Պապս ամեն տարի իր նոր ձիերով մասնակցում էր Միննեսոտայի տոնավաճառում կայանալիք մրցավազքին։ Ես միշտ ուղեկցում էի նրան։ Ամենահիասքանչն այն տարին էր, երբ նա Դաքարի վրա հաղթեց ոսկե մեդալը։ Էլ չեմ նշում փողերի մասին,- ասում էր նա ինձ։ Ձիարշավարանի աշխատակիցներն ամեն տարի համոզում էին պապիս, որ նա չափազանց ծեր է Երկանիվ սայլակների մրցավազքին մասնակցելու համար։ Նրանք առաջարկում էին, որ պապս թույլ տա իր տղային՝ Կլիֆֆորդին, մասնակցել նորեկների մրցարշավին։ Քեռի Կլիֆֆը երեսունհինգ տարեկան էր։ Պապս ասում էր․
-Նրա բերանի կաթը դեռ չորացել, ի՞նչ գործ ունի նա իմ ձիերի վրա։ Նրանք հմուտ ձեռքի կարիք ունեն։
Կարգադրիչները դժկամությամբ գրանցում էին նրան, բայց զգուշացնում էին, որ նա մասնակցում է ձիարշավին վերջին անգամ, իր իսկ բարօրության համար, շատ է ախր ծեր։ Երբ պապս անցավ տրիբունայի մոտով դեպի մեկնարկի վայրը, ամբոխը չտեսնված աղմուկ բարձրացրեց։
-Հն, դու՞ր է գալիս,- ասում էին բոլորը,- Ռիպ-Վան-Վինքլնը այս տարի նույնպես վերադարձել է։
Պապս հիասքանչ տեսք ուներ իր կանաչ-սպիտակ մետաքսե հագուստի մեջ։ Դու երբեք չէիր կռահի, որ դարպասից այն կողմ նա թողել է իր ձեռնափայտերը և նրան օգնել են նստել սայլի մեջ։ Դաքարին նա պահում էր հիանալի ձևի մեջ, բայց մրցավազքից մի քանի օր առաջ նա դադարում էր մաքրել և թիմարել Դաքարին և ընդհանրապես հոգ չէր տանում նրա արտաքին տեսքի մասին։ Դաքարն այնքան էլ լավ տեսք չուներ։ Ինչքան վատանում էր նրա տեսքն, այնքան ավելի բարձր էր ծիծաղում պապս։
-Խեղճ ծերուկ Սեմ Կլարկ,- ասում էր նա,- Այս խղճուկ ձին ամբողջ օրը թափահարելու է իր պոչը Սեմի դեմքին։
Ինչ-որ մեկը ամբոխի միջից գոռալով դիմեց պապիս, երբ նա անցնում էր տրիբունի մոտով․
- Որտեղի՞ց ես պեղել էդ ձրիակերին, Մե՛լ։ Նա էնպիսի տեսք ունի, ասես արդեն վազել է։
Պապս լուռ էր, բանի տեղ չէր դնում։ Դաքարն առաջին մրցաշրջանին կես գլխի չափով մի կերպ կարողացավ առաջ անցնել Սեմ Կլարկի Մրրիկին։
-Ես նրան ետ էի պահում,- ասաց պապս,- Սեմին թվում էր, թե ես հանձնվում եմ։ Նա մտածում էր, որ կկարողանա հաղթել, եթե ջանք գործադրի, բայց նա չգիտի, որ ես ջանք չեմ գործադրում։ Մյուս մրցաշրջանից հետո նա արդեն կսկսի փողերը հաշվել։
Պապս շնչահեղձ ծիծաղեց իր սուր, ասթմատիկ ծիծաղով և համբուրեց Դաքարի ռունգը։ Պապս ասաց, որ եթե ես ուզում եմ տեսնել յոթանասունամյա պարկամկանը գործի ընթացքում, ապա պետք է ուշադրությամբ հետևեմ նրան հաջորդ մրցաշրջանին։ Ինչը և ես արեցի։ Մեկնարկից հետո պապս գլխավորում էր մասնակիցներին։ Ջո Կեյսիի Ասուպը գնում էր նրա հետ կողք կողքի։ Քաղաքապետ Ֆլետչէրի Փոքրիկ Լեդին երրորդն էր Սեմ Կլարկի Մրրիկի կողքին, ով առաջ էր նետվել։ Մրրիկը հասավ Դաքարին կես ճանապարհին, ու բոլորին թվաց, որ պապս աշխետից վերջին ուժերն է քամում, բայց Սեմ Կլարկը վերջնակետն անցավ մի գլխով։ Նա պապիս մի լայն, հովանավորող քմծիծաղ նվիրեց՝ շրջվելով դեպի նա, երբ հավասարվեց նրա հետ․
-Ես քեզ թույլ տվեցի հաղթել առաջին անգամ, Վագնե՛ր, միայն բարի հոգու կամքով, հարգելով սպիտակ մազերդ, իսկ հիմա, ավելի լավ է սողա հետ՝ էդ ցախանոցիդ փետակտորներիդ մոտ, իսկ էդ ձիուկիդ հանձնիր Էլմարի մսի խանութ։
Պապս չափազանց բարկացած տեսք ուներ։ Ուղիղ այնքան, ինչքան հարկավոր էր, որպեսզի նա զրկվեր խելամտության մնացորդներից։
-Սեմ, իսկ դու չե՞ս ուզում գրազ գալ հաջորդ մրցաշրջանի վրա, քո փոքր սև լծի վրա։
-Խնդրեմ,- ասաց Սեմը,- և այն ամենի վրա, ինչ որ էլի կցանկանաք։
-Իսկ ինչ կասես ոսկե զարդարանքով սայլակի մասին։
-Շատ լավ։
-Իսկ Սեդար Լեյկի արոտավայրերի խոտի հիսուն դեզը՞։
-Համաձայն եմ, ինչի վրա ասես, միայն թե թող նա, ում մենք երկուսս էլ վստահում ենք, հաստատի, որ դա փող արժի։
Պապս օրորեց գլուխը․
- Մենք չենք կարող գտնել մի մարդու, ում երկուսս էլ կվստահենք։ Ես հավատում եմ քո խոսքին։
Աշխատողներից մեկը լսեց նրանց խոսակցությունը:
- Ծերանում ես, Մե՛լ,- ասաց նա։
Պապս խորամանկ աչքով արեց ինձ՝ գնալով դեպի մեկնարկի վայրը երրորդ՝ վերջին անգամ։ Այժմ մնացել էին երկու ձի՝ Դաքարն ու Մրրիկը։ Մրրիկն առաջինն առաջ սլացավ զարգացրեց իր առավելությունը։ Ես սկսեցի անհանգստանալ։ Հույս ունեի, որ պապս չափազանց երկար չի ձևացնի և չի սխալվի մրցատարածության մեջ։ Առաջ սլանալով՝ Սեմ Կլարկը շրջվեց ու վիրավորական քմծիծաղով՝ ձեռքով արեց պապիս։ Նրանց միջև մի գլխի հեռավորություն էր, երբ պապս մի զարմանալի գոչյուն արձակեց․
-Գնա՛։
Դաքարը գնաց։ Նրա ականջները հետ սեղմվեցին, և ինչ-որ արտասովոր բան տեղի ունեցավ: Նա հասավ ու անցավ Մրրիկին այնպես, ասես Մրրիկը ատրճանակի կոթ լիներ, իսկ Դաքարը՝ նրանից դուրս թռած գնդակ։ Նա հաղթեց առանց ջանք անգամ գորխադրելու։ Նա երեք երկարությամբ առաջ ընկավ, երբ անցնում էր մրցավարների տրիբունայի մոտով։ Պապս շրջվեց դեպի սայլն ու բռունցքը թափ տվեց մրցավարների վրա․
-Սրա՞ն ինչ կասեք, միջին տարիքի փորձագետնե՛ր։
Դաքարը ծաղիկներից մի հիասքանչ պսակ ստացավ։ Պապս ոսկե մեդալի արժանացավ, դրամական պարգևատրության՝ առաջին տեղի համար, ու կշտամբանքի՝ կազմակերպիչների կողմից։ Նրանք ասացին, որ մրցարշավներին մասնակցել նա այլևս չի կարող։ Պապս ցույց տվեց ինձ մեդալը:
- Միգուցե վերջինն է, որ ստանում եմ,- ասաց նա,- բայց սա իմ ամենամեծ հպարտությունն է, և ես սրանից երբեք չեմ բաժանվի։
Երբ պապս հեռանում էր մրցուղուց, նրան ճանապարհում էին որոտաձայն օվացիաներով․․․։
Երբեք պետք չէ թերագնահատել մարդկանց։ Բոլորովին նշանակություն չունի, թե մարդը քանի տարեկան է։ Այս պատմությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մարդու արժեքը չի չափվում տարիներով, արտաքին տեսքով կամ ուրիշների կարծիքով։ Տարիքը կարող է սահմանափակել մարմինը, բայց ոչ կամքը, փորձը և հավատը սեփական ուժերի նկատմամբ։
Այս պատմությունը ցույց է տալիս, որ իսկական ուժը գալիս է համառությունից, խելքից և ինքնավստահությունից։
Պատմության վերջում հաղթանակը կարևոր է ոչ այնքան մեդալի կամ մրցանակի համար, որքան որպես ապացույց, որ երբեք չի կարելի շտապ եզրակացություններ անել մարդու հնարավորությունների մասին։ Որքան էլ տարիները անցնեն, մարդը կարող է մնալ ուժեղ, արժանապատիվ և հաղթող։
Պատմությունը վերցված է Վիլիամ Սիրզի <<Աստված սիրում է ծիծաղ>> գրքից