Պատմության ընթացքում մարդկությունը հաճախ փորձել է հասկանալ Աստծո Հայտնիչների կյանքն ու ուսմունքը՝ դրանք մեկնաբանելով իր ժամանակի պատկերացումների, նախապաշարումների և մշակութային չափանիշների լույսի ներքո։
Սակայն երբ մենք ցանկանում ենք իսկապես ըմբռնել մեծ կրոնների հիմնադիրների առաքելությունն ու նրանց կյանքի որոշումները, անհրաժեշտ է դուրս գալ արտաքին, երբեմն նաև միակողմանի գնահատականներից և դիտարկել նրանց այն հասարակությունների, խնդիրների ու պատմական պայմանների համատեքստում, որոնց մեջ նրանք հայտնվել են։ Ստորև ներկայացվող հատվածը հենց այդպիսի փորձ է՝ վերաիմաստավորելու Քրիստոսի և Մուհամմադի կերպարները, նրանց կյանքի ընտրությունները և այն ուսմունքների էությունը, որոնք նրանք բերել են մարդկությանը։
Արդյոք մենք ավելի լավ կըմբռնեինք կյանքը, որը մեզ շրջապատում է և որը մեր մեջ է, եթե հավատայինք, որ Քրիստոսը չի ամուսնացել այն պատճառով, որ դրա համար ժամանակ չի ունեցել, կամ տեղ չի ունեցել, որտեղ կարող էր բերել երիտասարդ կնոջը։ Իհարկե ոչ։ Քանզի մեզ հայտնի է՝ նա գիտեր, թե ինչ է սպասվում իրեն առջևում և հասկանում էր, որ դեռ շատ բան պետք է հասցներ անել, նախքան սեփական ժողովրդի դաժան, մոլեռանդ հոգևորականների ձեռքով մահն ընդունելը։ Ի՞նչ հիմքերի վրա կարելի է պնդել, որ Ավետարանում նկարագրված առույգ, սիրող, մեղմ ու քաջ Հիսուսն ամուսնությունը դիտարկում էր որպես մեղք և Իրեն ոչ արժանի մի բան, անխուսափելի չարիք, որից Ինքն ազատ էր։
Եթե ցանկանում ենք հասկանալ Քրիստոսին, մենք պետք է խորապես ուսումնասիրենք այն, ինչ Նա սովորեցրել է, փորձենք հասկանալ, թե ինչ ազդեցություն է ունեցել Նրա Ուղերձը մշակույթի և քաղաքակրթության վրա։ Բացի այդ, մենք պետք է պատռենք այն շղարշը, որով Նա պատված է եղել այս երկու հազար տարիների ընթացքում՝ անհեռատես, չնայած և բարեպաշտ մարդկանց ջանքերով։
Ասվածը հավասարապես վերաբերվում է նաև Մուհամմադին։ Նա հայտնվեց Քրիստոսից ավելի ուշ, և Նրա քարոզները (ի տարբերություն Քրիստոսի քարոզների) անմիջապես գրվում էին, և հետևաբար, Ղուրանի տեքստն արտացոլում է Նրա իրական խոսքերը, ոչ թե բանավոր փոխանցումները։ Այնուամենայնիվ, Նրա հետևորդները կարողացել են աղավաղել Նրա Ուսմունքը՝ սխալ մեկնաբանելով այն։ Քրիստոնյաներին, ովքեր պահպանում էին սեռերի միջև հարաբերությունների վերաբերյալ վերոնշյալ պարզունակ և դոգմատիկ պատկերացումները, արաբ մարգարեի մեջ վանում էր Նրա կյանքի երկու փաստ՝ Նրա բազմակնությունը և Նրա պատերազմները։
Նախքան այս երկու կետերն ուսումնասիրելը, անհրաժեշտ է վկայակոչել մեկ ընդհանուր իրավիճակ, որը վերաբերվում է կրոնին։ Եթե մարգարեն Աստվածային Բժիշկ է, Ով ժողովրդին բալասան է բերում, Նա պետք է դեղ տա այն բոլոր հիվանդությունների համար, որոնցով մարդկությունը տվյալ պահին տառապում է, այլ ոչ թե նրանց համար, որով տառապել են Նրա նախնիները։ Հետևաբար, տրամաբանական կլիներ ենթադրել, որ մեր դարաշրջանի առաջին տարում հրեաները, ինչպես նաև հույներն ու հռոմեացիները, քանզի այս երեք ժողովուրդներն առաջինն են ստացել Քրիստոսի Ուղերձը, բոլորովին այլ բանի կարիքն ունեին, ինչ արաբները 600 տարի անց։ Հրեաները, իրենց կրոնական դաստիարակության բոլոր առանձնահատկություններով հանդերձ, բարոյապես քայքայված, սնահավատ, նյութապաշտ էին։
Բացի դրանից՝ նրանց բնորոշ էր ծայրահեղ մոլեռանդությունը։ Հռոմեացիները, որոնք արդեն ապրել էին իրենց ծաղկման շրջանը, և հույները, որոնք արդեն անցյալում էին թողել իրենց փառքի զենիթը և արագ մոտենում էին մայրամուտին, չնայած և դավանում էին բազմաստվածություն, այնուամենայնիվ լուսավորյալ և քաղաքակիրթ ժողովուրդներ էին՝ ամենաքաղաքակիրթը արևմտյան աշխարհում։ Այս ժողովուրդները կարիք ունեին մի բանի, ինչը խթան կհանդիսանար նրանց անհատականության հոգևոր փոխակերպման համար։ Այն ժամանակներում դեռևս գոյություն չուներ ազգ հասկացությունը՝ այս բառի ժամանակակից իմաստով։ Կային լայնատարած կայսրություններ, կային իշխող դինաստիաներ, որոնք մե՛կ բարձրանում էին, մե՛կ անկում էին ապրում՝ միմյանց հետ իշխանության համար անվերջ պայքար մղելով։ Քրիստոսն այս ժողովուրդներին տվեց հենց այն, ինչ նրանց անհրաժեշտ է՝ Ուսմունք՝ հոգու փրկության մասին։
Այն դարի մարդը կարիք ուներ հենց այդպիսի դեղամիջոցի, քանզի նրա հոգին ժանգից քայքայվում էր։
Անհնար է պատկերացնել անհատի դաստիարակության համար ավելի հարմար ուսմունք, քան այն, ինչ տվել է մեզ Հիսուսը։
Վերջին երկու հազարամյակների իրադարձությունների ֆոնին խոսել այն մասին, որ Նա պացեֆիստ էր, Ով եկել էր մարդկությանը խաղաղություն բերելու համար, կնշանակեր Նրան ներկայացնել որպես խաբեբա։ Նման բան տեղի չունեցավ։ Ընդհակառակը, Նա ինքն ասաց.«Մի՛ կարծեք, թե Ես եկել եմ երկրի վրա խաղաղություն բերելու։ Ես խաղաղություն չեմ բերել, այլ սուր»։ Ի տարբերություն Մուհամմադի՝ Նա չէր ձգտում կրոնական պետություն ստեղծել, քանզի աներկիմաստությամբ հայտարարեց․«Տվեք կեսարինը կեսարին, իսկ Աստծունը՝ Աստծուն», այսպիսով առանձնացնելով պետության գործունեության ոլորտը, որը ստեղծված է ժողովրդի գործերը կառավարելու համար, և անհատի գործունեության ոլորտը, որը, համաձայն Աստծո Ուսմունքի՝ պարտականություն ունի հոգ տանել սեփական հոգու մասին։
Արաբների մոտ ամեն բան այլ կերպ էր։ Մուհամմադը հայտնվեց վայրի կռապաշտ ցեղերի մեջ։ Նրանք հիմնականում զբաղվում էին առևտրով և շահույթի հետևից ընկած՝ ոչ մի բանի առջև կանգ չէին առնում։ Հունաստանում և Հռոմում գոյություն ուներ աստվածների պաշտամունք, չնայած մտավորականներն ու փիլիսոփաները դիլետանտների պես էին նրանց երկրպագում՝ կես կասկածամիտ, կես կատակ, իսկ ավելի ցածր դասերի ներկայացուցիչներն աստվածներին երկրպագում էին ո՛չ թե նրանց իրական լինելու խորը վստահությամբ, այլ թերևս այն պատճառով, որ նրանց մեջ տեսնում էին իշխանության ինստիտուտի նման մի բան։ Եթե հրեաները, լինելով բացառապես բարեպաշտ, մոլեռանդությամբ հետևում էին Մովսեսի միաստվածական կրոնի տառին, ապա արաբները հակառակ դրան՝ սնահավատ էին, տգետ և մոլի կռապաշտ։
Նրանք ապրում էին անապատում, մեկուսացած։ Նրանց հարստությունը բաղկացած էր ուղտերից, արմավենիներից, հազվագյուտ ջրհորներից՝ թանկարժեք ջրի աղբյուրներից, համեմունքներից, անուշահոտություններից և ոչխարի հոտերից։ Մուհամմադի ծնունդի ժամանակ այս ցեղերը դեռևս գտնվում էին զարգացման պարզունակ մակարդակում։ Որպեսզի ընթերցողն ավելի լավ պատկերացնի նրանց վայրի բնույթը, բերենք մի ոչ այնքան բացառիկ դեպք, որը տեղի է ունեցել Մուհամմադի հետևորդների և նրանց ազգականների միջև տեղի ունեցած հակամարտություններից մեկի ժամանակ։ Մարտից հետո կանանցից մեկը հարձակվում է սպանված մահմեդական բժշկի մարմնի վրա, դանակով կտրում նրա դեռևս տաք լյարդը և մեծագույն հաճույքով ատամները խրում դրա մեջ։
Պրոֆեսոր Գրիտտին տալիս է այդ ժամանակների արաբների ճշգրիտ բնութագիրը․ «Պատերազմական ձգտումները նրանց մտքի մշտական վիճակն էին»։ Եվ ահա, պատկերացրեք, որ այդ վայրի ժողովուրդը, որն անդադար արյունալի պատերազմներ էր մղում, չգիտեր միասնության այլ ձև, բացի ցեղային միասնությունից, որը բավականություն էր ստանում արյան թշնամությունից, և որը դաժան էր ոչ միայն թշնամիների, այլև կենդանիների հանդեպ՝ արաբները սովորություն ունեին ուղտին կապել տիրոջ գերեզմանից՝ այդկերպ դատապարտելով կենդանուն ծարավից դաժան մահվան, ժողովուրդը, որի միակ զվարճանքը քաղաքներում ազարտային խաղերն էին, շվայտ հարբեցողությունն ու անբարոյականությունը, որի արդյունքում մարմնավաճառությունը համարվում էր գրեթե պատվավոր մասնագիտություն, կարողացավ ընդամենը մեկ սերնդի ընթացքում փոխվել այնպես, որ դարձավ մեծագույն, միասնական ազգ։ Նախկին թշնամիներն այժմ կռվում էին կողք կողքի, ուս ուսի տված։
Հարբեցողությունն ու ազարտային խաղերն արգելվեցին, կնոջ դիրքն արմատապես փոխվեց՝ դառնալով չափազանց բարձր։ Նրան թույլատրվում էր իր անունով սեփականություն գրանցել և այն ժառանգություն թողնել։ Ստրուկների վիճակն անհամեմատելիորեն լավացավ։ Մարգարեի նախկին հակառակորդները, հավատի գալով, անմիջապես, առանց որևէ վերապահության ընդունվում էին իսլամական համայնք և կարող էին առանց որևէ խոչընդոտների զբաղեցնել ամենապատվավոր և բարձր պաշտոնները։ Գիտակցելով այս ամենը՝ մենք պետք է մտածենք ու հարց տանք ինքներս մեզ՝ ո՞վ էր իրականում այն մարդը, ով ընդամենը չորս տասնամյակների ընթացքում իր հայրենակիցների կյանքում կատարեց այսպիսի ապշեցուցիչ փոփոխություններ։
Առաջինը, ինչ արեց Մուհամմադն Իր մեջ ուժ զգալուց հետո՝ երկաթե ձեռքով տապալեց կռապաշտությունը։ Ուսումնասիրելով իսլամը՝ պետք է հիշել, որ Մուհամմադի ժամանակների «հիվանդը» տարբերվում էր Քրիստոսի կամ Մովսեսի ժամանակների «հիվանդից» և տառապում էր բոլորովին այլ հիվանդությամբ։ Հետևաբար, դեղամիջոցը նույնպես պետք է այլ լիներ։ Մուհամմադը տվեց նրանց այդ դեղամիջոցը։ Ոչինչ, բացի արդար և իմաստուն կերպով կիրառված ուժից (իսկ Մուհամմադն այն հենց այդպես էլ կիրառում էր) չէր կարող ստիպել Արաբիայի ժողովրդին փոխվել։
Մովսեսն ասել է․«Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, կյանք ընդ կյանք», և մենք մինչ օրս էլ համարում ենք, որ դա հասարակության մեջ արդար հարաբերությունների հիմքն է, և անգամ մեր քրեական օրենսգիրքը շատ դեպքերում պահանջում է կյանքի համար փոխհատուցել կյանքով։ Եվ պատերազմում ենք մենք ոչ միայն շահի կամ ատելության պատճառով, երբեմն մեկ քրիստոնյա ազգը դուրս է եկել մյուսի դեմ՝ իր պահանջներն արդար համարելով։ Հենց քրիստոնյա ազգերը, իրենց հավատի ամենամեծ ծաղկման շրջանում մղում էին երկարատև խաչարկրաց արշավանքներ և մեղավոր էին բազմաթիվ բարբարոսական սպանությունների ու թալանների մեջ։ Այնուամենայնիվ, արդեն ավելի քան տասներեք դար քրիստոնյաները հանդիմանում են Մուհամմադին այն բանի համար, որ Նա սրով տապալեց կռապաշտությունը և սրով էլ տարածեց մեծագույն քաղաքակրթությունը, որն ի թիվս այլ բաների, առանձնանում է բացառիկ կրոնական հանդուրժողականությամբ։
Երկրորդը և գլխավորը, ինչը կանխորոշում է մեր քննադատական վերաբերմունքը Մուհամմադի հանդեպ, դա այն է, որ Նա շատ կանայք է ունեցել։ Մի կողմ դնելով սկզբնական կողմնակալությունը, որը մեզ պարտադրվել է այն ավանդական պատկերացմամբ, որ սեռական հարաբերություններում ինչ-որ ամոթ և անմաքուր բան կա, դիտարկենք մեղադրանքները, որոնք սովորաբար առաջադրվում են Մուհամմադին։ Նախ, բազմակնությունը եղել է նաև հրեաների մոտ։ Ավետարանում նույնպես ոչ մի տող չկա, որն ուղղված է բազմակնության դեմ։ Քրիստոսն արգելել է ամուսնալուծությունը, բայց Նա երբեք ոչինչ չի ասել կանանց քանակի մասին։
Այս հարցով մենք չենք կարող մեջբերել ոչ մի մեջբերում կամ մեկնաբանություն, ավելին, բազմակնությունը տարածված է եղել վաղ քրիստոնյաների շրջանում, ինչը չէր կարող լինել, եթե Քրիստոսն արգելած լիներ դա։ Վարդապետությունները, որին հղումներ է կատարում եկեղեցին այս հարցում, ներմուծվել են եկեղեցական այրերի կողմից քրիստոնեության վաղ շրջանում։ Այսպիսով, մենք տեսնում ենք, որ երկու մեծագույն միաստվածական կրոնները, որոնք գոյություն են ունեցել Մուհամմադի ժամանակ՝ հուդայականությունն ու քրիստոնեությունը, հավատացյալներին միամուսնականություն չեն պատվիրել։
Ընդհակառակը, այն ժամանակներում միտք անգամ չի ծագել այն մասին, որ մեկից ավելի կին ունենալը սխալ է։ Մուհամմադը հայտնվեց այն ժողովրդի մեջ, որի ավանդույթներում նույնպես կար բազմակնություն, և տղամարդը կարող էր որքան ասես կին ունենալ: Մուհամմադը կանանց թիվը կրճատեց մինչև չորսը՝ հաստատելով այդ օրենքը Ղուրանում։ Դա արդեն իսկ մեծ քայլ էր դեպի առաջ և նշանակում էր կանանց իրավունքների պաշտպանություն, ովքեր մինչև Նրա գալուստը ոչ ավելին էին, քան շարժվող գույք։
Բնավորության հակվածության հետևանքով, իսկ միգուցե այն պատճառով, որ երիտասարդ տարիներին Նա գրեթե ողջ ժամանակ ճամփորդում էր առևտրական քարավանների հետ, ուղևորվելով Մեքքայից դեպի մերձակա քաղաքներ, բայց մինչև քսանվեց տարեկանը Մուհամմադը չի ամուսնացել, և ըստ ավանդույթի մինչև ամուսնությունը Նա պահպանել է կատարյալ մաքրաբարոյություն։ Եվ ո՞ւմ է ընտրել Նա՝ լինելով քսանվեց տարեկան։ Եթե Նա լիներ այն ցանկասեր մարդն, ում բնութագրում են քրիստոնյա մեկնիչներից շատերը, դժվար թե Իրեն կին ընտրեր քառասուներկու տարեկան կնոջ, երկու անգամ այրի դարձած, ով, թեև զուրկ չէր գեղեցկությունից, բայց մարմնեղ էր և ակնհայտորեն ոչ առաջին թարմության։
Բացի այդ՝ Արևելքի ժողովուրդների համար քառասուներկու տարեկանը զգալիորեն շատ ավելի հասուն տարիք է, քան Արևմուտքի բնակիչների համար։ Մուհամմադն այդ կնոջ հետ ապրեց քսաներեք տարի՝ մինչև նրա մահը։ Այս բոլոր տարիների ընթացքում Նա մշտապես հավատարիմ էր, խորապես և նվիրված սիրում էր նրան։
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Մուհամմադի կյանքում մինչև հիսունմեկ տարեկանը չի եղել ոչ մի այլ կին, բացի Նրա ոչ երիտասարդ կնոջից, ով Նրա հետ ամուսնացել է այրի լինելով հանդերձ, և չնայած նրա մահից հետո ինը տարիների ընթացքում Նա ամուսնացել է ևս տասներկու անգամ, Նրա կանանցից երկուսը կամ երեքն են կույս եղել։ Մնացածն այրիներ էին, շատերն արդեն տարեց, իսկ մեծամասնությունն առաջին ամուսնությունից երեխաներ ունեին։
Եթե ընդունենք այն փաստը, որ ինը տարիների ընթացքում Նա հնարավորություն ուներ Իրեն կին ընտրել Արաբիայի ցանկացած գեղեցկուհու, որ եթե Նա ցանկանար, կարող էր վայելել հազարավոր անմեղ աղջիկների սերը, ապա ակնհայտ կդառնա, թե որքան է վարկաբեկված Նրա անունը արևմտյան գրականության և քրիստոնյա ժողովուրդների մեջ։ Վերլուծելով Մուհամմադի կյանքի փաստերը՝ կարելի է եզրակացնել, որ դրանք բոլորովին էլ չեն փաստում Նրա չափազանց զգայունության մասին։ Իրականում Նրա ամուսնության պատճառներն էին մեծահոգությունը, կարեկցանքը, իսկ հաճախ նաև այն, ինչ կարելի է անվանել կրոնական-պետական շահեր։
Եկեք այստեղ կանգ առնենք՝ ընդհատելով մեր քննարկումն այն մասին, թե որքան է աղավաղվել Մուհամմադի կերպարը մեր պատկերացման մեջ։ Ինչպես քրիստոնյաներն էին անօրինություններ կատարում Քրիստոսի անունից՝ դրանով իսկ շատ բաներում խեղաթյուրելով Նրա Ուսմունքը, այդպես էլ Մուհամմադի հետևորդներն էին անցնում Նրա պատվիրանների վրայով։ Չնայած Մուհամմադն Իր օրենքով խստորեն սահմանափակեց կանանց թիվը մինչև չորսը, Նրա հետևորդներից շատերը ունեին հարեմներ, որտեղ պահում էին մինչև հարյուր գեղեցկուհիներ։
Մուհամմադը հավատացյալներին սովորեցրել էր հարգել Մովսեսի և Քրիստոսի հետևորդներին և թույլ է տվել կնության առնել այս մշակույթի կանանց (Ինքն այդպես էլ անում էր), քանզի հռչակեց Ղուրանում, որ «Քրիստոսն ու Մովսեսը Աստծո Հայտնիչներ էին», «Մարգարեներ, Ովքեր փառքի էին արժանի», ճշմարիտության կրողներ, Ում պետք է սիրել և մեծարել։ Այնուամենայնիվ, մոլեռանդ մահմեդականները առաքինություն էին համարում «անհավատներին» սպանելը։ Նրանք անգամ սովորություն ունեին վերադառնալ տուն և փոխել հագուստը, եթե փողոցում քրիստոնյան կամ հրեան պատահաբար դիպչել էր նրանց հագուստին։