Զարմանալի է, որ աշխարհում այնքան քիչ մարդիկ կան, ովքեր աղոթելու սովորություն ունեն։ Նույնիսկ հավատացյալները միշտ չէ, որ աղոթում են։ Որոշ մարդիկ իմաստ չեն տեսնում, իսկ ոմանք անհարմարություն են զգում, երբ փորձում են աղոթել: Աստծուն հավատալով՝ մարդիկ Նրանից ոչինչ չեն խնդրում։ Նրանք մտածում են մոտավորապես այսպես․«Աստված գիտի մեր բոլոր կարիքների մասին և Ինքն է ուղարկում մարդուն այն, ինչ նրան պետք է», կամ «կարիք չկա Աստծուց օգնություն խնդրել, մենք ինքներս ի վիճակի ենք հասնել այն ամենին, ինչ մեզ պետք է»։ Եվ ուրեմն ո՞րն է աղոթքի նպատակը։ Ինչու՞ է այն անհրաժեշտ։ Նախ, եկեք ինքներս մեզ հարց տանք՝ ինչու՞ Աստված պետք է անընդհատ բավարարի մեր յուրաքանչյուր ցանկություն, եթե մենք անգամ նեղություն չենք տալիս մեզ դիմել Նրան: Ինչու՞ մենք պետք է ինչ-որ բան ստանանք առանց մեր կողմից որևէ ջանք գործադրելու։ Մենք քարեր չենք, կենդանի էակներ ենք, և ոչ միայն կենդանի էակներ, մենք կյանքի ամենաբարձր ձևն ենք երկրի վրա: Կենդանի նյութը անոթ չէ, որը ինչ-որ մեկը լցնում է։ նա ստանում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքի և յուրացման ընթացքում, և նրան կարելի է համեմատել ձեռքի հետ, որը ձգվում է, որպեսզի վերցնի այն, ինչն անհրաժեշտ է իրեն, կամ բույսի արմատների հետ, որոնք համառորեն ճեղքում են հողը՝ փորձելով կլանել նրա ջուրը։ Ընդունված է համարել, որ մարդը կարող է մեկնել ձեռքն ու վերցնել այն, ինչ իրեն անհրաժեշտ է, սակայն կան շատ բաներ, որոնք մեզ համար հասանելի չեն, բաներ, որոնց մենք կարող ենք հասնել միայն ինչ-որ մեկի օգնությամբ։ Եվ ավելի լավ չէ՞ հպարտությունը մի կողմ թողնել և ամեն դեպքում օգնություն խնդրել: Ի՞նչ հիմք ունենք ենթադրելու, որ մեր բոլոր հոգևոր կարիքները պետք է մշտապես և անհատույց բավարարվեն, իսկ մենք անգամ հարկ չհամարենք խնդրել դա։
Կա ևս մեկ պատճառ, թե ինչու է մեզ անհրաժեշտ աղոթել, շատ ավելի համոզիչ պատճառ։ Մեր հոգու հայելին, անգամ եթե այն ուղղված է դեպի վերև, ժամանակի ընթացքում փոշոտվում է և խամրում, աղոթքը, սակայն, օգնում է մաքրել այն։ Սկզբում այդ միտքը կարող է տարօրինակ թվալ, բայց եթե մտածեք, ոչ մի տարօրինակ բան դրանում չկա։ Ի՞նչ ենք մենք իրականում անում, երբ աղոթում ենք։ Մենք մտածում ենք Նրա մասին, Ով մեզնից զորեղ է՝ մեր Հոր, մեր Ընկերոջ, մեր Աստծո մասին, Անսահման Էության, ամեն ինչի Աղբյուրի մասին։ Անվանեք Նրան ինչպես կուզեք՝ կարևորը էությունն է, այլ ոչ թե անունը։ Մենք հասկանում ենք, որ Նա՝ այդ Մեծագույն Էակը, բոլոր Աղբյուրների Ակունքը, տիրապետում է զորության ողջ ուժին, քանզի Նա ստեղծել է ոչ միայն մեզ, այլև գոյություն ունեցող ամեն բան, տիեզերքն՝ իր անթիվ գալակտիկաներով։ Աղոթելով Նրան՝ մենք հիշում ենք, որ Նա սիրում է մեզ, որ եթե կամենա՝ կօգնի մեզ։ Անկախ նրանից, թե մենք Նրա օգնությունն ենք խնդրում, թե ներողամտությունը, աղոթում ենք, որովհետև ցանկանում ենք մեր հիացմունքն արտահայտել Նրա գործերի համար, թե շնորհակալ լինել, մենք կենտրոնացնում ենք մեր մտքերը այդ չմարող Հյուսիսային աստղի վրա, որով պետք է առաջնորդվենք։ Եթե մեր կողմնացույցի սլաքը ապամագնիսացել է, աղոթքն օգնում է մեզ վերադառնալ ճիշտ ուղու վրա, այն մեզ հիշեցնում է, թե ինչ է սպասվում մեզ ապագայում, ստիպում է, թեկուզ մի վայրկյանով, դիմել հավերժական արժեքներին՝ շեղվելով առօրյա կյանքի եռուզեռից։
Աղոթքը մեզ օգնում է մեր հոգուց թոթափել առօրյա կյանքի փոշին: Ընդամենը երկու բառ արտասանելով՝ «Օ, Աստված», և մտածելով, թե ինչ է կանգնած դրանց հետևում, մենք հեռանում ենք առօրյա խնդիրներից, մանր հետաքրքրություններից, վայրկենական ուրախություններից կամ տխրություններից։ Աղոթելով՝ մենք ոչ միայն դիմում ենք Աստծուն։ Նայեք սիրահարներին․որքան անկեղծ և գեղեցիկ է նրանց սերը, ինչպես է այն վեհացնում նրանց՝ նվիրելով նախկինում անհայտ երջանկություն։ Կարծես այն նրանց համար դուռ է բացում դեպի ավելի լավ, ավելի վեհ աշխարհ, որի գոյության մասին նրանք նույնիսկ չէին էլ կասկածում։ Սակայն անցնում է ժամանակ, և նրանք հանկարծ նկատում են, որ իրենց սերն արդեն այնքան էլ հիասքանչ չէ, ինչքան նախկինում։ Նրանք սկսում են տեսնել միմյանց թերությունները, ականջալուր են լինում այն ամենին, ինչ ուրիշներն ասում են իրենց սիրելիների մասին։ Սերը մարում է, կորչում ճղճիմ մանրուքների հետևում: Եվ եթե այդ երկուսը չհասկանան դա և չփորձեն փրկել իրենց զգացմունքները՝ պաշտպանելով դրանք առօրյա անախորժությունների ծանր բեռից, մի գեղեցիկ օր նրանք կհայտնաբերեն, որ իրենց սերն անցել է կամ, ավելի վատ, նրանք կորոշեն, որ այն երբեք էլ չի եղել:
Թվում է, թե նյութական աշխարհն այնպես է դասավորված, որ նրա մեջ ամեն ինչ տանում է դեպի ունայնություն, և պետք է լինել իսկապես իմաստուն դիտորդ, որպեսզի կարողանանք առանձնացնել իրական արժեքները մանրուքներից: Գրեթե նույն բանը տեղի է ունենում Աստծո հետ մեր հարաբերություններում: Մեր սրտի լուսավոր հայելին՝ այն «սիրտը», որն ասելով ի նկատի ունենք քնքուշ, ջերմ ու գեղեցիկ զգացմունքների անոթ և որը ծառայում է որպես «հոգի» բառի հոմանիշ, աստիճանաբար ծածկվում է կյանքի առօրեական փոշով։ Այն անխուսափելիորեն կլանում է ամեն տեսակ մանրուք՝ ունայն մտքեր, մանր ցանկություններ և զգացմունքներ, օրվա հացի մասին մտահոգություններ։ Եվ ահա, արդեն արևն այլևս չի արտացոլվում մեր խամրած հայելու մեջ, իսկ մենք ինքներս անգամ չենք հիշում՝ եղե՞լ է հայելին, և արևն անգամ արդյո՞ք գոյություն ունի։ Աղոթքը սրբում է կյանքի փոշին սրտի հայելուց, և երբ ճշմարտության և անանցողիկ արժեքների լույսն է ընկնում նրա վրա, այն կրկին լցվում է պայծառությամբ, և մենք ավելի լավ ենք տեսնում մեր ճանապարհը: Այն ամենը, ինչի մեջ մենք խճճվում ենք, պարզ է դառնում, և մենք սկսում ենք հասկանալ, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ երկրորդական։ Ավելին, այժմ մեզ հասանելի է դառնում հենց այն անսպառ աղբյուրը, որին տիրում է մեր «Ընկերը», և մենք կարող ենք դրանից ուժ և վստահություն ստանալ, որպեսզի հաղթահարենք կյանքի դժվարությունները և լուծենք մեր ճանապարհին կանգնած խնդիրները։ Եթե մարդիկ վերջապես հասկանային, որ իրենց ներքին կյանքը ենթարկվում է խիստ սահմանված օրենքներին, նրանք, հաղորդակից դառնալով աղոթքի խորհուրդին, կազատվեին իրենց մտքում տիրող խառնաշփոթից։ Նրանք, հպվելով դրան, չէին հեռանա այս լուսավոր աղբյուրից, ինչպես հաճախ է պատահում։
Պատերազմի ժամանակ՝ կյանքի դժվար ժամանակներում, վտանգի սպառնալիքի տակ, ֆիզիկական կամ հոգեկան խորը տառապանքի վիճակում, մարդիկ հաճախ են սկսում աղոթել՝ անգամ եթե նախկինում նրանք չեն արել դա, բացառությամբ, գուցե, մանուկ հասակի, և նրանք զգում են, որ աղոթքն օգնում է իրենց։ Հուսահատության մեջ, ելք փնտրելով թվացյալ անհույս վիճակից, մարդը՝ չիմանալով որտեղ գտնել փորկություն, հանկարծ փորձ է անում հասնել Նրան, Ում մասին նա գիտի, բայց Ում երբեք չի դիմել՝ Նրան, ում Աստված են կոչում։ Եվ ի զարմանս, կամ ի թեթևություն իրեն, նա հայտնաբերում է, որ ի պատասխան իր հուսահատ «օգնիր»-ի, նա իսկապես օգնություն է ստանում։ Մինչ այդ նա ուղղակի չի գիտակցել, որ օգնությունը միշտ իր ձեռքի տակ է, քանզի այդպիսին են մարդու և Աստվածային էության փոխհարաբերությունները, և այդ իսկ պատճառով երբեք դա չի խնդրել։ Հաճախ, երբ կրքերը հանդարտվում են, մարդիկ դադարում են աղոթել, այնքան ժամանակ, մինչև նորից ամեն ինչ չի «թեժանում»։ Նրանք կրկին հոգու հայելին շրջում են դեպի ներքև, կամ մոռանում են սրբել այն՝ դրանով իսկ թույլ չտալով, որ լույսն արտացոլվի նրա մեջ։ Նրանք դա անում են անգիտակցաբար, ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ Աստված նրանց համար ինչ որ մշուշոտ հասկացություն է, իսկ կյանքն ամեն օր իր հրատապ պահանջներն է առաջ քաշում։ Եթե նրանք չփորձեն դիմակայել այդ զորեղ կենտրոնախույս ուժին, որը պտտեցնում է նրանց ուլտրաքաղաքակիրթ կյանքը, որն այնքան բուռն է և լի տարբեր տեսակի խնդիրներով, նրանցում կթուլանա այն ներքին ուժը, որը նրանք առաջին անգամ կամ կրկին բացահայտեցին իրենց մեջ։ Եթե մտածենք այն մասին, թե ինչպես ենք մենք աղոթում, պարզ կդառնա, որ մեր աղոթքներում մենք հաճախ անշահախնդիր չենք, և գրեթե միշտ, երբ դիմում ենք Աստծուն, մենք մեզ համար ինչ-որ բան ենք խնդրում։ Մենք հաճախ Աստծուն «շնորհակալություն» չենք ասում, և առավել հազվադեպ ենք աղոթքի տեսքով շնորհակալություն արտահայտում մեզ շրջապատող աշխարհի գեղեցկության, մաքուր ջրի, կապույտ երկնքի, աստղերի, անտառների, կյանքի ուրախությունների և այն բանի համար, որ մենք հաշմանդամ չենք, որ սոված չենք մնում, չենք մրսում, տանիք ունենք մեր գլխի վերևում, այն բանի համար, որ սիրում ենք և սիրված ենք։ Մեզնից քանի՞սն են երբևէ իրենց կյանքում Աստծուց շնորհակալ եղել այս ամենի համար։ Աստծուն շնորհակալություն հայտնելը պետք չէ ծեսի վերածել։ Երախտագիտության աղոթքի ժամանակ մենք պետք է լցվենք գիտակցությամբ, որ անհաշվելի են Աստծո՝ մեզ վրա հեղած օրհնությունները։ Աղոթքը հանգստացնում է, նրա շնորհիվ հոգին ազատվում է մանր դժգոհություններից, ագահությունից և նախանձից, այն մտքերից, որ ինչ-որ մեկն ավելի շատ ունի, կամ ավելի լավ է ապրում։ Աղոթել պետք է սովորել, գոնե մեզնից նրանց, ովքեր նախկինում չեն աղոթել, կամ ճիշտ չեն աղոթել, այլ մեքենայաբար։ Եթե մարդ անգիր արած արտահայտություններ է մրթմրթում՝ միևնույն ժամանակ մտածելով բոլորովին այլ բաների մասին, դա աղոթք չէ, դժվար թե դա դրական արդյունք տա, և ինչու՞ պետք է տա։ Ինչ-որ բան անել սկսելու համար հարկավոր է հաղթահարել իներցիայի ուժը՝ ջանք գործադրել։
Մենք ջանք ենք գործադրում, չէ՞, որպեսզի ոտքի կանգնենք և քայլենք, որպեսզի ի մի բերենք մեր մտքերն ու ինչ-որ բաների մասին մտածենք։ Այլ կերպ ասած՝ շարժում առաջացնելու համար մղում է պետք։ Աղոթել պետք է անկեղծ, զգացմունքով։ Բացի այդ, ձեզնից կպահանջվի որոշակի համառություն և համբերություն, որպեսզի «ծրագրավորվեք» Բարձրագույն Էներգետիկ ինստանցիային, որի հետ ձգտում եք կապ հաստատել։ Այն իսկապես գոյություն ունի, պարզապես պետք է միանալ դրան։ Եթե դուք հավատում եք բարձրագույն ուժի գոյությանը, բավարար է չնչին ջանք գործադրել և ձեր վստահությունը կաշխատի ինչպես մագնիս, ինչպես ավտոմատ հրահանգներով սարք։ Եթե դուք դրան չեք հավատում, դուք ստիպված եք լինելու աստիճանաբար սովորել աղոթել, քայլ առ քայլ։ Փորձեք, դա նման է նոր արհեստ սովորելուն։ Մի դադարեք փորձելը, քանի դեռ դա ձեզ մոտ չի ստացվել, վերջիվերջո ձեզ կհաջողվի թունել փորել ձեր սեփական կասկածների, խնդիրների, անվստահության միջով՝ ճանապարհ հարթել դեպի Աստված։ Դա անշուշտ, պետք է տեղի ունենա, դա համապատասխանում է օրենքին, որը ղեկավարում է ձեր հոգու կյանքը։ Քանզի ինքն իր հետ հաշտ լինելու համար հոգին պետք է գիտակցաբար և ակտիվորեն ուղղված լինի դեպի իր Արարիչը։
Հատված Մերի Մաքսվելի <<Կյանքի գաղտնիքը>> գրքից