Մենք կարող ենք օրվա ընթացքում ժամերով լինել երեխայի կողքին՝ պատրաստել նրա ուտելիքը, օգնել դասերի հարցում, տանել դպրոց կամ խմբակ, միասին զբաղվել տնային գործերով։ Բայց այս ամենը դեռ չի նշանակում, որ երեխան զգում է, որ մենք ժամանակ ենք անցկացնում հենց իր հետ։
Մեծ տարբերություն կա առօրյա համատեղ ժամանակի և այն ժամանակի միջև, որը նախապես առանձնացրել ենք միայն երեխայի հետ շփվելու համար։ Դրական կարգապահության մեջ այն կոչվում է «հատուկ ժամանակ»։ Դրա ընթացքում երեխային ոչինչ չենք սովորեցնում, չենք ուղղում նրա վարքը և չենք փորձում որևէ խնդիր լուծել։ Պարզապես միասին ենք։ Եվ երբ երեխան վստահ է, որ ծնողն իր համար այդպիսի ժամանակ ունի, նա ստանում է շատ կարևոր ուղերձ.
«Ես կարևոր եմ քեզ համար։ Դու ուզում ես ինձ հետ լինել»։
Որքա՞ն հատուկ ժամանակ է անհրաժեշտ երեխային
Հատուկ ժամանակի տևողությունը կախված է երեխայի տարիքից և ընտանիքի հնարավորություններից։ Մինչև երկու տարեկան երեխաներն առանց այդ էլ մեծ ուշադրության կարիք ունեն և դեռ չեն հասկանում նախապես պլանավորված «հատուկ ժամանակի» գաղափարը։ Նրանց համար կարևոր է պարզապես զգալ ծնողի ուրախությունն ու ջերմությունը միասին լինելու ընթացքում։
Երկուսից վեց տարեկան երեխաների համար ցանկալի է ամեն օր ունենալ առնվազն տասը հատուկ րոպե։
Վեցից տասներկու տարեկան երեխաների դեպքում դա պարտադիր չէ ամեն օր լինի։ Կարելի է, օրինակ, շաբաթական առնվազն կես ժամ նախատեսել միայն երեխայի համար։ Դա կարող է լինել զբոսանք, միասին թեյ կամ կակաո խմելը, խաղը, նկարելը, որևէ բան պատրաստելը կամ պարզապես զրույցը։ Գլխավորը զբաղմունքը չէ։ Կարևորն այն է, որ երեխան իմանա.
«Սա մեր ժամանակն է»։
Նույնիսկ տասը րոպեն կարող է մեծ նշանակություն ունենալ, եթե այդ ընթացքում ծնողն ամբողջությամբ ներկա է։
Հատուկ ժամանակը նվազեցնում է ուշադրության համար պայքարը
Երբ երեխան չգիտի՝ երբ է ստանալու ծնողի ուշադրությունը, նա կարող է փորձել այն ստանալ ամենատարբեր ձևերով՝ անընդհատ ընդհատելով, պահանջելով, կառչելով ծնողից կամ նույնիսկ վատ վարքով։ Իսկ երբ երեխան գիտի, որ ունի իր հատուկ ժամանակը, նրա համար ավելի հեշտ է ընդունել, որ ծնողն այս պահին զբաղված է։
Օրինակ՝ կարելի է ասել. «հիմա չեմ կարող խաղալ, բայց անհամբեր սպասում եմ մեր հատուկ ժամանակին՝ ժամը չորսին»։ Այս խոսքերը բոլորովին այլ կերպ են ընկալվում, եթե երեխան արդեն փորձից գիտի, որ ծնողը կատարում է այդ խոստումը։ Հատուկ ժամանակը կարելի է պլանավորել երեխայի հետ միասին։ Կարող եք կազմել ցանկ՝ ինչ կցանկանայիք միասին անել, և հերթով ընտրել տարբերակները։
Լավ է նաև այդ ընթացքում հնարավորինս հեռացնել շեղող բաները՝ հատկապես հեռախոսը։ Մի մայր նույնիսկ չէր անջատում հեռախոսը, բայց երբ իրեն զանգահարում էին, ասում էր. «Ներեցեք, հիմա չեմ կարող խոսել։ Ես հատուկ ժամանակ եմ անցկացնում աղջկաս հետ»։ Եվ ամեն անգամ աղջիկը ժպտում էր՝ լսելով դա։
Նրա համար կարևոր էր ոչ միայն մոր հետ անցկացրած ժամանակը, այլև այն փաստը, որ մայրը ուրիշներին էլ ցույց էր տալիս՝ այդ ժամանակն իր համար առաջնահերթություն է։
Երբ երեխայի հետ խոսում ենք ոչ թե նրա խնդիրների մասին
Հատուկ ժամանակը կարող է հատկապես կարևոր լինել այն երեխայի համար, որի հետ հարաբերություններում արդեն շատ են դարձել նկատողությունները, պահանջներն ու վեճերը։
Մի ուսուցչուհու՝ տիկին Պետերսենի աշակերտուհին՝ Դեբբին, հաճախ հրաժարվում էր կատարել առաջադրանքները և թշնամական վերաբերմունք էր ցուցաբերում։ Մի օր ուսուցչուհին խնդրեց նրան դասերից հետո մնալ։ Դեբբին մնաց՝ ակնհայտորեն սպասելով հերթական խոսակցությանը իր վատ վարքի մասին։ Բայց ուսուցչուհին ընդհանրապես չանդրադարձավ դրան։ Նա պարզապես հարցրեց.
«Երեկ քեզ հետ տեղի ունեցած ամենազվարճալի բանն ի՞նչ էր»։
Դեբբին չպատասխանեց։ Այդ ժամանակ ուսուցչուհին պատմեց իր հետ տեղի ունեցած մի զվարճալի դեպք և հետո թույլ տվեց աղջկան գնալ։ Առաջին հայացքից թվում էր, թե ոչինչ տեղի չունեցավ։
Բայց հաջորդ օրը Դեբբին արդեն ավելի բարեհամբույր էր։ Դասերից հետո նա ինքնուրույն մոտեցավ ուսուցչուհուն, ցույց տվեց իր նկարն ու պատմեց նախորդ օրվա իր ամենազվարճալի պահի մասին։
Ինչո՞ւ այդպիսի պարզ զրույցը ազդեց երեխայի վրա։ Որովհետև Դեբբին սովոր էր, որ մեծահասակի հատուկ ուշադրությունը նշանակում է՝ հիմա իրեն քննադատելու կամ ուղղելու են։ Այս անգամ նա ստացավ բոլորովին այլ փորձ. մեծահասակը հետաքրքրվում էր իրենով, ոչ միայն իր վարքով։
Երբ երեխայի հետ մեր զրույցների մեծ մասը վերաբերում է միայն դասերին, պարտականություններին և սխալներին, նա կարող է աստիճանաբար զգալ, որ մեզ հետաքրքրում է միայն այն, թե որքան «ճիշտ» է իրեն պահում։ Հատուկ ժամանակը վերականգնում է հարաբերության մյուս մասը՝ պարզապես իրար հետ լինելու հաճույքը։
Քնելուց առաջ ստեղծեք փոքրիկ ընտանեկան ավանդույթ
Հատուկ ժամանակի պարզ տարբերակներից մեկը կարելի է ստեղծել նաև քնելուց առաջ։
Մի մայր ամեն երեկո երեխաներին խնդրում էր պատմել երկու բան. «ո՞րն էր այսօր քեզ հետ տեղի ունեցած ամենատխուր բանը» և «ո՞րն էր ամենաերջանիկը»։ Այնուհետև ինքն էլ պատմում էր իր օրվա տխուր և ուրախ պահերի մասին։ Եթե երեխան որևէ ծանր իրավիճակ էր պատմում, մայրը չէր շտապում անմիջապես խորհուրդ տալ կամ խնդիրը լուծել։ Նա լսում էր և ասում.
«Ուրախ եմ, որ պատմեցիր ինձ։ Եթե ուզենաս, վաղը կարող ենք ավելի հանգիստ մտածել՝ ինչ կարելի է անել»։
Այս փոքրիկ ավանդույթը երեխաներին հնարավորություն էր տալիս պատմել իրենց զգացմունքների մասին՝ առանց վախենալու, որ անմիջապես խրատներ են լսելու։ Ժամանակի ընթացքում նրանք նույնիսկ սկսեցին ինքնուրույն մտածել, թե ինչպես կարելի է լուծել իրենց անհանգստացնող խնդիրները։
Երեխային պետք է զգալ, որ մենք վայելում ենք նրա ներկայությունը
Հատուկ ժամանակը պարտադիր չէ երկար կամ արտասովոր լինի։
Երբեմն տասը րոպեն բավական է։
Կարևորը, որ այդ ընթացքում երեխան չզգա, թե մենք պարզապես հերթական ծնողական պարտականությունն ենք կատարում։ Նրան անհրաժեշտ է երբեմն տեսնել մեր աչքերում պարզ մի բան. «ես ուրախ եմ, որ դու այստեղ ես»։
Մենք շատ ժամանակ ենք ծախսում երեխաներին մեծացնելու, սովորեցնելու և ուղղելու վրա։ Բայց նրանց հետ հարաբերությունների համար նույնքան կարևոր է ժամանակ հատկացնել մի բանի, որը որևէ նպատակ չունի՝ բացի միասին լինելուց։ Եվ հենց այդպիսի փոքրիկ, բայց կանոնավոր պահերն են երեխային օգնում զգալ.
«Ես կարևոր եմ։ Ինձ նկատում են։ Ինձ հետ ուզում են լինել»։