Կենդանին չի կարող մեղք գործել։ Նրա քայլերը որոշվում են նրա բնազդով, և իր կյանքի յուրաքանչյուր պահի կենդանին ազատ է ճիշտ այնքան, որքան ծառը, կամ քարը։ Մենք, սակայն, թեև հարաբերականորեն, բայց ազատ ենք, քանզի ընտրության իրավունք ունենք։ Մեր ընտրությունը կարող է կախված լինել մեր շրջապատից, բայց որոշակի սահմաններում մենք իրավասու ենք ինքներս որոշել՝ ինչպես վարվել։
Դրանում էլ կայանում է մարդու հաղթանակը․ ազատ կամքը նրա հոգու մեծագույն ընծան է։ Եթե մարդն իրականում չկարողանար կատարել ընտրություն, նա ուղղակի կենդանի կլիներ, որը զարգանում է տրված ծրագրին համապատասխան։ Սակայն Աստված կամեցել է, որ իր արարածը հավատա Իրեն և հարկադրված չսիրի։ Նա կամեցել է, որ Իրեն սիրեն հանուն Իրեն, քանի որ միայն ազատ ընտրությամբ սերն է ուրախություն պարգևում։ Այդ իսկ պատճառով էլ նա Իր բարձրագույն արարչագործությանը՝ մարդուն, օժտել է ազատ կամքով, որի շնորհիվ նա կարող է փոխել իր բնավորությունը, հոգեպես աճել, ճանաչել հաղթահարման երջանկությունը և Աստծո հանդեպ սիրո բերկրանքը։ Մեր կամքը մեր ղեկն է։ Մեր ընտրությամբ մենք կարող ենք մեր կողմնացույցի սլաքն ուղղել ճշմարիտ բևեռի ուղղությամբ՝ իրական, արժանի նպատակի, կամ էլ, հնազանդվելով վայրկենական քմահաճույքին՝ շրջել մեր հոգու զարմանահրաշ հայելին դեպի վերև, այնպես, որ կարողանանք բռնել լույսը, որը արձակվում է Տիեզերքի Շարժիչ Ուժի՝ Աստծո կողմից, իսկ կարող ենք այն ներքև շրջել և ուղղել դեպի մութ աշխարհ, մարմնի աշխարհ։ Հայելին վերև շրջելով՝ մենք ավելի ենք բարիանում, դառնում ենք մեր կյանքի տերը, ձեռք ենք բերում խաղաղություն, ինքնավստահություն և երջանկություն։ Մենք բարություն գործելու և արարելու ուժ ենք գտնում, այլ կերպ ասած՝ մենք ձեռք ենք բերում իրական մարդկային որակներ, որոնք մեզ տարբերում են այլ բոլոր արարածներից։ Հայելին ցած շրջելով՝ մենք ամենավայրի գազանից վատն ենք դառնում։ Ատելությունը՝ համակցված խորամանկության հետ, ամենազզվելին է, որը կարելի է պատկերացնել։ Անդունդը, որի մեջ մարդը կարող է ընկնել, իրապես անհատակ է։ Մեր ագահությունը, տարփանքը, սառնասիրտ դաժանությունն աշխարհ են բերում անհաշվելի տառապանքներ՝ այն աշխարհ որտեղ մենք ապրում ենք։ Մեր հայելին ներքև շրջելով մենք զրկում ենք մեզ հանգստից, զգում ենք, թե ինչպես են տագնապն ու ներքին անբավարարվածությունը կրծում մեզ, քանզի պղծվում է մեր իրական «ես»-ը, մեր հոգին, որը մենք նեղություն չենք տալիս մեզ ճանաչել, փոխարենը նրան ստիպում ենք անել այն ամենը, ինչը հակասում է դրա բնույթին։
Այս ամենը տեսականորեն է միայն լավ, բայց հարցը կայանում է նրանում, ի՞նչ կարող ենք և պետք է անենք մենք։ Ի՞նչ է անհրաժեշտ անել, որպեսզի սկսենք շարժվել անհրաժեշտ ուղղությամբ։ Հարցնենք ինքներս մեզ․ իսկ ինչու՞ ենք մենք առհասարակ ինչ որ բան անում այս աշխարհում։ (Ես ի նկատի չունեմ այն, ինչ ստիպված ենք անել՝ ուտել, քնել, ապրելու միջոցներ վաստակել և այլն)։ Մենք անում ենք ինչ-որ բան, որովհետև ցանկանում ենք։ Օրինակ, պետք է գիրք կարդալ, բայց ուզում պարել և գնում ենք պարելու։ Մենք ուտում և խմում ենք այն, ինչն ըստ բժշկի, դանդաղ, բայց վստահ քայքայում է մեր օրգանիզմը, միայն այն պատճառով, որ չենք ցանկանում զրկել մեզ հաճույքներից, չնայած գիտենք, որ դա մեզ համար վատ ավարտ է ունենալու։ Ոչ ոք չի կարող ստիպել մեկ այլ մարդու հայացք գցել դեպի ներս և ինչ-որ բան փոխել իր մեջ։ Եթե մարդը ցանկություն և կամքի ուժ չունի, որպեսզի գործի, աշխարհում ոչ ոք չի կարող նրան օգնել։ Արարքները կախված են միայն մարդուց։ Դրանում էլ հենց կայանում է ձեր և ձեր իրական «ես»-ի միջև պայքարը։ Անգամ նա, ով ձեզ աշխարհում ամենաշատն է սիրում, ով պատրաստ է իր կյանքը զոհաբերել հանուն ձեզ, չի կարող ձեր փոխարեն անել այն, ինչ դուք ինքներդ պետք է ձեզ համար անեք։ Բոլոր գործերից, որոնցով ստիպված ես լինում զբաղվել կյանքում, թերևս, ամենատհաճն այն է, որ մարդը, մենակ մնալով ինքն իր հետ, դեն նետի հպարտության ու մանր ինքնագոհության շղարշը և ուշադիր զննի սեփական բնավորությունը։ Իհարկե, հեշտ է ապրել՝ ինքդ քո մասին հաճելի պատրանքներ ունենալով, խիղճդ քնացնելով մոռացությամբ, կամ ինքդ քեզ համար արդարացումներ հորինելով, օրինակ՝ «հակառակի պես հենց այսօր ես ժամանակ չունեմ դրա համար», կամ էլ «դա տհաճ է, իսկ ինձ հիմա չի կարելի հուզվել»։ Դա, իհարկե, կարող է ձեզ հանգստացնել, բայց ձեր խնդիրը կմնա ձեզ հետ, ձեր ներսում։ Եվ լավագույն բանը դրանից ազատվելն է՝ այսօր, վաղվան չթողնելով։ Երբ ատամը հանում են, երբեմն դա շատ ցավոտ է լինում, բայց հեռացնելուց հետո ցավն անցնում է։ Նույնը վերաբերվում է հոգեկան ցավին։
Վերացնելով դրա աղբյուրը՝ դուք կնկատեք, թե ինչպես աստիճանաբար կսկսի անցնել ձեզ տանջող հոգնածության, անհանգստության, վախի զգացումը։ Դուք արդեն ստիպված չեք լինի թաքնվել ինքներդ ձեզնից, վախենալով դեմ առ դեմ հանդիպել ձեր խղճի հետ, եթե միայն մի օր ականջալուր լինեք նրան, ինչ նա փորձում էր ձեզ ասել այդ ամբողջ ընթացքում։ Եվ այդ ժամանակ դուք ձեռք կբերեք հոգու ամրություն, քանզի համարձակ արարքը մարդուն լցնում է սեփական ուժի գիտակցությամբ։
Բայց կա մեկ գործոն ևս, որն օգնում է մեզ կատարել առաջին քայլը՝ ավելի խորը, ավելի ոգեշնչող գործոն, որն արդարացնում է բոլոր այն դժվարությունները, որոնք անխուսափելիորեն առաջանում են մեր իրական էությունը ճանաչելու առաջին փորձերից, այն, ինչն անպայմանորեն մեզ հաջողություն է ապահովում։ Սա այն նույն գործոնն է, որն ընկած է նյութի ինքնազարգացման հիմքում՝ որոշելով նրա օրինաչափությունը։ Ենթադրենք, ինչ-որ մի բան (բջիջ կամ սերմ), որը գոյություն ուներ սկզբում եզակի թվով, սկսում է բազմապատկվել։ Սկզբում այն կրկնապատկվում է, հետո գործընթացը կրկնվում է, և մենք ստանում ենք ոչ թե երեք, այլ չորս, այսինքն՝ կրկնակի անգամ ավելի։ Չորս թիվը հաջորդ գործընթացի ժամանակ մեծանում է, բայց ոչ թե երկուսով, այլ երկու անգամ և միանգամից ստացվում է ութ, ութից ձևավորվում է տասնվեց, տասնվեցից՝ երեսուներկու, երեսուներկուսից՝ վաթսունչորս, վաթսունիցչորսից՝ հարյուր քսանութ։ Յոթ ցիկլերում դուք մեկ միավորից ստանում եք հարյուր քսանութ, քանզի կենսական գործընթացների աճը տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայի օրենքների համաձայն և ոչ թե գումարման կանոնների։ Եթե զարգացումը տեղի ունենար հասարակ գումարման կանոնների համաձայն, յոթ հաջորդական գործողություններից հետո մենք կստանայինք ընդամենը ութ միավոր՝ հարյուր քսանութի փոխարեն։ Նույնը վերաբերվում է հոգևոր զարգացմանը։ Մեր յուրաքանչյուր քայլ դեպի առաջ, բոլորովին էլ դանդաղ, սողացող վերելք չէ, այլ հզոր թռիչք, մեր էներգիայի և հնարավորությունների ահռելի աճ։ Հնարավոր է՝ առաջին քայլերը կատարելը հեշտ չլինի, սակայն նրանցից յուրաքանչյուրը կտա զարմանալի արդյունքներ, որոնք կարդարացնեն ծախսած ջանքերը։
Ցանկացած զարգացում իրապես հրաշք է։ Փոքրիկ սերմը, իրենից միլիոնավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող շիկացած գնդակի ճառագայթների ազդեցության տակ, կարճ ժամանակում վերածվում է հսկայական ծառի, իսկ գրեթե անտեսանելի ձվաբջիջը ընդամենը ինը ամսվա ընթացքում վերածվում է մի արարածի, որն ընդունակ է տեսնել, լսել, շարժվել, իսկ հետո նաև մտածել։ Այսինքն՝ արարածի, որն իր մեջ ներառում է կյանքի ողջ ուժը։ Հոգին նույնքան կենդանի և կենսունակ արարած է, որքան սերմը կամ բջիջը, և այն նույնքան ապշեցուցիչ կերպով է արձագանքում այն ուժերի ազդեցությանը, որոնք նպաստում են դրա աճին։
Որպես ճշմարտություն ընդունելով այն, որ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր աշխարհն է ենթարկվում որոշակի կանոնների, մենք կարող ենք հարց տալ. ի՞նչ է անհրաժեշտ հոգևոր աճի համար։ Առաջին, նախնական պայմանն արևի ճառագայթների տակ գտնվելն է։ Մեր հոգու համար արևն Աստծո սերն է, որը մեզ են փոխանցում Նրանից բխող ճառագայթները։ Ամեն կենդանի բան աճում է լույսի ներքո՝ լույսը վերածելով նրա աճի համար անհրաժեշտ էներգիայի։ Ամեն բան զարգանում է լույսի ուժի շնորհիվ։ Աստծո սերը լույս է, որն անհրաժեշտ է հոգու համար։ Նրա ճառագայթների ներքո հոգին ծաղկում է, աճում, լցվում թարմությամբ, ձեռք է բերում հիանալի ձև։ Մեր մեջ ծագող բազմաթիվ «ինչու»-ներն այն բաներն են, որոնք դեռևս անհայտ են մեզ։ Մենք չգիտենք, թե ինչու Աստված գոյություն ունի։ Մենք չգիտենք, թե ինչու է տիեզերքը հենց այնպիսին, ինչպիսին այն կա։ Մենք չգիտենք ինչ ասել է Աստված, և ինչ ասել է նյութ, ինչպես, ըստ էության, չգիտենք, թե ինչ ենք մենք։ Բայց մենք գիտենք, այն հարցերի պատասխանները, որոնք սկսվում են «ինչպես» բառով։ Ինչպես ենք մենք լույս աշխարհ եկել հարցի պատասխանը պարզ է դառնում էվոլյուցիան ուսումնասիրելիս։ Գիտության ձեռքբերումներն օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես ապրել այս աշխարհում առավել լիարժեք: Մենք գիտենք նաև ինչպե՞ս մեր ներքին էությունը զարգացնել հարցի պատասխանը։
Տերևները տարածում են իրենց փոքրիկ, կանաչ ափերը՝ փորձելով ստանալ իրենց անհրաժեշտ առավելագույն լույսը։ Կենդանիները ստվերից դուրս են գալիս դեպի արևը, որպեսզի ջերմանան նրա ճառագայթների տակ և կլանեն նրա կենսատու էներգիան։ Թեև մենք անհամեմատ ավելի զարգացած ենք, քան բույսերն ու կենդանիները, մեզ կարծես թե պակասում է այն, ինչով օժտված են նրանք՝ առաջինների բնազդային շարժումը և երկրորդների պարզ ողջամտությունը։ Մենք չենք փորձում ջերմացնել մեր հոգիները հոգևոր արևի ճառագայթների տակ, ընդհակառակը, ամեն կերպ փորձում ենք խուսափել դրանից՝ շրխկացնելով ամբարտավանության, անվստահության կամ համառության փեղկերը, տանջելով մեր դժբախտ հոգիները ցրտով և քաղցով։
Այս աշխարհում մի երևույթի գոյությունը հաճախ պայմանավորված է մյուսի՝ առաջինի հակառակի բացակայությամբ։ Այսպես, խավարը գոյություն ունի այն տարածության մեջ, որտեղ լույս չկա, ցուրտը գալիս է այն ժամանակ, երբ ջերմությունը գնում է, մահը՝ երբ կյանքն ավարտվում է, ատելությունը տիրում է հոգուն, եթե սերը, աստիճանաբար հեռանալով, զիջում է նրան իր տեղը։ Եվ եթե մարդիկ դժբախտ են (իսկ մեծ մասամբ այդպես էլ կա), միայն այն պատճառով, որ նրանք վանել են իրենցից այն միակ ուժը, որը կարող է նրանց վստահություն, ուրախություն, բավարարվածություն տալ՝ սիրո ուժը, որը նրանց Արարիչը շարունակ սփռում է նրանց վրա և որից նրանք ամեն անգամ երես են թեքում։
Հատված Մերի Մաքսվելի <<Կյանքի գաղտնիքը>> գրքից