Այս նյութական աշխարհում ժամանակը բաժանվում է ցիկլերի. տեղանքի տեսքը փոխվում է յուրաքանչյուր եղանակի հետ, իսկ հոգիները վերելք, անկում և լուսավորություն են ապրում: Մի ժամանակ գալիս է գարունը, մյուս ժամանակ աշնանային եղանակն է, և կրկին իր ժամանակին գալիս է ամառային եղանակը, կամ ձմեռը: Գարնանը ամպերը ոռոգում են հողը բարեբեր անձրևով, փչում են բույրերով հագեցած քամիներ և կենսատու օդային հոսանքներ, օդը չափավոր տաք է, անձրևները խոնավեցնում են հողը, արևը շողում է, օրհնյալ քամին ցրում է ամպերը, աշխարհը ներկայանում է նորացված, և կյանքի շունչը դրսևորվում է բույսերի, կենդանիների և մարդկանց մեջ: Երկրային արարածները անցնում են նոր վիճակի: Բոլորը հագնում են նոր հագուստներ, և մերկ հողը ծածկվում է խոտերով, լեռներն ու ձորերը զարդարվում են կանաչով, տերևները և ծաղիկները ծաղկում են ծառերի վրա, այգիներում բուրում են ծաղիկներն ու բույսերը: Աշխարհը վերափոխվում է և լցվում է կենսատու ոգով: Երկիրը նման էր անկենդան մարմնի, նրա մեջ ներթափանցում է նոր ոգի, որի արդյունքում նա ցույց է տալիս անսպառ գեղեցկություն և թարմության հիասքանչություն: Եվ այսպես, գարունը ծնում է նոր կյանք և նոր շունչ է հաղորդում:
Հետո գալիս է ամառը, եղանակը դառնում է ավելի տաք, իսկ աճն ու զարգացումը հասնում են իրենց գագաթնակետին: Բուսական արքայությունում կյանքի էներգիան անցնում է կատարելության փուլ, հայտնվում են պտուղներ, գալիս է բերքի հասունացման ժամանակը: Հասկերը կապվում են խրցերով և սկսվում է ձմռան համար պաշարի նախապատրաստման աշխատանքները:
Դրան հաջորդում է բուռն աշունը, երբ փչում են կործանարար և մահացու քամիները: Սա հիվանդության ժամանակ է, երբ ամեն ինչ մարում է, իսկ օդում բուրմունք չկա: Գարնանային զեփյուռների փոխարեն հայտնվում են աշնանային ուժգին քամիներ, կանաչ, պտղաբեր ծառերը չորանում են ու մերկանում, ծաղիկներն ու անուշաբույր խոտաբույսերը չորանում են, հիասքանչ այգին ասես աղբանոց լինի:
Դրանից հետո գալիս է ձմեռվա եղանակը՝ սառնամանիքներով ու բուքուբորանով: Նա բերում է ձյուն, անձրև, կարկուտ, ոռնացող քամիներ, ձնաբուքեր և մրրիկներ: Ամեն բան սառչում է ու կծկվում, բոլոր բույսերը մահանում են, կենդանիները թուլանում են ու հյուծվում: Երբ գալիս է այս փուլը, շուտով կենսատու գարունը կրկին վերադառնում է, և ցիկլը նորից է սկսվում: Գարունն իր ողջ թարմությամբ և գեղեցկությամբ իր հոյակապ վրանն է փռում լեռների ու դաշտերի վրա: Եվ կրկին բոլոր էակները վերափոխվում և նորացվում են, և արարումը նորից է սկսվում: Արարածների մարմինները աճում և զարգանում են, հարթավայրերն ու տափաստանները ծածկվում են առատ կանաչով, ծառերը ծաղկում են, և կրկին անցյալ տարվա գարունը վերադառնում է իր ողջ շքեղությամբ և փայլով: Գոյության ցիկլը և հաջորդականությունն այսպիսին է, և այսպիսին է նախանշված լինել: Այսպիսին է ցիկլն ու շրջանառությունը նյութական աշխարհում:
Նույնը տեղի է ունենում նաև հոգևոր Մարգարեական ցիկլերի դեպքում, այսինքն՝ կարող ենք ասել, որ Սուրբ Հայտնիչի գալուստի օրը հոգևոր գարնան ժամանակն է, Նա աստվածային հիասքանչություն է, Նա երկնային առատաձեռնություն է, կենարար քամի, Արևի Էության ծագում: Հոգիները կենդանանում են, սրտերը թարմանում և ոգևորվում, մարդիկ դառնում են ավելի լավը, գոյությունն անցնում է գործի, ուրախությամբ է լցվում մարդու էությունը, այն աճում և զարգանում է իր լավագույն որակների և կատարելությունների մեջ: Գալիս է համընդհանուր առաջընթացը և վերածնունդը, քանզի այդ օրը հարության օր է, հուզմունքի ու խմորման ժամանակ, երանության, ուրախության և մեծագույն ցնծության եղանակ:
Այնուհետև, կենսատու գարունը վերածվում է օրհնյալ ամռան: Աստծո խոսքը բարձրացվում է, Աստծո Օրենքը՝ տարածվում, ամեն ինչ հասնում է կատարելության: Աստվածային տոնը բուռն ընթացքի մեջ է, սուրբ քամիների բույրը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ, Աստծո ուսմունքը տիրում է աշխարհը, մարդիկ լուսավորվում են, քաղվում են բարեբեր պտուղներ, մարդկային աշխարհում նկատվում են համընդհանուր առաջընթաց, և ամեն ինչի վրա տարածվում է աստվածային առատաձեռնությունը: Արարիչ Արևը մեծագույն ուժով և շքեղությամբ բարձրանում է Աստծո Թագավորության հորիզոնից: Երբ այն հասնում է գագաթնակետին, սկսում է նրա անկումն ու մայրամուտը, և հոգևոր ամռանը հաջորդում է աշունը, երբ կանգ է առնում աճն ու զարգացումը: Մեղմ հովիկները փոխարինվում են ավիրող քամիներով և կործանարար եղանակը ոչնչացնում է այգիների, դաշտերի և ծաղկաթմբերի գույներն ու թարմությունը, այլ կերպ ասած բարությունն ու բարյացակամությունը հեռանում են, աստվածային հատկությունները մարում են, գունատվում է սրտերի փայլը, մարդկանց հոգևորությունն աղավաղվում է, առաքինությունները տեղի են տալիս արատներին, և վերանում են սրբությունն ու անմեղությունը: Մնում են միայն Աստծո Կրոնի անունը և աստվածային ուսմունքի Էզոթերիկ ձևերը: Աստծո Կրոնի հիմքերը քանդվում և ոչնչացվում են, և մնում են միայն արտաքին ձևերն ու սովորույթները: Սկսում է պառակտումը, անվստահությունը փոխարինում է վճռականությանը և ոգին մեռնում է. Սրտերը թուլանում են, հոգիները դառնում են իներտ, և վրա է հասնում ձմեռը. դա նշանակում է, որ տգիտության սառնությունը տիրում է աշխարհին, և մարդկային մոլորության խավարը ծածկում է երկիրը: Հետո գալիս է անտարբերությունը, անհնազանդությունը, անտեսումը, ծուլությունը, ստորությունը, կենդանական բնազդներին ենթարկվելը, ինչպես նաև քարե սառնությունն ու սառնասրտությունը: Դա նման է ձմռանը, երբ արեգակնային ջերմությունից զրկված երկրագունդը լքված և մռայլ տեսք ունի: Երբ մտքի և բանականության աշխարհը թևակոխում է այդ փուլը, նրա վերջը լինում է շարունակական մահն ու անվերջանալի անգոյությունը:
Երբ ձմեռը վերջացնի իր գործը, հոգևոր գարունը կրկին կվերադառնա և կսկսվի նոր ցիկլը: Կփչեն հոգևոր քամիները, կբռնկվի արևածագի փայլը, երկնային ամպերը կլցվեն անձրևով, Գոյության Արևը կայրի, կիսամահ աշխարհը նոր կյանք կստանա և զարմանահրաշ հագուստներ կհագնի: Նախկին գարնան բոլոր նշաններն ու պարգևները կհայտնվեն, անգամ ավելի նոր հիասքանչությամբ: Գոյության Արևի հոգևոր ցիկլերը նման են նյութական արևի ցիկլերին: Դրանք անընդհատ վերափոխվում են ու նորանում: Գոյության Արևը վեր է խոյանում և զբաղվում է ծագմամբ տարբեր կետերում, ինչպես և նյութական արևը: Այն մեկ բարձրանում է Խեցգետնի կենդանակերպի սահմաններում, մեկ Կշեռքի և Ջրհոսի, մեկ նրա շողերը կարող են հայտնվել Խոյի նշանի սահմաններում: Բայց դրա հետ մեկտեղ արևը մեկն է, և նրա էությունը նույնպես մեկն է: Իմաստուն մարդիկ ձգվում են դեպի արևը և չեն ամաչում նրանից, որ նա բարձրանում և լուսավորում է տարբեր կետերից: Խորաթափանց մարդիկ ձգտում են դեպի ճշմարտությունը, անկախ նրանից, թե որտեղ է այն հայտնվում և փայլում, և հետևաբար նրանք կսիրեն Արևը՝ կենդանակերպի որ նշանից էլ որ հայտնվի, և նրանք կտեսնեն ճշմարտությունը յուրաքանչյուր Երանելի Հոգու մեջ, որում նա կերևա: Այդպիսի մարդիկ միշտ ձգտում են դեպի ճշմարտություն, նրանցից չես կարող քողարկել Աստվածային Աշխարհի Արևը: Այսպիսով, Արև սիրողը և լույս փնտրողը միշտ դիմում է Արևին, անկախ նրանից, թե փայլում է նա Խոյի կենդանակերպի կողմից, թե իր առատաձեռնությունն է ուղարկում Խեցգետնի կենդանակերպի սահմաններից, կամ թե փայլում է Երկվորյակների համաստեղության կողմից, իսկ տգետ և անհեռատես մարդիկ տարվում են կենդանակերպի նշանների վերլուծությամբ և տեսնում են միայն վայրը, որտեղ ծագում է արևը, ոչ թե իրեն: Երբ այն գտնվում էր Խեցգետնի կենդանակերպի տիրույթում, նրանք դիմում էին այնտեղ, իսկ երբ արևը գնում էր դեպի Կշեռքի նշանը, նրանք դիմում էին նոր նշանին՝ դրանով բաց թողնելով արևի շնորհը միայն այն պատճառով, որ նա փոխում էր իր գտնվելու վայրը: Այսպես օրինակ, երբ Գոյության Արևը փայլեց իր ճառագայթներով՝ Աբրահամի նշանի տակ, իսկ հետո բարձրացավ Մովսեսի նշանի տակ և լուսավորեց երկնակամարը: Հետո այն մեծագույն զորությամբ բարձրացավ Քրիստոսի նշանի տակ: Ճշմարտություն փնտրողները խոնարհվում էին Ճշմարտությանը, որտեղ էլ տեսնեին այն, իսկ նրանք, ովքեր հավատարիմ էին Աբրահամին, զրկվեցին նրա շնորհից, երբ այն փայլեց Սինայի վրա և լուսավորեց Մովսեսին: Նրանք, ովքեր կառչել էին Մովսեսից, երբ Գոյության Արևը մեծագույն փայլով և աստվածային շքեղությամբ բարձրացավ Քրիստոսի վրա, նույնպես չտեսնող դարձան, և այլն:
Այսպիսով, մարդը պետք է փնտրի Ճշմարտությունը, և նա Ճշմարիտը կգտնի յուրաքանչյուր Օրհնված Հոգու մեջ: Նա պետք է հմայված և հիացած լինի, և ձգտի աստածային ողորմությանը, նա պետք է նմանվի թիթեռի, որը սիրում է լույսը, անկախ նրանից, թե որ լամպից է այն գալիս, և սոխակի, որը պաշտում է վարդը, որ այգում էլ այն աճի:
Եթե ստացվեր այնպես, որ արևը փայլեր Արևմուտքում, այն միևնույն է, մնալու էր արև, կարիք չկա երես թեքել նրանից, կախված այն բանից, թե որտեղից է այն բարձրանում, և ոչ էլ Արևմուտքը համարել միայն մայրամուտի վայր: Այս կերպ, մարդը պետք է ձգտի աստվածային ողորմածությանը և իր հայացքն ուղղի դեպի Աստվածային Արշալույս: Որ վայրում էլ այն բռնկվի, մարդուն հարկավոր է հետևել՝ առանց կասկածների: Մտածեք, չէ որ եթե հրեաները համառորեն չկառչեին Մովսեսից և դառնային դեպի Գոյության Արևը, ապա անկասկած, նրանք կճանաչեին Արևը, որը մեծագույն աստվածային հիասքանչությամբ բարձրացել էր Քրիստոսի էության վրա: Բայց, ափսոս: Հազար անգամ ափսոս: Հետևելով միայն Մովսեսի Օրենքի տառին՝ նրանք անջրպետվեցին երկնային շնորհներից և աստվածային փայլից:
Հատված <<Որոշ հարցերի պատասխաններ>> գրքից