Դժգոհ դեմքեր
Ձեզ դուր գալի՞ս են թթված դեմքով մարդիկ, կամ դեմքի թշնամական արտահայտությամբ, կամ դժգոհ հայացքով։ Կարծում եմ՝ ոչ։ Իսկ եթե դա այդպես է, արդոք արժե՞, որ դուք մարդկանց դիմավորեք դժգոհ արտահայտությամբ։ Սովորաբար նման տեսք ունենում են այն մարդիկ, ովքեր տառապում են ինչ-որ հիվանդությամբ, կամ նրանք, ովքեր ինչ-որ բանից վրդովված են։ Ընդհանուր առմամբ, կա մի միջոց, որը կարող է օգնել ձերբազատվել նման սովորությունից։ Ենթադրենք, դուք հիվանդ եք։ Միանշանակ, դուք պետք է բուժվեք, որպեսզի արագ առողջանաք, և միևնույն ժամանակ վատ չի լինի, եթե դուք մի փոքր ջանք գործադրեք և փորձեք սրբել ձեր դեմքից տառապանքի արտահայտությունը։ Դա ոչ միայն ձեզ չի վնասի, այլ ամենայն հավանականությամբ օգուտ կբերի՝ փորձելով ավելի կենսուրախ երևալ, դուք, հնարավոր է շուտով իսկապես էներգիայով լցվեք։
Հիշեք, մենք կյանքից ստանում ենք այն, ինչ ներդնում ենք։ Եթե դուք չար ու խոժոռ տեսք ունեք, դժվար թե ինչ որ մեկը ձեզ կարեկցանքով վերաբերվի, բացառությամբ, իհարկե, այն հատուկենտ մարդկանց, ովքեր սիրում են ձեզ ոչ թե այն բանի համար, թե ով եք դուք թվում, այլ ձեր իրական էության համար։ Ինչ վերաբերվում է դժգոհ դեմքին, դրանից ազատվելու լավագույն միջոցը շնորհակալության զգացումով լցվելն է։ Դրա համար պետք է մտածել նրանց մասին, ովքեր ավելի վատ են ապրում, քան դուք, իսկ այդպիսիները քիչ չեն։ Ավելի դժվար է հրաժարվել նյարդայնանալու և ուրիշների վրա այդ բարկությունը թափելու սովորությունից։ Զայրանալով՝ մենք դադարում ենք լսել բանականության ձայնը, բայց մենք կարող ենք ավելի խելամիտ գտնվել և որոշակի հեգնանքով վերաբերվել ինքներս մեզ։ Եթե դուք ձեր էությամբ արդար մարդ եք, դուք կհասկանաք, որ անհեթեթ է մարդկանց վրա կրակե հայացքներ նետելը և ձեր դժգոհությունը թափելը նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն։
Այսօր մենք ապրում ենք ունայն, հոգնած ու անհանգիստ աշխարհում։ Եվ երբ մեր հայացքն ընկնում է ժպտացող, բարեսիրտ դեմքի վրա, մեր հոգիներն ավելի են ջերմանում, չնայած երբեմն մենք դա անգամ չենք զգում։ Փորձեք անել մի բան, որը կօգնի բարելավել և՛ ձեր, և՛ ձեզ շրջապատող մարդկանց տրամադրությունը, նայեք այս աշխարհին ուրախ ու բարի հայացքով, քանզի հենց դա է հարիր մարդուն։
Իմ կյանքում եղել է դեպք, երբ ես իմ վարքագծով դրսևորել եմ անտակտության և ակնհայտ վատ վարքագծի օրինակ, որը մենք երբեմն այս կամ այն չափով ցուցաբերում ենք։ Հեռավոր երկրներով ճանապարհորդելու ժամանակ ես հանդիպեցի մի մարդու, ով իր էկզոտիկ արտաքինով գրավեց իմ ուշադրությունը։ Վառ հագուստով նա թողնում էր այսպես ասած զվարճալի «բնիկ դենդիի» տպավորություն։ Երբ ես տեսա նրան, նա իր ընկերների հետ խաղում էր ինչ-որ տեղական մի խաղ, որը նման էր շաշկու։ Ես չհանգստացա այնքան ժամանակ, մինչև ինչ-որ մեկը նրան չհամոզեց լուսանկարվել արևի ճառագայթների տակ՝ իմ տեսախցիկի օբյեկտիվի առաջ։ Սկզբում նա հրաժարվեց, բայց համոզման ճնշման տակ, այնուամենայնիվ, տեղի տվեց և բարեսիրտ դեմքով կեցվածք ընդունեց։ Լուսանկարելուց հետո ես հեռացա իմ անգին ավարով։
Ավելի ուշ՝ քմծիծաղով նայելով հայտածվող ժապավենին, ես հանկարծ հասկացա, որ այնտեղ ես ինձ պահել եմ վերին աստիճանի անտակտ ու ինքնագոհ մարդու նման։ Ես մտածեցի՝ իսկ ինչպե՞ս կվարվեի ես, եթե հայտնվեի այդ մարդու փոխարեն։ Ահա ես, իմ տանը նստած (ոչ թե կենդանաբանական այգում, կամ փողոցային կրկեսի բեմում), իմ ընկերների շրջապատում եմ և մենք ինչ-որ խաղ ենք խաղում, իսկ այդ պահին ինձ մոտենում է մի լրիվ անծանոթ մարդ և չափազանց համառությամբ առաջարկում է կանգնել լույսի տակ՝ իր տեսախցիկի առաջ և լուսանկարվել։ Ամենայն հավանականությամբ ես կզայրանայի և ոստիկանություն կկանչեի։ Սակայն գտնվելով այդ հեռավոր երկրում, ես, հազարավոր զբոսաշրջիկների նման, որոշեցի, որ լիովին իրավունք ունեմ այլ մարդու հետ նման հրեշավոր կերպով վարվել, չէ՞ որ ես տանը չէի, և այդ մարդն այլ ռասայի ներկայացուցիչ էր։ Իմ արարքը և այդ մարդու արձագանքը վերլուծելուց հետո ես մտածեցի՝ սպիտակ ռասայի, և հատկապես նրա անգլո-սաքսոնական ճյուղի ներկայացուցիչները աշխարհի ամենաանքաղաքավարի ժողովրդի տպավորությունն են թողնում։
Նրբագեղ շարժուձև
Այս հասկացության մասին մեզնից շատերին է հարկավոր մտածել։ Այն մտնում է հատկանիշների ընդհանուր ցանկի մեջ, որոնց շնորհիվ մենք իսկապես տարբերվում ենք մարդանման կապիկների տեսակների ներկայացուցիչներից։ Այս առումով ուսանելի փորձ կարող է լինել կապիկների բուծարան այցելությունը, որտեղ մենք կարող ենք հետևել մեր կենսաբանական հեռավոր հարազատների պահվածքին։ Ահա, նրանք շարքով նստած քորում են իրենց, մատը մտցնում քթանցքը, ուշադիր զննում են իրենց մարմինը, հետո սուր ճիչեր արձակելով սկսում են վազել միմյանց հետևից։ Նրանց ավելի մեծ ցեղակիցները՝ Բորնեոյի վայրի մարդիկ (օրանգուտանները), շիմպանզեներն ու գորիլլաները իրենց շատ ավելի արժանապատիվ են պահում։ Եթե խոսենք մարդկային ցեղի որոշ ներկայացուցիչների բարքերի մասին, ապա, ցավոք, նրանք շատ դեպքերում նման են ստորին կապիկներին և ոչ թե իրենց մարդանման եղբայրներին։ Եվ ուրեմն ի՞նչն է մեզ տարբերում կենդանիներից։ Առաջին հերթին դա մեր միտքն է, մեր քաղաքակիրթ ապրելակերպը։ Նրբագեղությունը վերջին վայելչական հպումն է հոմոսափիենս կոչվող արարածի դիմանկարին։ Նախկինում նրբագեղության մասին պատկերացումը ամփոփվում էր մեկ նախադասությամբ՝ «նա ջենթլմեն է», «նա լեդի է»։
Այս որակը յուրացնելու առաջին դասը կարող է դառնալ հենց կապիկների սովորությունների ուսումնասիրությունը։ Նայեք նրանց ժեստերին ու ծամածռություններին և հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք ես նման բաներ չեմ անում։ Գրեթե առաջին բանը, որը մայրը սովորեցնում է իր երեխային՝ անծանոթների ներկայությամբ քիթը չփորելն է։ Հետևեք փոքրիկ, սպիտակադեմ պարոն Գիբբոնին կամ տիկին Բաբունին՝ նրանք միմյանցից խլում են այն ամենն, ինչ հնարավոր է, նրանց մոտ հրեշավոր կերպով զարգացած է ճանկողական բնազդը։
Խրատ` ուրիշներից ոչ մի բան մի՛ ճանկեք ու մի՛ խլեք մյուսներից։ Ականջ դրեք՝ նրանց ձայները վայրի ֆորտեի են հասնում։ Մի հարձակվեք մարդկանց վրա գոռգոռոցներով և ոչ մի դեպքում թույլ մի տվեք ձեզ անցնել բղավոցների։ Նման համեմատությունները կարող են վիրավորական թվալ, և դուք, ամենայն հավանականությամբ, կվրդովվեք, թե ախր, չի ՛ կարելի մարդկանց երեսին նման գռեհիկ բաներ ասել։ Սակայն ես այլ կարծիքի եմ։ Իրականում, մենք բոլորս պետք է մտածենք այս հարցի շուրջ։ Այնպես չէ, որ հազվադեպ կարելի է տեսնել, թե ինչպես են հասուն մարդիկ իրարից ինչ-որ բաներ խլում, ողջ կոկորդով գոռում միմյանց վրա, շրխկացնում դռները, բոլորի աչքի առաջ քիթը փորում կամ քորում իրենց։ Բայց չէ՞ որ ժամանակն է, որ նրանք իմանան, թե ինչպես պետք է իրենց պահել, իսկ եթե նրանք դեռ դա չգիտեն, ապա չէր խանգարի սովորել, գոնե ինքնահարգանքից ելնելով։
Երկար ժամանակ նրբագեղ շարժուձևը դիտարկվում էր որպես «վերին խավին» պատկանելիություն, համարվում էր, որ ինչքան շատ ազատ ժամանակ, ծառաներ և հարմարավետություն ունի մարդը, այնքան հեշտ է նրա համար նրբագեղ լինելը։ Սակայն լավ վարքագիծը կախված չէ ո՛չ փողի քանակից, ո՛չ սոցիալական դիրքից։ Այն կարելի է գտնել նույնիսկ մեր գերբնակեցված քաղաքների ամենասարսափելի թաղամասերում, աղքատների տներում։ Եթե մենք իրական դաստիարակվածություն ասելով ի նկատի ունենք բարյացկամությունը, հյուրընկալությունն ու քաղաքավարությունը, ապա, իմ սեփական փորձից կարող եմ ասել, որ այն բնորոշ է հենց հասարակ մարդկանց, ավանների ու գյուղերի աշխատավոր ժողովրդին, հաճախ՝ նույնիսկ անգրագետներին։
Խոսքը
Բառերը շատ հզոր գործիք են։ Խոսքով կարելի է գովաբանել ազգին, կարելի է նաև փոշիացնել այն։ Խոսքը մեծագույն պարգևներից մեկն է, որին տիրապետում է մարդը, բայց նա երկսայր թրի պես անխտիր մահացու հարվածներ է հասցնում։ Նման հզոր զենք կիրառելիս մենք պետք է չափազանց զգույշ լինենք, որ այն օգտագործենք բարու և ոչ թե չարի համար: Որքան հաճախ է պատահում, որ մարդիկ, երբեմն անգամ առանց որևէ չարամիտ մտադրության, սառնասրտորեն ոչնչացնում են ուրիշի կյանքը՝ անզգույշ բամբասանքներով, պատմություններով և ասեկոսեներով:
Մենք հեռու ենք պահում մեր ձեռքը գողությունից, միտքը՝ ստից, բայց չենք պաշտպանում մեր լեզուն չարախոսությունից։ Միևնույն ժամանակ, մեկ չմտածված, անզգույշ նետված արտահայտությունը, որն ասվում է մի երկրի կառավարության անունից մյուսի հասցեին, կարող է պատերազմի պատճառ դառնալ։ Ինչ-որ մեկի դատարկ խոսքերը, որոնց մեջ ճշմարտության հատիկ անգամ չկա, ասված առանց մտածելու, կարող են ոչնչացնել հեղինակությունը, կործանել ընկերությունը, խորտակել ամուսնությունը, ընտանիքի մեջ տարաձայնություններ առաջացնել, փչացնել կարիերան։ Ամենից հաճախ բամբասանքի ու զրպարտության զոհ են դառնում հենց ամենապարկեշտ ու անմեղ մարդիկ։ Խոսքի հրաշալի պարգևը մեզ տրված չէ ՛ անմտածել ոչնչացման համար, մենք իրավունք չունենք այն օգտագործել որպես չարիքի աղբյուր, այնպես, ինչպես իրավունք չունենք բանականությունն օգտագործել որպես հանցավոր կամ շահադիտական ծրագրերի գործիք, իսկ մեր սիրտը վերածել ատելության ու արատավորության աղբյուրի։
Հատված Մերի Մաքսվելի <<Կյանքի գաղտնիքը>> գրքից