Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Կրթության երեք ուղղությունները
Հոդվածներ

Կրթության երեք ուղղությունները

Երբ ասում ենք «կրթված մարդ», սովորաբար պատկերացնում ենք մեկին, ով շատ բան գիտի, ունի մասնագիտական պատրաստվածություն և կարողանում է մտածել ու վերլուծել։ Բայց հնարավոր է ունենալ մեծ գիտելիք և միաժամանակ չկարողանալ այն պատասխանատու ձևով օգտագործել։

 

Գիտելիքը ինքն իրեն չի ասում՝ ինչ նպատակով պետք է կիրառվի։ Հենց այստեղ կրթության մասին հարցը դառնում է ավելի լայն։ Եթե կրթության նպատակը մարդու ամբողջական զարգացումն է, ապա այն չի կարող սահմանափակվել միայն տեղեկությունների և մասնագիտական հմտությունների փոխանցմամբ։

 

Կրթությունը կարելի է դիտարկել երեք փոխկապակցված ուղղություններով՝ ֆիզիկական, մտավոր և բարոյական կամ հոգևոր զարգացում։

 

Ֆիզիկական զարգացում

 

Մարդը նյութական էակ է։ Առողջությունը, սնունդը, շարժումը, հանգիստը և սեփական մարմնի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը նույնպես կրթության մաս են։

 

Երեխան պետք է աստիճանաբար սովորի ոչ միայն այն, թե ինչ է օգտակար առողջության համար, այլև ձեռք բերի սովորություններ, որոնք թույլ կտան ինքնուրույն հոգ տանել իր մասին։ Ֆիզիկական զարգացումն այն հիմքերից է, որոնց վրա կառուցվում են մյուս կարողությունները։

 

Մտավոր զարգացում

 

Կրթության այս կողմը մեզ առավել ծանոթ է։ 

 

Մարդը սովորում է կարդալ, գրել, հաշվել, ուսումնասիրել գիտությունները, հասկանալ հասարակությունը, արտահայտել գաղափարներ, ստեղծագործել և լուծել խնդիրներ։ Բայց մտավոր կրթության նպատակը միայն շատ տեղեկություն հիշելը չէ։ Այն պետք է զարգացնի մտածելու կարողությունը։ Ինչպե՞ս տարբերակել փաստը կարծիքից։ Ինչպե՞ս հարցեր տալ։ Ինչպե՞ս ուսումնասիրել տարբեր տեսակետներ։ Ինչպե՞ս ինքնուրույն եզրակացության գալ։

 

Այս կարողություններն անհրաժեշտ են ոչ միայն դպրոցում, այլ ամբողջ կյանքի ընթացքում։

 

Բնավորության զարգացում

 

Սակայն մարդը միայն մարմին և միտք չէ։ Կարելի է լինել շատ խելացի և այդ խելքը ծառայեցնել միայն սեփական շահին։ Կարելի է ունենալ մեծ մասնագիտական կարողություն, բայց լինել անպատասխանատու։ Կարելի է շատ բան իմանալ արդարության մասին և անարդար վարվել։

 

Հետևաբար կրթությունը նաև մարդու բնավորության հարցն է։ Արդարություն, ազնվություն, պատասխանատվություն, համբերություն, կարեկցանք, համագործակցության կարողություն՝ սրանք նույնպես զարգացող հատկություններ են։ Դրանք չեն ձևավորվում միայն դրանց մասին խոսելով։ Երեխային պետք են հնարավորություններ այդ հատկությունները կիրառելու, սխալվելու, մտորելու և նորից փորձելու համար։

 

Կրթության մասին ցանկացած համակարգ վերջիվերջո պատասխան է տալիս մի հիմնարար հարցի՝ ինչպիսի՞ մարդ ենք ուզում տեսնել հասարակության մեջ։

 

Միայն մրցունակ աշխատո՞ղ։ Թե՞ մարդ, որը կարողանում է մտածել, պատասխանատու ընտրություններ կատարել և իր կարողությունները օգտագործել նաև ուրիշների բարեկեցության համար։ Այս հարցը կարևոր է ոչ միայն դպրոցների համար։ Այն վերաբերում է նաև ընտանիքին, համալսարանին և ամբողջ հասարակությանը։

 

Եթե կրթությունը զարգացնում է միայն մարդու մեկ կողմը, կարող ենք ստանալ շատ հմուտ, բայց ոչ ամբողջական մարդ։ Իսկ երբ ֆիզիկական, մտավոր և բարոյական զարգացումը դիտարկվում են միասին, կրթությունը դառնում է ոչ միայն ապագա մասնագիտությանը պատրաստվելու, այլև մարդկային կյանքի համար պատրաստվելու գործընթաց։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ