Հետաքրքրասիրությունը այն բնատուր հատկանիշներից է, որ Ամենակարողն իր համընդգրկուն իմաստությամբ օժտել է մարդուն։ Գիտելիքների նկատմամբ ուժեղ ձգողականությունը տանում է դեպի մարդկության առաջընթացն ու վեհացումը, դառնում է շատ գաղտնիքների բացահայտման աղբյուրը՝ բերելով մեծագույն բացահայտումների լույսը, ստեղծելով ամեն նորը, որոնք նախկինում անհայտ են եղել։
Փոքր երեխաները հեղեղում են մեծերին հարցերի մի ամբողջ «ջրվեժով», որոնք վերաբերվում են հիմնականում իրերի անվանումներին, նրանց հատկանիշներին և գործողություններին, ցանկանալով իմանալ ինչքան հնարավոր է շատ, խորանալ բացահայտումների էության մեջ։ Ցանկացած բան, որը հայտնվում է նրանց տեսադաշտում՝ ենթարկվում է սևեռուն քննության։ Օրինակ, կարի մեքենայի գաղտնիքն իմանալու, կամ ժամացույցի առեղծվածը բացահայտելու համար երեխան այն «տակնուվրա» կանի և կսկսի այնքան մանրակրկիտ ուսումնասիրել, որ ի վերջո դրանք այլևս օգտագործման ենթակա չեն լինի։ Վրդովված մայրը, ում առանց այդ էլ հունից հանել էին անհամար հարցերը, իհարկե, կպատժի երեխային։
Մեծերը պետք է հասկանան, որ երեխայի անձի ձևավորման հարցում հետաքրքասիրությունն ահռելի դեր է տանում։ Շրջակա միջավայրի հանդեպ հետաքրքրություն դրսևորելով՝ երեխան հարստացնում է իր գիտելիքների պաշարը։ Մանկավարժական հոգեբանության մասնագետները հայրերին և մայրերին խորհուրդ են տալիս երեխայի հարցերին պատասխանել մատչելի, հասկանալի, նրա ընկալմանը, նրա մտածողության մակարդակին համապատասխան։ Ծնողները պետք է համբերատար լինեն պահանջկոտ և համառ երեխաների հանդեպ, ովքեր փորձում են գլուխ հանել շրջապատող աշխարհից։ Նրանք պետք է իմանան․ հենց այս ճանապարհով է երեխան նոր գիտելիքներ ձեռք բերում։ Որքան ցավալի է, որ որոշ մայրեր ընդհատում են երեխային («Ձա՛յնդ, դու դեռ փոքր ես նման հարցեր տալու համար»), հայրերը նրանց ուշադրություն չեն դարձնում, համարելով, որ այդպիսով նրանք կանխում են «աղմկոտությունն» ու «հանդգնությունը»։
Ինչպես սիրող մայրն ու հայրը մեծագույն ուշադրությամբ հետևում են երեխայի առողջությանն ու ֆիզիկական զարգացմանը, այնպես էլ մտավոր կարողությունների զարգացումն է ծնողներից մեծագույն համբերություն, տակտ և կարողություն պահանջում։ Ջանասիրաբար և համբերատար կերպով ծնողները պետք է պատասխանեն երեխայի բոլոր հարցերին, փորձեն պարզ և հասկանալի բացատրել նրան շրջապատող աշխարհի բոլոր երևույթները։ Բացի այդ, նրանք երբեք չպետք է ծաղրեն երեխային նրա հարցերի համար: Կարևոր է որ ի պատասխան իր հարցին, երեխան չստանա «ինչ հիմար հարցեր են» պատասխանը։ Ծնողները նաև չպետք է անմեղ երեխային ծաղրի առարկա դարձնեն։ Շատ հաճախ ծնողներն իրենց երեխաների մեջ խաղալիք են տեսնում և վիրավորում են երեխաների նուրբ ու զգայուն սրտերը՝ զվարճանալով նրանց անմիջականությունից։
Երեխան ուշադրություն է դարձրել ձկան յուղի գովազդին, որի վրա նկարված է ծառ՝ կազմակերպության ապրանքանիշը։ «Մամ, սա ձկնայուղի ծա՞ռ է»,- հարցնում է նա։ Անցնողները, լսելով նրա հարցը, ծիծաղում են, իսկ երեխան, չհասկանալով, թե ինչու է իր հարցը զվարճանքի պայթյուն առաջացրել, շփոթվում է ու վրդովվում։
Մեծերը երեխաների հետ գործ ունենալով պետք է մշտապես հիշեն, որ հոգատարությունը, մեղմությունը, քաղաքավարությունը, տակտն ու հարգալից վերաբերմունքը մշտապես անհրաժեշտ են։
Այսպիսով, երեխայի հարցերը պարզապես հետաքրքրասիրության դրսևորում չեն, այլ նրա մտավոր և հոգևոր զարգացման կարևորագույն միջոցներից մեկն են։ Յուրաքանչյուր հարց մի քայլ է դեպի աշխարհը ճանաչելը, մտածելու կարողության զարգացումը և ինքնուրույն եզրակացություններ անելը։ Երբ մեծերը գնահատում են այս գործընթացը և աջակցում երեխային, նրանք ոչ միայն փոխանցում են գիտելիք, այլև ձևավորում են վստահություն, բաց մտածողություն և սեր դեպի ուսումն ու բացահայտումները։
Հետևաբար, մեծերի պատասխանատվությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երեխան չի վախենա հարց տալուց և չի ամաչի իր հետաքրքրասիրությունից։ Սիրով, համբերությամբ և հարգանքով տրված յուրաքանչյուր պատասխան նպաստում է երեխայի ներդաշնակ զարգացմանը՝ պահպանելով նրա բնական ձգտումը դեպի գիտելիք։ Այսպիսով, ճիշտ վերաբերմունքը երեխաների հարցերին դառնում է նրանց ապագա մտածող, ստեղծագործ և ինքնավստահ անհատ ձևավորելու հիմնասյուներից մեկը։