ՇԱՀ ԱԼԱՄ, Մալայզիա – Երբ անցյալ ամիս հորդառատ անձրևները առաջացրին ուժեղ ջրհեղեղներ ամբողջ Մալայզիայում, ծառայության և կոլեկտիվ գործողությունների ոգին, որը խթանվել էր Բահայի համայնքի ջանքերով, ուղղվեց տուժած թաղամասերի օգնությանը:
Մալայզիայի Բահայի Հոգևոր Ժողովի ուղերձը կոչ է անում այդ երկրի Բահայի Տեղական Հոգևոր Ժողովներին հետևել Աբդուլ-Բահայի օրինակին՝ հիշելով Նրա համատարած սերը բոլոր ազգերի, ռասաների և դավանանքների մարդկանց հանդեպ և արձագանքելով իրենց հայրենակիցների աղաղակող կարիքներին այս օրհասական ժամին:
Տեղական Հոգևոր Ժողովները գործի անցան՝ օգտագործելով բահայի կենտրոնները որպես սննդի, հագուստի, մաքրման պարագաների և այլ անհրաժեշտ իրերի հավաքման և բաշխման կենտրոններ, իսկ Մալայզիայում ընտանիքները իրենց տները ապաստարաններ դարձրին: Շատ դեպքերում մի շարք ընտանիքներ և մարդկանց խմբեր երկար ճանապարհ են անցել տուժած տարածքներ հասնելու և օգնություն տրամադրելու համար:
Առաջիններից արձագանքեցին երիտասարդները, ովքեր ներգրավված էին համայնքաշինության ջանքերում: Յամլա Սատյասելանը, Շահ Ալամ քաղաքի բահայի կրթական ծրագրի համակարգողն է: Նա նկարագրում է մի խումբ երիտասարդների փորձը Շրի Մուդայի շրջանի մոտ. «Հենց որ ջրհեղեղը նահանջեց, մոտակա շրջանների երիտասարդների խմբերը որոշեցին քայլեր ձեռնարկել: Տարբեր շրջաններում մի քանի երիտասարդական խմբեր արագ կապվեցին միմյանց հետ՝ ջանքերը համակարգելու նպատակով: Բահայի ինստիտուտների հետ խորհրդակցելուց հետո այս երիտասարդներից ոմանք եկան Շրի Մուդա՝ օգնելու տարբեր ընտանիքների»:
Ներգրավված երիտասարդներից մեկը նկարագրում է, թե ինչպես մի քանի հոգով ծառայելը կարող է ավելի շատ մարդկանց ոգեշնչել քայլեր ձեռնարկել՝ ասելով. «Մեր թիվը քիչ էր, և մենք շատ հոգնած էինք առաջին օրվանից հետո: Այդ գիշեր մենք հաղորդագրություններ ուղարկեցինք մեզ ծանոթ մարդկանց՝ փնտրելով ավելի շատ կամավորներ: Հաջորդ օրը ավելի շատ մարդիկ եկան օգնության, ինչը մեզ թույլ տվեց բաժանվել մի քանի տարբեր թիմերի՝ սնունդ պատրաստելու և փաթեթավորելու, բաժանելու և ընտանիքներին օգնելու մաքրել իրենց տները»:
Խորհրդակցությունը միշտ էլ եղել է Մալազիայի բահայի համայնքի օգնության ջանքերի բանալին:
Միրշալ Լուրդուսամին, Շահ Ալամի տեղական բահայի համայնքի անդամը, ասում է. «Խորհրդակցության մշակույթը, որը առաջացել է համայնքի կառուցման գործընթացից, օգնեց մեզ պլանավորել և գործել անմիջապես, ինչպես նաև համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ: Զրույցներ են սկսվել նաև տարբեր կրոնական համայնքների հետ՝ օգնություն ցույց տալու ուժերը միավորելու համար»։
Տիկին Լուրդուսամին բացատրում է. ,Շատ մարդիկ այժմ իրենց տեսնում են որպես մեծ ընտանիքի մաս, և ոչ թե միայն անծանոթների, ընկերների կամ ծանոթների, ովքեր ապրում են միմյանց կողքին:
Շահ Ալամի Տեղական Ժողովի անդամ Լուրդուսամի Պակիասամին, անդրադառնալով վերջին ջանքերին, ասում է. Այս աղետը մեզ ցույց տվեց, որ երբ անհատները, համայնքները և ինստիտուտները աշխատում են միասին, իրենց հասարակության բարեկեցությանը նպաստելու նրանց կարողությունը մեծապես բազմապատկվում է: