Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Աբրահամի կյանքը
Հոդվածներ

Աբրահամի կյանքը

Մարդկության պատմության մեջ կան անձինք, որոնց կյանքը դարձել է հավատի, նվիրվածության և աստվածային առաջնորդության վառ օրինակ։ Այդպիսի մեծագույն կերպարներից է Աբրահամը՝ երեք համաշխարհային կրոնների կողմից հարգված հայրապետը, որի կյանքը լի է փորձություններով, հավատարմությամբ և Աստծո հանդեպ անսասան վստահությամբ։ Նրա պատմությունը ոչ միայն անցյալի մասին է, այլ նաև հիշեցում՝ մարդու և Աստծո միջև կենդանի կապի մասին, որը կարող է փոխակերպել թե՛ անհատին, թե՛ ամբողջ ժողովուրդներին։ Աբրահամն աներևակայելի աստվածահաճո մարդ էր, խոնարհ՝ Աստծո Կամքի առջև, և իր կյանքի ընթացքում ոչ մի անգամ չէր խախտել Նրա պատվիրանները։

 

Իր՝ կրոնական կուլտերին ու հավատալիքներին չենթարկվելու պատճառով նա աքսորվեց հարազատ երկրից։ Բայց բոլոր տառապանքները, որը նա ստիպված էր տանել, վերածվեցին փառքի։ Նրա օրհնված ցեղի հետնորդները դարեր ի վեր փառավորեցին անբասիր, բարձր հավատը Միակ Աստծո հանդեպ և դարձան Աստվածային Օրենքներին խոնարհվելու ոգեշնչող օրինակ։ Աբրահամը ծնվեց և մեծացավ Ուր քաղաքում։ Այդ քաղաքը գտնվում էր Տիգրիս և Եփրատ գետերի մեջտեղում գտնվող հովիտներից մեկում։ Քաղաքը շրջապատված էր բարձր պարիսպներով, և ամենայն հավանականությամբ, այնտեղ ապրում էր մոտ հինգ հարյուր մարդ։ Այն ժամանակներում դա շատ մեծ քաղաք էր։

 

Բազմաթիվ պեղումների արդյունքները ցույց են տվել, որ Ուրը քաղաքակիրթ քաղաք է եղել, առևտրային, գիտական և մշակութային կենտրոն։ Քաղաքի շուրջը տարածվում էին պտղաբեր հովիտներ, որոնք քաղաքին հարուստ բերք էին տալիս։ Աբրահամի հայրը միջին խավի ներկայացուցիչ էր՝ մանրածախ վաճառական։ Նա զբաղվում էր կռարձանների վաճառքով։ Աբրահամը մեծանալով ավելի պարզ էր տեսնում, որ չնայած քաղաքի քաղաքակրթության մակարդակին՝ այնտեղ տիրում էին տգիտությունը, չարությունն ու անարդարությունը։ Կռապաշտությունը մարդկանց դարձնում էր ավելի սնահավատ, դաժան ու վախեցած։

 

Այն մասին, թե երբ է Աստված առաջին անգամ դիմել Աբրահամին, հստակ տեղեկություններ չկան։ Բայց պահպանվել է մի պատմություն, որտեղ ասվում է, թե ինչպես է նա հասկացել Միակ Վեհագույն Աստծո՝ տիեզերքի արարչի և աստվածացրած կուռքերի միջև տարբերությունը, որոնց կուրորեն խոնարհվում էին մարդիկ։ Վաղ տարիքից Աբրահամը սիրում էր խորհել Աստծո մասին։ Մի անգամ նա նայեց կեսօրյա արևի հիասքանչությանը և մտածեց․ <<Անկասկած, այս փայլուն լույսն իմ Տերն է, Նրան եմ խոնարհվելու>>։ Բայց երբ արևը մայր մտավ, նա ասաց․ <<Չէ, սա Աստված չէր, բայց որտե՞ղ ես գտնեմ Արարչին։ Տեսնելով լուսնին աստղերով շրջապատված՝ նա խորհեց․ << Միգուցե սա՞ է Աստված, ով ստեղծել է ամեն բան>>։

 

Երբ լուսինը լուծվեց ամպերի արծաթի մեջ և անհետացավ ծագող արևի ճառագայթներում, նա գոչեց․ << Չէ, Աստված վեհագույն ուժ ու Էություն է, իսկ արևը, լուսինն ու աստղերը՝ դրանք բոլորը ստեղծված են Նրա կողմից։ Եվ շուտով Աբրահամը սկսեց բացահայտ քարոզել Միակ Աստծո Հավատը, Ով սիրում էր բոլոր մարդկանց։ Այդ խիզախ քայլը վրդովեցրեց ոչ միայն նրա հորն ու հոգևորականներին, այլև անձամբ թագավորին՝ տիրական բռնապետ Նիմրոդին։ Թագավորն ու հոգևորականները որոշեցին Աբրահամին կրակին հանձնել, բայց հրաշք կատարվեց և Աբրահամը փրկվեց։ Եվ այդ ժամանակ Նիմրոդը որոշեց ընդմիշտ արտաքսել նրան հարազատ քաղաքից։

 

Աբրահամը, չիմանալով ուր ուղևորվել, դիմեց Աստծուն՝ օգնություն ու աջակցություն աղերսելով։ Եվ ինչպես Ծննդոցում է նշվում, Աստված նրան հրամայեց հեռանալ իր երկրից, հարազատներից և իր հոր տնից ու գնալ այն երկիրը, որը Նա է ցույց տալիս, ասելով, Նա իրենից մեծ ազգ կստեղծի, կօրհնի նրան, կմեծացնի նրա անունը, իսկ Աբրահամն օրհնություն կլինի ուրիշների համար։ Աստված ասաց, որ կօրհնի նրան օրհնողներին և նրան անիծողներին կանիծի և  երկրի բոլոր ընտանիքները նրանով կօրհնվեն։

 

Այսպես Աստված Աբրահամին կոչ արեց դնել նոր ժողովրդի հիմքը, որտեղ Միակ Աստծո հանդեպ հավատը և Նրա Ուսմունքն ընդմիշտ արմատախիլ կանեն անարդարությունն ու չարիքը։ Եվ այդժամ իր սքանչելի կնոջ՝ Սառայի, նվիրված եղբորորդի Ղովտի և իր մի քանի ծառաների հետ Աբրահամը ճանապարհ ընկավ Խառան քաղաք։ Այս քաղաքում նա մնաց այնքան ժամանակ, մինչև Աստծուց նոր առաջադրանք ստացավ գնալ Հորդանանի հովտի ուղղությամբ, Քանանի երկիր, որը հետագայում պիտի անվանեին Սուրբ Երկիր։

                    

Աստված Կտակ է կապում Աբրահամի հետ

 

Այն ժամանակ Սուրբ Երկրում կային ոչ մեծ քաղաք-պետություններ, որոնց վրա տարածվում էր եգիպտական փարավոնների իշխանությունը։ Աբրահամն  ու իր մտերիմները իրենց վրանները փռեցին Քանանի հողերի վրա։ Եվ այդ պահից սկսած նա դարձավ իր ցեղի առաջնորդը, որը քարոզում էր Միակ Աստծո հավատը։

 

Եվ ինչպես նշվում է Ծննդոցում, շուտով Աստված կրկին երևաց Աբրահամին, ասելով, որ նրա սերնդին է տալու այդ հողը։ Դրանից հետո Աբրահամը զոհասեղան շինեց Աստծո համար, Ով հայտնվել էր իրեն։ Որոշ ժամանակ անց նա հարստացավ։ Նա հաջող առևտուր էր անում հարևան թագավորությունների հետ և հավաքեց շատ ոսկի ու արծաթ, նա դարձավ լայնատարած, բարեբեր հողերի տեր։ Սովորաբար ցեղերի առաջնորդները դաժան ու տիրական մարդիկ էին և նրանցից բոլորը վախենում էին։ Բայց Աբրահամն ընդհանրապես այդպիսին չէր։ Մարդկանց մեջ նա հայտնի էր դարձել իր բարությամբ ու գթասրտությամբ, ազնվությամբ ու վեհանձնությամբ։

 

Եվ ահա, եկավ ժամանակը, երբ Աստված երրորդ անգամ դիմեց նրան՝ այն բանից հետո, երբ Ղովտն առանձնացավ նրանից, ասելով, որ նա բարձրացնի աչքերն ու իր կանգնած տեղից նայի հյուսիս ու հարավ, արևելք ու արևմուտք, քանզի ողջ երկիրը, որը նա տեսնում է, Աստված նրան ու նրա սերնդին է տալու հավիտյան, որ նրա սերունդը երկրի փոշեհատիկի չափ է դարձնելու, այնպես, որ եթե մարդ կարողանա հաշվել երկրի փոշեհատիկները, ապա հնարավոր կլինի հաշվել նաև նրա սերունդը։

 

Դրանից շատ չանցած Աստված Աբրահամին երազում տեսիլք ուղարկեց։ Աբրահամը տեսավ, որ իր ժողովուրդը Եգիպտոսում ստրկության մեջ է հայտնվել։ Բայց Աստված ազատել է մարդկանց ստրկությունից և ետ է բերել նրանց Սուրբ Երկիր։ Բայց մինչ այդ պետք է անցներ 400 տարի։ Իսկ իսրայելցիներին Սուրբ Երկիր բերեց մեկ այլ Աստվածային Ուսուցիչ:

 

Աբրահամն ու Սառան սեփական երեխաներ չունեին։ Այդ պատճառով Սառան առաջարկում է Աբրահամին կնության առնել իր աղախնին՝ Հագարին, ասելով, որ այդ դեպքում նրանք կկարողանան որդի ունենալ։ Այն ժամանակներում այդկերպ վարվելը բնական և նորմալ երևույթ էր։ Աբրահամը համաձայնեց։ Իսկ որոշ ժամանակ անց Հագարը նրան տղա պարգևեց, ում Իսմայիլ անվանեցին։ Աբրամը շատ երջանիկ էր, բայց էլ ավելի մեծ երջանկություն էր նրան սպասում ապագայում։

 

Ծննդոցում նշվում է, որ Աստված նորից դիմեց նրան՝ ասելով․ <<Իմ ուխտը քեզ հետ է և դու անպատճառ բազում ազգերի հայր պիտի դառնաս։ Ես խիստ կբազմացնեմ քո սերունդը, քեզնից ազգեր կստեղծեմ, ու քեզնից թագավորներ կսերվեն։ Ես կկատարեմ իմ ուխտը, որը հավիտենական ուխտ է և հաստատված է իմ ու քո, ինչպես նաև քեզնից հետո եկող քո սերնդի միջև՝ իր գալիք սերունդներով, որպեսզի Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո եկող քո սերնդի համար։ Քեզ և քեզնից հետո եկող քո սերնդին պիտի տամ քո պանդխտության երկիրը, այո՛, Քանանի ողջ երկիրը՝ այն դարեդար տիրելու համար, և ես նրանց համար Աստված կլինեմ»։

 

Աբրահամ նշանակում է <<Մեծ ժողովրդի հայր>>, Իսկ Սառայի անունը նշանակում է <<Մեծ ժողովրդի թագուհի>>։ Եվ շուտով Սառան, ով իննսուն տարեկան էր, Աբրահամի համար որդի ծնեց՝ Իսահակին։

 

Աբրահամի մտերիմները սկսեցին խոնարհվել նրա առջև՝ ինչպես Աստծո, մեծարել ու գովերգել նրան։ Բայց Աբրահամի տեսլականը շատ ավելի խորն էր։ Այն ձգվում էր բազում հարյուրամյակներ ու հազարամյակներ առաջ։ Աբրահամը հասկացավ, որ իր ընտանիքն ընտրվել է Աստծո կողմից, և որ հենց իր հետնորդները պետք է դարեր ի վեր հաստատեն Միակ Ճշմարիտ Աստծո հավատը ժողովուրդների ու ցեղերի մեջ։ Եվ արդեն այն ժամանակ Աբրահամը կանխատեսել էր իր հետնորդների մեջ այնպիսի Աստվածային Ուսուցիչների հայտնությունը, ինչպիսիք են Մովսեսը, Քրիստոսը, Մուհամմեդը, Բաբն ու Բահաուլլան։ Աբրահամի հետնորդներից վերոնշյալ բոլորին Աստված ընտրեց Միակ առաքելության համար՝ հիշեցնել մարդկանց Միակ, Ամենագո Աղբյուրի մասին, Աստծո, Ով իր սիրով ընդգրկեց ողջ մարդկությունը՝ բոլոր ժամանակներում և հարյուրամյակներում։

 

Ծննդոցում նշվում է, որ Աբրահամի կինը՝ Սառան, չէր սիրում Աբրահամի առաջնեկին՝ Իսմայիլին և նրա մորը՝ Հագարին, քանի որ նա հեգնանքով էր վերաբերվում Սառային և նրա որդի Իսահակին։ Նա գնաց Աբրահամի մոտ և խնդրեց նրան, որպեսզի նա արտաքսի Հագարին և Իսմայիլին։ Այս բոլորը չափազանց տխրեցրեց Աբրահամին, բայց Աստված ասաց նրան, որ չարժե վրդովվել աղախնի և նրանից ծնված զավակի համար, որ ինչ էլ իրեն Սառան ասի, թող լսի նրա ձայնը, քանզի Իսահակի միջոցով է, որ առաջ կգա նրան խոստացված սերունդը, և Աստված ասաց, որ նրա աղախնի որդուց էլ ազգ կստեղծի, քանի որ նա նույնպես Աբրահամի սերունդն է։

 

Շատ հրաշալի պատմություններ են տեղի ունեցել Աբրահամի հետ։ Բոլոր այդ պատմությունները մանրամասն նկարագրված են Աստվածաշնչում։ Մենք հակիրճ կպատմենք նրանցից միայն մեկի մասին։ Նրանում ասվում է, որ Աստված խնդրեց Աբրահամին իր որդի Իսահակին ողջակեզ զոհասեղանի վրա զոհ մատուցել իրեն։ Աբրահամն այնքան էր սիրում Աստծուն և այնպես էր վստահում Նրան, որ չէր կարող չհնազանդվել։ Բայց Աստված չեղարկեց Իր հրամանն, ասելով, որ տեսնում է, որ Աբրահամն Աստծուն իր միակ որդուց վեր դասեց։ Այդ ընթացքում Աբրահամը թփերի հետևում տեսնում է մի մոլորված խոյի, և իր որդու փոխարեն խոյին ողջակեզ է մատուցում։

 

Այս դեպքը Աբրահամի հավատի փորձության մասին չի վկայում, քանզի ոչ մի անգամ, իր ողջ կյանքի ընթացքում, Աբրահամը անհնազանդություն ցույց չի տալիս Աստծուն։ Ուղղակի ևս մեկ անգամ Աբրահամի ողջ ընտանիքին և մտերիմներին ցույց տրվեց, թե ինչ է նշանակում Աստծո հանդեպ իրական հավատը։ Նման հավատ կարող էր ունենալ միայն Աստվածային Ուսուցիչը, Աստծո կողմից ընտրված մարդը, ով իր հավատով օրհնեց երկրային բոլոր ցեղերին։  «Քո սերնդով երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն՝ շնորհիվ այն բանի, որ լսեցիր իմ ձայնին»։

 

Սառայի մահից հետո, չնայած իր տարիքին, Աբրահամը նորից ամուսնացավ։ Նրա նոր կնոջ անունը Քետուրա էր։ Նա Աբրահամին վեց զավակ պարգևեց։ Բոլոր այդ զավակներից բազում ժողովուրդներ են առաջացել։ Իսահակը մնաց Սուրբ Երկրում և նրանից սերվեց հրեա ժողովուրդը։ Իսահակի հետնորդներից մեկը Հիսուս Քրիստոսն էր։ Հագարն ու Իսմայիլը բնակություն հաստատեցին Արաբական թերակղզում, նրանցից են սերվել արաբները։ Իսմայիլի հետնորդներից մեկը Մուհամմեդն էր, իսկ ավելի ուշ՝ Բաբը։

 

Քետուրայի հետնորդներից մեկն էր Բահաուլլան։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ