Մարդն իր էությամբ սոցիալական է։ Նա ապրում և շփվում է այլ մարդկանց հետ, բայց ամենից շատ նա կապված է ընտանիքի հետ։
Յուրաքանչյուր ազգ ունի իր ավանդույթները, որոնց նրա յուրաքանչյուր ներկայացուցիչ փորձում է հետևել։ Եթե սակայն, ինչ-որ մեկը շեղվում է բոլորի կողմից ընդունված նորմերից և սկսում է իրեն պահել ոչ այնպես, ինչպես մյուսները, ապա նրա մոտ խնդիրներ են ծագում ընկերական ներդաշնակ հարաբերություններ ստեղծելու գործում։
Ես ինքս ծնողների անսովոր համառության ականատեսն եմ եղել՝ իրենց փոքր երեխաներին լավ վարվելակերպ սովորեցնելու գործում։ Դրա հետ մեկտեղ հենց ծնողների կողմից ընդունված կանոնների խախտումը նույն շրջապատի մեջ հանգեցրեց նրան, որ ծնողների ջանքերը միայն ստորացրին հենց իրենց՝ այլ մարդկանց աչքերում, ովքեր նման գործողություններն ընդունեցին որպես անհարգալից վերաբերմունք և լավ պահելաձևի չիմացություն։ Դա կարող է միայն ափսոսանք առաջացնել, բայց շատ ծնողներ ոչ մի նշանակություն չեն տալիս պահելաձևի կուլտուրային, և եթե անգամ նրանք հասարակության մեջ պահպանում են էտիկետը, նրանք չեն սովորեցնում դա երեխաներին։ Արդյունքում երեխաները չեն կարողանում իրենց ճիշտ պահել շրջապատում և նրանց յուրաքանչյուր քայլը ծնողների համար բազում խնդիրներ է առաջացնում։
Պատկերացրեք՝ հանդիպում հնգամյա աղջնակի հետ, ում լավ վարվեկերպ են սովորեցրել։ Նա ձեզ միանգամից բարևում է, հենց տեսնում է։ Դուք հարցնում եք նրա անունը, նա ձեզ պատասխանում է։ Ձեր բոլոր հարցերին՝ տարիքի, տան, տիկնիկների, խաղընկերուհիների, եղբայրների և քույրերի մասին նա քաղաքավարի պատասխանում է։ Սեղանի մոտ նրա շարժուձևը հիացմունքի է արժանանում, նա կարողանում է անել այն ամենը, ինչ պետք է կարողանա իր տարիքում։
Եթե դուք այստեղ տեսնեք նաև անդաստիարակ երեխայի, միանգամից կզգաք տարբերությունը։ Ձեզ տեսնելով՝ նա թաքնվում է մոր ետևում ու ամուր կառչում նրա շրջազգեստից։ Մայրը փորձում է նրան կարգի հրավիրել, բայց դա նրան չի հաջողվում։ Վերջապես շատ ջանքերից ու համոզելուց հետո նա հանգստանում է, և դուք կարողանում եք հարցնել նրա անունը։ Բայց պատասխանելու փոխարեն նա մատը բերանն է խոթում ու հայացքն ուղղում գետնին։ Եթե, սակայն, դուք պնդում եք ու կրկնում ձեր հարցը մի քանի անգամ, ապա նա քաշում է մոր ձեռքից ու պահանջում․ «ասա՛, դե ասա՛»։ Եթե դուք աղջնակի հետ եք խոսում ու հարցնում եք՝ արդյոք նա տիկնիկ ունի, նա կարող է պատասխանել․ «Չեմ ուզում խոսել, դա քո գործը չէ»։ Երեխան այնքան վատ է իրեն պահում, որ մայրը կարիք է զգում նրան պատժելու, և Աստված մի արասցե, եթե նա որոշի լաց լինել։
Վերոնշյալ օրինակները երևակայության արդյունք կամ չափազանցություն չեն։ Ընդհակառակը՝ դա բացարձակ ճշմարտություն է, և շատ երեխաներ են նման նրանց, ում ես քիչ առաջ նկարագրեցի։ Ընդհանուր առմամբ երեխաների դաստիարակությունն ու մանկությունից նրանց լավ պահելաձև սովորեցնելը ուժ ու համբերություն են պահանջում։ Եթե այդ խնդիրը հեշտ լիներ, մենք այդպիսի տարբերություն չէինք տեսնի դաստիարակված և անդաստիարակ մարդկանց միջև։
Եթե մարդու պահվածքը ժամանակի, փորձի հետ մեկտեղ կատարելագործվեր, կարիք չէր լինի դրա վրա այդքան ուժ ծախսել, և մարդիկ կմեծանային, ինչպես ծառերն անտառում։ Կենսաբանորեն մարդն իհարկե ինքն իրեն է զարգանում, բայց դա բավարար չէ։ Ինտելեկտուալ, հոգևոր հնարավորությունները կարծես թե ամբողջովին կախված են դաստիարակությունից։
Երբ այգեգործը հոգ չի տանում ծառի մասին, չի խնամում այն, բավականաչափ հաճախ չի ջրում այն, չի պարարտացնում և չի քաղհանում կողքի մոլախոտերը, նա այդ ծառից պտուղ չի ստանում։ Եվ ուրեմն ինչպես կարելի է մտածել անգամ երեխային ինքնահոսի թողնելու մասին և թույլ տալ նրան վատնել մանկության թանկարժեք տարիները։ Կորցնելով մանկության «հարստությունը» կյանքի «մոլուցքային խաղի» մեջ, նա կհասնի հասունության ու կհասկանա, որ դաստիարակության համար ամենահարմար ժամանակն արդեն անցել է և նրա մտավոր ունակություններն անհաս են մնացել։
Մայրերն ու հայրերը պետք է ուշադրություն դարձնեն բանաստեղծ Սաադիի խոսքերին, որը գրվել է ավելի քան յոթ հարյուր տարի առաջ․
Երջանկության չի հասնի նա,
Ում մանուկ օրերին լավ չեն կրթել,
Կանաչ շիվը հեշտ է ճկել,
Չորացած ճյուղը միայն կրակը կարող է ուղղել։