Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Հարստության բաշխման խնդիրները ժամանակակից հասարակությունում
Հոդվածներ

Հարստության բաշխման խնդիրները ժամանակակից հասարակությունում

Գործադուլներն առաջանում են երկու պատճառով. առաջինը՝ արտադրամասի աշխատակիցների և տերերի ծայրահեղ ագահությունն ու անկշտությունն է, մյուսը՝ բանվորների ու արհեստավորների անհամեստությունը, ագահությունն ու չհարմարվելը: Հետևաբար, հարկավոր է զբաղվել երկու պատճառների վերացմամբ:

  

Բայց այս դժվարությունների հիմնական պատճառը ժամանակակից քաղաքակրթության օրենքներն են, քանզի նրանք նպաստում են նրան, որ առանձին մարդիկ կուտակեն ահռելի, ոչնչի հետ չհամեմատվող ունեցվածք, որը գերազանցում է իրենց կարիքները, իսկ մարդկանց մեծամասնությունը պետք է դիմանա կարիքին, զրկանքներին և գտնվի աղքատության մեջ: Սա հակասում է մարդկայնությանը, արդարությանը, օրենքին, սա անօրինակության գագաթնակետն է, ճիշտ հակառակն այն բանի, ինչը հաճո է Աստծուն:

  

Նման հակադրությունը բնորոշ է միայն մարդկային աշխարհին: Ի թիվս այլ արարածների, այսինքն, գրեթե բոլոր կենդանիների մոտ, դիտարկվում է իրենց բնորոշ արդարություն ու հավասարություն: Այդպես և ոչխարների հոտի մեջ, որոնց արածեցնում է հովիվը, և եղջերուների նախիրում, որոնք ապրում են ազատության մեջ կա հավասարություն: Այդպես նաև թռչունների շրջանում, որտեղ էլ որ նրանք գտնվեն՝ տափաստաններում, հարթավայրերում, բլուրներում կամ այգիներում, և մնացած բոլոր արարածների մեջ տիրում է իր տեսակի մեջ հավասարություն: Նրանց ապրուստի միջոցների մեջ դուք չեք գտնի տարբերություն, և այդ պատճառով նրանց աշխարհը կատարյալ ներդաշնակության և գոհունակության աշխարհ է:

 

Մեկ այլ բան է մարդկային ցեղը, որը համառորեն հետևում է մոլորության մեծագույն ուղուն և բացահայտ անարդարությանը: Նայեք այն մարդուն, ով գանձեր է կուտակել գաղութների շահագործման հաշվին: Նա ձեռք է բերել հսկայական կարողություն ու շահույթ և եկամուտ է ստանում, որոնք գետի պես հոսում են նրա մոտ, այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր դժբախտ մարդիկ՝ թույլ ու անուժ, չունեն անգամ մեկ կտոր հաց: Այստեղ չկա ոչ հավասարություն, ոչ բարի կամք: Այստեղ դուք տեսնում եք, թե ինչպես են համաձայնությունն ու ներդաշնակությունը քայքայվում, իսկ մարդկության բարեկեցությունը ոտնահարվում է այն աստիճան, որ շատ մարդկանց կյանքը դառնում է անօգուտ: Քանզի հարստությունն ու բարձր դիրքը դառնում  են փոքր թվով արդյունաբերողների ձեռքբերումը, որոնց ձեռքում կենտրոնացած է արտադրությունն ու առևտուրը, մինչդեռ մյուս մարդկանց բաժին են հասնում միայն անսահման քանակությամբ դժվարություններ ու հոգսեր: Նրանք չունեն ոչ՛ արտոնություններ, ոչ՛ եկամուտներ, ոչ՛ բարելավումներ, ոչ՛ խաղաղություն:

 

Նշանակում է, պետք է հաստատվեն կանոններ և օրենքներ, որոնք կսահմանափակեն որոշ ֆիզիկական անձանց միջոցների ավելցուկը և կապահովեն միլիոնավոր աղքատների անհրաժեշտ կարիքները, այս կերպ կարելի կլինի հասնել որոշակի հավասարակշռության: Բայց սրա հետ մեկտեղ հնարավոր չէ հասնել բացարձակ հավասարության, քանի որ ունեցվածքի բացարձակ հավասարությունը առևտրի, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում, գոյության միջոցների դրույթում կհանգեցնի անկարգության, քաոսի, անկազմակերպվածության և համընդհանուր հիասթափության: Կարգուկանոնը մարդկային համայնքում ամբողջությամբ կկործանվեր: Այսինքն, երբ հավասարությունը անհիմն կերպով պարտադրվում է, այն բերում է անցանկալի հետևանքների:

 

Սա նշանակում է, որ ելքն այն է, որ ապահովվի սպառման չափավոր քանակը՝ օրենքների ու կանոնակարգերի միջոցով, որոնք կկանխեն ավելորդ հարստության կուտակումը առանձին անհատների ձեռքում և կապահովվեն զանգվածների հիմնական կարիքների ապահովումը: Օրինակ, արտադրողներն ու արդյունաբերողները ամեն օր ավելացնում են իրենց գանձերը, իսկ աղքատ արհեստավորները նույնիսկ իրենց օրվա հացը չեն վաստակում: Սա անօրինության գագաթնակետն է, և մարդը, ով դատում է արդարությամբ, չի կարող դա ընդունել: Հետևաբար պետք է հաստատել օրենքներ ու կանոններ, որոնք թույլ կտային աշխատողներին ստանալ գործարանատիրոջից աշխատավարձ, գումարած ընկերության շահույթի չորրորդ կամ հինգերորդ մասը, կախված նրա մեծությունից, կամ էլ մեկ այլ միջոցով աշխատողներն ու սեփականատերերը պետք է արդարացիորեն կիսեն շահույթներն ու արտոնությունները:

 

Իսկապես, չէ որ կապիտալն ու կառավարումը գալիս է ձեռնարկության սեփականատիրոջից, իսկ աշխատանքային և արտադրական գործունեությունը՝ աշխատողներից: Աշխատողները կամ պետք է ստանան աշխատավարձ, որը կապահովի իրենց կարիքները, իսկ երբ դադարեն աշխատել ծերության կամ հիվանդության պատճառով, նրանց համար պետք է արդյունաբերության ընդհանուր եկամուտներից բավարար գումար դուրս գրել, կամ էլ աշխատավարձը պետք է լինի այնքան բարձր, որ աշխատողները կարողանան բավարարել իրենց կարիքները և միևնույն ժամանակ մի փոքր կողք դնել՝ սև օրվա համար:

  

Եվ երբ ամեն ինչ այս կերպ դասավորվի, ձեռնարկության սեփականատերը ամեն օր չի բազմապատկի իր հարստությունը, որը նրան բացարձակ պետք չէ (Էլ չեմ ասում այն բանի մասին, որ երբ կարողությունը չափազանց մեծ է, նրա տերը ճկվում է անտանելի ծանրության տակ, և նրան տիրում են մշտական հոգսերն ու անհանգստությունները: Չափազանց մեծ կարողությունը տնօրինելը չափազանց ծանրաբեռնող է և թուլացնում է մարդու ուժերը): Միևնույն ժամանակ բանվորներն ու արհեստավորները այլևս չեն գտնվի մեծագույն աղքատության ու կարիքի մեջ, նրանց այլևս չի սպառնա ծանրագույն զրկանքներ ծեր տարիքում:

  

Այսպիսով, պարզ և ակնհայտ է, որ մեծ քանակությամբ հարստության բաշխումը փոքր քանակությամբ անհատների մեջ, այն ժամանակ, երբ մեծամասնությունը գտնվում է կարիքի մեջ, անհավասարություն է և անարդարություն: Բայց միևնույն ժամանակ բացարձակ հավասարությունը խոչընդոտ կդառնա կարգի, խաղաղության, մարդկության կյանքի և բարեկեցության համար: Նման գործերում գերադասելի է չափավորությունը: Դրան կարելի կլիներ հասնել, եթե կապիտալիստները դադարեին միայն իրենց համար շահույթի հետևից վազել, և հոգ տանեին աղքատների և կարիքավորների վիճակի մասին, այլ խոսքերով ասած՝ եթե բանվորներն ու արհեստավորները ստանային հաստատուն և կայուն օրավճար, գումարած ընկերության շահույթի մի մասը:

 

Արդյունաբերողների, բանվորների և արհեստավորների սոցիալական իրավունքների տեսանկյունից լավ կլիներ, եթե հաստատվեին օրենքներ՝ արդյունաբերողների չափավոր եկամտաբերությունն ապահովելու համար, իսկ աշխատողների համար՝ ապագայում ապրուստի և անվտանգության անհրաժեշտ միջոցների ապահովման համար: Այդ դեպքում, եթե նրանք դադարեն աշխատել հիվանդության պատճառով, կամ երբ նրանք դառնան ծեր և անօգնական, կամ իրենցից հետո թողնեն անչափահաս երեխաներ, ապա իրենց և իրենց երեխաներին չի սպառնա աղքատության գոյությունը կամ մահը: Եվ ապագայի ապահովությունը նրանք պետք է ստանան ձեռնարկության շահույթներից, որոնց մի փոքրիկ մասնաբաժնի իրավունքը նրանք ունեն:

 

Միևնույն ժամանակ աշխատողները չպետք է շատ պահանջեն և ապստամբեն,  չպետք է պահանջել նաև այն, ինչը իրավունքով իրենց չի պատկանում: Նրանք չպետք է նաև գործադուլ հայտարարեն, նրանք պետք է լինեն հնազանդ և կարգապահ և չպահանջեն չափազանց բարձր վարձատրություն:  Բայց միևնույն ժամանակ՝ փոխադարձ և երկու կողմերի չափավոր իրավունքները պետք է օրինականորեն սահմանվեն և հաստատվեն արդար և անկողմնակալ օրենքներով: Այն դեպքում, երբ կողմերից մեկը խախտի հրամանը, դատարանը պետք է դատապարտի խախտողին, իսկ գործադիր իշխանությունը պետք է դատարանի որոշումը ի կատար ածի, այդ ժամանակ կարգը կվերականգնվի և կոնֆլիկտը կլուծվի:

 

Դատարանների և կառավարության միջամտությունը արդյունաբերողների և բանվորների միջև տարաձայնությունների դեպքում համարվում է օրինական, քանզի բանվորների և արդյունաբերողների հարաբերությունները բոլորովին այլ տեսակի են, քան ուղղակի անհատների միջև կատարվող գործարքները, որոնք չեն հետաքրքրում հասարակությանը և որի մեջ կառավարությունը չպետք է խառնվի: Չնայած առաջին հայացքից գործատուի և աշխատակցի միջև խնդիրը թվում է մասնավոր հարց, իրականում այն վնաս է հասցնում հասարակությանը, քանզի առևտուրը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և երկրի ընդհանուր վիճակը սերտորեն կապված են միմյանց հետ: Եթե այդ ոլորտներից որևէ մեկում չարաշահում է տեղի ունենում, ապա այն  վնասաբար է ազդում ամեն ինչի վրա: Այսպես բանվորների և արդյունաբերողների միջև կոնֆլիկտը դառնում է հասարակության մեջ բարդությունների պատճառը: Դրա հետևանքով դատարանն ու կառավարությունը իրավունք ունեն միջամտել: Երբ երկու կողմերի միջև առկա է անձնական իրավունքների վրա ազդող լարվածություն, հարցի լուծման համար անհրաժեշտ է երրորդ անձի միջամտությունը: Երրորդ անձի տեսքով հանդես է գալիս կառավարությունը: Այդ դեպքում ինչպե՞ս գործադուլների խնդիրը՝ որոնք անկարգություններ են առաջացնում երկրում և հղի են աշխատակիցների կողմից զայրույթի պոռթկումներով, իսկ արդյունաբերողների կողմից դաժան միջոցներով, կարող է առանց ուշադրության մնալ: Ողորմած Աստված:

 

Հնարավո՞ր է, որ մարդը, ով տեսնում է, թե ինչպես են իր եղբայրները սովամահ լինում՝ զրկվելով առաջին անհրաժեշտության իրերից, վայելի իր շքեղ առանձնատան հանգստությունն ու հարմարավետությունը: Ով հանդիպում է ծայրաստիճան կարիքավորի, կարո՞ղ է արդյոք հագեցածության մեջ երանելի լինել: Ահա թե ինչու է Աստծո կրոնով սահմանված և հաստատված, որ հարուստ մարդիկ տան  իրենց տարեկան եկամտի որոշակի մասը աղքատ և անապահով խավերի աջակցության համար: Սա Աստծո կրոնի հիմունքներից մեկն է, և այն պարտադիր է բոլորի համար: Եվ երբ մարդն այդ անում է ոչ թե ստիպողաբար, և ոչ այն բանի համար, որ կառավարությունն է այդպես պարտադրում, այլ իր սրտի թելադրանքով, երբ կամավոր և ուրախությամբ աղքատների համար բարեգործություն է անում, գովելի է,  հաճելի է և արժանի է հարգանքի: Սրանում է բարի գործերի իմաստը, և սրա մասին են ասում Սուրբ Գրքերն ու Հուշատախտակները: 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ