Սովորությունը մեր կյանքի այն «հունն» է, որը կամաց-կամաց ձևավորվում է ամենօրյա ընտրություններից ու կրկնություններից՝ երբեմն մեզ տանելով նվազագույն դիմադրության ճանապարհով, իսկ երբեմն էլ՝ դեպի գիտակցված աճ ու զարգացում։ Հասարակական նախապաշարմունքներն ու վնասակար սովորույթները կարող են երկար ժամանակ պահել մարդուն ցածր մակարդակի վրա, բայց մարդուն տրված մեծագույն պարգևը՝ նոր սովորություններ ձևավորելու ունակությունը, նրան դարձնում է փոփոխության իրական տերը։ Մանկության տարիներին այդ հունը փոխելն առավել հեշտ է, սակայն ցանկացած տարիքում կամքի ուժը կարող է քանդել հին կարծրատիպերը և ստեղծել նոր վարքագծեր՝ օգնելով մարդուն իր ներսում բացել ավելի լուսավոր, առողջ ու արժանապատիվ հոսքի ուղի։
Ջուրն աստիճանաբար իր համար հուն է բացում, և ժամանակի ընթացքում այն խորանում է ու լայնանում։ Հունը փոխել և ստիպել գետին հոսել այլ ուղղությամբ՝ ահռելի ծրագիր է, բայց մարդուն մեկ անգամ չէ, որ հաջողվել է դա անել։
Սովորությունը նման է հունի, որը մեր հոգում կենսական հոսք է ստեղծում, և այդ հունը կարող է պետքական կամ անպետք լինել։ Հնարավոր է, մենք, ծուլանալով, մեր կյանքում գնացել ենք նվազագույն դիմադրության ճանապարհով, այդպես հոսքը ձգվում է դեպի այն մասը, որտեղ ամենահեշտն է անցնելը, և արդյունքում ձեռք ենք բերել վատ սովորությունների մի ամբողջ շարան, որը հիմա ծանր բեռի պես ճնշում է մեզ, կամ, միգուցե, ընդհակառակը, մենք արիաբար պայքարել ենք դեպի լավը փոխվելու համար։ Ինչևէ, որ տարբերակն էլ որ լինի, այն փաստը, որ մարդկային արարածները, ինչպես և կյանքի մյուս բոլոր ձևերը, ի վիճակի են ձևավորել որոշակի սովորություններ, մեզ համար մեծ բարիք է։
Հասարակությունն ինքն է մասամբ մեղավոր մարդկանց մոտ բացասական սովորություններ ձևավորելու համար։ Հասարակական կյանքը կառուցված է նախապաշարմունքների վրա։ Որոշ երկրներում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Հարավային Աֆրիկան, դեռևս կենդանի են ռասսայական նախապաշարմունքները, Արաբիայի մուսուլմանական և Հարավային Ամերիկայի որոշ կաթոլիկ երկրներում մարդկանց կյանքի վրա մեծ ազդեցություն են ունենում կրոնական նախապաշարմունքները, իսկ Հնդկաստանում և Անգլիայում ուժեղ են դասակարգային նախապաշարմունքները։ Այս նախապաշարմունքները, զուգորդված այլ, բացառապես վնասակար հասարակական սովորույթների հետ, որոնք ավելի ճիշտ կլիներ անվանել հակահասարակական, մարդկանց պահում են զարգացման բավական ցածր մակարդակի վրա։ Այդ իսկ պատճառով, որպեսզի հասարակությունն առաջ ընթանա, անհրաժեշտ է սովորել հաղթահարել դրանք՝ ինչպես անհատի, այնպես էլ ողջ հասարակության մակարդակով, և դրա համար պետք է օգտագործվեն հանրակրթական ծրագրեր, գովազդ, լուսավորչական քարոզչություն, օրենսդրություն և նման բաներ։
Մեզ տրված ամենամեծ օրհնություններից մեկը ինչպես հոգևոր, այնպես էլ ֆիզիկական սովորություններ ձևավորելու կարողությունն է, որը մեզ վեր է դասում մյուս բոլոր կենդանի արարածներից։ Սովորությունը հզոր գործիք է, որի օգնությամբ մենք կարող ենք կատարելագործվել։ Նույն գործողությունը անընդհատ կրկնելու ունակությունը, մինչև այն մեր երկրորդ բնույթը՝ մեր զարգացման ամենամեծ գործոններից մեկն է։ Սովորությունը, ինչպես նաև հարմարվողականության հրաշալի ուժը, որը մենք ունենք որպես տեսակ, մարդուն այնպիսի ճկունություն ու ուժ են տալիս, որոնք կյանքի ոչ մի այլ ձևեր չունեն։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ չկա այս աշխարհում որևէ բան, որին մարդը չկարողանա հասնել կամ անել՝ այնքան մեծ է նրա հնարամտությունը, իր տաղանդը նոր հունով ուղղորդելու կարողությունը, նոր պայմաններին հմտորեն հարմարվելու կարողությունը։ Մարդը միակ տեսակն է, որը կարող է գոյատևել և՛ սառցե բևեռային շրջաններում, և՛ չոր անապատներում, և՛ անպտուղ տափաստաններում, և՛ արևադարձային ջունգլիների վայրի բնության մեջ։ Սովորաբար, մեկ, կամ առնվազն երկու սերնդի կյանքի ընթացքում պարզունակ մարդը, եթե փոխել նրա բնակության միջավայրը, կարող է քաղաքակիրթ դառնալ։ Աֆրիկյան գյուղերից մեկում մերկ վազող երեխան կարող է ավարտել Օքսֆորդի համալսարանը և յուրացնել օքսֆորդյան արտասանությունը։ Նա, ամենայն հավանականմությամբ, կարող է նույնիսկ մոռանալ, որ մի ժամանակ վայրենի է եղել, եթե, իհարկե, շրջապատող մարդիկ չհիշեցնեն նրան այդ մասին։ Ի՞նչ պատահեց նրա հետ։ Բոլոր նյութերից ամենագեղեցիկը՝ մարդկային հոգին ստացավ նոր ձև, որը ձեռք բերեց նոր սովորություններ։
Անվիճելի է այն, որ մանկության տարիներին սովորություններ ձևավորելն ամենահեշտն է։ Աղբյուրի շիթը, որը հենց նոր է դուրս ցայտել հողի միջից և դեռ չի ընտրել որևէ ուղղություն, պատրաստ է հոսել այն ուղղությամբ, որտեղ նրա ճանապարհը բաց է։ Եթե նորմալ երեխային միանգամից ներարկել լավ հատկանիշները, այնպիսիք, ինչպիսիք են ճշմարտացիությունը, քաջությունը, ուղղամտությունը, անկեղծությունը, քաղաքավարությունը, մեղմությունը, բարությունը, աշխատասրությունը և նման բաներ, նա կսկսի իր կյանքը՝ ունենալով հիանալի ամուր հիմք, որի վրա կհիմնվի նրա հետագա զարգացումը, կրթությունը,իսկ կարիերան, հետաքրքրությունները, ընկերներին նա թող ընտրի իր հայեցողությամբ։ Եթե երեխան ապրի մեղքի, աններդաշնակության, ստի, ատելության, նախապաշարմունքների, անգրագիտության մթնոլորտում, նրա հոգին կխեղաթյուրեն վատ սովորույթները, և հավանական է, որ նա՝ որպես անհատ, կգտնի ինքնադրսևորման միջոց, որը արժանավայել չէ մարդուն։ Սակայն մենք մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել, թե ինչպես են մանկության տարիներին մարդուն շրջապատող զզվելի միջավայրի ճահճից դուրս եկել վեհանձն մարդիկ։ Դա նշանակում է, որ մարդու հոգին դիմադրել է նրան, ինչ վատ սովորություններ է ձևավորում, և կեղտից ու մեղքից առանձնացնելով թանկարժեք մաքուր փշրանքները՝ բռնել է այն ճանապարհը, որը տրամագծորեն հակառակ է իրեն շրջապատողների ճանապարհին։ Բայց ճիշտ է և հակառակը։ Պատահում է այնպես, որ մարդն, ով մեծացել է լավ շրջապատում, ունենալով իր աչքերի առջև արժանի օրինակ և ինքնակատարելագործման բոլոր հնարավորությունները, ձեռք է բերում վնասակար սովորություններ։ Նման դեպքերը բավականին հաճախ են հանդիպում, և պայմանավորված են նրանով, որ մեզ տրված է ևս մեկ արտոնություն՝ ազատ կամք, որը մեզ թույլ է տալիս գիտակցված ընտրություն կատարել բարու և չարի միջև։
Որքան էլ որ սովորության ուժը մեծ լինի, այն հենվում է առանցքի վրա, և այդ առանցքը կամքի ուժն է, այն շարժիչը, որով ծնվում է յուրաքանչյուր մարդ և որը միշտ մնում է նրա հետ, պատրաստ ներգրավվելու բազմաթիվ խնդիրների լուծման մեջ։ Եթե մարդը ցանկանա հասնել ինչ-որ բանի և նրա ցանկությունը բավականաչափ մեծ լինի, նա կհաղթահարի ցանկացած խոչընդոտ։ Անգամ սովորությունները կարող են փոխվել կամքի ուժի ազդեցության տակ։ Կամքի ուժի շնորհիվ մեր կյանքի հունի մեջ, անկախ տարիքից, կարող են հյուսվել նոր սովորություններ։ Որքան հաճախ ենք ստիպված լինում լսել առօրյա այս արտահայտությունը․ «Բուժվելու համար հիվանդը ինքը պետք է դա ցանկանա», բայց չէ՞-որ այդպես էլ կա, կամքի ուժով մարդը կարող է կենսական էներգիան ուղղորդել ապաքինման ուղու վրա։ Հոգեբանները գիտեն, որ կամքի ուժով մեր գիտակցության մեջ կարելի է քանդել հին կարծրատիպերը և ստեղծել վարքի նոր մոդելներ։