Ես, որպես կամավորական, աշխատում եմ առողջական խնդիրներ ունեցող անձանց հետ, որոնց մի մասը լուրջ հիվանդություններ ունի: Արդեն պարզ է, որ շատ հիվանդներ և նրանց սիրելիները գտնվում են հոգեպես խիստ անհանգիստ վիճակում։
Պետք է, որ դա մեծ ցնցում լինի, երբ բնականոն կյանքից, հանկարծակի անցում է լինում, ինչը քո ամբողջ ապագան դնում է կասկածի տակ։ Երբ հիվանդներն ու ընտանիքները, որոնց հետ ես աշխատում եմ, ունենում են կրոնական համոզմունքներ, ծանր հիվանդության հետ բախումը մեծ փորձություն է դառնում նրանց հավատի համար, քանի որ հարց է առաջանում, եթե Աստված կա, ապա ինչու՞ է թույլ տալիս սա, հատկապես եթե հիվանդը երեխա է կամ երիտասարդ։
Ինչպե՞ս կարող էր թույլ տալ, որ որևէ մեկի սիրելին այդքան տառապի: Շատերը սկսում են մտածել՝ միգուցե Աստված չկա՞։
Բահայի գրությունները առաջարկում են բազմաթիվ տեսակետներ փորձությունների և տառապանքների թեմաների վերաբերյալ, հատկապես հիվանդության, ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր: Կյանքը կարող է կամայական ու դաժան թվալ, երբ մարդիկ տառապում են այդ ամենի պատճառով: Աբդուլ-Բահան կարևոր բացատրություն է տվել փորձությունների պատճառների մասին։
Մարդկային փորձությունները երկու տեսակի են լինում: Առաջինը սեփական արարքների հետևանքները: Եթե մարդ շատ է ուտում, նա քայքայում է մարսողական համակարգը: Եթե մարդը թույն է ընդունում, ապա նա հիվանդանում է ու մահանում: Եթե մեկը մոլեխաղերին է տրվում, ապա նա իր փողերն է կորցնում, եթե չափազանց շատ է խմում՝ կորցնում է հավասարակշռությունը: Այս բոլոր տառապանքների պատճառըմարդն ինքն է, այսպիսով լիովին ակնհայտ է, որ մեր սեփական արարքների արդյունք են հանդիսանում բազմաթիվ տառապանքներ:
Այս օրինակը ցույց է տալիս, որ սխալ ապրելակերպն ազդում է կյանքի որակի վրա։ Շարունակելով թեման՝ Աբդուլ-Բահան ասել է.
Այլ տեսակի տառապանքներ են բաժին ընկնում հավատարիմ աստվածապաշտներին: Մտորեք այն մեծագույն չարչարանքների մասին, որոնք կրել են Քրիստոսն ու նրա առաքյալնեը: Ով ամենամեծ տառապանքներն է կրում, նա մեծագույն կատարելության է հասնում: Նրանք, ովքեր ցանկություն են արտահայտում տառապել Քրիստոսի համար, պետք է ապացուցեն իրենց անկեղծությունը: Նրանք, ովքեր մեծագույն զոհողությունների ձգտում են ցուցաբերում, կարող են դա ապացուցել լոկ իրենց արարքներով: Հոբը Աստծո հանդեպ իր տածած սերը ապացուցեց այն բանով, որ հավատարիմ մնաց նրան, ինչպես իր կյանքի ամենադառը ժամանակներում, այնպես էլ բարգավաճման և հաջողության տարիներին: Քրիստոսի առաքյալները անսասան կրելով բոլոր փորձությունները ու տառապանքները միթե՞ չապացուցեցին իրենց հավատարմությունը: Ամենալավ ապացույցը չէ արդյո՞ք նրանց համբերատարությունը: Այժմ արդեն նրանց տառապանքներն ավարտվել են:
Հետաքրքիր է, որ Աբդուլ-Բահան անդրադառնում է Կտակարանի Հոբի պատմությանը, որը շատերին է ծանոթ: Հոբը լավ և արդար մարդ էր, ում հավատը խիստ փորձության ենթարկվեց, երբ նա հանկարծ և դաժանորեն կորցրեց իր ընտանիքը, ապրուստը և առողջությունը, բայց հրաժարվեց անիծել կամ մեղադրել Աստծուն և, ի վերջո, պարգևատրվեց: Այսպիսով, թվում է, որ գոնե մեկ իմաստով հիվանդությամբ տառապելը կարող է լինել այս մահկանացու կյանքի կատարելագործման մեր ուղու մի մասը, որը բահայիների համար մեր հավերժական գոյության միայն սկիզբն է: Դրանով մենք կարող ենք զարգացնել մեր հավատը առ Աստված։ Անարդար կարող է թվալ, որ ոմանք, ապրում են առանց խնդիրների, իսկ մյուսները հիվանդանում են կամ սարսափելի վթարների ենթարկվում։ Բայց ավելի ուշ նույն հատվածում Աբդուլ-Բահան մեզ տալիս է հետևյալ հավաստիացումները։
Փորձությունները օրհնություններ են Աստծո կողմից, որոնց համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք։ Վիշտը և տառապանքը պատահական չեն գալիս մեզ, դրանք մեզ ուղարկվում են Աստվածային շնորհի միջոցով` մեր սեփական կատարելության համար:
Այս յուրօրինակ կերպով մեզ ասում են, որ նմանօրինակ փորձությունները, ինչպիսին հիվանդությունն է, պետք է դիտարկել որպես օրհնություն, և ոչ թե այն, ինչ մեզ թվում է: Մենք կարող ենք կարծել, որ պայքարում ենք այս բարձրագույն հոգևիճակին հասնելու համար, բայց Աբդուլ-Բահան մեզ ասում է, որ Աստված կօգնի նրանց, ովքեր կդիմեն իրեն: Նա ասում է.
Քանի դեռ մարդ երջանիկ է, նա կարող է մոռանալ իր Աստծուն: Բայց երբ դժբախտություն է պատահում, և վիշտ է համակում նրան, նա հիշում է իր Երկնային Հորը, որն ի զորու է ազատելու նրան ստորացումներից: Ովքեր չեն տառապում՝ կատարելության չեն հասնում : Այգեպաններրի ձեռքով ամենից խնամքով ճյուղատած ծառը ամռանը կտա ամենագեղեցիկ ծաղիկները և ամենաառատ բերքը: Աշխատավորն իր խոփով վարում է հողը և այն հարուստ ու առատ բերք է տալիս: Եվ ինչքան շատ փորձություններ են հղվում մարդուն, այնքան նրա հոգևոր առաքինությունների բերքը առատ է լինում: Զինվորը երբեք լավ զորավար չի դառնա, մինչև առաջավոր դիրքերում մասնակցած չլինի ամենադաժան մարտերին և ամենախոր վերքերը ստացած չլինի:
Մի կնոջն ուղղված նամակում, ում ամուսինն ակնհայտորեն հիվանդ էր, Աբդուլ-Բահան ասում է, որ չնայած մենք կարող ենք տխրել առողջական խնդիրների պատճառով, իրականում չկա կատարյալ, ապահովագրված կյանք և բոլորս էլ փորձությունների կարիք ունենք, որպեսզի կատարելագործենք մեր տեսակը և պատրաստ լինենք հաջորդ կյանքի համար: Իրականում, մեզնից նրանք, ովքեր հավատում են Աստծուն, կարող են փնտրել Նրա մեջ սփոփանք ու խաղաղություն, իմանալով, որ վերջիվերջո երկրային կյանքի ֆիզիկական սահմանափակումները կանցնեն:
Յուրաքանչյուրը կարող է երջանիկ լինել հարմարավետության, հանգստության, առողջության, բավականության և ուրախության մեջ, բայց եթե նա երջանիկ ու գոհ է փորձանքների, զրկանքների և հիվանդությունների ժամանակ, դա վեհանձնության ապացույց է: Փառք Աստծուն, որ սիրելի ծառան ծայրաստիճան համբերատար է ծանր պայմաններում և դժգոհությունների փոխարեն շնորհակալություն է հայտնում:Հիրավի, ես գոհ եմ և ձեզնից, և ձեր ամուսնուց, և ես խնդրում եմ Աստծուն, որ դուք կարողանաք բավականություն և հանգստություն գտնել գալիք աշխարհում, քանի որ այս երկրային աշխարհը սահմանափակ է, մութ և սարսափելի, հանգիստն այստեղ հնարավոր չէ պատկերացնել, իսկ երջանկությունն իրականում գոյություն չունի, յուրաքանչյուրը հայտնվում է տխրության ցանցում և օր ու գիշեր ստրկանում է աղետների շղթայից: Չկա մեկը, ով ամբողջովին ազատ վշտից ու տառապանքից: Այնուամենայնիվ, երբ Աստծուն հավատացողը դեմքն ուղղում է դեպի անսահման աշխարհ, նա աղետալի դժբախտություններից չի կոտրվում ու չի տխրում, այլ մխիթարություն է գտնում: Բայց ուրիշները չունեն ոչինչ, ինչը կարող է նրանց մխիթարել դժվարության պահին: Ամեն անգամ դժբախտությունների ու աղետների պահերին նրանք հուսահատվում և տխրում են և կորցնում են Փառավոր Տիրոջ առատաձեռնության և ողորմածության նկատմամբ իրենց հույսը:
Այսպիսով, չնայած որոշ մարդկանց կարող է թվալ, որ նրանք երջանիկ և առողջ են, բայց իրականում այս երկրային կյանքում ոչ ոք զերծ չէ վշտից և աղետից: Արդյոք սա նշանակում է, որ մենք պասիվորեն պետք է ենթարկվենք հիվանդությանը և ոչ մի գործողություն չձեռնարկենք: Միանշանակ ոչ: Մեզ տրվել է այս կյանքը հաջորդին նախապատրաստվելու համար, և, հետևաբար, մենք պետք է առավելագույնս օգտագործենք այն: Բահայի ուսմունքները մեզ խորհուրդ են տալիս դիմել բժշկական մասնագետների օգնությանը, ինչպես նաև աղոթել ապաքինման համար:
Գոյություն ունի հիվանդություններից ապաքինման երկու միջոց՝ նյութական և հոգևոր: Առաջինը բժիշկների բուժումն է, երկրորդը կայանում է հոգևոր անձանց կողմից Աստծուն ուղղված աղոթքների մեջ: Երկու միջոցներն էլ պետք է օգտագործել և գործադրել:
Բահայի Գրվածքներում կան ապաքինման համար գրված բազմաթիվ հրաշալի աղոթքներ: Եթե մենք աղոթում ենք և խնդրում Աստծուն ապաքինել մեզ կամ մեր սիրելի մարդկանց, կստանա՞նք արդյոք այդ աղոթքի պատասխանը: Ոչ միշտ: Աբդուլ-Բահան պատասխանել է, թե ինչու:
Ապաքինման խնդրանքով հայտնած աղոթքները վերաբերում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր բուժմանը: Կարդացեք դրանք ՝ ինչպես հոգին, այնպես էլ մարմինը բուժելու համար: Եթե բուժումը ճշմարիտ է, այն անպայման կշնորհվի, բայց որոշ հիվանդների համար բուժումը կարող է այլ հիվանդությունների պատճառ դառնալ, և հետևաբար իմաստությունը թույլ չի տալիս աղոթքին դրական պատասխան տալ:
Վերջապես, այն միտքը, որ վիշտն ու տխրությունն իրականում օրհնություններ են նորություն չէ: Ռումին՝ 13-րդ դարի միստիկ բանաստեղծն այսպես է ասել.
Ես տեսա տառապանքին՝ վշտի գավաթի խմելիս, և ձայն տվեցի.
- Քաղցր է համը, այնպես չէ՞:
- Դու բռնեցիր ինձ,- պատասխանեց տառապանքը:
- Եվ այդպիսով ոչնչացրիր իմ աշխատանքը:
Ինչպե՞ս ես կարող եմ վաճառել վիշտը, եթե դու արդեն գիտես, որ այն օրհնություն է: