Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Մարդը և ազատ ընտրության իրավունքը
Հոդվածներ

Մարդը և ազատ ընտրության իրավունքը

Ինչպես հայտնի է, մարդն այլ կենդանի էակներից առաջին հերթին տարբերվում է իր ուղեղի զարգացման գերագույն աստիճանով, սակայն մենք չափազանց սահմանափակ կերպով ենք օգտագործում նրա հնարավորությունները և այդ իսկ պատճառով, հաճախ, առանց մտածելու սահում ենք կյանքի մակերեսով, երբեմն՝ ապշեցուցիչ արագությամբ նմանվելով այն երկարոտն ջրային սարդերին, որոնք ճարպկորեն շարժվում են լճակի մակերեսով, թվում է թե անգամ առանց թաթերը թրջելու։ Որքան շատ պատրաստի կարծրատիպեր ենք ընդունում մեր ծնողներից, ընկերներից, ուսուցիչներից, հոգևորականներից՝ լինելով չափազանց ալարկոտ և անտարբեր։ Մենք անգամ չենք փորձում, հանգամանքների բերումով անջատվել հին ձևերից և մտածել ինչ-որ նոր բան, որը կարող էր ավելի նպատակահարմար լինել մեր կյանքի համար։ Իհարկե, մենք պետք է հարգենք նրանց կարծիքները, ովքեր ավելի փորձառու են ու հասուն, քան մենք ինքներս։ Բայց մեծ տարբերություն կա այլոց փորձն օգտագործելու և կույր ու անմիտ նմանակման մեջ։

 

Մարդը բոլոր իրավիճակներում պետք է լինի ինքնուրույն, մտածող անհատ, այսինքն՝ ինչպես որ կա։ Այսպես, օրինակ, եթե ձեր հայրը ունիտար է կամ կաթոլիկ, հուդայական է կամ մահմեդական, դա չի նշանակում, որ կրոնի ընտրության հարցում դուք պետք է հետևեք ձեր հորը, ինչպես մասնագիտության կամ արհեստի ընտրության հարցում։ Նույնը վերաբերում է նաև կյանքի մյուս կողմերին։ Յուրաքանչյուր անհատ պետք է օգտագործի Աստծո կողմից իրեն տրված իրավունքը՝ մտածել և ընտրել, հակառակ դեպքում արժեքները, որոնք նա ձեռք է բերել կյանքում, չեն լինի նրա սեփական ձեռքբերումները։ Եթե ինչ-որ մեկը դեմոկրատ է դարձել, կաթոլիկ, մասոն կամ բապտիստ միայն այն պատճառով, որ իր հայրը դեմոկրատ, կաթոլիկ, մասոն կամ բապտիստ է եղել, ապա դա ոչ մի օգուտ չի բերի մարդու անհատականության ձևավորման համար՝ նմանակման կարծրատիպը նրան միայն արտաքին պատյան կտա, բայց չի նպաստի նրա ներքին առանցքի ձևավորմանը։ Հոր օրինակը կարող է հիասքանչ լինել, կարող է անգամ թվալ, որ դրանից ավելին չի կարելի ցանկանալ որդու համար, բայց որդին ընտրություն կատարելիս պետք է ինքնուրույն որոշում կայացնի։

 

Չէ՞ որ պատահում է նաև այնպես, որ այն, ինչ հոր համար լավ է եղել, որդուն կարող է ընդհանրապես չհամապատասխանել, և եթե նա գնա նույն ճանապարհով, դա կարող է նրան մեծ վնաս հասցնել։ Ուրիշների կույր ընդօրինակումը ոչ միայն վնասակար է, անիմաստ և անհեթեթ, այն կարող է նաև հանգեցնել մարդու կյանքի անուղղելի սխալների, իսկ ընդհանուր առմամբ նաև պատմական ողբերգությունների, որն իր ազդեցությունը կունենա ողջ հասարակության վրա։ Եթե Քրիստոսի օրերում հրեաները անաչառ ու առանց նախապաշարմունքների դատեին, նրանք չէին խաչի Նրան։ Հնարավոր է, որ ոչ բոլոր հրեաներն ընդունեին Քրիստոսին և Նրա Ուսմունքը, ոչ բոլորը ականջալուր լինեին Նրա քարոզներին, բայց այնուամենայնիվ, նրանք չէին սպանի Նրան։ Սակայն նրանք կուրորեն ու անմտությամբ գնացին իրենց առաջնորդների հետևից, որոնք խրված էին ավանդույթների և դոգմաների մեջ և որոնք նույնպես կուրացած էին նախապաշարմունքներով։ Եվ քրիստոնեության հոսքը փոխեց իր բնականոն ընթացքը՝ փոխարենը առաջին հերթին ոռոգելու ընտրյալ ժողովրդի կյանքը, որի մոտ Քրիստոսը եկել էր որպես Խոստացված Մեսիա, այն շրջանցեց նրանց և առաջ գնաց՝ իր կենարար ջրերը տանելով այլ  ժողովուրդներին ու երկրներին։

 

Մարդկային միտքը դեռևս անկատար է, չնայած, անկասկած, ապագայում այն կհասնի զարգացման զարմանահրաշ բարձրունքների։ Մեր համառության մեջ մենք զարմանալիորեն ամուր կառչում ենք մանր, նախապես պատրաստի գաղափարներից։ Որքան ուժ և ժամանակ է պահանջվել մարդկանց հասցնելու իրականությունն այն մասին, որ Երկիրը կլոր է, որ այն դուրս է մղվել Արեգակից, սառել է և քարացել, այնուհետև նրա վրա առաջացել է կյանքը, իսկ հետագայում՝ էվոլյուցիայի ընթացքում, նաև մարդ արարածը։ Թերևս, այս նոր գաղափարն ընդունելու միակ պատճառը կայանում է նրանում, որ դրանք սկսել են շարադրվել դասագրքերում և ներառվել են դպրոցական և քոլեջային ծրագրերում։ Բայց դրա հետ մեկտեղ դեռևս կան մարդիկ, ովքեր համառությամբ պնդում են արարչագործության բառացի մեկնաբանման վրա՝ ճիշտ այնպես, ինչպես այն շարադրված է Ծննդոցում, և նրանք, ավելի շուտ կմեռնեն, քան կփոխեն իրենց հայացքները։ Իմ նախապապը արգելում էր իր տանը խոսել անլար հեռագրության մասին, քանի որ, ինչպես նա էր պնդում, այդ երևույթը բացարձակապես անհնար էր, և նա անգամ չէր ցանկանում լսել նման հիմարության մասին, չնայած իրեն համարում էր կրթված և դաստիարակված մարդ։

 

Մեր ժառանգության մեջ ամենաարժեքավորը մարգարեների կյանքի և անհատականության մասին պատկերացումներն են։ Վերցնենք, օրինակ, Քրիստոսի ավանդական կերպարը, որը հարյուրավոր տարիներ է, ինչ արդիական է՝ բարեկազմ, էներգիայով լի, բաց մազերով, կապույտ աչքերով երիտասարդ՝ փոքր ինչ հյուծված ու ասկետիկ տեսքով։ Բայց արդյոք դա այդպես է։ Ծագումով հրեա, արհեստավորի զավակ, Նա ատաղձագործությամբ էր զբաղվում, ճամփորդում էր հիմնականում ոտքով, ապրում էր Պաղեստինի այրող արևի տակ, և այդ իսկ պատճառով ավելի հավանական է, որ ուներ ամուր կազմվածք, մկանուտ էր, թխահեր, թխաչյա, և Նրա դեմքն առողջ, բրոնզե երանգ ուներ։ Սակայն արդյոք սա որևէ նշանակություն ունի։ Արդյո՞ք սա որևէ կապ ունի Նրա անհատականության և Նրա Ուսմունքի հետ։ Ի՞նչ կփոխվի, եթե մեր երևակայության մեջ Նրան ֆիզիկական այլ պատկեր տանք։ Արդյո՞ք Նա դրանից կդառնա պակաս զարմանահրաշ, արդյո՞ք Նրա քարոզը կկորցնի իր նշանակությունը։ Եվ որքան համառորեն ենք մենք, դարեր շարունակ կառչել Քրիստոսի մասին մեր այս պատկերացումներից, որոնք ստեղծվել են արևմտյան նկարիչների կողմից, որոնց ոգեշնչել է սեփական ռասայի տեսքը և որոնք Քրիստոսի կերպարն առավել կոլորիտային դարձնելու համար հիմնվել են սեփական երևակայության վրա։

 

Բացի այդ, մենք գիտենք, որ Քրիստոսն ամուսնացած չի եղել։ Եվ ահա, հիմք ընդունելով այս միակ փաստը և մեր հասկացողությանը համապատասխան վերաիմաստավորելով մեզ մասնատված տեսքով հասած աստվածահաճո կյանքով ապրելու մասին ուսմունքը, մենք մշակել ենք անհեթեթ մի դոգմա՝ անհավանական եզրակացություն անելով, որ Քրիստոսը սովորեցրել է, թե իբր կուսակրոնությունն ավելի լավ է, քան ամուսնությունը: Որ սեռերի միջև հարաբերությունները ճղճիմ են և իրենից անհրաժեշտ չարիք են ներկայացնում, որ երեխաները ծնվում են մեղքի մեջ, քանզի մեղքի մեջ են բեղմնավորվել, որ Քրիստոսի սրբության մեծագույն նշաններից մեկն այն է, որ նա երբեք ամուսնացած չի եղել։ Եվ ուրեմն արդյո՞ք այս լույսի ներքո տարօրինակ չէ այն, որ Աստված Տիեզերքի գոյության հիմքում դրել է հակառակ կողմերի ձգողականության օրենքը՝ ատոմի հավասարակշռությունը ստեղծող դրական և բացասական լիցքավորված էլեկտրոններից մինչև իրենց տեսակները վերարտադրող արական և իգական սեռերի անհատները, Քրիստոսի շուրթերով հայտարարել է այս սկզբունքը, որի վրա հիմնված է նյութը ինչ-որ անբարո, նվաստացուցիչ, մեղսավոր մի բան։ Եվ ուրեմն ի՞նչ պետք է մտածենք Արարչի մասին։ Ինչպե՞ս կարող է Նա արդար և հետևողական լինել, եթե ամեն ինչ՝ ատոմներից մինչև մարդ, ստեղծել է մի մոդելի համաձայն, որն իր հիմքում անմաքուր է։ Մարդկանցից ո՞վ, նայելով մեկ օրական նորածնին, ով նոր է կյանք մտել, և դեռևս անօգնական և անտեղյակ է, իրավունք ունի պնդել, որ նա մեղքի սերունդ է, քանզի մեղքի մեջ է արարվել։ 

 

Մի՞թե ավելի տրամաբանական, ավելի ճիշտ չէ լինի համարել, որ այս հակադրությունների զարմանալի ձգողականությունը ինքը՝ կյանքի հիմքն է։ Արդյո՞ք մենք սրա մեջ չպետք է տեսնենք տիեզերքի ակնհայտ դասերից մեկը, որը մեզ սովորեցնում է, որ հակադրությունների միջև ձգողականության բարձրագույն ձևը մարդկային հոգու ձգողությունն է առ Աստված, արարչագործության ձգողությունն է դեպի Արարիչը։ Քանզի այն, ինչը նյութի մեջ դրսևորվում է որպես մագնիսականություն, բնության մեջ՝ որպես սեռերի հարաբերություններ, մարդու մեջ վերափոխվում է սիրո, որի միջոցով նա մաքրվում է և վեհանում։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ