Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Երեխայի <<հիստերիկան>> և դրա կանխարգելումը
Հոդվածներ

Երեխայի <<հիստերիկան>> և դրա կանխարգելումը

Կա մի շատ վատ բառ, որը սովորաբար օգտագործվում է փոքրիկների ժամանակ առ ժամանակ ունեցած հուզական պայթյունները նկարագրելու համար։ Այդ բառն է հիստերիկա։ Այս սահմանումը ոչ միայն ամբարտավան է, այլև ազատում է մեղավոր կողմին (այսինքն՝ ձեզ) պատասխանատվությունից՝ հենց այդ նույն հիստերիկայի համար։

 

Սխալ է. «Օ՜, Մայան պարզապես համառում է։ Եկեք կանգնենք մի կողմ, ձեռքերը կրծքին խաչած, բռնակալի պես, և սպասենք, մինչև հանդարտվի»։

 

Ճիշտ է. «Մայան պառկած է մեջքի վրա, ամբողջովին մարդկանցով լցված ռեստորանի մեջտեղում, ճչում է և փորձում է հարվածել յուրաքանչյուրին, ում կհասնեն նրա ոտքերը։ Ինչպե՞ս հասկանամ, ինչ վատ բան եմ արել նրան»։

 

Տեսնո՞ւմ եք, թե ինչպես է մեկ բառը կանխակալ վերաբերմունք ձևավորում փոքրիկների նկատմամբ։ Այսուհետ «հիստերիկա» բառը մենք գցում ենք փոխաբերական աղբարկղը և փոխարինում ենք այն «բարձրաձայն արձագանք» հասկացությամբ։

 

Անցյալ շաբաթ ես իմ բարձրաձայն արձագանքով գրավեցի շրջապատողների ուշադրությունը՝ «Անկողնային պարագաներ և այլն» տեղական խանութում։ Թող այս առևտրային կետի անվանումը ձեզ չմոլորեցնի։ Այնտեղ ոչ մի «այլն» չկա՝ միայն անկողնային պարագաներ։ Այս մանածագործական քավարանում քառասունվեց ժամ թափառելուց հետո ես զգացի, թե ինչպես է իմ գոտկատեղում հրաբուխ պայթում։ Վերջին բանը, որ հիշում եմ, եգիպտական բամբակից սավանը ատամներով պատռելու փորձն է, և վելյուրե բազմոցի բարձերի վրա միզապարկս դատարկելը, նախքան այնտեղից ամբողջ ուժով փախչելը։ Իմ պահվածքը հենց արձագանք էր, և ոչ թե պատահական միջադեպ։

 

Ծնողներ, եթե ուզում եք ձեռք բերել ձեր փոքրիկների հարգանքը, առաջին բանը, որ պետք է անել, սեփական սխալները ընդունելն է։ Օրինակ, եթե ես գնայի խաղալիքների խանութ և ուտեի համեղ ու սննդարար պաղպաղակ-դեսերտ (ինչպես որ ես խնդրել էի ծնողներիս), մենք կարող էինք խնայել այն գումարը, որը ծախսվեց նկարագրված բարձերի փոխարինման վրա, և ծախսել այն նոր խաղալիքների վրա, որոնց կարքը  ես այնքան ցավագին ունեմ։ Ամեն ինչ պարզ է՞։

 

Հետազոտական աշխատանք։ Զբաղվեք հետազոտություններով և բնական միջավայրում դիտեք բարձրաձայն արձագանքները՝ հասկանալու համար, թե ինչու և ինչպես են դրանք առաջանում։ Նման հետազոտությունների համար հարմար վայր է մթերային խանութը՝ ցերեկվա ժամը չորսից հինգի միջակայքում։ Մեծ հավանականություն կա, որ նման պայթյուններ ձեզ կսպասեն գրեթե յուրաքանչյուր անցուղում։ Բայց հստակ դաս ստանալու համար անպայման այցելեք հացահատիկային ուտեստների/նախուտեստների/չիպսերի բաժինը։ Սուպերմարկետը «ծնող-փոքրիկ» կոնֆլիկտների իսկական ոսկու հանք է՝ «ՈՉ» հայհոյական բառի չափազանց հաճախակի գործածության պատճառով։ Մարդկանց մեծամասնությունը դա չի գիտակցում, բայց կանաչ բանջարեղենն արտազատում է բացասական էներգիա, որն ուժեղացնում է սննդի գնումների ժամանակ երեխաներին համակող տխրությունն ու զայրույթը։

 

Միացրեք այս գործոններին ցերեկային քնից հետո առաջացած գիտակցության շփոթությունը, ավելացրեք դրանց մի ամբողջ պատ համեղ, բայց անհասանելի ընտիր ածխաջրեր,- և, այո, ինքներդ էլ կռահեցիք,- արդյունքը բարձրաձայն արձագանքն է։

 

Հենց հիմա դուք ինքներդ ձեզ հարց եք տալիս. «Մեկ րոպե, ինչու՞ այս ծնողները հենց խանութում չեն բացում կրեկերների տուփը, որպեսզի երեխան գոհ լինի։ Ի՞նչ վատ բան կա սրանում»։

 

Ոչինչ։ Ոչ մի վատ բան չկա։ Միայն մեծերի համառությունն է, որ թույլ չի տալիս նրանց բացել հացահատիկային ուտեստների փաթեթը, որպեսզի երեխան ուժ ունենա մինչև օրվա վերջը ապրելու։

 

Ասում են, հպարտությունը լավ բանի չի հանգեցնում։ Այս դեպքում այն հանգեցնում է երկրագնդի ցանկացած ծայրում ապրող փոքրիկների բարձրաձայն և, անկեղծ ասած, բավականին տպավորիչ արձագանքների։ Ծնողներ, մի խաբեք ինքներդ ձեզ։ Բարձրաձայն արձագանքը հնարավոր չէ կանխել՝ երեխային սայլակի մեջ խցկելով։ Փորձառու փոքրիկի համար դժվար չի լինի պայթել՝ գոռալով հուզական ցավն ու արյան մեջ շաքարի ցածր մակարդակն արտահայտող ճիչով, նույնիսկ եթե բանտարկված է այս տրանսպորտային միջոցի առջևի կեսում։ Մեր ձեռքերն ազատ են՝ ապտակելու համար։ Մեր ոտքերն ամեն դեպքում կարող են հասնել ձեր ծնկների գլխիկներին։ Մեր գլուխները դեռ ընդունակ են պտտվել՝ օդում ութնյակ նկարելով, մինչ մենք արձակում ենք այնպիսի սրտակեղեք ճիչեր, որ շրջապատողները միանգամայն իրավացիորեն կարծում են, թե դուք ամեն ինչ սխալ եք անում։

 

Միակ լուծումը՝ «ձկնիկների» կրեկերների տուփը, յոգուրտի փաթեթը (ձեռքով յոգուրտ ուտելը միանգամայն նորմալ է) կամ կոնֆետների տուփը հենց տեղում բացելն է։ Եվ թող ձեր գլխում գտնվող չար դևերը ձեզ շշնջան. «Մի՛ հանձնվիր, մի՛ ընկրկիր»։ Ստիպեք նրանց լռել և ձեր գիտակցությունը կենտրոնացրեք ներկա պահի վրա։ Եվ գնեք իսկական նվերներ։ Գնեք դրանք ձեր փոքրիկի համար։ Ողողեք նրան ուտելի նվերներով։

 

Բարձրաձայն արձագանքներից մեկը, որին ես ամենից շատ սիրում եմ հետևել, տեղի է ունենում այն ժամանակ, երբ ինչ-որ ծնող փորձում է ժամանակից շուտ երեխային պուրակից տանել։ Բոլորն արդեն գիտեն, որ մեր հասարակությունը գիրության համաճարակի մեջ է։ Ապա ինչու՞ չթողնել ձեր սկսնակ մարզիկին վարժություններ անել, մինչև արևը մայր մտնի և սկսվի երեկոյան առաջին սերիալները (չէ՞ որ հենց սա է իրական պատճառը, թե ինչու եք այդքան շտապում տուն, այնպես չէ՞)։ Ես հիացած եմ երեխաներով, ովքեր բառացիորեն հետևում են բժիշկների խորհուրդներին՝ օրական ևս մի քանի կիլոմետր վազել, իրենց ծնողներին ներգրավելով խաղահրապարակում խենթ հետապնդման մեջ և թույլ չտալով բռնել ու տանել իրենց։ Ես անձամբ մտովի գոռում եմ. «Վազի՛ր, Ֆորրես, վազի՛ր», երբ որևէ մեկի մայրիկը կամ հայրիկը հուսահատ փորձում է բռնել իր ցատկոտ երիտասարդ գազելին։ Սա հրաշալի է։

 

Պայթյուններից պետք չէ վախենալ։ Դրանք պետք է կանխարգելել, և միայն դուք ունեք դա անելու կարողություն։ Հաջորդ անգամ, երբ ձեր մտքով անցնի դրսում սուրճ խմել և չգնել շոկոլադե թխվածքաբլիթ ձեր համբերատար, սիրելի փոքրիկ հրեշտակի համար,- մտածեք հետևանքների մասին։ Պատրա՞ստ եք լավ ցնցման։ Որովհետև մենք պատրաստ ենք։

 

Նշում։ Բարձրաձայն արձագանքները ձեր և ձեր երեխայի միջև անձնական հարցեր են։ Դրանց լուսանկարները «Ֆեյսբուքում» տեղադրելը կամ այլ ծնողների հետ քննարկելը ավելորդ է։ Բացի այդ, դա անձնական կյանքի անձեռնմխելիության մասին օրենքի խախտում է։ Բարձրաձայն արձագանքը հարյուր տարի հետո հիշելը հուզական վիրավորանք հասցնելու համարժեք է։ Երբ փոթորիկն անցնի, սրբեք քրտինքը ձեր դեմքից և շարունակեք ապրել։

 

Տնային աշխատանք։ Երեկոյան ժամը հինգն անց կեսին երեխայի հետ գնացեք խանութ։ Երբ սկսվի բարձրաձայն արձագանքը, գոռացեք. «Հի՛մա, ԱՄԵՆ ՈՔ ԼՌԻ, ԻՆՁ ՊԵՏՔ Է ՕԳՆԵԼ ԻՄ ԵՐԵԽԱՅԻՆ»։ Դրանից հետո բացեք չիպսերի չորս մեծ տոպրակ և հյութի տուփիկ։ Թող ձեր զավակը խնջույք անի։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ