Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

 Աճ, էվոլյուցիա, աշխատանք
Հոդվածներ

 Աճ, էվոլյուցիա, աշխատանք

Մարդը տիեզերքի մի մասն է, որտեղ ամեն ինչ շարժման մեջ է, ամեն ինչ աշխատում է, աճում, փոխակերպվում և զարգանում։ Այդ իմաստով ակտիվությունը պարզապես վարքագիծ չէ, այլ գոյության օրենք՝ սկսած անտեսանելի մասնիկներից մինչև կենդանի բնություն ու մարդկային միտք։ Երբ մենք դա գիտակցում ենք, աշխատանքը և ստեղծագործելը դադարում են լինել միայն “անհրաժեշտություն” կամ “ծանրաբեռնվածություն”: Դրանք դառնում են մարդու ներքին էներգիայի ճիշտ ուղղորդում՝ կյանքի բնական ընթացքի հետ ներդաշնակ։ Ստորև բերված հատվածը ցույց է տալիս հենց այդ կապը՝ ինչպես է նույն ուժը գործում տիեզերքում, բնության մեջ և մարդու մեջ, և ինչու է մարդու առանձնահատկությունը ոչ թե պարզապես ակտիվ լինելը, այլ իր ակտիվությանը իմաստ, նպատակ և ստեղծարար ուղղություն տալը։

 

Մենք ապրում ենք էներգետիկ Տիեզերքում․ ուր շրջվում ես, որ կողմն էլ որ նայում ես, լինի դա ատոմների կամ աստղերի ուսումնասիրություն, կենսաբանություն, թե քիմիա, հասարակական, թե տնտեսական գիտությունների բնագավառ, մենք տեսնում ենք միևնույն էներգիայի անկառավարելի ակտիվության արտահայտումը, որոնց ստեղծում են ուժ և իշխանություն, իսկ կենդանի մատերիայի մեջ տեսնում ենք բազմացում, աճ, էվոլյուցիա։

 

Վերջին տասնամյակներում նյութի մասին պատկերացումները արմատապես փոխվել են: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեզ շրջապատող ամեն ինչ բաղկացած է անսահման փոքր, էլեկտրականացված մասնիկներից, որոնք իրենց փոքրիկ ուղեծրերում պտտվում են մեծ արագությամբ։ Նույնիսկ թվացյալ անշարժ աշխարհները անընդհատ շարժվում են իրենց տիեզերական հետագծերով: Այսպիսով, անսահման փոքրը դառնում է անսահման մեծ իր կատարած գործառույթների մասշտաբով՝ լինի դա հեռավոր աստղի լույսը, որը ճանապարհորդում է միլիոնավոր տարիների միջով մինչև մեզ հասնելը, որի միջոցով մենք իմանում ենք այն արձակած շիկացած գնդակի բնույթի, կամ այն հրաշքի մասին, թե ինչպես է սերմը, որի գեները պարունակում են միլիոնավոր տարիների էվոլյուցիայի տեղեկատվությունը, վերածվում տունկի, իսկ տունկը՝ հզոր կաղնու, կամ էլ թե մարդկային նորածնի վերափոխումը հասուն մարդու։ Բոլոր այս օրինակներն ուժի ու էներգիայի արտահայտումն են։ Անսահման փոքրը վերածվում է հսկայականի։ Փոքրիկ կորսիկացի տղան մեծանում է, որպեսզի հիմնահատակ ցնցի ողջ Եվրոպան, դառնա հազարավոր մարդկանց մահվան պատճառը և ընդմիշտ դաջվի մարդկության պատմության մեջ։ Գիտնականը ուշադիր նայելով մանրադիտակով, առանձնացնում է տիֆի բացիլը կամ մալարիայի մանրէն։ Դրանով իսկ նա հաղթում է մարդկության դարավոր թշնամուն և շնորհիվ նրա հայտնագործության միլիոնավոր մարդկանց կյանքեր կփրկվեն։

 

Եվ քանի որ ակտիվությունը նյութի յուրաքանչյուր ձևի հատկությունն է (քարի յուրաքանչյուր ատոմ շարժման մեջ է), այն նաև բնորոշ է բոլոր կենդանի էակներին։ Եթե կենդանի էակները կորցնում են իրենց ակտիվությունը, նրանք անցնում են այլ վիճակի, որը կոչվում է մահ։ Կենդանիների ակտիվությունը ենթագիտակցական է։ Երբ նրանք որսով չեն զբաղվում, չեն զուգավորվում կամ հոգ չեն տանում իրենց սերունդի մասին, նրանք հաճախ զբաղված են լինում ինչ որ բանով՝ խաղում են, տուն են սարքում, լիզում են իրենց մորթին։ Որոշ կենդանի էակներ, առհասարակ, անընդհատ աշխատում են, ընդ որում՝ հաստատված կանոնակարգի համաձայն։ Մրջյուններն անդադար բարելավում են իրենց մրջնաբույնը, ձմռանն ուտելիք են տանում այնտեղ, գրավում են այլ մրջյունների ու ստիպում են օգնել իրենց աշխատանքում, կռվում են թշնամիների հետ։ Եվ որքան էլ մեզ համար աննկատելի թվա նրանց ակտիվությունը, այնուամենայնիվ, նրանք անդադար և ջանասիրաբար աշխատում են:

 

Եվ չնայած դրան՝ ոչ մի կենդանի չի աշխատում այնպես, ինչպես մարդը։ Մարդու յուրահատուկ առավելություններից մեկը կայանում է հենց նրանում, որ նրա ակտիվությունը, որը համարվում է նյութի համընդհանուր հատկանիշ, ուղղված ու ողղորդված է ահռելի հունին, որի անունն է աշխատանք։ Իր բոլոր ունակությունները մարդը նվիրում է աշխատանքին՝ նրա լսողությունն աշխատում է՝ ստեղծելով երաժշտություն ու երաժշտական գործիքներ, նրա ձեռքերը սովորել են ստեղծել ամեն բան՝ պարզունակ խրճիթներից մինչև հարյուր հարկանի երկնաքերեր, երկանիվ սայլից մինչև գերձայնային ինքնաթիռ, հեռավոր նախնիների քարե դանակից մինչև ժամանակակից վիրաբույժի նշտար։ Հնչյուններ հանելու ունակությունը ծնել է նրա խոսքի ունակությունը, որը հանգեցրել է գրելուն, իսկ ավելի ուշ՝ գրքի տպագրությանը, և հիմա աշխարհը լի է գրքերով, որոնք հրատարակվում են բազմաթիվ լեզուներով։ Նրա աչքերը՝ նրա ուղեղի պատուհանները, տվել են նրան գեղանկարչությունը՝ գույների ու ձևերի իր ողջ հարստությամբ ընկալելու ունակություն, օգնել են ստեղծել սարքեր, որոնց շնորհիվ մարդը դառնում է շրջապատող աշխարհի տիրակալը։ Այսպիսով, գեոդեզիստի սարքերը և ֆիզիկոսի սարքավորումները նույն մարդկային աչքերն ու ձեռքերն են՝ նրա ուղեղի գործիքները։

 

Դժվար թե գոյություն ունենա որևէ այլ կենդանի էակ, իր բնույթով նույնքան անհանգիստ, որքան մարդը։ Նա ամեն վայրկյան պետք է ինչ-որ բան անի։ Նա ի վիճակի չէ ժամերով տաքանալ արևի տակ, ինչպես սողունը կամ ձմեռվա քուն մտնել արջի պես։ Նույնիսկ պարզունակ վայրենին, ով թվում էր, թե զրկված է որևէ տեսակի ամբիցիաներից, միևնույն է, ինչ-որ բան է անում, ինչ որ բան է ստեղծում, ինչ որ բանի մասին մտածում է։ Անընդհատ շարժման մեջ լինելը մարդու համար սովորական բան է։ Երբ մայրը տեսնում է, որ իր հինգ տարեկան երեխան դարձել է անտարբեր ու թույլ, նա գիտի, որ սա հիվանդության նշան է։ Տարիքի հետ մենք գնալով ավելի քիչ ենք վազում ու ցատկոտում, սակայն, այնուամենայնիվ, մենք շարժման մեջ ենք մնում մինչև խորը ծերություն, իսկ եթե դա մեզ չի հաջողվում, նշանակում է, մենք հիվանդ ենք՝ ֆիզիկապես, մտավոր կամ հոգեպես։ Միայն չափազանց հազվադեպ դեպքերում են բժիշկները մարդուն լիակատար հանգիստ խորհուրդ տալիս։ Ավելի հաճախ նրանք խորհուրդ են տալիս փոխել միջավայրը կամ գործունեության ոլորտը, այլ կերպ ասած՝ անել ինչ-որ նոր բան, որը տարբերվում է նրանից, ինչ մենք սովորաբար անում ենք։ Նույնիսկ հանգիստը, ինչ-որ մեկի հանճարեղ սահմանմամբ, փաստացի ընդամենը գործունեության փոփոխություն է։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ