Զրադաշտի կյանքն ու ուսմունքը մարդկությանը փոխանցում են խորագույն ճշմարտություններ բարու և չարի պայքարի, մարդու ներքին ընտրության և հոգևոր աճի մասին։ Նրա խոսքերը ոչ միայն բացահայտում են տիեզերքի աստվածային կարգը, այլև հիշեցնում են, որ յուրաքանչյուր մարդ իր ներսում կրում է լույսի և խավարի միջև ընտրելու պատասխանատվություն։ Այս հատվածը ներկայացնում է Զրադաշտի ուսմունքի էությունը՝ որպես ուղեցույց դեպի մաքրություն, արդարություն և Աստծուն մոտենալու ճանապարհ։
Այն օրը, երբ Զրադաշտը պետք է պատմեր իր ուսմունքի մասին Հիստասպես թագավորին, ամենակարևորներից մեկն էր Աստվածային Ուսուցչի կյանքում։ Այդ ժամանակներում, մոտավորապես 3000 տարի առաջ, թագավորների կարծիքը շատ բարձր էր գնահատվում, անգամ եթե նրանց թագավորությունները չափազանց փոքր էին։ Նրանց բոլոր խոսքերն ու հրամանները համարվում էին սուրբ և անբասիր և այդ իսկ պատճառով շատ բան էր կախված նրանց իմաստությունից ու բնավորությունից։ Թագավորներն արձակում էին ամենաբազմազան հրամանները, միայն նրանց էր պատկանում որոշում կայացնելու իրավունքը։ Մնացած բոլորը՝ անգամ հոգևորականները, նրանց ենթականերն էին։
Հիստասպես թագավորը դեռևս նոր էր սկսել իր կառավարումը, նրա թագավորությունն այդքան էլ մեծ չէր, և ինքն էլ այնքան հայտնի չէր, որքան, օրինակ Միդիայի արքան, որտեղ ծնվել և մեծացել էր Զրադաշտը։ Բաբելոնյան, եգիպտական և ասորեական թագավորությունները շատ ավելի զորեղ էին Հիստասպեսի թագավորությունից։ Բայց այդ օրերին, ժամանակի զորեղ ուժերն արդեն կորցնում էին իրենց երբեմնի հզորությունը, նրանց ծաղկման ժամանակն անցել էր։ Նրանց կառավարությունները թույլ էին, ժողովուրդները՝ չարացած ու աղքատ։ Եվ այս բոլորը տեղի էր ունենում այն պատճառով, որ եղել էր մի ժամանակ, երբ մարդիկ արհամարհել էին ճշմարիտ հոգևոր իրականությունը և սխալ ճանապարհներով էին գնացել, որոնք էլ նրանց ողբալի վիճակի էին հասցրել։ Անգամ հզոր Իսրայելի ժողովուրդը, որը մի ժամանակ օրհնվել էր Մովսեսի ոսմունքներով, մոռացել էր Աստծո մասին, և Իսրայելը վերածվել էր թույլ երկրի, որն անընդհատ հարձակումների էր ենթարկվում այլոց՝ ավելի ուժեղ երկրների կողմից։ Եվ այս կերպ ամենազորեղ տերության ժողովուրդը դարձել էր այլ ժողովուրդների գերին։
Եվ այսպես, Հիստասպեսի թագավորությունը դեռևս շատ երիտասարդ էր, բայց չնայած դրան՝ այն չէր ծաղկում։ Դրա հիմնական պատճառը կեղծ կրոնական ուսմունքների ազդեցությունն էր, որոնցով հոգևորականներն ավելի ու ավելի էին շփոթեցնում մարդկանց։ Եվ մարդիկ չարացել էին ու մշտապես պատերազմում էին միմյանց դեմ։ Զրադաշտի ուսմունքը պետք է միավորեր Պարսկաստանի պառակտված թագավորությունները և վերածեր երկիրը գերհզոր տերության։ Նոր կրոնը, որը բերել էր Զրադաշտը, բաղկացած էր այնպիսի հոգևոր և սոցիալական օրենքներից, որոնք կարող էին երջանիկ դարձնել Պարսկաստանի յուրաքանչյուր բնակչի։
Հիստասպես թագավորի տոհմը իշխում էր արդեն երեսուն տարի։ Անձամբ Հիստասպեսը լավ թագավոր էր, բայց իր կառավարման տարիներին նա չէր կարողանում մարդկանց կյանքն իր թագավորությունում ավելի լավը դարձնել։ Զրադաշտը վստահ էր, որ թագավորին չէր բավականացնում Ահրումազդայի՝ Զորեղ Միասնական Աստծո ու Նրա աստվածային օրենքների մասին գիտելիքները։ Զրադաշտը կարծում էր, որ եթե թագավորն իմանար Աստվածային Ուսմունքի մասին, հավանաբար կդառնար Նրա հետևորդը։
Եվ ահա, այդ սպասված օրը եկավ։ Զրադաշտը հնարավորություն ունեցավ ողջ թագավորական արքունիքին հայտնել իր առաքելության մասին։ Թագավորը բազմած էր գահին՝ շրջապատված բազմաթիվ պալատականներով ու հոգևորականներով։ Վերջիններս խիստ բարկացած էին այն մարդու հանդգնությամբ, ով համարձակվել էր իրեն Աստծո Դեսպանորդ անվանել։ Զրադաշտի հագին երկար, սպիտակ զգեստ էր։ Նա իրեն չափազանց վեհ ու արժանապատիվ էր պահում։ Մի ձեռքում նա տանում էր մեծ, մետաղյա գունդը, որի մեջ վառվում էր կրակը՝ Ահուրամազդա Աստծո ջերմ սերը իր արարածների նկատմամբ։ Մյուս ձեռքում Զրադաշտը տանում էր նոճենուց պատրաստված գավազանը՝ Աստվածային Իրականության ու Սրբության նշանը։ Բոլորը մեծ ուշադրությամբ սկսեցին լսել Ուսուցչի խոսքերը․
«Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է ընտրություն կատարի ճշմարտության և ստի միջև։ Դրա համար Աստված նրան բանականությամբ է օժտել։ Ահուրամազդան՝ Հզոր Աստված, գոյություն ունեցող ամեն ինչի Արարիչը ստեղծել է մարդու մարմինը, իսկ հետո նրան կյանք է ներշնչել։ Նա ստեղծել է մարդուն նրա համար, որ նա կարողանա ընտրություն կատարել բարու ու չարի միջև՝ իր մտքերում, խոսքերի և արաքների մեջ։
Աստվածները, ում դուք խոնարհվում եք, չեն կարող համեմատվել Հզոր Ահուրամազդայի հետ։ Նրանք չունեն զորություն, որն անհրաժեշտ է մարդկանց փրկելու համար։ Միայն Ահուրամազդան՝ Սիրո և Արդարության Աստվածը կարող է փրկել աշխարհը հիվանդություններից։ Եթե բոլոր տղամարդիկ և կանայք ականջալուր լինեն Նրա ուսմունքներին, ապա նրանց սրտերը կլուսավորվեն, իսկ արարքներն արդար կլինեն և բոլոր ժողովուրդները կսկսեն բարգավաճել։ Ահուրամազդան Իր բոլոր արարչագործությունները ստեղծեց նրա համար, որպեսզի նրանք մշտապես բարգավաճեն ու ավելի լավը դառնան։ Սա Նրա կամքն է, ու Նա անում է ամեն ինչ, որպեսզի մարդկանց օգնի ի կատար ածել դա։ Եթե դուք ապրեք Աստծո Աստծո օրենքներով, չարությունը հավերժ կլքի աշխարհը» ։
Հետո Զրադաշտը դիմեց արքային․ «Եթե թագավորն առաջնորդվի արդարությամբ ու ենթարկվի Աստվածային Օրենքներին, նրա թագավորությունը կբարգավաճի»։
Զրադաշտի այս խոսքերից անմիջապես հետո իմաստուններն ու հոգևորականները նրան երեսուներեք հարց տվեցին, որոնց նա առանց վարանելու հիասքանչ պատասխաններ տվեց։ Զրադաշտը շատ դուր եկավ թագավորին։ Նա կարծես կարդում էր թագավորի մտքերը։ Արքան այնքան էր հիացած Ուսուցչի իմաստությամբ, որ հաջորդ օրերին նույնպես Նրան հրավիրեց։ Եվ ամեն անգամ Զրադաշտն իր ունկնդիրներին ապշեցնում էր մեծագույն պերճախոսությամբ ու վեհանձնությամբ։
Այն ժամանակներում ոչ բոլորն էին կարողանում կարդալ ու գրել, բացառությամբ, իհարկե, իմաստունների ու հոգևորականների։ Գրքերը չափազանց քիչ էին, այդ իսկ պատճառով Զրադաշտի խոսքերը գրության չեն առնվել։ Միայն շատ տարիներ անց, Նրա մահից հետո, Նրա պատմությունները, երգերն ու հիմները հավաքագրվել ու գրի են առնվել։ Գլխավոր գրքերից մեկը, որտեղ հավաքագրված են Նրա պատմությունները, անվանվում է «Ավեստա» (գիտելիք)։
Ավանդապատումներում ասվում է, որ երբ Զրադաշտն Իր հիմները երգում էր Հիստասպես արքայի համար, արքայական դղյակի պատերը դողում էին և պալատի կենդանիները ոգևորված այս ու այն կողմ էին գնում։ Պալատական բուխարու կրակը սկսում էր իր անբռնազբոս պարը, որն արտացոլվում էր արքունյաց պատերի վրա։ Բոլոր այս հրաշքները կատարում էր Զրադաշտից բխող Աստվածային ոգին։ Եվ Նրան լսող բոլոր մարդկանց սրտերը հալվում էին և աներևակայելի ուժգնությամբ զգում էին Աստվածային Սերը։
Միայն հոգևորականներն ու մի քանի պալատականներ էին դժգոհ։ Նրանք նախանձում էին այդքան ուժգին ազդեցությանը, որը Զրադաշտն ուներ մարդկանց վրա։ Եվ որոշեցին անել հնարավոր ամեն բան Մեծն Ուսուցչին զրպարտելու և Նրա ուսմունքն ընդմիշտ ոչնչացնելու համար։
Այդ ժամանակ Զրադաշտն արդեն իսկ շատ տառապանքներ էր կրել, և ահա դրանց ավելացան նորերը։ Չար հոգևորականները Զրադաշտի սենյակում ոսկորներ, մազերի փնջեր ու եղունգներ, ինչպես նաև շան գլուխ ու պոչ դրեցին, որոնք մոգերն ու կախարդներն օգտագործում էին այն ժամանակներում։ Հոգևորականներն ասացին արքային, որ Զրադաշտը չար կախարդ է և որ նա անձամբ կարող է համոզվել դրանում։ Այդ խարդախության արդյունքում արքան շատ բարկացավ և հրամայեց հորը գցել Զրադաշտին ու հաց ու ջուր չտալ։ Սակայն որոշ ժամանակ անց արքան կրկին դիմեց Զրադաշտին։ Նրա սիրելի ձին հիվանդացավ և նա զգաց, որ միայն կենդանիների հանդեպ անսահման սերը, որն ուներ Զրադաշտը, կարող է բուժել նրա սիրելի կենդանուն։ Զրադաշտն արագ բուժեց կենդանուն և Հիստասպեսի արքան չեղարկեց Ուսուցչին բանտարկելու հրամանը։ Նա հասկացավ, որ Զրադաշտի դեմ մեղադրանքները կեղծ էին և նրան կրկին հրավիրեց պալատ, որպեսզի լսի Նրա զարմանահրաշ պատմությունները։
Եվ շուտով Զրադաշտից եկող սիրո ուժն արքային ապշեցրեց։ Հանկարծ Հիստասպես արքան հասկացավ Զրադաշտի հայտնած նոր կրոնի մեծագույն նշանակությունը։ Նա հասկացավ, որ հենց այս նոր օրենքներն են վերածնելու Պարսկաստանն ու այն դարձնելու զորեղ տերություն։ Արքային այն աստիճան էր հուզել ողջ լսածը, որ շուտով նա երազ տեսավ։ Այդ երազում նրան շրջապատել էր հրեշտակների զորքը։ Նա իրեն այնքան երջանիկ էր զգում, որ առանց ափսոսանքի որոշեց լքել թագավորական գահը, որը նրա համար արդեն ոչ մի նշանակություն չուներ։ Նրա հոգում այրվում էր միայն մեկ ցանկություն՝ դառնալ Զրադաշտի աշակերտը և իր ողջ կյանքը նվիրել Մեծն Ահուրամազդային ծառայելուն։
Ի՞նչ է սովորեցնում զրադաշտականությունը
Սուրբ Արևի նման երկնքում՝ Հոգու Արքայությունում փայլում է Ահուրամազդան, և թափվում են Նրա աստվածային ճառագայթները ողջ տիեզերքի և ողջ աշխարհի վրա։
Մարդն իր բնույթով նման է Ահուրամազդային, բայց անձամբ իրենից է կախված՝ նրա հոգին լույս կդառնա, թե ոչ։
Եթե մարդը լուսավոր է ու մաքուր, այսինքն սիրում է իր մտերիմներին ու հոգ է տանում նրանց մասին, մտածում է միայն լավի մասին ու փորձում է բոլորի հետ լավ վարվել, օգնության խնդրանքով դիմում է Աստծուն ու հետևում է իր մաքրությանը, այդ ժամանակ նրա հոգին դառնում է թափանցիկ և նրա միջով Ահուրամազդայի փայլուն շողերը երկիր են հասնում։ Եվ մարդը նույնպես դառնում է ոգի ու լույս և միջնորդ՝ Ահուրամազդայի լույսի համար։
Եթե մարդը խավարում է, այսինքն բարկանում է, խաբում, չի հավատում ոչ մեկին ու չի սիրում ոչ ոքի և չի հետևում իր մաքրությանը, ապա նրա հոգին թափանցիկ չի դառնում Ահուրամազդայի լույսի համար։ Եվ այդ ժամանակ հայտնվում է չարը, որը արևը ծածկող անթափանցիկ իրերի ստվերի նման է։ Այդ ստվերներից է կառուցվում Ահրիմանի թագավորությունը (Դևերի դև)։
Ահա թե ինչ է ասվում այս առիթով հնագույն առակներից մեկում․
«Հին ժամանակներում մի իմաստուն ցանկացավ տեսնել Ահրիմանին և ճամփա ընկավ նրան փնտրելու՝ ամենուրեք ուշադրություն դարձնելով մարդկանց ու բնության միայն չար ու վատ արարքներին։ Բայց ամեն անգամ, երբ նրա աչքի առաջ ինչ որ մեկը հանցագործություն կամ ինչ որ չար բան էր անում, նա ինքն իրեն հարցնում էր այդ վատ արարքի դրդապատճառների մասին, ու ամեն անգամ չարագործի հոգում գտնում էր սխալ դաստիարակություն, աղքատություն, հուսահատություն, մենակություն, խելագարություն կամ հիվանդություն, բայց ոչ մի անգամ այնտեղ չէր գտնում Դևին։ Երբ իմաստունը տեսնում էր բնության ավերները, նա անգամ դրանում չարություն չէր գտնում, այլ միայն նրա օրենքների գործողությունները, որոնք միշտ չէ, որ համապատասխանում էին մարդուն։
Մի անգամ իմաստունը մտորումների մեջ ընկավ ու քնեց։ Երազում նա տեսավ աղեղ Հրեշտակին։
-Դու ինձ ամենուր փնտրում ես,- ասաց հրեշտակը,- բայց փնտրում ես ոչ այնտեղ, որտեղ ես բնակվում եմ։ Ես բնակվում եմ քո աչքերի մեջ ու քո սրտում՝ մտածիր դրա մասին»։
Այսպիսով, Չարքի սկիզբը՝ (Ահրիմանը), հայտնվեց աշխարհում այն ժամանակ, երբ գտնվեց մի սիրտ, որն ունակ եղավ չարություն զգալ։ Այն պահին, երբ սիրտն առաջին անգամ թույլ է տալիս իրեն կարծել, որ չարը գոյություն ունի, չարը ծնվում է այդ սրտում և նրանում սկսում են պայքարել երկու էություն՝ Ահրիմանի չար ոգին (Անգրա-Մանյու) բարու Հրեշտակների հետ (Սպենտա-Մանյու)։
Բայց կգա ժամանակ, երբ բոլոր մարդկանց հոգիները կդառնան լուսավոր և թափանցիկ, և այդ ժամանակ Զրադաշտը կրկին կվերադառնա երկիր ու կօգնի մարդկանց լույս ու սեր դառնալ։ Եվ այդ ժամանակ Աստծո Թագավորությունը կտիրի երկրի վրա՝ Ահուրամազդայի թագավորությունը, իսկ Ահրիմանի մութ գործերը հավերժ կվերացվեն ու կմոռացվեն։ Կրոնների Մարգարեներն ու Հիմնադիրները, բոլորը Աստծո զավակներն են եղել: Նրանց անուններն Աստված գիտի, իսկ թե քանիսն են եղել և դեռ քանիսը կլինեն՝ հայտնի է միայն Նրան։
Մարգարեին, ով կգա Դատաստանի և Հարության օրը, երբ անգամ մեղավորների հոգիները կբարձրանան Դժոխքից ու կմաքրվեն, զրադաշտներն անվանում են Սաոշիանտ (Վերջին Փրկիչ)։ Երբ մի իմաստունի հարցրին «Զրադաշտը նույնությա՞մբ կվերադառնա ընդհանուր Դատաստանի օրը», իմաստունը ոչինչ չպատասխանեց: Նա վերցրեց ջրով լի պնակը և նրա միջինը թափելով հողի վրա՝ ասաց․ «Մի օր այս ջուրը գոլորշի կդառնա ու կբարձրանա երկինք։ Պատասխանե՛ք ինձ՝ եթե երկնքից այդ օրն անձրև գա, այս նու՞յն ջուրը կթափի գետնին, թե ուրիշը»։
Ահուրամազդային ծառայում են բազմաթիվ հրեշտակներ։ Վեց վերին Հրեշտակապետեր (Ամեշասպենտեր), ինչը նշանակում է Սուրբ Անմահներ: Նրանց օգնությամբ Ահուրամազդան ստեղծել է աշխարհը, և նրանցից յուրաքանչյուրը Ահուրամազդայի Աստվածային միտքն ու իմաստությունն են, օրինակ, Ճշմարտությունը, Ուղղամտությունը, Հնազանդությունը, Վերին Զորությունը, Կատարելությունը և այլերը։ Կան նաև արևի, աստղերի, երկրի պահապան հրեշտակներ, կան օդի, կրակի, ջրի հրեշտակներ և շատ ուրիշներ: Ահուրամազդայի հրեշտակները բարության հրեշտակներ են, և նրանք պայքարում են Ահրիմանի և նրա չար հրեշտակների հետ, և մարդն օգնում է նրանց, եթե նա ունի լուսավոր հոգի։
Այնտեղ, որտեղ հիմա երկիր մոլորակն է, մի ժամանակ եղել է «ամպերից վեր խոյացող սարերի կապույտ աշխարհը»։ Այդ աշխարհի ամենակենտրոնում՝ «դրախտային այգում», աննկարագրելի գեղեցկության մեջ ապրում էր մի մարդ։ Նա այն ժամանակ մարմին չուներ, այլ միայն նրա փայլուն ոգին էր, որ վեր էր բոլոր հրեշտակներից։ Նա կարողանում էր ընդունել ու տարածել ողջ տիեզերքով մեկ Աստվածային կամքը։ Բայց մարդն աստիճանաբար սկսեց մտածել միայն իր մասին, գոռոզացավ ու մոռացավ Աստծուն։ Եվ այդ ժամանակ նա «Կապույտ աշխարհից» ընկավ այն աշխարհ, որն Ահուրամազդան ստեղծեց նրա համար, ինչպես նաև նրան մարմին տվեց, որպեսզի նա նորից, բոլոր երկրային դժվարությունների ու փորձությունների միջով անցնելով կարողանա իր մեջ գտնել Աստվածային ոգին ու լույսը։ Իսկ «կապույտ աշխարհն» այդ ժամանակներից ի վեր դարձավ «երազների աշխարհ» և միայն որոշ հոգիներ են քնի ժամանակ կարողանում հայտնվել այնտեղ։ Նրանք իրենց հետ այնտեղից վերցնում են ոգեշնչվածություն ու աղոտ հիշողություն այն գեղեցկության մասին, որն անհնար է նկարագրել որևէ խոսքերով։