Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Երեխաներին որպես վկաներ մի՛ օգտագործեք
Հոդվածներ

Երեխաներին որպես վկաներ մի՛ օգտագործեք

Կասկած չկա նրանում, որ մարդիկ ունեն տարբեր դատողություններ ու կարծիքներ, և այդ տարբերությունների պատմությունը նույնքան տևական է, որքան և մտքի գոյությունը։

 

Շատ մարդիկ կարծում են, որ երեխաները չունեն թաքնված դրդապատճառներ, խաբելու կամ ճշմարտությունը թաքցնելու ցանկություն, դրա համար նրանք ճշմարիտորեն պատմում են գործի էության մասին, նկարագրում են այն, ինչ տեսել են կամ լսել՝ առանց գրամ անգամ ավելացնելու կամ պակասեցնելու։ Ենթադրվում է, որ երեխաները միշտ ասում են ճշմարտությունը։ Սակայն նրանց կողմից սխալ մեկնաբանված մանկական ուսումնասիրությունները հաճախ բազում ընտանեկան կոնֆլիկտների պատճառ են դառնում։

 

Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես են տարատեսակ դաստիարակչական դիրքորոշումները, որոնք զբաղեցնում են հայրն ու մայրը, նրանց մանկավարժական անպատրաստությունը, համաձայնության և փոխըմբռնման հասնելու անկարողությունը հասցնում երկարատև ընտանեկան վեճերի, որտեղ մայրն ու հայրը հանդես են գալիս որպես դատավորներ, իսկ երեխաները՝ որպես ականատես։ Նրանք իրենց վկայություններն են ներկայացնում <<դատավորին>>, երբեմն՝ հաճույքով և խանդավառությամբ, իսկ երբեմն դա անում են ճնշման տակ։  Դատավորը՝ լինի դա կինը, թե ամուսինը, կարծելով, որ վկայությունները վստահելի են, քանի որ երեխաները միշտ իրականությունն են ասում, օգտագործում են այն որպես վճռական փաստարկ վեճում։

 

Հոգեբաններ Ֆրենչն ու Հերմանը, ուսումնասիրելով մեծերի վկայությունները, հայտնաբերել են, որ նրանց վրա ազդեցություն են ունենում ինչպես ներշնչանքը, այնպես էլ երևակայությունը։ Ֆրանսիացի հոգեբան Ալֆրեդ Բինեն և գերմանացի հոգեբան Վիլյամ Շտերնը մի շարք կարևոր էքսպերիմենտներ են կատարել երեխաների վկայությունների ճիշտ ու սխալի և մանկական հոգեբանության հետ վերջիններիս կապի մասին։ Ստացված արդյունքների մանրամասն վերլուծություններից հետո արվել է եզրակացություն, որ երեխաների պնդումները իրականությանը ամբողջությամբ համապատասխանող չեն կարող համարվել և որոշումների կայացման մեջ վավեր հիմք լինել։ Ինչպես ցույց են տվել տարատեսակ թեստերը, ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի հիշողությունը ի վիճակի չէ հիշելու իրավիճակի բոլոր մանրուքները և շատ հաճախ բաց է թողնում իրերի և իրողությունների բուն էությունը։ Նրանք երբեմն վերարտադրվում են այնպիսի տեսքով, որը քիչ առնչություն ունի իրականում տեղի ունեցածի հետ։

 

Մեծահասակների հիշողության գնահատման  և նրանց արժեքների և վկայությունների որոշման համար Վ․ Շտերնը անցկացրել է հետևյալ էքսպերիմենտը․

 

Մի խումբ մարդկանց ցույց են տվել դետալներով հարուստ նկարներ ու պատկերներ։ Հինգ վայրկյանը լրանալուց հետո փորձարկվողները պետք է գրեին այն, ինչ տեսել էին։ Հատուկ ընդգծվել էր, որ այս թեստի կատարման համար հարկավոր է չափազանց ուշադիր լինել։ Էքսպերիմենտը հստակ ցույց է տվել․ անգամ ուշադիր և խելացի մեծահասակի հիշողությունը երբեմն կարող է դավաճանել, քանի որ նրանց նկարագրությունները հաճախ չեն համապատասխանել ընթացիկ նյութերի հետ։

 

Նմանատիպ մի թեստ երեխաների հետ անցկացրել է մանկավարժ Լոբսենը։ Նա նույնպես ցույց է տվել նկարներ ու գծապատկերներ, տարել է նրանց թատրոն, իսկ հետո խնդրել է գրել այն, ինչ նրանք հիշել են։ Բազում էքսպերիմենտներտրից հետո Լոբսենը եկել է այն եզրակացության, որ փոքր երեխաներն ավելի ներշնչվող են, քան մեծահասակները, իսկ նրանց պնդումները հավաստի չեն և փաստերի հետ չեն համընկնում։

 

Բենեն փարիզյան աշակերտների հետ էքսպերիմենտ անցկացնելու ժամանակ ցույց է տվել նրանց ստվարաթղթի մի կտոր, որի վրա ամրացված են եղել փոստային նամականիշ, մի քանի կոպեկ, գովազդ, կոճակ և երկու լուսանկար՝ մեկ մարդու և խմբակային։  Յուրաքանչյուր անհատական թեստավորվող երեխայի խնդրել են ուշադրությամբ, տասներկու վայրկյանի ընթացքում նայել ստվարաթղթի այդ կտորին, իսկ հետո պատասխանել էքսպերիմենտատորի՝ գույնի, ձևի և իրերի այլ դետալների մասին հարցերին։ Էքսպերիմենտատորը երեխային տվել է նաև պրովոկացիոն հարցեր, որպեսզի գնահատի ներշնչման ուժի ազդեցությունը։

 

Քսանչորս մասնակիցներից տասնհինգը սխալ են նշել նամականիշի գույնը։ Ոմանք անգամ պնդել են, որ փոստային նամականիշի վրա տեսել են քաղաքի անվանումը, չնայած իրականում նրա վրա կնիք չի եղել։ Աշակերտներից քսանմեկը չեն կարողացել ճիշտ վերարտադրել ստվարաթղթի վրա կոճակի գտնվելու վայրը։ Միջինում, քառասուն հարցից աշակերտները տասնմեկ հարցին սխալ են պատասխանել։ Շարունակելով հետազոտությունը՝ Բինեն երեխաներին բաժանել է 3 հոգուց կազմված խմբերի և յուրաքանչյուր խմբին առանձին հարցաքննել է։ Պարզվել է, որ խմբում եղած երեխաները և խմբերը նույնպես ազդեցություն են ունեցել միմյանց վրա։

 

Երեխաների ներշնչանքը, ուրիշի կարծիքից կախվածություն ունենալը, նրանց պնդումների անվստահելիությունը շատ լավ նկարագրում են հետևյալ պատմությունները, որոնք ինձ պատմել են ծանոթ մանկավարժները։

 

Ցածր դասարանի աշակերտուհին իր դասղեկին ասում, է որ դպրոցում կորցրել է իր գրչատուփը։ Նա ոչ միայն պնդել է, որ թողել է գրչատուփը դպրոցում, այլև ցույց է տվել այն գրասեղանը, որի վրա այն պետք է դրված լիներ։ Նրա դասընկերները <<հիշել են>>, որ իսկապես տեսել են գրչատուփն այդ սեղանին դրված։ Հաջորդ օրն աղջիկը դպրոց գալով գրչատուփով, հիասքանչ անմիջականությամբ հայտնել է ուսուցչին, որ պարզվում է, գրչատուփը ողջ ժամանակ տանն է եղել։

 

Երեխաների հետ հանդիպման համար ուսուցիչ է հրավիրվել մեկ այլ դպրոցից։ Հյուրը դասարանի հետ խոսել է տասը րոպե՝ առանց գլխարկը հանելու։ Երբ նա գնացել է, աշակերտներին հարցրել են, թե իրենց հետ խոսող մարդը որ ձեռքում էր պահում գլխարկը։ Քսանյոթ աշակերտներից տասնյոթը պատասխանել են <<աջ>> ձեռքում, հինգը՝ <<ձախ>>, և միայն հինգ աշակերտ են ասել, որ <<նա ընդհանրապես չի հանել գլխարկը>>։

 

Դասարանին տրվել է հարց, թե ինչ գույնի են այն ուսուցչի բեղերը, ով աշխատում է դպրոցում։ Տասը աշակերտ պատասխանել են <<շագանակագույն>>, ութը՝ (ամեն երկուսը յուրաքանչյուր պատասխանին) պնդում էին <<սև>>, <<մոխրագույն>>, <<սպիտակ>>, <<ալեխառն>>, մեկը՝ <<շիկակարմիր>>։ Եվ միայն մեկ աշակերտ պատասխանել է ճիշտ․ ասել է, որ այդ ուսուցիչը բեղեր չուներ։

 

Այս օրինակները մեզ կարող են տալ հետևյալ եզրակացությունները․

 

1․ Երեխաները չեն կարող նկարագրել իրադարձությունները հերթականությամբ՝  առանց դրանք աղավաղելու, քանի որ երեխաների հիշողությունը ի վիճակի չէ հստակ վերարտադրել բոլոր մանրուքները։ Նրանց պնդումները հաճախ իրականությունից հեռու են լինում։ Երեխաների դիտարկումների որակը, բովանդակությունը, կայունությունը կախված է մի շարք գործոններից, ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման աստիճանը, մոտիվացիան, հետաքրքրվածությունը։

 

2․ Երեխաները հակված են ներշնչման, տպավորվող են, վստահող, կարող են երևակայությունը խառնել իրականության հետ և այդ իսկ պատճառով նրանց պնդումները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը։

 

3․ Երբեմն երեխաները, եթե իրենց դա օգուտ է բերում, գիտակցաբար խեղաթյուրում են փաստերը։ Հետևաբար, վստահել նրանց պնդումներին, ապավինել նրանց խոսքին և վկայություններին՝ խելամիտ չէ։

 

Ծնողները չպետք է թույլ տան, որ երեխաների պնդումները իրենց ընտանեկան կոնֆլիկտում փաստարկներ դառնան, և չպետք է հայացքը կենտրոնացնեն նրանց հաղորդածների վրա։ Խորհուրդ ենք տալիս ծնողներին իրենց այնպես պահել, որ նման իրավիճակի հնարավորությունն անգամ բացառվի։ Եթե երեխաները տեսնում են, որ իրենց վկայությունները ծնողներից մեկն օգտագործում է իր օգտին և դա հոր ու մոր իրարից հեռացման պատճառ է դառնում, ապա նրանք չեն հասկանում, թե ում կողմն անցնեն, ինչպես իրենց պահեն տվյալ իրավիճակում, որպեսզի ծնողներից ոչ մեկին ցավ չպատճառեն։ Երբ տանը տիրում է մշտական լարվածությունն ու թշնամանքը, երեխաները չեն կարող չեզոք մնալ, չներքաշվել այդ կոնֆլիկտի մեջ, և հաճախ ստիպված են լինում ստի դիմել, խույս տալ։ Ծնողները պետք է իմանան, որ նման մոտեցումը փչացնում է անմեղ երեխայի բարոյականությունը, տարաձայնություններ է մտցնում, սպառնում է ընտանիքի բարեկեցությանը։

 

Հատված Ա․Ա․ Ֆուրութանի <<Մայրեր, հայրեր, երեխաներ>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ