Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ինչպե՞ս երեխային սովորեցնել շտկել իր սխալը
Հոդվածներ

Ինչպե՞ս երեխային սովորեցնել շտկել իր սխալը

Երբ երեխան ինչ-որ մեկին վիրավորում է, վնասում ուրիշի իրը կամ անպատասխանատու քայլ է անում, մեծահասակների բնական ցանկությունն է ցույց տալ նրան, որ իր արարքը սխալ էր։ Հաճախ մենք կարծում ենք, որ դրա համար երեխան պետք է իրեն վատ զգա։ Նա պետք է ամաչի, մեղավոր զգա կամ որևէ պատիժ կրի, որպեսզի «դաս քաղի»։

 

Բայց պատասխանատվություն սովորեցնելը պարտադիր չէ կապել տառապանքի հետ։ Շատ ավելի օգտակար է երեխային սովորեցնել մտածել. «ես սխալ եմ արել, Ի՞նչ կարող եմ անել այն շտկելու համար»։

 

Այս մոտեցումը դրական կարգապահության մեջ կարելի է անվանել փոխհատուցում։ Երեխան ոչ թե պարզապես պատժվում է կատարվածի համար, այլ մասնակցում է իր արարքի հետևանքները հնարավորինս շտկելուն։

 

Սխալը կարելի է ոչ միայն ընդունել, այլև շտկել

 

Պատկերացնենք, որ երեխան վիրավորել է ընկերոջը։ Կարելի է պահանջել. «անմիջապես ներողություն խնդրի՛ր»։ Երեխան կարող է արտասանել անհրաժեշտ բառերը՝ նույնիսկ չմտածելով դրանց իմաստի մասին։ Բայց կարելի է հարցնել. «քո կարծիքով՝ նա հիմա ինչպե՞ս է իրեն զգում, ի՞նչ կարող ես անել, որպեսզի իրավիճակը շտկես»։

 

Այդ դեպքում երեխան ոչ միայն կատարում է մեծահասակի հրահանգը, այլ սկսում է մտածել իր արարքի ազդեցության մասին։ Հենց սա է փոխհատուցման կարևոր նպատակը՝ զարգացնել սոցիալական պատասխանատվություն, ոչ թե պարզապես ստիպել երեխային «վճարել» իր սխալի համար։

 

Երբ երեխան ինքն է գտնում լուծումը

 

Ջուդին և Լինդան մի օր ուրիշի մեքենայի վրա նարինջներ էին նետել։ Երբ մայրը իմացավ կատարվածի մասին, նա կարող էր բարկանալ, պատժել աղջիկներին կամ անմիջապես որոշել, թե ինչպես պետք է նրանք հատուցեն վնասը։ Փոխարենը նա նրանց հետ նստեց և հանգիստ սկսեց հարցեր տալ։ Նախ առաջարկեց մտածել՝ ինչ կարող էր զգալ մեքենայի տերը՝ պարոն Զիբերտը, երբ տեսել էր կատարվածը։ Հետո հարցրեց.

 

«Իսկ դուք ի՞նչ կզգայիք, եթե որևէ մեկը նույն բանն աներ ձեր մեքենայի հետ»։ Աղջիկները խոստովանեցին, որ իրենց դա դուր չէր գա։ Այդ ժամանակ մայրը հարցրեց. «ի՞նչ կարող եք անել պարոն Զիբերտին պատճառված վնասը փոխհատուցելու համար»։ Սկզբում աղջիկները գաղափար չունեին։

 

Մայրը չտվեց պատրաստի պատասխանը, այլ օգնեց նրանց իրավիճակին նայել տուժած մարդու տեսանկյունից. «Եթե դա ձեր մեքենան լիներ, ի՞նչը կօգներ ձեզ ավելի լավ զգալ»։ Լինդան ասաց, որ կցանկանար ներողություն լսել։ Ջուդին ավելացրեց, որ կցանկանար՝ մեքենան լվանային։

 

Այսպիսով աղջիկներն իրենք գտան երկու քայլ՝ ներողություն խնդրել և մաքրել մեքենան։ Նրանք մեծ ոգևորությամբ չէին պատրաստվում դա անել։ Սեփական սխալն ընդունելն ու դրա հետևանքները շտկելը միշտ չէ, որ հաճելի է։ Բայց այստեղ կարևոր տարբերություն կար. նրանց չէին նվաստացնում և չէին ստիպում տառապել։ Նրանց հնարավորություն էին տալիս պատասխանատվություն ստանձնել։

 

Փոխհատուցումը պատիժ չէ

 

Նույն գործողությունը կարող է լինել և՛ պատիժ, և՛ պատասխանատվություն՝ կախված նրանից, թե ինչպես է այն ներկայացվում։ Եթե մեծահասակն ասում է. «քանի որ սա արել ես, հիմա կգնաս ու ամբողջը կմաքրես, որ հաջորդ անգամ իմանաս», նպատակը երեխային իր արարքի համար վատ զգալ տալն է։ Բայց եթե ասում է. «դու վնաս ես պատճառել, եկ մտածենք՝ ինչ կարող ես անել իրավիճակը շտկելու համար», կենտրոնը տեղափոխվում է լուծման վրա։

 

Տարրական դպրոցի հինգ աշակերտ, օրինակ, վնասել էին դասարանի դռները։ Դպրոցի տնտեսվարը նրանց առաջարկեց մասնակցել դռները նորից ներկելուն։ Նրա վերաբերմունքն այնքան հարգալից էր, որ երեխաներն իրենց աշխատանքը ոչ թե որպես նվաստացուցիչ պատիժ ընդունեցին, այլ նույնիսկ հպարտացան, որ կարողացան շտկել իրենց պատճառած վնասը։

 

Այս դեպքում երեխան սովորում է շատ կարևոր բան. «Իմ գործողությունները հետևանքներ ունեն, բայց եթե սխալվել եմ, կարող եմ ինչ-որ բան անել իրավիճակը շտկելու համար»։

 

Թույլ տվեք երեխային մասնակցել լուծման ընտրությանը

 

Փոխհատուցումն առավել արդյունավետ է, երբ մեծահասակն ամեն ինչ երեխայի փոխարեն չի որոշում։ Փորձեք հարցնել. «Քո կարծիքով՝ ի՞նչ կարող ես անել»։ «Ի՞նչը կարող է օգնել այն մարդուն, ում վիրավորել ես»։ «Ինչպե՞ս կարող ես շտկել պատճառած վնասը»։

 

Երբ երեխան ինքն է առաջարկում լուծումը, նա ավելի ակտիվ է մասնակցում պատասխանատվություն ստանձնելու գործընթացին։ Իհարկե, փոքր երեխաներին երբեմն անհրաժեշտ են տարբերակներ։ Եթե նրանք չգիտեն՝ ինչ անել, կարելի է օգնել հարցերով կամ մի քանի հնարավոր լուծում առաջարկել։ Բայց նպատակը մնում է նույնը՝ ոչ թե որոշել, թե ինչ պատժի է երեխան «արժանի», այլ օգնել հասկանալ, թե ինչպես կարելի է շտկել իրավիճակը։

 

Պատասխանատվություն՝ առանց ինքնահարգանքը կորցնելու

 

Երբ երեխան սխալ է գործում, մենք ուզում ենք, որ նա հասկանա իր արարքի հետևանքները և հաջորդ անգամ ավելի պատասխանատու ընտրություն կատարի։ Դրա համար նրան պարտադիր չէ համոզել, որ ինքը վատն է։ Ամոթը կենտրոնացնում է երեխայի ուշադրությունը սեփական անձի վրա. «ես վատն եմ»։ Իսկ պատասխանատվությունը՝ արարքի վրա. «ես սխալ բան եմ արել և կարող եմ փորձել շտկել այն»։

 

Այս տարբերությունը շատ կարևոր է։ Երեխաները պետք է իմանան, որ սխալը չի վերացնում իրենց արժեքը։ Սեփական արարքը ընդունելը, հնարավորության դեպքում վնասը փոխհատուցելը և հաջորդ անգամ ավելի լավ ընտրություն կատարելը շատ ավելի օգտակար փորձ է, քան պատժից պարզապես վախենալը։

 

Հետևաբար երեխայի սխալից հետո առաջին հարցը կարող է լինել ոչ թե՝ «ինչպե՞ս պատժեմ նրան», այլ՝ «ինչպե՞ս կարող եմ օգնել նրան պատասխանատվություն վերցնել և հնարավորինս շտկել իր արածը»։ Այդպես սխալը դառնում է ոչ թե ամոթի աղբյուր, այլ պատասխանատվություն սովորելու հնարավորություն։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ