Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Մանկական պահանջներն ու ցանկությունները
Հոդվածներ

Մանկական պահանջներն ու ցանկությունները

Ինչպե՞ս գտնել երեխաների խնդրանքներն ու պահանջները կառավարելու խելամիտ որոշումներ՝ սա մանկավարժության ամենակարևոր հարցերից մեկն է։

 

Ծնողները պետք է ընդառաջեն երեխաների որոշ ցանկություններին, և ուշադրություն չդարձնեն մյուսներին, որովհետև փոքր երեխաները տարբերություն չեն տեսնում լավի ու վատի մեջ, նրանց պահանջները կարող են պատահական լինել, ցանկությունները՝ անկանխատեսելի։ Երեխաները կարծում են, որ այն ամենն, ինչ նրանք ցանկանում են, պետք է անմիջապես տրվի իրենց և յուրաքանչյուր ֆանտազիա պետք է իրականություն դառնա։ Ձեզ պարտավոր համարել որքան հնարավոր է շատ կատարել երեխաների ցանկությունը՝ սխալ է, այդ մոտեցումը երեխայի մոտ էգոիզմ է առաջացնում։ Մյուս կողմից, եթե երեխային դաստիարակել ամեն ինչ նրա ցանկություններին հակառակ անելով, ապա նա ամենայն հավանականությամբ կմեծանա անտագոնիստ՝ մտերիմների նկատմամբ (և անգամ իր բարի մոր հանդեպ)։

 

Շատ երեխաներ բուռն կերպով են արտահայտում վրդովմունքը, երբ նրանց ինչ-որ բանում մերժում են, ցանկացած չկատարած ցանկություն նրանց մեջ բարկության ու զայրույթի նոպա է առաջացնում։  Նրանք նաև իրենց դժգոհությունն արտահայտում են նաև նվնվոցով ու լացով։ <<Դու ինձ էլ չես սիրում>>,- ասում է երեխան։ Այդ պահերին մայրերը փակուղու առաջ են հայտնվում։

 

Նման իրավիճակներում մանկական հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին երեխաների անհեթեթ պահանջներին պատասխանել այնպես, որ մի կողմից չնսեմացնեն նրան, չդիպչեն նրա ինքնասիրությանը, մյուս կողմից էլ տեղի չտան նրա բոլոր քմահաճույքներին, թույլ չտան նրան խախտել կարգը և չնպաստեն նրան, որ նա իրեն զգա զորեղ անհատականություն, դիկտատոր։

 

Ծնողները մեծամասամբ ստանձնում են խիստ դաստիարակչական դիրքեր, և միայն քչերն են գնում չափավորության ճանապարհով։ Այսպես, ծնողների մի մասը, հատկապես մայրերը, թույլ են տալիս երեխաներին անել այն, ինչ ուզում են, բավարարում են նրա պահանջները՝ անկախ նրանից ողջամիտ են դրանք, թե ոչ։ Սովորեցնում են երեխային հասնել իր ուզածին, որքան էլ որ վրդովեցնող չլինեն նրա ցանկությունները։ Նման դեպքերում երեխան բռնապետի պես է վարվում իր ծնողների և նրանց հետ, ովքեր նրան շրջապատում են ինչպես տիրակալ-բռնապետ։

 

Ծնողների մի մասն էլ անում է ճիշտ հակառակը՝ ժխտելով երեխաների օրինական և անգամ ամենայն տրամաբանական խնդրանքները, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում նրանց նկատմամբ, արհամարհում են նրանց իրավունքները։ Նրանք երեխաներին իրենց բուռն են հավաքում՝ ընդհանրապես հաշվի չնստելով նրանց բնական և սովորական պահանջների հետ։ Անհիմն պահանջներով՝ ինչպիսիք են <<ձայնդ կտրիր>>, <<հանգիստ թող>>, <<հենց այս վայրկյանին արա այն, ինչ մենք քեզ ասել ենք>>, նրանք վիրավորում են երեխայի նուրբ ու զգայուն հոգին, նրա հետ հարաբերությունները կառուցում են հպատակեցման հիմքի վրա։

 

Այս երկու ծայրահեղություններից խուսափելու և չափավորության դիրքում մնալու համար ծնողները (հատկապես մայրերը, ովքեր հաճախ երեխայի կողմն են անցում), պետք է առաջնորդվեն հետևյալ ուղեցույցներով։

 

1․ Ուշադրությամբ դիտարկել երեխաների խնդրանքները և տեսնել իրական կարիքների և քմահաճույքների ու կամակորությունների միջև տարբերությունը։

 

2․  Հաստատուն լինել ձեր ասածի մեջ, լինել հետևողական և միևնույն ժամանակ չմերժել յուրաքանչյուր  գիտակից, խելամիտ և տրամաբանական պահանջ, որը կարող է առաջ քաշել երեխան, չհակաճառել նրան առանց պատճառի և ճնշում չգործադրել նրա վրա։ Կարևոր է կարողանալ դիմակայել այն ճնշմանը, որով երեխան կարող է փորձել հասնել իր ուզածին, և պարտություն չկրել այդ մարտում։ Այդկերպ երեխան աստիճանաբար կգա այն համոզմանը, որ ծնողները հաստատակամություն ցուցաբերելով տեղի չեն տալիս իր կամակորություններին, սակայն հաճույքով կատարում են իր բոլոր խելամիտ, տրամաբանական խնդրանքները։

 

Երեխաները կարող են ընկալել սահմանափակումները միայն ծնողների տոկուն համառության միջոցով։ Եթե ծնողները մշտապես հավատարիմ  են մնում մի անգամ սահմանված կարգով որոշմանը, ապա երեխային բավական կլինի մեկ անգամ լսել հասարակ <<ոչ>>-ը, հատկապես մորից, և իր պահանջին ճիչերի միջոցով հասնելու միտքն անգամ նրա մոտ երբեք չի հայտնվի։ Սակայն եթե սահմանափակումները կատարվում են առիթից առիթ և ծնողներն իրենք են հանդիսանում մոռացկոտության, անհետևողականության, թեթևամտության օրինակ, ապա նման դաստիարակությունից դրական ազդեցություն իհարկե չի լինի։ Իրենց դաստիարակչական պրակտիկայի մեջ ծնողները պետք է հետևեն հետևյալին․ բարությամբ և համբերությամբ կատարել երեխայի խելամիտ և ընդունելի խնդրանքները, բայց երբեք տեղի չտալ նրա քմահաճույքներին ու կամակորություններին։

 

Վարքի այս գծին հետևելը կարևոր է իր սոցիալական ասպեկտի պատճառով, որը նույնպես արժանի է մեր ուշադրությանը։ Երեխան աստիճանաբար սկսում է հասկանալ, որ հասարակության մեջ որոշ պահանջներ դիտարկվում են որպես խելամիտ, ընդունելի, մինչդեռ որոշները՝ չափազանցված, ոչ խելամիտ։ Արժանի և օգտակար ցանկությունները անհրաժեշտ է գործողության վերածել, մինչդեռ անարժաններն ու վնասակարները չպետք է թույլատրել։

 

Իննամյա որդին ասում է․

 

-Մամ գունավոր մատիտներս վերջացել են, խնդրում եմ, տուր ինձ նորը։ Ես դասերս անելուց հետո ուզում եմ վերջացնել նկարս։

  

Եթե մայրը չի ընդունում երեխաների՝ ինչ-որ բան պահանջելու իրավունքը, ապա նա, առանց մտածելու, կատեգորիկ կերպով անհապաղ կպատասխանի որդուն․

 

 -Դրանում ոչ մի կարիք չկա։ Դու երեևի ուզում ես կոտրե՞լ տանը եղած բոլոր մատիտները, կեղտոտե՞լ ձեռքերդ ու շորերդ։ Եվ ընդհանրապես, դու հիմարություններ ես նկարում։

 

-Բայց մա՛մ, նկարներն անհրաժեշտ են դպրոցի համար, ես պետք է դրանք նկարեմ։ Չէ՞-որ դու դրա համար ես գնել գունավոր մատիտները,- առարկում է տղան։ Հասկանալով, որ երեխայի պահանջներն արդարացի են, բայց չցանկանալով դա ընդունել, մայրը շարունակում է իրենը պնդել․- Դու կարծում ես, որ կարո՞ղ ես կոտրել այն ամենն, ինչ մենք քեզ համար առնում ենք։

 

Վերջապես, հականալով իր անզորությունը, տղան հարցնում է․ -Եվ ի՞նչ պետք է անեմ,երբ վերջացնեմ տնային աշխատանքս։

 

-Երբ դասերդ վերջացնես, հանգիստ նստիր մեծի պես,- պատասխանում է մայրը։

 

Երեխան, համարելով, որ մայրը իր հետ անարդար է վարվում, մեղադրում է նրան՝ գտնելով բազում պատճառներ նրա պահանջներին չենթարկվելու համար։ Առաջինը, նկարներ նկարելը նրան ուսուցիչն է հանձնարարել։ Երկրորդը, նա ուղղակի չի կարող հանգիստ նստել մեծի պես, ու ոչինչ չանել։ Հետևաբար երեխան որոշում է իր անհնազանդության ռազմավարությունը, սկսում է դիմադրել հաստատված կարգին՝ այդքան վաղ տարիքում իր սրտի մեջ ցանելով խռովարարության ու անհնազանդության սերմերը։

 

Եթե ծնողներն ընդունում են երեխայի օրինական պահանջներն ու մերժում անպատեհները անհրաժեշտ բացատրություններով (որը երեխան միշտ ընդունում է), ապա նա կհամոզվի (չնայած ոչ միանգամից, աստիճանաբար), որ մայրն ու հայրը հանդիսանում են նրա անկեղծ ընկերները և հավատարիմ օգնականները, նրանք միշտ դրական են տրամադրված իր հանդեպ, հոգ են տանում իր լավի համար, հետևաբար լավ կլինի, որ նա համաձայնվի նրանց հետ և փորձի խուսափել ցանկացած վատից։
 

Հատված Ա․Ա․ Ֆուրութանի <<Մայրեր, հայրեր, երեխաներ>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ