Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ինչու է մարդկությունը ճգնաժամի մեջ
Հոդվածներ

Ինչու է մարդկությունը ճգնաժամի մեջ

Այսօր մարդկությունն ավելի ծանր վիճակում է, քան երբևէ, և դա չնայած նրան, որ մեր օրերում մեծ տարածում է գտել համաշխարհային եղբայրության գաղափարը, երկրների և ժողովուրդների միավորման գաղափարը՝ համաշխարհային համագործակցության շրջանակներում։ Մեծ անհանգստություն է առաջացնում այն, որ մարդկանց սրտերում աննկատելիորեն բույն են դրել անտարբերությունն ու դաժանությունը, դառը ծերունական ցինիզմի նման մի բան, որը խաղաղ գոյատևում է մարդկային հավերժական զգացմունքների՝ կարեկցանքի ու բարության հետ։ Դժվար թե մեր ժամանակակիցները հավատան ամուր խաղաղությանը, հանգիստ կյանքին, ազատությանն ու երջանկությանը, որի մասին երազում է յուրաքանչյուր մարդ։ Դժվար թե մարդկանց միջև ատելությունը հաղթահարվի, մարդությունը վերջապես հասնի իրական կրոնին՝ այդ բառի ամենավեհ իմաստով։ Արդյոք նրանք դրա համար որևէ ջանք են գործադրում։ Արդյոք անում են ինչ որ բան այդ ուղղությամբ։ Ցավոք՝ ոչ։ Մարդկանց մեծամասնությունը չի հավատում այս հարցերի լուծման հնարավոր լինելուն, և իրեն նեղություն չի տալիս երազանքներն իրականության վերածելու փորձերով։

 

Մարդը հակված է իրեն տիեզերքի կենտրոնը համարել՝ թիվ մեկ անհատը, մտածել առաջին հերթին իր մասին։ Իսկ ի՞նչ է նա իրականում իրենից ներկայացնում, այդ «համար մեկը», այդ անհատը, ով զբաղված է միայն ինքն իրենով, մտահոգված է միայն իր անձնական հետաքրքրություններով։ Ի՞նչ է նա իրենից ներկայացնում կենսաբանության տեսանկյունից՝ հասկանալի է, նրա պահվածքի հոգեբանական մոտիվացիան նույնպես բավականաչափ ուսումնասիրված է։ Բայց մարդու կենսաբանական բնության, կամ էլ նրա հոգեբանության մեջ չէ քողարկված նրա դժվարությունների աղբյուրը, և նրանցում չէ արմատավորված այն, ինչը նրան հույս կապահովի։ Բանը նրանում է, որ գոյություն ունի որոշակի առեղծվածային ներքին ուժ, որը մարդուն դարձնում է մարդ, և այդ ուժի մեջ նրա էությունն է։ Սակայն ի՞նչ ուժ է դա և ինչպես է պետք վարվել դրա հետ։ Այսօրվա աշխարհում, որտեղ ամենուրեք տարաձայնություններ են, մարդիկ մշտապես խախտում են օրենքները, որոնք սահմանում են անձի՝ որպես անհատի զարգացումը։ Նրանք ներսից հիվանդ են, այլանդակված, մինչև էության խորքը թերզարգացած։ Զարմանալի չէ, որ արդյունքում քաոս է առաջանում։ Այնտեղ, որտեղ, ասենք պետք է հարթ լինի՝  դարուփոս է, այն, ինչը պետք է ուղիղ լինի, ծռմռված է, այնտեղ, որտեղ պետք է հանգստություն տիրի, փոթորիկ է տիրում։ Թվում է, թե ամեն ինչ մեր դեմ է, ամեն ինչ ծուռումուռ է գնում, ամեն ինչում խառնաշփոթ է տիրում, իսկ դրա պատճառն այն է, որ մենք մեր տերը չենք։ Եվ ինչն ավելի վատ է՝ հաճախ մենք չենք պատկերացնում, թե ինչ ասել է «մենք», ընդհանրապես անծանոթ ենք մեր իրական «ես»-ի հետ։ 

 

Քաղաքակիրթ աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ գիտի, որ ինքնաթիռ վարելու համար անհրաժեշտ է հետևել որոշակի կանոների։ Գիտի, որ հիվանդությունները տարածվում են վիրուսների և բակտերիաների միջոցով՝ հարուցիչների, որոնք կարող են փոխանցվել մի մարդուց մյուսին, գիտի, որ ռադիոն հրաշք չէ, այլ որոշակի ֆիզիկական երևույթների հանճարեղ կիրառութուն։ Շատերը գիտեն, թե ինչպես կառավարել բարդ մեքենան, սակայն դրա հետ մեկտեղ արդյո՞ք շատերը գոնե ինչ-որ բան գիտեն իրենց մարդկային էության մասին։ Արդյոք շատերն երջանի՞կ են՝ ոչ թե ինչ-որ բանով տարված, ոչ թե զբաղված հետաքրքիր աշխատանքով, այլ իսկապես երջանիկ՝ մինչև հոգու խորքը։ Մենք գիտենք, որ սուր գործիքը կարող է վնասել, որ կրակն այրում է, որ բարձրությունից ընկնելիս ջարդվում ես, սակայն մենք անգամ չենք պատկերացնում, թե ինչ վնաս ենք հասցնում ինքներս մեզ, երբ վիրավորում կամ կոտրում ենք մեր հոգիները և ամենևին էլ չենք մտածում, թե որքան կարողություններ են բթանում միայն այն պատճառով, որ մենք դրանք չենք օգտագործում, թե մեր էության քանի անտեսանելի բաղադրիչներ են այդ պատճառով դառնում անլիարժեք։ Մարդկությունը փորձում է բալասան գտնել բոլոր հիվանդությունների համար։ Դաշնակիցների գործունեությունը վերջին մեծ պատերազմի ավարտից և 40-50-ական թվականներին Միավորված Ազգերի Կազմակերպության ստեղծումից հետո տառապող և խաղաղություն փափագող մարդկությանը ապագայում թեթևության հույս տվեց: Սակայն պայմանագրերը կնքվում էին մեկը մյուսի հետևից, իսկ պատերազմները չէին դադարում, և մարդկության խնդիրները այդպես էլ շարունակվում էին մնալ չլուծված։ Ափը նետվող ծովի ալիքների նման մի միջազգային կոնֆերանսը հաջորդում էր մյուսին, բայց դրանք բոլորը կա՛մ անհաջողության էին մատնվում, կա՛մ ունենում էին կարճաժամկետ արդյունք, այն էլ միայն մասնակի, այնինչ համաշխարհային խնդիրներն իրենց նախկին սրությամբ միևնույն է մարդկության առջև մնում էին կանգնած։ Ամեն օր եթերում լսվում են քաղաքական լոզունգներն ու խոստումները։ Դրանցով են լցված թերթերի առաջին էջերը ողջ աշխարհում։ Մենք հոգնած հայացքով նայում ենք դրանց վրա՝ նախապես իմանալով, որ այնտեղ ոչ մի նոր բան չկա, իսկ խաղաղ ու ողջամիտ ելք այն ցավալի, տանջալից վիճակից, որում գտնվում է մարդկությունը, դեռ չի գտնվել։ Եթե տիեզերքից ինչ որ այլմոլորակային՝ գիտակից և անխռով հետևորդ այցելեր մեր մոլորակ, ապա երևի թե նրան ապշեցներ այն անդադար, տենդային գործունեությունը, որով զբաղված է մարդկությունը։ Մարդիկ ոչ մի րոպե չեն հանգստանում, նրանք անընդհատ շարժման մեջ են՝ էլ ավելի արագացնելով տեմպը։ Դա վերաբերվում է ոչ միայն ֆիզիկական արագությանը, որը ժամանակակից տեխնիկական միջոցների շնորհիվ պարզապես ֆանտաստիկ է դառնում, այլև ինտելեկտուալ և էմոցիոնալ կյանքի ոլորտին։ Կարելի է առանց չափազանցնելու ասել՝ քաղաքակիրթ ժողովուրդների մեջ չկան մարդիկ, ովքեր ապրում են հանգիստ, խաղաղ կյանքով։ Թվում է, թե աշխարհում գործում է ինչ-որ հզոր կենտրոնախույս ուժ, որը փորձում է մարդկանց պոկել իրենցից: Բիզնես գործունեություն ու զվարճանք՝ ահա, թե ինչն է որոշում մեր կյանքի տեմպը: Մենք մեր էներգիան վատնում ենք բազմաթիվ տարբեր գործերի վրա, բայց միայն նրա մի փոքրիկ մասնիկն է գնում իրապես օգտակար գործունեության՝ խաղաղ, կայուն և երջանիկ մարդկային համայնքի ստեղծման վրա։ Մեր էներգիայի՝ նման անիմաստ վատնելու վառ օրինակ են անվերջանալի վեճերը, որոնցում, բացի հազվադեպ բացառություններից, ներգրավված են գրեթե բոլորը։ Բոլորը դատապարտում կամ քննադատում են ինչ-որ մեկին, լինեն դա քաղաքական կուսակցություններ, թե կրոնական միավորումներ, առանձին երկրների ժողովուրդներ, սոցիալական խմբեր, թե ամբողջ ռասաներ: Հազվադեպ է լինում լսել, որ որևէ մեկը քննադատի իրեն, և երբ դա անում է, դա սովորաբար քաղաքավարության քայլ է, ոչ թե մեղքի անկեղծ ընդունում:

 

Չկա ոչ մի ուժ, որի կառավարությունը համարձակություն ունենար հայտարարելու. «Այն, ինչ կատարվում է այսօր աշխարհում, մեծ մասամբ մեր ժողովրդի մեղքն է. եթե նա ավելի շատ հոգ տաներ ընդհանուր շահի մասին, նպաստեր փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ստեղծեր միջքաղաքական կյանքի ավելի արդար մոդել, միգուցե այլ ազգերը հետևեին նրան. այդ դեպքում մենք կարող էինք խուսափել կործանարար պատերազմներից, չկնքել պայմանագրեր, որոնք ինքներս ենք խախտում, ժամանակ չվատնել միմյանց դեմ անօգուտ վեճերի և անվերջ մեղադրանքների վրա: Եթե ​​դա այդպես լիներ, մենք այժմ ստիպված չէինք լինի միլիարդներ ներդնել զանգվածային ոչնչացման բարդ զենքերի արտադրության մեջ, որոնցում մենք տեսնում ենք մեր վեճերը լուծելու միջոցը>>: Նույնը վերաբերում է սոցիալական տարբեր խմբերին։

 

Կապիտալ ունեցողներն ամենևին էլ հակված չեն խղճի խայթ զգալու և իրենց սխալներն ընդունելու, ճիշտ այնպես, ինչպես և հակված չեն նրանք, ովքեր աշխատում են նրանց մոտ։ Բացառություն չեն նաև «սպիտակների» և «սևերի», քաղաքական կուսակցությունների և խմբակցությունների ներկայացուցիչները։ Ինչ էլ որ պատահի՝ բոլորը մեղավորներ են փնտրում։ Այն, ինչ տեղի է ունենում հասարակության մեջ և բնորոշ է սոցիալական խմբերի գործունեությանը, տարածվում է նաև մարդկանց միջև անձնական հարաբերությունների վրա։ Մենք մեզ չենք կառավարում, մենք պատասխանատվություն չենք կրում մեր գործողությունների համար, առաջին հերթին այն պատճառով, որ մենք ինքներս մեզ չենք ճանաչում:

 

Եթե մարդիկ չճանաչեն իրենց իրական բնությունը, եթե նրանք չփորձեն ներթափանցել իրենց էության մեջ, որպեսզի սովորեն ազդել սեփական անհատականության ձևավորման վրա և կառավարել իրենք իրենց, ապա մարդկային հասարակության մեջ դրական փոփոխություններն անհնար կլինեն։ Մենք հիանալի ծրագրեր ենք կազմում ապագայի համար, բայց մեր ընտրած շինվածքն անկայուն է։ Այն մեկ այս, մեկ այն կողմից փլվում է, քանի որ շինանյութն ամուր չէ և չի դիմանում ծանրաբեռնվածությանը։ Բայց չէ՞ որ այդ նյութը մենք ինքներս ենք։ Մենք նման ենք մի մարդու, ով ցանկանալով մասնակցել Օլիմպիական խաղերին՝ խմում է, ծխում, բավարար չափով չի քնում և ընդհանրապես չի մարզվում։ Երես առած երեխաների նման մենք պնդում ենք, որ չենք կարող օլիմպիական չեմպիոն դառնալ միայն այն պատճառով, որ մրցակիցը չափազանց ուժեղ է՝ աչք փակելով իրական պատճառի վրա՝ մենք ամեն ինչ անում ենք ոչ այնպես, ինչպես հարկն է։ Ապագա փոխակերպումների ահռելի պլանները հանգեցնում են հետաքրքիր մտահայեցողությունների։ Հասարակական անվտանգություն, ժողովրդավարական ապրելակերպ նախկինում ճնշված ժողովուրդների համար, միջազգային բանկ, պարենային պաշար՝ սրանք գեղեցիկ, հարմար խոսքեր են, որոնք այդքան հեշտությամբ գրավում են միլիոնավոր մարդկանց: Բայց այ վերակառուցել, ամբողջությամբ փոխել գրեթե ութ միլիարդ մարդու ներքին կյանքը․․․ Այստեղ ոչ մի երևակայութուն չի բավարարի, և արժե՞ արդյոք զուր ժամանակ վատնել նման հիմարությունների մասին մտածելու վրա։  Բայց եկեք վերադառնանք առանձին անհատի դերին։ Սովորաբար, պատմության ընթացքի վրա ազդեցություն ունեցող մարդկանց թիվը չափվում է ոչ թե եռանիշ, կամ քառանիշ թվերով, այլ մի քանի մարդկանցով։ Ցանկանում ենք մենք դա ընդունել, թե ոչ, բայց անհերքելի փաստ է համարվում այն, որ մարդկանց խմբից առանձին անհատներ կարողանում են խմորիչի նման բարձրացնել ժողովրդի մի ահռելի զանգված։  Կարիք չկա մեկ օրում փորձել փոխել միլիոնավոր մարդկանց, հազարը կամ հարյուրն արդեն իսկ բավական է։ Նման հնարավորությունը միշտ առկա է մարդու՝ սովորելու արտասովոր ունակության շնորհիվ։ Մարդը չափազանց զգայուն և ընկալունակ արարած է։ Նա արձագանքում է ոչ միայն ուժեղ արտաքին գրգռիչներին, այլև նուրբ ազդակներին։ Մարդկային ցեղի ամենակոպիտ,  չզարգացած ներկայացուցիչն անգամ արձագանքում է բարությանն ու քաղաքավարությանը և ի վիճակի է ընկալել ներդաշնակությունը։ Ոչ մի երաշխիք չկա, որ բարության այդ ուժերը կարող են ամբողջությամբ վերափոխել մարդուն, հատկապես, եթե նա արդեն հատել է հասունության շեմը, բայց դրանք անշուշտ, նրան անտարբեր չեն թողնի։

 

Հատված Մերի Մաքսվելի <<Կյանքի գաղտնիքը>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ