիքը միասին հավաքված է, հայրն ու մայրը առաջարկում են երեխաներին քննարել իրենց մշտական պարտականությունների շրջանակը․ «Մենք ընտանիքում հինգն ենք, իսկ տանն ու այգում միշտ շատ աշխատանք կա անելու։ Եկեք որոշենք, թե ով որ պարտականությունները պետք է կատարի»,- ասում է հայրը։ (Այստեղ, իհարկե, պետք է երեխաներին բացատրել տնային գործերի կարևորությունն ու անհրաժեշտությունը և հատկապես կանգ առնել այն բանի վրա, որ այդ աշխատանքը ուրիշ ոչ ոք չի կատարելու)։
«Եվ այսպես,- շարունակում է հայրը,- առավոտյան յուրաքանչյուրն իր հետևից հավաքում է անկողինը, դնում է իրենց տեղը բոլոր այն իրերը, որոնք նա օգտագործել է առավոտյան հարդարանքի ընթացքում, մաքրում է իր կոշիկները։ Չի կարելի թույլ տալ, որ հարդասեղանի վրա փոշի կուտակվի, իսկ հայելիները միշտ պետք է փայլեն։
Նախաճաշից, ճաշից և ընթրիքից հետո ձեզնից յուրաքանչյուրը կօգնի լվանալ սպասքը, չորացնել և դնել իրենց տեղը։ Նա, ով անում է այս ամենը, պետք է իր տեղը դնի նաև աղի և պղպեղի ամանները, անձեռոցիկներն ու մաքուր ափսեները։
Հիմա դուք գիտեք, թե ով ինչ պետք է անի։ Մենք ձեզ վստահում ենք, ու հույս ունենք, որ ամեն ինչ կարգին կլինի։ Եթե դուք սիրում եք մեզ ու հարգում եք ինքներդ ձեզ, դուք ջանքեր կգործադրեք, քանզի երբ մարդ խոսք է տալիս, և ինքն էլ դրժում իր խոսքը, նա չափազանց վատ է վարվում։ Կարելի՞ է արդյոք հարգել նման մարդուն»։
Յուրաքանչյուրը, ով անկեղծորեն կատարում է իր պարտականությունները, ուրախություն է զգում, նրա խիղճը հանգիստ է։