Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Կրոնի և գիտության համատեղելիությունը
Հոդվածներ

Կրոնի և գիտության համատեղելիությունը

Սկեպտիկների և կարծրացած աթեիստների տեսանկյունից Աստված անհամատեղելի է Տիեզերք հասկացության հետ։ Ինչու՞։ Արդյո՞ք նրանք կույր են, թե այսպես են պնդում միայն, որ վիճեն։ Մենք գիտենք նյութի ձևի զարմանահրաշ հարստության մասին, բոլոր կենդանի էակների ապշեցուցիչ կենսունակության մասին: Մենք հնարավորություն ունենք հետևելու կենդանիների և թռչունների, ձկների և միկրոօրգանիզմների բանական վարքագծին, էլ չեմ խոսում մարդու հնարամտության մասին։ Մեզ նաև հայտնի են անսահման հնարավորությունները, որոնք բացվում են մոլեկուլների, մետաղների, միս ու արյունից բաղկացած կենդանի օրգանիզմների, և անգամ մտքերի ու բնավորությունների փոփոխման արդյունքում։ Այս բոլոր մեծ ու փոքր նվաճումներով հանդերձ, որին մենք հասել ենք, ով կհամարձակվի ասել, որ Տիեզերքի մեջ տեղ չկա Աստծո համար՝ բանականի, Ով հոգ է տանում մեզ համար։

 

Միայն նեղ մտածելակերպով մարդիկ, տեսնելով այս հրաշքները, կարող են ժխտել դրանցից մեծագույնը, որի գոյությունն ունի բազմաթիվ հաստատումներ, որոնք հիմնված են ինչպես ինտուիցիայի, այնպես էլ տրամաբանության վրա։ Մյուս կողմից զարմացնում է օրթոդոքսալ քրիստոնեության վերաբերմունքն Աստծո և ընդհանրապես կրոնի հանդեպ։ Քրիստոնեական վարդապետության էությունը, որը քարոզում է եկեղեցին, այն է, որ փրկությունը հնարավոր է միայն Քրիստոսի միջոցով, որ Նա եզակի կերպար է համաշխարհային կրոնում և որ չի եղել Նրան նման ոչ ոք և չի լինի, մինչև Նա չվերադառնա։ Կրթության շնորհիվ տիեզերքի բնույթը հասկացող 20-րդ դարի մարդու մտածելակերպի ողջ տրամաբանությունը ըմբոստանում է այսքան սահմանափակ հասկացողության դեմ։ 

 

 

Մենք գիտենք, որ մարդն արդեն միլիոնավոր տարիներ գոյություն ունի մեր մոլորակի վրա՝ որպես կյանքի ինքնագիտակից, մտածող ձև։ Կարո՞ղ ենք արդյոք մենք հավատալ, որ նա ոչ մի փրկության ուղի չի ունեցել մինչև Քրիստոսի գալուստը։ Ի՞նչ եղավ այն հոգիների հետ, որոնք լքեցին այս աշխարհը մինչ Քրիստոսի ծնունդը։ Ի՞նչ եղավ բոլոր նրանց հետ, ովքեր ընդունեցին Նրան Իր հայտնությունից հետո: Իսկ Աստված Ինքը, ով հրաշքներ էր գործում տասնյակ, հարյուրավոր, միլիոնավոր անգամներ, ինչու՞ ուղարկեց միայն մեկ Որդու, և ցույց տվեց միայն մեկ ուղի դեպի Իրեն, և դա արեց կամայականորեն ընտրված պատմական ժամանակաշրջանում՝ երկու հազար տարի առաջ։ Ինչու՞ Նա դա չարեց ժամանակների սկզբից, որպեսզի մարդիկ այս ողջ հազարամյակների ընթացքում իրենց առջև տեսնեին փրկության ուղին։ Եվ եթե Նա այդ ամենն արեց իր ժամանակին, ուրեմն ինչու՞ ենք մենք, երկու հազար տարի անց, հայտնվել նույն անելանելի իրավիճակում, և ինչ վիճակում ենք մենք հայտնվելու Քրիստոսից հետո երեք հազարական կամ վեց հազարական թվականներին, եթե հույսներս դնենք միայն քրիստոնեական ուսմունքի վրա։

 

Կրոնական գիտակցության այս կարծրատիպը գոյություն ունի ոչ միայն Արևմուտքում, և ոչ միայն քրիստոնյաների մոտ։ Հուդայականներն անգամ չորս հազար տարի անց աղոթում են իրենց Փրկչի գալուստի համար, չնայած մյուս հիմնական կրոնների հետևորդները, բացառությամբ զրադաշտականության, հինդուիզմի և բուդդայականության (որոնք նախորդել են քրիստոնեությանը), հավատում են, որ Նա արդեն եկել է, և որ Նա Հիսուսն էր Նազարեթից։ Մահմեդականները գրեթե երբեք չեն ընդունում քրիստոնեություն, որովհետև Մուհամմադը սովորեցրել է, որ Քրիստոսը նույնպես եղել է Աստծո Մարգարեն, և Նրան պետք է սիրել ու հարգել։ Եվ եթե դրա մասին մահմեդականներին ասում է իրենց սեփական Մարգարեն, ապա հասկանալի է, թե ինչու նրանք տրամադրված չեն լսել քրիստոնյաների հորդորները, ովքեր կոչ են անում հրաժարվել Մուհամմադից, ում նրանք խաբեբա են անվանում, և «գալ Հիսուսի» մոտ։ Սա բոլորովին չի նշանակում, որ մահմեդականներն ավելի հանդուրժող են կամ պակաս նախապաշարմունքներ ունեն։ Նրանք նույնքան մոլեռանդ են, որքան և քրիստոնյաները, և չնայած նրանք չեն ասում, որ Մուհամմադը եզակի դեմք է կրոնի պատմության մեջ և ընդունում են բոլոր մարգարեներին, ովքեր եղել են Նրանից առաջ, այնուամենայնիվ, նրանք պնդում են, որ նա եղել է «Մարգարեների կնիքը» և Նրանից հետո Աստծո կողմից ոչ ոք չի ուղարկվելու մինչև Հարության Օրը։ Մեզ հայտնի է, որ շարքային հավատացյալների մեծամասնությունն իրենց Սուրբ Գրվածքները բառացիորեն են հասկանում։

 

Այսպես, քրիստոնյաները սպասում են, որ մահացածները կվերակենդանանան և դուրս կգան գերեզմաններից, անգամ նրանք, ովքեր ատոմային ռումբից մասնիկների են բաժանված եղել։ Այդ նույն բանին հավատում են նաև մահմեդականները։ Օրթոդոքսալ հրեաները ցավալի սպասման մեջ, հույսները դնում են աշխարհիկ արքայի գալուստին, ով կդառնա իրենց կառավարիչն ու ազգին կրկին կտանի դեպի բարգավաճում։ Նման գաղափարները, որպես իրենց տրամաբանական շարունակություն, պահանջում են ընդունել, որ Եվան ստեղծվել է Ադամի կողից, իսկ աշխարհը ստեղծվել է վեց օրում և յոթերորդ օրն Աստված հանգիստ է վերցրել։

 

Մենք չենք կարող քննադատել մարդկանց այն բանի համար, որ նրանք ամուր բռնվում են իրենց հավատից։ Ընդհակառակը, պատմությունից իմանալով, թե ինչպիսի դեր է ունեցել կրոնը բարոյականության, քաղաքակրթության և մշակույթի հաստատման մեջ, մենք, որպես մարդկային էվոլյուցիայի անկողմնակալ և ուշադիր հետազոտողներ, պետք է ոչ միայն հարգանքի տուրք մատուցենք նրան, այլև անկեղծորեն ցանկանանք, որ այն ոգեշնչի մեզ ողջ դարերի ընթացքում՝ օգնելով մեր հոգուն վեհանալ։ Չէ՞ որ հենց դրանում է կրոնի իրական առաքելությունը։ Բայց միևնույն ժամանակ մենք պետք է մտածենք կրոնի բնույթի և նրա զարգացման օրինաչափությունների մասին, փորձենք տրամաբանորեն հասկանալ այն և գտնել տիեզերքում նրա տեղը, այն տիեզերքում, որը մեզ համար բացահայտել է գիտությունը։

 

Այն հին ժամանակներում, երբ մարդիկ հավատում էին, որ երկինքը գավաթի տեսքով կախված է Երկրի վրա, իսկ Երկիրն իրենից ներկայացնում է օվկիանոսներով շրջապատված տափակ սկավառակ կամ քառակուսի, որը պահվում է չորս փղերի մեջքի վրա, նրանք Ծննդոցը բառացի էին մեկնաբանում։ Այսօր, երբ մեզ հայտնի է, որ հեռավոր անցյալում մեր մոլորակը եղել է Արեգակից պոկված կրակե գունդ, որ մեր անատոմիայում թաքնված է պոչի ռուդիմենտը, ինչպես նաև հայտնի է շատ այլ բաների մասին, մենք արդեն չենք կարող բառացիորեն ընդունել Ծննդոցը։

 

Այնուամենայնիվ, կրոնական վարդապետները, իրենց եկեղեցիների և մզկիթների ամբիոններից խոսելով, չեն դադարում համոզել մարդկանց, որ Քրիստոսը քայլել է ջրի վրայով «ինչպես ցամաքի», իսկ Նրա մարմինը վեր է բարձրացել գերեզմանից և համբարձվել, որ Մուհամմադը սպիտակ ձիու վրա նստած բարձրացել է յոթերորդ երկինք և հետ վերադարձել։ Ողբերգությունը, սակայն, նրանում չէ, որ մարդկանց կոչ են անում ընդունել այս ամենը որպես գոյություն ունեցող իրականություն, այլ նրանում, որ այնպիսի անհատների մեծությունն, ինչպիսիք Հիսուսն ու Մուհամմադն էին, իջեցվում է ձեռնածուների ու աճպարարների գործողությունների, փոխարենը վեհացնելու նրանց որպես աշխարհի փրկիչների։ 

 

Մարդուն, ով օժտված է անաչառ մտքով, բավական է կարդալ Քրիստոսի կամ արաբական Մարգարեի կենսագրությունը, որպեսզի համակվի նրանց հանդեպ սիրով ու հարգանքով, խորը հիացմունք զգալով նրանց անհատականության և գործունեության նկատմամբ։ Նրանցից յուրաքանչյուրն իրեն ամբողջությամբ նվիրել է Ուսմունքին, որին Նա հավատացել է և որն ուսուցանել է։ Նրանցից մեկը խաչը բարձրացավ լիակատար ինքնահրաժարմամբ՝ ներելով Իր թշնամիներին, մյուսը համբերությամբ տարավ Իր հանդեպ չարությամբ լցված հարազատների հարձակումները և ստիպված եղավ փախչել Իր երկրից, որպեսզի կռվի վայրի ցեղերի հետ, պաշտպանելով Նոր Ավետարանը, օր ու գիշեր, մինչև Իր վերջին ժամն աշխատելով նրանց օգտին, ում կոչված էր ազատագրել կռապաշտության գերությունից։ Քրիստոսի Էությունը, Նրա Ուսմունքները երկու հազարամյակ շարունակ ձևավորում են Արևմտյան պատմության ընթացքը։ Նույնպիսին է Մուհամմադի դերը Մերձավոր և Միջին Արևելքի համար։ Նրանց մարգարեական առաքելության ճշմարիտության ապացույց են համարվում այն երկրների զարմանահրաշ նվաճումները, որտեղ հաստատվել է Նրանց ազդեցությունը։ Համաշխարհային կրոնների Հիմնադիրներից ցանկացածի կյանքի անաչառ ուսումնասիրությունը թույլ է տալիս ակնհայտ նմանություն տեսնել Նրա կյանքի և Նրանց ուսմունքների մեջ։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ