Երեխայի խնդրահարույց վարքի համար մեկ համընդհանուր լուծում գոյություն չունի։ Նույնիսկ արտաքուստ նույն վարքը կարող է տարբեր պատճառներ ունենալ։ Այդ պատճառով արդյունավետ արձագանքը կախված է նրանից, թե ինչ է երեխան փորձում ստանալ իր վարքի միջոցով։
Յուրաքանչյուր երեխա ուշադրության կարիք ունի։ Սակայն երբ նա համոզված է, որ կարևոր է միայն այն ժամանակ, երբ մեծահասակն ամբողջությամբ իրենով է զբաղված, ուշադրության պահանջը կարող է դառնալ անվերջ։
Այս դեպքում կարելի է երեխայի էներգիան ուղղել օգտակար գործողության։ Օրինակ՝ դասարանում նրան հանձնարարել հավաքել տետրերը կամ օգնել որևէ կազմակերպչական գործում։ Տանը կարելի է նախապես պայմանավորվել հատուկ ժամանակի մասին․
— Հիմա ես զբաղված եմ, բայց ժամը վեցին մենք միասին ժամանակ ենք անցկացնելու։
Կարելի է օգտագործել նաև ոչ խոսքային նշաններ՝ ժպիտ, աչքով անելը, ձեռքը սրտին դնելը՝ ցույց տալով․ «Ես քեզ տեսնում եմ, սիրում եմ, բայց հիմա չեմ կարող ամբողջ ուշադրությունս քեզ տալ»։ Կարևոր է անտեսել ոչ թե երեխային, այլ ուշադրություն պահանջող վարքը։
Երբ մեծահասակը մտածում է՝ «Ես նրան ցույց կտամ՝ ով է այստեղ գլխավորը», իսկ երեխան՝ «Դու ինձ չես ստիպի», իրական խնդիրը գրեթե անհնար է լուծել։ Առաջին քայլը իշխանության պայքարից դուրս գալն է։ Կարելի է նույնիսկ բարձրաձայն ասել․
— Կարծես երկուսս էլ փորձում ենք հաղթել։ Ես չեմ ուզում քեզ հետ պայքարել։ Եկ միասին մտածենք՝ ինչպես լուծենք խնդիրը։
Օգտակար է նաև ընդունել մի պարզ փաստ․ մենք իրականում չենք կարող երեխային ստիպել ցանկանալ այն, ինչ մենք ենք ցանկանում։ Փոխարենը կարող ենք սահմաններ դնել մեր սեփական գործողությունների շուրջ։ Օրինակ․
— Ես կլվանամ այն հագուստը, որը դրված է լվացքի զամբյուղի մեջ:
կամ՝
— Ես կշարունակեմ դասը, երբ բոլորը պատրաստ լինեն։
Երեխային կարելի է տալ սահմանափակ ընտրություն և ներգրավել լուծման որոնման մեջ։ Իշխանության ձգտող երեխաները հաճախ ունեն նաև ուժեղ առաջնորդական հատկանիշներ։ Խնդիրն այդ ուժը կոտրելը չէ, այլ օգնելը, որ երեխան այն օգտագործի կառուցողական ձևով։
Վրեժի հիմքում սովորաբար վիրավորանքն է։ Երեխան կարծես ասում է․
«Դու ինձ ցավ ես պատճառել։ Հիմա ես ուզում եմ, որ դու էլ զգաս այդ ցավը»։
Ամենավտանգավոր քայլն այս պահին նույն կերպ պատասխանելն է։ Եթե երեխան ասում է՝ «Ես քեզ ատում եմ», իսկ մեծահասակը պատասխանում է վիրավորանքով կամ պատժով, երկուսն էլ հայտնվում են վրեժի փակ շրջանում։ Փոխարենը կարելի է ասել․
— Հավանաբար հիմա շատ վիրավորված ես։
Կամ՝
— Ես տեսնում եմ, որ շատ ես բարկացել։ Եկ այս մասին խոսենք, երբ երկուսս էլ հանգստանանք։
Հետագայում երեխային պետք է լսել՝ առանց անմիջապես արդարանալու կամ ապացուցելու, որ նա սխալ է հասկացել իրավիճակը։ Երբ երեխան զգա, որ իրեն իսկապես հասկացել են, շատ ավելի պատրաստ կլինի լսել նաև մեծահասակի տեսակետը և միասին լուծում փնտրել։
Այստեղ ամենակարևորը համբերությունն է։ Երեխային ասել՝ «Դու կարող ես, պարզապես փորձիր», միշտ չէ, որ բավարար է։ Նա կարող է իսկապես չհավատալ դրան։ Օգնեք նրան առաջադրանքը բաժանել փոքր քայլերի։
— Ես կնկարեմ շրջանի կեսը, իսկ դու՝ մյուս կեսը։
_ Ես ցույց կտամ՝ ինչպես կապել մի կոշիկի քուղը, հետո դու կփորձես մյուսը։
Ստեղծեք իրավիճակներ, որոնցում երեխան կարող է փոքր հաջողություններ ունենալ։ Նկատեք ոչ միայն արդյունքը, այլև ջանքը։ Մի պահանջեք կատարյալ արդյունք։ Եվ ամենակարևորը՝ մի սկսեք ամեն ինչ անել երեխայի փոխարեն։ Դա միայն կհաստատի նրա համոզմունքը՝ «Տեսնո՞ւմ ես, ես իսկապես չեմ կարող»։ Փոխարենը ձեր վարքով փոխանցեք մեկ այլ ուղերձ․
__Գուցե դու դեռ չես հավատում քեզ։ Բայց ես հավատում եմ քեզ և պատրաստ եմ օգնել այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի աստիճանաբար կարողանաս ինքնուրույն անել:
Երեխայի վարքը փոխելու համար միշտ չէ, որ պետք է ավելի խիստ լինել։ Շատ հաճախ պետք է պարզապես ավելի ճշգրիտ հասկանալ՝ ինչի կարիք ունի երեխան հենց այդ պահին։