Աշխարհի բազմազանությունն ու կյանքի թվացյալ բարդությունը հաճախ մեզ շեղում են նրա ամենախորքային հարցերից՝ պատճառի, իմաստի և նպատակակետության մասին։ Մարդը հակված է կենտրոնանալ մանրուքների վրա՝ կորցնելով ամբողջական պատկերը, մինչդեռ տիեզերքը կառուցված է ներդաշնակ հակադրությունների և անտեսանելի կապերի վրա, որոնք միասին ստեղծում են հավասարակշռություն ու կարգ։ Այս մտորումները մեզ աստիճանաբար առաջնորդում են դեպի կյանքի հիմքային աղբյուրի որոնումը՝ այն ուժի ըմբռնումը, որը անհասանելի է մեր անմիջական ընկալմանը, բայց ներկա է մեր գոյության ամեն պահի մեջ։ Մենք հրավիրում ենք ընթերցողին դիտարկել կյանքը ոչ միայն որպես պատահական երևույթների հաջորդականություն, այլ որպես իմաստավորված ամբողջություն, որի խորքում թաքնված է Արարչի և մարդու միջև գոյություն ունեցող նուրբ, բայց կենսական կապը։
Ճշմարիտ կյանքի որոշ կանոնների մասին մտորումներից հետո մենք մոտենում ենք նրան, թե ինչն է կազմում նրա հիմքը և առանց ինչի նա չէր ունենա ո՛չ իմաստ, ո՛չ առաքելություն, ո՛չ նպատակ։ Անկախ նրանից, թե որքան բարդ կարող է թվալ աշխարհը՝ լինի դա նյութի ձևերի, մտքի շարժումների, թե հասկացությունների բազմազանության մասին, դրանում ամեն ինչ բացատրելի է, ամեն բան ենթարկվում է այս կամ այն օրենքին։ Մենք, սակայն, չափազանց հաճախ ծառերի հետևից անտառը չենք տեսնում։ Մենք ի վիճակի չենք ընկալել կյանքի ընդհանուր օրինաչափությունը, քանզի մեր ուշադրությունը կենտրոնացած է նրա փոքրիկ դետալների վրա։ Մինչդեռ աշխարհը բաղկացած է մեծագույն հակադրություններից ու ծայրահեղություններից, բայց դրա հետ մեկտեղ դրանք բոլորն անտեսանելիորեն լրացնելով միմյանց, այդպես էլ ստեղծում են այն հավասարակշռությունը, որի շնորհիվ Տիեզերքն այդքան ներդաշնակ ու կատարյալ է։ Ահա մի պարզ օրինակ, որը կարող է հաստատել դա: Գրեթե 150 միլիոն կիլոմետր է բաժանում մեզ Արեգակից՝ տաք գազի հսկայական գնդից, որի մոտ ոչ մի կենդանի էակ չի կարող գոյություն ունենալ։ Իսկ մենք, գտնվելով նման ահռելի հեռավորության վրա, հենց Արևի շնորհիվ ենք ապրում ու ծաղկում նրա համեմատ մեր փոքրիկ մոլորակի վրա։ Ինչի՞ շնորհիվ ենք մենք խաղաղ գոյատևում այն բանի հետ, ինչը մոտ տարածության վրա մեզ համար պարզապես կործանարար կլիներ։ Ի՞նչն է կապում մեզ այդ կրակե գնդի հետ և թույլ տալիս մեր բարօրության համար օգտագործել նրա էներգիան։ Դա արևի շողն է, որը մատակարարում է մեզ անհրաժեշտ քանակությամբ արևի էներգիան, որը հնարավոր է դարձնում կյանքը մեր մոլորակի վրա։ Եվ շնորհիվ այս կապող օղակի՝ մենք Արևից ստանում ենք այն, ինչն անհրաժեշտ է մեր լիարժեք գոյության համար։
Նույն կերպ հարկավոր է ընդունել նաև այն ուժը, որը ստեղծել է Տիեզերքն իր անթիվ գալակտիկաներով, որոնցից մեկում մենք ապրում ենք՝ մեր գիտակցության մեջ մենք այն կարող ենք համեմատել Արևի հետ։ Այդ ուժն արարել է մեզ, այն մեր գոյության աղբյուրն է, բայց մենք, սահմանափակված լինելով մեր բնույթով, երբեք չենք կարող անմիջական կոնտակտի մեջ մտնել նրա հետ։ Այնուամենայնիվ, հենց այս ուժն է մղում մեր ողջ կյանքը։ Այս ուժը մարդիկ անվանում են Աստված և Անսահման Էություն։ Դժվար թե կարելի լինի նշել մեկ այլ հասկացություն, որի մասին մարդկանց դատողությունները լինեին նույնքան խառնված ու ֆանտաստիկ։ Որոշները հերքում են Նրան՝ կասկածի տակ դնելով մեր սեփական գոյության և Տիեզերքի գոյության միակ ողջամիտ բացատրությունը, քանզի հետևանքն առանց պատճառի գոյություն ունենալ չի կարող։ Կարո՞ղ ենք արդյոք մենք՝ մտածող, ինքնագիտակից, սիրելու ունակ և մի շարք նպատակների ձգտողներս, լինել արտադրված ինչ որ մի ուժի կողմից, որը նյութի անկենդան ձևերից ցածր է գտնվում։ Ոչ մի կենդանի չի կարող գերազանցել նրան, ինչ դրված է նրա գենետիկ կոդի ու սերմի պրոտոպլազմայում։ Հնարավո՞ր է արդյոք, որ կյանքի այդ համընդհանուր կանոնը չաշխատի, երբ խոսքը վերաբերվում է բոլոր առեղծվածներից մեծագույնին՝ այն առեղծվածին, թե ինչպես ենք մենք՝ մտածող մարդիկ, հայտնվել Տիեզերքում և ինչպես ենք մենք համադրվում նրա մեծագույն ներդաշնակության հետ։ Ինչպիսին էլ որ լինի աղբյուրը, ինչպիսին էլ լինի այն ուժը, որը արարել է գոյություն ունեցող ամեն բան, այդ ուժը ճիշտ այնպես, ինչպես մարդը, պետք է գիտակցի ինքն իրեն և միևնույն ժամանակ անչափելիորեն գերազանցի մարդուն, հակառակ դեպքում նա չէր կարող ստեղծել նրան։
Եթե մենք ընդունում ենք, որ Աստված գոյություն ունի և մենք մեզնից ներկայացնում ենք Նրա արարչագործությունը, որը ծագել է Նրա Ծրագրի իրագործման արդյունքում, հարց է առաջանում, թե ո՞րն է իրականում Աստծո բնույթը։ Ոմանք կարծում են, որ Նա մեր ներսում է, բայց դա համարժեք է նրան, որ մենք գտնվում ենք Արևի ներսում, կամ որ Արևը մեր ներսում է։ Երկրորդները պնդում են, որ Աստված ամենուր է։ Սակայն ամենուր, եթե լավ մտածենք, նշանակում է ոչ մի տեղ։ Մեր Տիեզերքում ամեն ինչ իրական է ու կոնկրետ։ Եթե ֆիզիկոսին կամ աստղագետին հարցնել, թե որտեղ է գտնվում էլեկտրական լիցքը կամ աստղը, նրանք չեն ասի «ամենուր», այլ կփորձեն հնարավորինս ճշգրիտ որոշել վերջինիս գտնվելու վայրը։ Այն պնդումը, որ Աստված «ամեն ինչ», ըստ էության անհեթեթ է, քանզի գիտական տեսանկյունից բնության մեջ գոյություն չունի այնպիսի մի բան, որը կարելի լինի սահմանել որպես «ամեն ինչ»։ Հայտնի է, որ կա նյութ, որը գոյություն ունի տարբեր ձևերով և տարածության տարբեր վայրերում։ Թերևս, այսօր «ամեն ինչ» հասկացությանն ամենամոտը էլեկտրականությունն է, բայց մենք նրա մասին ևս ունենք կոնկրետ գիտելիքներ և ուսումնասիրում են նրա բնույթը։ Էությունը, որն արարել է մեզ, չի կարող իր մեջ չներառել այն բոլոր զարմանալի հատկությունները, որն ունի մարդկային բնույթը, բայց դրա հետ մեկտեղ նա պետք է տիրապետի մեծագույն զորության ու կատարելության, որի շնորհիվ նա կարողացել է արարել իր նման տեսակին։ Այն ամենն, ինչ մենք ի վիճակի ենք հասկանալ, անխուսափելիորեն մեզնից ցածր է, հակառակ դեպքում մեր միտքը չէր կարող այն ընկալել։ Ակնհայտ է, որ մեզնից ցածր գտնվող էությունը, օրինակ էլեկտրականությունը, չէր կարող ստեղծել մարդուն։ Հետևաբար Աստված էլեկտրականություն չէ։ Իսկ քանի որ էլեկտրականությունը մենք ընկալում ենք որպես «ամեն ինչ» հասկացությանն ամենամոտը, չի կարելի պնդել, որ Աստված ամենուր է, որ Նա ամեն ինչ է։ Որպես ուսումնասիրության առարկա այն անհամեմատ ավելի մեծ ու հիասքանչ է։
Եթե աթեիստի փաստարկները մեզ թվան անհամոզիչ և անկարող բացատրելու անսահման Տիեզերքի կյանքը, որը բացահայտվում է մեր աչքերի առջև գիտության շնորհիվ, իսկ պանթեիստների պատկերացումներն իրենց էությամբ՝ հակագիտական և անտրամաբանական, ապա Աստծո սահմանումը փնտրելիս մենք ստիպված ենք դիմել այսպես ասած Հայտնության կրոններին։ Բազմաստավծությունն անցյալում է։ Բազմաթիվ «աստվածների» գաղափարը չի կարող բացատրել Մեր Տիեզերքի նման համակարգի կառուցվածքը։ Միակ բեղուն գաղափարը մեծագույն, զորեղ, սկզբնական, հավերժ Միասնական Արարչի մասին պատկերացումն է։ Բոլոր մարգարեները խոսել են Միասնական Աստծո մասին։ Քրիստոսը Նրան Իր Հայրն է անվանել, բոլոր մարդկանց մեծագույն, ամենասեր Հայրը։ Մովսեսը, իսկ նրանից առաջ Աբրահամը հռչակել են Միասնական Աստծո զորության ու ուժի մասին։ Մուհամմադի քարոզները լի են Նրա մասին գովասանքներով ու Նրա երկրպագությամբ։ Կրոնն, անկասկած, ամենազորեղ ու դրա հետ մեկտեղ միակ բարոյական ուժն է մարդկանց կյանքում։ Նայեք աշխարհի քարտեզը, հիշեք մարդկության պատմության ցանկացած ժամանակաշրջան, և դուք կհայտնաբերեք, որ աշխարհը բաժանված է արեալների, որոնք շատ անգամներ գերազանցում են նրանց, որոնք պարփակված են աշխարհագրական և քաղաքական սահմանների մեջ։ Նման արեալները, որոնք միշտ դուրս են եկել մայրցամաքների ու ազգային սահմանների շրջանակներից, հանդիսանում են կրոնների տարածման տարածքները։ Դրա վառ օրինակ է հանդիսանում ժամանակակից աշխարհը, որի քարտեզի վրա, չնայած նրա գունեղությանը, հստակ երևում են հիմնական համաշխարհային կրոնների տարածման հսկայական տարածքների ուրվագծերը։