Մարդու բնավորության, արժեքների և վարքագծի հիմքերը ձևավորվում են հենց մանկության տարիներին՝ ընտանիքում։ Ծնողների վերաբերմունքը, դաստիարակության մեթոդները և երեխայի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքը մեծ ազդեցություն են ունենում նրա ապագա անհատականության, ինքնագնահատականի և հասարակության մեջ իր տեղը գտնելու վրա։ Սակայն դաստիարակության հարցում ծնողները հաճախ ընկնում են երկու ծայրահեղությունների մեջ՝ կամ չափազանց խիստ վերահսկողության, կամ էլ անսահման ազատության։ Այս երկու մոտեցումներն էլ կարող են բացասաբար անդրադառնալ երեխայի հոգեբանական և բարոյական զարգացման վրա։ Ուստի կարևոր է հասկանալ, թե ինչ հետևանքների կարող են բերել այդ դիրքորոշումները և ինչու է անհրաժեշտ պահպանել հավասարակշռված, առողջ միջին ուղին երեխայի դաստիարակության մեջ։
Առաջին խումբը կազմում են գերիշխող ծնողները, «ավտորիտար դաստիարակության» կողմնակիցները, ում ներկայությամբ երեխաները անկենդան են, ինչպես «պատի վրայի պատկերը»։ Հավատարիմ մնալով բռնապետության մարտավարությանը՝ նրանք մերժում են անգամ երեխաների հիմնավոր պահանջները, պահում են նրանց «բռի մեջ», չեն ընդունում երեխայի ինքնուրույնության իրավունքը։ Ծնողների անդրդվելիությունը, սահմանափակումների ու խստության նկատմամբ նրանց հակումը դրսևորվում է երեխաների խիստ վերահսկողության մեջ։ Օրինակ, հյուրերի ներկայությամբ երեխաներին թույլ չի տրվում լինել ակտիվ, ազատ, ծիծաղել, կատակել, քանի որ նման գործողությունները, ծնողների կարծիքով, կարող են նրան ուրիշների աչքին նվաստացնել։ Նա պետք է արձանի պես նստի սեղանի մոտ և հետևի իր համար անհասկանալի «քաղաքավարի», «արժանավայել» պահվածքին։
Երկրորդ խմբին պատկանում են այն ծնողները, ովքեր հետևելով «ազատ դաստիարակության» սկզբունքին, համարում են, որ երեխան պետք է զարգանա առանց «արգելակների», սահմանափակումների և պարտականությունների այնքան ժամանակ, մինչև հասնի հասունության և բանականության լույսը թույլ կտա նրան տարբերել ինչն է լավ, իսկ ինչը՝ վատ։ Ծնողների տված անսկիզբ ու անվերջ «մանկական ազատությունը» հանգեցնում է նրան, որ նման ընտանիքներում երեխաները հաճախ մեծանում են անհնազանդ ու երես առած։ Մանկության թանկագին տարիները, որոնք ընծայված են նրանց վարվեցողության մշակույթին տիրապետելու, գովասանքի արժանի սովորություններ ձեռք բերելու համար, իզուր վատնում են, և որպես հետևանք՝ մեծանալով, նման մարդիկ բախվում են անհամար խնդիրների հետ։
Պատկերացնենք, օրինակ հինգ տարեկան երեխա, ով շրջապատված է համընդհանուր սիրով ու ում պաշտում են, նա վազում է սենյակի մի ծայրից մյուսը, ընթացքում վերցնում է սեղանից մրգեր ու կոնֆետներ, գետնանուշի կեղևները թափում է գետնին։ Վերցնելով պապի ձեռնափայտն ու վրան ամրացնելով վերնաշապիկը՝ բոլորին անխտիր դրանով բոթում է։ Վերջիվերջո, նրա մտքով անցնում է, որ կարելի է դրանով խփել ավագ քրոջ գլխին, որպեսզի այդկերպ «վախեցնի» նրան․․․
Մեծերը ժպտում են, հավանություն են տալիս փոքրիկի գործողություններին, ամեն կողմից լսվում են մանկական ճարպկության ու հնարամտության մասին գովեստներ։ Եթե մայրը ցանկանա կարգի հրավիրել որդուն, ապա ընտանիքի մյուս անդամները չեն համաձայնի նրա հետ, համարելով, որ երեխայի ազատությունը չի կարելի սահմանափակել․ «Պետք չէ անհանգստանալ, չէ որ նա դեռ փոքր է», «մենք էլ ենք փոքր եղել, թող զբաղվի»։ Հետո շրջվելով դեպի երեխան՝ ավելացնում են․ «Գնա խաղա, փոքրիկ, մենք խնդրել ենք մորդ քեզ չխանգարել», «վազիր, բայց զգույշ եղիր՝ չսայթաքես, ընկնես»։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես է իրեն պահելու երես տված երեխան՝ մեծանալով։
Երբ երեխաները մեծանում են առանց սահմանափակումների, նրանք լկտիություն ու անդաստիարակություն են ցուցաբերում, հաճախ անցանկալի արարքներ են կատարում։ Օրինակ, մոր հասարակ խնդրանքը՝ գնալ և լվացվել, երեխան կարող է մերժել։ Իսկ եթե մայրը փորձի նրան ստիպել ենթարկվել իրեն, ապա նա որպես պատասխան կարող է ճչոցի ու բարկության այնպիսի բռնկում ունենալ, որ «ցերեկը գիշերի վերածվի», և մորը ոչինչ չի մնա, քան հանձնվել ու նրան հանգիստ թողնել։
Երկուսի փորձը, արգելքներն ու սահմանափակումները, թողտվությունն ու ամենաներությունը իրենց էությամբ արատավոր են և անխուսափելիորեն տանում են խեղաթյուրման, երեխայի սխալ անհատականության զարգացմանը։ Ծնողները պետք է պահպանեն ոսկե միջինը, որովհետև չափազանց խստությունն ու կոպտությունը, ավտորիտարությունն ու փոքր երեխայի բոլոր իրավունքների անտեսումը նույնքան վտանգավոր են, որքան սանձարձակությունն ու չափազանց ազատությունը։
Մարդիկ, ովքեր փոքր ժամանակ զգացել են չափազանց մեծ ճնշում, խիստ վերահսկողություն ծնողների կողմից, ոչինչ չեն կարողանում նախաձեռնել, չեն հավատում իրենց ուժերին, նրանց ինքնագնահատականը չափազանց ցածր է։ Մյուս կողմից, մարդիկ, ովքեր մանկության տարիներին երես առած են եղել և սահմանափակումներ չեն ունեցել, եսասեր են, փորձում են շրջանցել գոյություն ունեցող կանոնները և ճողոպրել պատասխանատվությունից, հաճախ ուրիշների վզին են փաթաթում իրենց կարծիքը և անտեսում են շրջապատի ճիշտ խորհուրդները, քանի որ չափազանց ինքնավստահ են և ամեն հարցում ունեն իրենց սեփական տեսակետը։
Ակնհայտ է, որ այս միանգամայն հակադիր ծնողական դիրքորոշումները ոչ ցանկալի դիրքորոշում են։ Մանկավարժներն ու ծնողները պետք է հետևեն միջին ուղուն, էմոցիոնալ հավասարակշռությանը դաստիարակության և կրթման մեջ։ Դա երեխայի վրա դրական ազդեցություն է ունենում, թույլ է տալիս նրան հասնել երջանկության ու հաջողության, հասարակության մեջ քչացնում է ագրեսիվությունն ու ծայրահեղականությունը։