Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Խաղի նշանակությունը երեխայի կյանքում
Հոդվածներ

Խաղի նշանակությունը երեխայի կյանքում

Մարդու անհատականության ձևավորման և ինքնաճանաչման գործընթացը շարունակվում է ողջ կյանքի ընթացքում՝ սկսած երեխայի ծնունդից, և ենթադրում է հարաբերությունների երեք ոլորտի յուրացում՝ առարկաների ու ֆիզիկական տարածության հետ, սեփական անձի հետ և այլ մարդկանց հետ։ Մարդու զարգացումը հնարավոր է միայն երկխոսության և հարաբերությունների միջոցով։ Ընդ որում՝ չափազանց կարևոր է, որ այս երկխոսությունն ընթանա և՛ արտաքին աշխարհի, և՛ ներքին աշխարհի հետ։ Բայց ինչպե՞ս են փոխկապակցված այս երկու գործընթացները։ Ո՞վ է մտնում երկխոսության մեջ։ Ե՞րբ և ինչպե՞ս է այն սկսվում։ Ինչպե՞ս պահպանել և չխաթարել այս երկխոսելու կարողությունը։

 

Երբ երեխան գալիս է մեր աշխարհ, նրան դիմավորում են մտերիմ մեծերը։ Այս հանդիպման որակն է, որ որոշում է, թե ինչպես երեխան հետագայում կվերաբերվի ինքն իրեն, և ձևավորում է նրա ինքնավերաբերմունքի հիմքը։ Այնուհետև երեխան «հանդիպում է» ինքն իրեն՝ իր զգացողություններին, գործողություններին, զգացմունքներին, արժեքներին, զբաղեցնում է դիրք ինքն իր և աշխարհի հանդեպ, գիտակցում է իրեն։ Երեխայի համար մեծի հետ հարաբերությունների զարգացումն ու ինքնավերաբերմունքի ձևավորումը տեղի են ունենում հենց խաղի մեջ: Որպեսզի փոքրիկը կարողանա գնահատել, հասկանալ իրեն, անհրաժեշտ է ինչպես մտերիմ մեծերի հոգատար ուղեկցումը, այնպես էլ սեփական խաղի համար տարածք։

 

Խաղի ուսումնասիրությանն են նվիրված ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան փիլիսոփաների, հոգեբանների, մանկավարժների բազմաթիվ աշխատություններ։ Անդրադառնալով տարբեր հեղինակների կողմից խաղի/խաղային իրականության տրված սահմանումներին կարող ենք նկատել մի քանի ընդհանուր գծեր խաղի ըմբռնման նրանց մոտեցումներում։ Ընդհանրացնելով տարբեր աղբյուրները՝ կարելի է ասել, որ խաղը ենթադրում է հետևյալի առկայությունը.

 

  • երևակայական իրավիճակ, որը ծավալվում է խաղի ժամանակատարածքում։ Խաղային տարածությունն ունի իր սահմանները, որոնք երեխան և մեծը հատում են։ Ցանկացած տարածք ունի իր կանոնները, և ժամանակն էլ այնտեղ հոսում է առանձնահատուկ կերպով. ցերեկն ու գիշերը կարող են հերթափոխվել ընդամենը երկու րոպեում, և եթե ինչ-որ բան մոռացվում է, ապա գիշերը կարող է կրկին վրա հասնել։ Կանոնների շուրջ կարելի է պայմանավորվել, կարելի է նաև ինքնուրույն սահմանել դրանք ու չընդունել ուրիշների կանոնները։ Դրա համար մասնակիցները պետք է հասկանան և կիսեն միմյանց մտքերն ու կանոնները:

  • հաճույք/հետաքրքրություն, եթե երեխան կամ մեծը գործունեությունն ընկալում են որպես ծանրաբեռնող պարտականություն կամ օգտակար, բայց տհաճ գործ, ապա դա խաղ չէ:

  • խաղի, գործընկերոջ, մասնակցության/չմասնակցության ընտրության ազատություն, բայց ոչ ազատություն կանոններից:

  • խաղային գործընթացների ինքնաբավություն և ինքնանպատակայնություն, երբ խաղի իմաստը փնտրվում է հենց խաղի մեջ։

 

Արտասահմանյան հեղինակների բազմաթիվ աշխատություններում (Զ. Ֆրոյդ, Ա. Ադլեր, Վ. Շտերն, Է. Էրիկսոն) խաղն ընկալվում է հիմնականում որպես միջոց, որով երեխան արտահայտում և լուծում է իր ներքին հակասությունները։ Անկասկած, խաղի այս նշանակությունը կարևոր է ինքնակարգավորման զարգացման տեսանկյունից։ Սակայն կա նաև մեկ այլ շերտ. երեխան ոչ միայն արտահայտում, այլև փոխակերպում է իր անհատականությունը, և հենց սա է, մեր կարծիքով, խաղի հիմնական իմաստը։

 

Խաղի հայտնի հետազոտող Դ.Բ. Էլկոնինի կարծիքով՝ խաղի գործընթացը երեխայի համար հասանելի է դառնում 2,5–3 տարեկանից։ Այս մոտեցման մեջ խաղի միավոր է համարվում երևակայական իրավիճակն ու դերը։ Մեզ, սակայն, հետաքրքրում է սուբյեկտայնության ձևավորման ավելի վաղ գործընթացը և այն, թե ինչպես է դա արտացոլվում երեխայի գործողություններում։

 

Ի. Բերլյանդի «Խաղը որպես գիտակցության երևույթ» աշխատության մեջ հեղինակն անդրադառնում է ավելի փոքր տարիքի երեխաների առանձնահատուկ ակտիվությանը՝ խաղի միավոր առաջարկելով համարել «պատկերման» գործողությունը: «Քայլել սովորած երեխան սկսում է քայլել «յուրահատուկ ձևով»՝ ակնհայտորեն ոչ թե ինչ-որ տեղ հասնելու համար։ Գործողության առարկան հենց ինքը՝ քայլելն է։ Քայլել սովորելով՝ փոքրիկը սկսում է պատկերել քայլելը։ Դառնալով պատկերման առարկա՝ քայլելու գործողությունը փոփոխվում է նաև արտաքուստ՝ շարժումների առումով. երեխան քայլում է «յուրահատուկ ձևով»։ Երեխան կարող է պատկերել իր կողմից արդեն յուրացված տարբեր գործողություններ (քայլել, հագնվել, սնվել), ինչպես նաև զգացմունքներ (վախ, դժգոհություն)»։ Այսպիսով, հեղինակի կարծիքով, տեղի է ունենում գործողության կերպարի (եղանակի) առանձնացումն ինքնին գործողությունից՝ մարդու հոգեկան զարգացման կարևորագույն իրադարձությունը։

 

Այս տեսանկյունից խաղը երեխայի համար ստեղծում է սեփական գործողությունը կառավարելու հնարավորություն՝ դառնալով նրա հանդեպ սուբյեկտ։ Կյանքի առաջին տարում երեխան ակտիվորեն տիրապետում է իր գործողություններին ու շարժումներին։ «Խաղային գործողությունների այս կանխամտածվածությունը, համեմատած համապատասխան «լուրջ» գործողությունների հետ, ոչ այլ ինչ է, քան դրանց հանդեպ ակտիվության, սուբյեկտայնության և ազատության դրսևորում»։

 

Մոտավորապես 1 տարեկան 8 ամսականից–2 տարեկանից սկսած՝ երեխան սկսում է խաղում պատկերել զգացմունքները, այսինքն՝ հեռու պահել իրենից և հասկանալ (գիտակցել) դրանք։ Նա կարծես «հանդիպում է» իր զգացմունքներին և սովորում է ինքնուրույն, մեծի օգնությունից անկախ, դրանց հետ վարվել՝ խաղի միջոցով։ Կյանքի առաջին և երկրորդ տարիներին փոքրիկին դեռ միշտ անհրաժեշտ է մեծի ներկայությունը՝ որպես ուղեկից, ով օգնում է հասկանալ ինքն իրեն և վարվել իր զգացմունքների աշխարհի հետ։ Մեծը գտնվում է երկխոսության մեջ երեխայի զգացմունքների հետ, և սա շատ կարևոր է. այն, թե ինչպես է մեծն ուղեկցում փոքրիկի զգացմունքները, հետագայում կանդրադառնա երեխայի սեփական ունակության վրա՝ ինքնուրույն շփվել ու երկխոսության մեջ մտնել իր զգացմունքների աշխարհի հետ։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ