Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես կարող եք փոփոխել խոսքը այն ավելի իմաստալից և օգտակար դարձնելու համար։ Բահայի ուսմունքներում ասվում է, որ «չարախոսությունը մարում է սրտի լույսը և սպանում է հոգու կյանքը»։ Հաջորդիվ ուզում էի կիսվել Աբդուլ-Բահայի կյանքից մի պատմությամբ: Աբդուլ-Բահայի ողջ կյանքն ուղղված էր դեպի մարդկության հոգսերը: Նրա հեզությունը, բոլոր մարդկանց հանդեպ սերը, հոգատարությունն աղքատների, հիվանդների ու անտունների հանդեպ, մշտական օգնությունը բոլոր հավատների անձանց բնորոշում էին այլոց ծառայելու իդեալին նրա նվիրվածությունը: Բրիտանական կառավարությունը 1920թ նրան շնորհեց ասպետի կոչում սովածներին կերակրելու և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Պաղեստինում սովը կանխելու համար: Երբ 1921թ նա մահացավ, նրա թաղմանը մասնակցում էր տաս հազար մարդ: Աբդուլ-Բահան առանձնանում էր իր բարեսրտությամբ և խորաթափանցությամբ: Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես էր նա անձնական հանդիպումների ընթացքում կարողանում խորությամբ ընկալել մարդկանց դժվարությունները ևտալ իմաստուն խորհուրդներ: «Արևմտյան աստղի փայլ» գրքում կարող ենք գտնել հետևյալ պատմությունը.
Մի անգամ Մեյը երկու կանանց հետ նստած զրուցում էր և զրույցի ընթացքում բացասաբար արտահայտվեց հավատակրց ընկերներից մեկի մասին։ Աբդուլ -Բահան այդ ժամանակ զբաղված էր կարիքավորների մասին հոգ տանելով, և երբ վերադարձավ, կանանցից մեկը տեղեկացրեց նրան, որ Մեյը բացասաբար է խոսել բացակա անդամներից մեկի մասին։ Կնոջը հորդորեցին, որ չբարձրաձայնի և աղոթի այս մասին։ Այդ երեկո՝ ընթրիքի ժամանակ, երբ Մեյը նայեց Վարպետի աչքերին, մեղքի և զղջման այնպիսի զգացողություններ համակեցին նրան, որ նա սկսեց լաց լինել: Աբդուլ -Բահան ուշադրություն չդարձրեց դրան, և ընթրիքը շարունակվեց։ Մի որոշ ժամանակ անց Աբդուլ -Բահան նայեց Մեյին՝ քնքշությամբ և կարեկցանքով, և Մեյը կարծես խորը շունչ քաշեց՝ հասկանալով, որ իր արարքը ներված է։
Այս պատմությունը շատ կարևոր է, քանի որ այն ցույց է տալիս, թե որքան հաստատուն և միևնույն ժամանակ սիրող էր Աբդուլ-Բահան բահայի սկզբունքների կիրառման հարցում: Նա համբերատար և սիրող էր և թույլ տվեց Մեյին նայել իր սրտին և հայտնաբերել, որ նա սխալ է թույլ տվել։ Այս պատմությունը մտածելու տեղիք է տալիս այսօրվա մասին, թե որքան հաճախ և հեշտությամբ կարող ենք նման սխալներ թույլ տալ: Երբ աշխարհում բամբասանքներն ու նախատինքը նորմալ են համարվում, դժվար է անգամ նկատել, որ ես դա անում եմ, առավել ևս վնաս եմ պատճառում։ Ես կարող եմ ծուղակն ընկնել, քանի որ սկսում եմ մտածել, որ բամբասանքները մտերմություն հաստատելու միջոց են։ Վերոնշյալ օրինակը մարտահրավեր է ինձ համար, մասնակից չլինել, կանխել նմանատիպ դրսևորումները, քանի որ ինչ որ մեկի սրտում փոփոխություններ մտցնելն առավել զորեղ միջոց է, քան մարդկանց հրապարակայնորեն նախատելը։ Ամեն օր աշխատելով ինքներս մեզ վրա, փոքրիկ քայլերով գնում ենք դեպի օգտակար արարքների, որոնք պառակտման փոխարեն նպաստում են անձնական և համայնքային աճին։