Մարդը ուսանելի արարած է։ Նա ընդունակ է տիրապետել գրեթե ամեն ինչին։ Անքնությամբ տառապողները սկսում են քնել ավտո թրեյնինգի միջոցով, հարբեցողները և թմրամոլները ազատվում են իրենց կախվածությունից, կակազողները սովորում են խոսել սահուն և առանց սայթաքելու։ Ինչպե՞ս են նրանք հասնում դրան` համառության, համբերության, մարզումների շնորհիվ։ Մարդու համար անհասանելի գրեթե ոչինչ չկա։ Եվ ուրեմն, մի՞թե անհնար է, որ մարդիկ երջանիկ դառնան, սովորեն ինքնուրույն կառուցել իրենց կյանքը։ Դժվար է հավատալ, որ նրանք անկարող են դա անել։ Բնությունը լի է հանգստությամբ և ուրախությամբ, թեև այն երբեմն խիստ է լինում իր զավակների հանդեպ։ Երկրի վրա ամեն ինչ հավասարակշռված է և իր տեղն ու նպատակն ունի։ Եվ մարդկանց, անկասկած, տեղ է հատկացված, յուրաքանչյուրին՝ իրենը, ճիշտ համապատասխանը, մի տեղ, որը գտնելով մարդը կարող է զարգացնել այն, ինչը բնորոշ է իրեն, գտնել իր երջանկության չափանիշը։ Բայց մինչև մարդը ինքնուրույն չդառնա, մինչև չընկալի այն օրենքները, որոնք կառավարում են իր ներքին էությունը, նա աննպատակ թափառելու է կյանքում։ Անպատեհ է հետևյալ մեկնաբանությունները ապացույցներով կամ երկար մեջբերումներով հաստատելը։ Սրանք ներկայացված են որպես ակնհայտ ճշմարտություններ, որոնց հիման վրա կարելի է կատարել որոշակի եզրակացություններ և տալ գորրծնական խորհուրդներ։
Մարդը բոլոր արարածներից միակն է, ով օժտված է երկակի բնույթով, և այդ երկակիությունը դրսևորվում է նրանով, որ նա ունի ոչ միայն մարմին, այլ նաև հոգի՝ չմեռնող, անմահ հոգի։ Հոգևոր սկզբի գոյությունը այն կարևոր բանն է, որը սահմանում է մարդու էությունը, այն, ինչը տարբերում է նրան բոլոր այլ կենդանի արարածներից։ Այս եզակի պարգևը տրվում է մարդուն նրա արարման, այսինքն՝ սաղմի բեղմնավորման պահին, և հենց դրանում է կայանում մարդկային անհատականության անկրկնելիությունը, նրա անհատականության հիմքը։ Մարդու մարմինը գրեթե չի տարբերվում կենդանու մարմնից, նրա կարիքները, ցանկություններն ու բնազդները գրեթե նույնն են, ինչ չորսոտանիներինը։ Ինչպես մեր մոլորակի վրա գոյություն ունեցող յուրաքանչյուր այլ կենսաձև, մարմինն ապրում է միայն մեկ անգամ, այն ծնվում է, մեծանում, մահանում, քայքայվում։ Մարմնի հետ են կապված այնպիսի վիճակներ, ինչպիսիք են սովը, ծերությունը, վախը, կապվածությունը, զայրույթը, հաճույքը և այլն։ Եվ չնայած մարդն այս ամենը վերապրում է յուրովի, ըստ էության, այս բոլոր դրսևորումներով հանդերձ նա շատ քիչ է տարբերվում կենդանական աշխարհի որևէ այլ ներկայացուցչից։ Աստծո ամենամեծ պարգևը մարդուն նրա հոգին է, աննյութական իրականությունը, որը մարմնի հետ կապված է նրա ուղեղի գործառույթներով և օժտված է անհատականությամբ, գիտակցությամբ, բարձր հոգեկան կարողություններով, ինչպես նաև նրանով, ինչը կարելի է անվանել հոգևոր ուժ՝ հատկություն, որը գոյություն չունի կենդանական աշխարհում։ Մարդու հոգին իր գոյությունն սկսում է մարմնի հետ միասին, այլ խոսքերով ասած՝ բեղմնավորման պահին, և մինչ մարմինն ապրում է, այն մշտական կապի մեջ է գտնվում նրա հետ՝ փոխազդելով մարմնական գործառույթների հետ, ըմբռնելով երկրային կյանքի փորձը։ Հոգին չի մեռնում մարմնի հետ, ընդհակառակը՝ այն ազատություն է ձեռք բերում և շարունակում է ապրել հավերժ՝ որպես մարդու անհատականություն, ով գիտակցում է ինքն իրեն և ուրիշներին։
Հոգին կարելի է համեմատել հեծյալի հետ, իսկ մարմինը՝ ձիու։ Եթե հեծյալը բավականաչափ հմուտ չէ, եթե նա այնքան լավ չի տիրապետում իր արվեստին, որպեսզի ձիավարման ընթացքում ձին և մարդը միաձուլվեն մեկ ամբողջի մեջ, ապա նա ստիպված է լինում կամ անընդհատ սանձել ձիուն, կամ ի վերջո նետել սանձը՝ ենթարկվելով նրա կամքին։ Ներկայումս գրեթե բոլորս փորձում ենք ողջ ուժով կառչած մնալ այն ձիուց, որը վազում է՝ ատամների արանքում սեղմելով սանձափոկերը։ Բայց մենք այնքան էլ լավ չենք կառավարում, ու մեր մտքին միայն մեկ բան է՝ միայն թե չընկնենք, միայն թե ուրիշները չնկատեն, որ մենք հազիվ ենք մեզ պահում ձիու վրա։ Մենք վատ հեծյալներ ենք, մեզ պետք է լավ ձիավարության դպրոց, որտեղ նաև խիստ կլինեն մեզ հետ։
Եկեք դիտարկենք մարդկային բնույթի այս երկու կողմերը։ Մենք գիտենք, որ մարմինն ունի իր յուրահատուկ կարիքները, հետևաբար, տրամաբանական է ենթադրել, որ հոգին նույնպես պետք է դրանք ունենա։ Մարմինը զգալու ունակություն ունեցող մեքենա է, և նրան, ինչպես բոլոր կենդանիներին, առաջին հերթին մտահոգում է այն, թե ինչպես ապահովել իր համար այդքան ցանկալի հարմարավետությունը, նաև ինչպես կատարել բնության մեծագույն կենսաբանական օրենքը՝ սերունդների վերարտադրությունը, որպեսզի տեսակը պահպանվի։ Միևնույն ժամանակ մարդու մարմինը, իր յուրահատուկ կազմության շնորհիվ, ի վիճակի է մարդու ֆիզիկական կարողությունների փոխազդեցության շնորհիվ՝ նրա մյուս, ավելի բարձր կարողությունների՝ հոգու և մտքի ուժերի հետ, հասնել որոշակի կատարելության, որը թույլ կտա նրան ինչ որ չափով անկախանալ բնությունից, որն անհասանելի է կենդանիներին։ Մարդը որոշակի չափով անկախ է ընտրելու, թե ինչպես ապրել, մինչդեռ յուրաքանչյուր կենդանի ապրում է այնպես, ինչպես նրան վիճակված է։ Մարդն օգտագործում է իր բնական ունակությունները (դրա հետ մեկտեղ հաճախ դրանք չարաշահելով), այնպես, ինչպես ոչ մի կենդանի չի կարող անել։ Վերցրեք, օրինակ, սեռական բնազդը․ մարդկային ցեղի մոտ այն լիովին տարբերվում է կենդանիներից։ Այն կարող է կապված լինել սիրո և զոհաբերության ամենաանշահախնդիր, քնքուշ ու հիասքանչ զգացմունքների հետ, սակայն կարող է վերածվել այլասերությունների, սադիզմի, ավելորդությունների, որոնք գոյություն չունեն կենդանական աշխարհում։ Սնունդն ուտելը մարդը վերածել է արվեստի, հաճույք ստանալու միջոցի, շփման առիթի։ Որոշ մարդիկ հիվանդանում են սննդի միջոցով, մյուսները՝ հակառակը հիվանդություններից բուժվում։ Այլ խոսքերով ասած՝ անգամ մեր կենդանական բնույթը օժտված է ազատությամբ, որը հասանելի չէ այլ կենդանի էակներին։
Որո՞նք են սակայն մեր բարձրագույն, հոգևոր սկզբի կարիքները, որոնք հավերժ կմնան։ Մարմինը գիտի իր ճանապարհը՝ այն պետք է մեծանա, ուժ հավաքի, բավարարի իր կարիքները։ Նա նաև գիտի, որ ի վերջո հող է դառնալու։ Մեզնից շատերը, չափազանց մակերեսորեն գիտակցելով մեր իրական «ես»-ը և գրեթե ուշադրություն չդարձնելով հոգու ներքին կարիքներին, հազիվ թե երբևէ մտածեն՝ արդյոք հոգին ստանում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է, առո՞ղջ է արդյոք, ի՞նչ ապագա է նրան սպասվում։ Մինչդեռ հենց հոգևոր քրոնիկ քաղցի վիճակը, իրական «ես» -ի կարիքների մշտական անտեսումն է մարդու իրական երջանկության ճանապարհին գոյություն ունեցող հիմնական խոչընդոտը։ Մենք հաճախ ենք հանդիպում մարդկանց, ում մոտ նյութական տեսանկյունից ամեն բան կարգին է․ նրանք առողջ են, հարուստ, ունեն ընտանիք, հանգստի ժամանակ։ Բայց դրա հետ մեկտեղ նրանք, չունենալով հանգիստ, տենդագին նետվում են մի զվարճանքից մյուսը և երբեք բավարարվածություն չեն զգում։ Նրանք վազում են ողջ կյանքում՝ առանց ետ նայելու, սակայն իրականում փորձում են փախչել խորը ներքին անբավարարվածությունից, այլ կերպ ասած՝ իրենց սովալլուկ, դժբախտ հոգուց։ Իսկ մյուսները, եթե անգամ մտածում են, թե ինչ են իրենք իրենցից ներկայացնում, հաճախ նյարդայնություն, իսկ երբեմն էլ թշնամանք են զգում իրենց ներքին էության հանդեպ։ Նրանք մտածում են մոտավորապես այսպես․ «Եթե ես քեզ լսեի, արդյո՞ք իմ կյանքում հաճույք կլիներ»։ Անկասկած, մեր ներքին, նվիրական էության հանդեպ նման մոտեցումը վկայում է անխոհեմության ու անհասունության մասին։ Բնության մեջ ամեն բան ներդաշնակ է շարժվում՝ միանգամայն հասկանալի օրենքների շրջանակներում։ Այդ դեպքում ինչու՞ մենք ՝ արարչագործության բարձրագույն ձևը, ի վիճակի չենք ներդաշնակություն հաստատել մեր ներսում գոյություն ունեցող երկու ակունքների՝ հոգու և մարմնի միջև։ Ինչու՞ չենք կարողանում գտնել երջանկություն, և որ ամենաթանկն է՝ մտքի խաղաղություն, բավարարել մեր բոլոր կարիքները՝ և՛ նյութական, և՛ հոգևոր։
Հատված Մերի Մաքսվելի <<Կյանքի գաղտնիքը>> գրքից