Ծնողներն ու ուսուցիչները հաճախ շատ ավելի արագ են նկատում այն, ինչ երեխան սխալ է անում, քան այն ամենը, ինչ նրա մոտ լավ է ստացվում։
Երեխան կարող է օրվա մեծ մասը համագործակցել, կատարել իր պարտականությունները, հանգիստ շփվել մյուսների հետ, բայց բավական է մեկ անգամ կոպտի, հրաժարվի որևէ բան անել կամ խանգարի, և հենց այդ դեպքն է դառնում մեծահասակի ուշադրության կենտրոնը։ Արդյունքում երեխան սկսում է անընդհատ լսել՝ ինչն է իր մոտ վատ ստացվում, ինչ պետք է ուղղի և որտեղ է կրկին սխալվել։
Դրական կարգապահությունն առաջարկում է փոխել ուշադրության ուղղությունը՝ չանտեսել խնդիրները, բայց ավելի շատ նկատել այն, ինչ երեխան արդեն կարողանում է անել։
Ինչի վրա կենտրոնանում եք, այն էլ աճում է
Պատկերացնենք, որ երեխայի վարքի 85 տոկոսը դրական է, իսկ 15 տոկոսը՝ խնդրահարույց։ Եթե մեծահասակի ուշադրության մեծ մասը ուղղված է հենց այդ 15 տոկոսին, երեխայի հետ շփումը աստիճանաբար կառուցվում է սխալների շուրջ։ «Նորից չհավաքեցիր, քանի՞ անգամ պետք է ասեմ, ինչո՞ւ ես միշտ այսպես անում, նորից խանգարում ես»։
Երեխան սկսում է իրեն տեսնել մեծահասակի աչքերով՝ որպես մեկին, ով անընդհատ ինչ-որ բան սխալ է անում։ Այստեղ գործում է կարևոր սկզբունք՝ ինչի վրա կենտրոնանում եք, այն էլ ստանում եք։
Եթե փոխարենը սկսենք նկատել երեխայի ուժեղ կողմերը, նրա ջանքերն ու նույնիսկ փոքր դրական փոփոխությունները, մեծացնում ենք հավանականությունը, որ հենց այդ վարքն էլ կզարգանա։ Սա չի նշանակում ձևացնել, թե խնդիր չկա։ Նպատակը երեխային իր սխալների միջոցով չսահմանելն է։
Երբ երեխայի 15 տոկոսը ստվերում է մնացած 85 տոկոսը
Ալբերտոն դպրոցում վարքային խնդիրներ ուներ։ Երբ նա խանգարում էր դասը, ուսուցիչը պատժում էր նրան՝ ստիպելով հիսուն անգամ գրել ավելի լավ վարք դրսևորելու խոստումը։ Երբ տղան հրաժարվում էր, պատիժը կրկնապատկվում էր։
Տանը մայրը նույնպես սկսել էր անընդհատ նախատել նրան։ Ալբերտոյին արդեն պատժում էին և՛ դպրոցում, և՛ տանը, իսկ նա ավելի ու ավելի էր ընդդիմանում և սկսել էր ատել դպրոցը։ Մի հանդիպման ժամանակ Ալբերտոյի մայրը հետաքրքիր հարց տվեց. նրա վարքի մոտավորապես քանի՞ տոկոսն է իրականում վատ։ Ուսուցիչը պատասխանեց՝ «մոտ 15 տոկոսը»։
Պարզվեց՝ բոլորը գրեթե ամբողջությամբ կենտրոնացել էին Ալբերտոյի վարքի խնդրահարույց 15 տոկոսի վրա, իսկ մնացած 85 տոկոսը, երբ նա որևէ խնդիր չէր ստեղծում, պարզապես չէին նկատում։
Մոտեցումը փոխեցին։ Պատժելու փոխարեն Ալբերտոյին ներգրավեցին լուծումների որոնման մեջ։ Եթե նա խանգարում էր դասին կամ անհարգալից էր վերաբերվում որևէ մեկին, հնարավորություն էր ստանում իրավիճակը շտկել օգտակար գործողությամբ՝ օգնել ուսուցչին, աջակցել որևէ աշակերտի կամ օգտակար դեր ստանձնել դասարանում։
Ժամանակի ընթացքում վարքային խնդիրները գրեթե վերացան։ Փոխվեց ոչ միայն Ալբերտոյի վարքը, այլև այն, թե ինչպես էին մեծահասակները նրան տեսնում։ Նա այլևս միայն «խանգարող երեխան» չէր։ Մեծահասակները սկսեցին նկատել նաև նրա կարողությունները և հնարավորություն տալ դրանք օգտագործելու։
Փնտրեք կարողությունը նույնիսկ խնդրահարույց վարքի մեջ
Երբեմն երեխայի այն հատկանիշը, որը մեզ ամենաշատն է անհանգստացնում, ճիշտ ուղղությամբ օգտագործելու դեպքում կարող է դառնալ նրա ուժեղ կողմերից մեկը։ Օրինակ՝ երեխան, որը մշտապես փորձում է ղեկավարել մյուսներին, կարող է ունենալ առաջնորդական լավ ունակություններ։ Երեխան, որը շատ է խոսում, կարող է լավ հաղորդակցվող լինել։ Նա, ով ամեն ինչի վերաբերյալ սեփական կարծիքն ունի և հեշտությամբ չի ենթարկվում, կարող է ունենալ ինքնուրույն մտածելու ուժեղ կարողություն։
Խնդիրը միշտ չէ, որ հենց այդ հատկանիշն է։ Երբեմն խնդիրն այն է, թե երեխան ինչպես է այն օգտագործում։
Մի դաստիարակ հենց այս սկզբունքով էր աշխատում։
Դեբբին չէր ցանկանում նկարչությունից և կավագործությունից հետո հավաքել իր աշխատատեղը։ Փոխանակ նրա հետ ամեն անգամ վիճելու՝ դաստիարակը Դեբբիին պատասխանատու նշանակեց մյուս երեխաներին ցույց տալու համար, թե ինչպես պետք է պարապմունքից հետո կարգի բերել սեղանը։
Մեկ այլ երեխա՝ Շոնը, սիրում էր քանդել խորանարդիկներով մյուս երեխաների կառուցածը։ Դաստիարակը նրան նշանակեց խորանարդիկներով խաղի պատասխանատու։ Նրա գործն էր օգնել մյուսներին միասին խաղալ և վերջում հավաքել խորանարդիկները։
Երեխաների էներգիայի դեմ պայքարելու փոխարեն մեծահասակը փորձեց այն վերաուղղորդել կառուցողական գործունեության։ Երբ երեխային վստահում ենք օգտակար դեր, նա հնարավորություն է ստանում իրեն տեսնելու այլ կերպ. ոչ թե՝ «ես միշտ խնդիր եմ ստեղծում», այլ՝ «ես կարող եմ օգտակար լինել»։
Առաջընթացը ավելի կարևոր է, քան կատարելությունը
Երեխային ոգևորելու մյուս կարևոր սկզբունքը նրա առաջընթացը նկատելն է։
Կատարելությունը երեխայի համար չափազանց բարձր և հաճախ անհասանելի նշաձող է։ Եթե ընդունելի է միայն կատարյալ արդյունքը, նրա բազմաթիվ փոքր հաջողություններ աննկատ են մնում։
Ենթադրենք՝ երեխան նախկինում ամեն երեկո վիճում էր տնային աշխատանքների պատճառով, իսկ հիմա շաբաթվա ընթացքում երկու օր կարողանում է ինքնուրույն սկսել դրանք։ Կարելի է կենտրոնանալ այն երեք օրերի վրա, երբ դեռ խնդիր կա։ Բայց կարելի է նաև նկատել. «նկատեցի, որ այս շաբաթ արդեն երկու անգամ առանց հիշեցնելու սկսեցիր դասերդ»։
Երկրորդ տարբերակը երեխային ցույց է տալիս, որ իր ջանքերն արդյունք են տալիս։ Երբ մեծահասակը միայն վերջնական արդյունքն է գնահատում, երեխան կարող է մտածել. «միևնույն է, բավական լավ չեմ անում»։ Իսկ երբ նկատվում է առաջընթացը, ուղերձը դառնում է. «ես դեռ ամեն ինչ չեմ կարողանում, բայց արդեն ավելի լավ եմ անում, քան նախկինում»։
Հենց այդ զգացողությունն է երեխային մղում շարունակելու փորձել։
Ուժեղ կողմերը նկատելը խնդիրներն անտեսել չէ
Երեխայի դրական հատկանիշների վրա կենտրոնանալը չի նշանակում չխոսել սխալների մասին կամ հրաժարվել սահմաններից։ Եթե երեխան վնասում է ուրիշների աշխատանքը, անհրաժեշտ է կանգնեցնել նրան։ Եթե չի կատարում իր պարտականությունները, խնդիրը պետք է լուծել։
Բայց մեծ տարբերություն կա այս երկու մոտեցումների միջև. «դու անպատասխանատու ես» և «դու դեռ դժվարանում ես այս պարտականությունը կատարել։ Եկ մտածենք՝ ինչ կարող է օգնել քեզ»։ Առաջին դեպքում գնահատում ենք երեխային։ Երկրորդ դեպքում խոսում ենք կոնկրետ հմտության մասին, որը կարելի է զարգացնել։
Երեխայի ուժեղ կողմերը նկատելն օգնում է նրան չնույնացնել իրեն սեփական սխալների հետ։ Նա հասկանում է, որ կարող է ինչ-որ բանում դժվարանալ և միաժամանակ շատ այլ բաներում կարող լինել։ Եվ հենց այդ վստահությունն է նրան ուժ տալիս աշխատելու նաև այն ամենի վրա, ինչը դեռ չի ստացվում։
Երբ հաջորդ անգամ երեխայի վարքում որևէ խնդիր նկատեք, փորձեք ձեզ հարցնել. «ի՞նչն է այս երեխայի մոտ արդեն լավ ստացվում, ի՞նչ փոքր առաջընթաց կարող եմ նկատել, ի՞նչ ուժեղ հատկանիշ կարող է թաքնված լինել այն վարքի հետևում, որն այժմ ինձ անհանգստացնում է»։
Երբ երեխան զգում է, որ իրեն տեսնում են ոչ միայն իր սխալներով, նրա համար շատ ավելի հեշտ է հավատալ, որ կարող է աճել, սովորել և փոխվել։