Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Զրադաշտի հայտնությունը և լուսավոր ուղին
Հոդվածներ

Զրադաշտի հայտնությունը և լուսավոր ուղին

Զրադաշտի կյանքը մարդկության հոգևոր պատմության մեջ առանձնանում է որպես լույսի, ճշմարտության և բարու հաղթանակի խորհրդանիշ։ Նրա ուսմունքը կոչ էր մարդկանց՝ հրաժարվել վախից ու մոլորություններից և ընտրել արդարության, մաքրության և գիտակցության ճանապարհը։ Այս պատմությունը ներկայացնում է Զրադաշտի ծնունդը, հոգևոր արթնացումը և այն դժվար, բայց փառավոր ուղին, որով նա կարողացավ փոխել մարդկանց մտածելակերպը և հիմք դնել նոր հավատքի տարածմանը։

 

Ինչպե՞ս է ծնվել Զրադաշտը

 

Ավանդապատումներում ասվում է, որ Զրադաշտը ծնվել է Պարսկաստանի հյուսիսում։ Այն ժամանակներում այդ տարածքը պատկանում էր Մեդիայի թագավորությանը։ Այդ թագավորության սահմաններն անցնում էին Կասպից ծովի երկայնքով, որը համարվում էր ամենամեծն աշխարհում։ Թագավորությունը երկու կողմերից պաշարված էր բարձր լեռներով, որտեղից ամեն աշուն ջրի հեղհեղուն հոսքեր էին իջնում ու ողողում հովիտների չոր դաշտերը։ Եվ այդ դաշտերն անասելի բերքառատ էին դառնում։

 

Դեռ Զրադաշտի ծնունդից շատ առաջ այդ հողերի վրա բնակություն էին հաստատել անասնապահների ցեղերը։ Իրենց ընտանիքների հետ միասին  նրանք եկել էին այստեղ՝ հողատարածքների բերրիությամբ գրավվելով։ Եվ շատ շուտով այս ցեղերը սկսեցին բնակվել Մեդիայի ողջ տարծքով մեկ։ Այս մարդիկ արիացիներ էին։ Այս ժողովրդի անունը շատ մոտ է «Իրան» բառին։ Նրանց նախնիները արիացիների ցեղերից էին, ովքեր ապրում էին սարերի այն կողմում՝ Հնդկաստանում, որտեղ դարեր առաջ ապրել և Իր ուսմունքն էր տարածել Աստվածային Ուսուցիչ Կրիշնան։ Ցեղերից մեկը, որը բնակություն էր հաստատել այդ հողերում, կոչվում էր «Սպիտամա»։ Այդ ցեղի մարդիկ ուղիղ նախնիներն էին այն ժողովրդի, որում աշխարհ եկավ Զրադաշտը։

 

Մեդիայի ցեղերից մեկում, գետից ոչ հեռու, ապրում էր Զրադաշտի ընտանիքը։ Նրա հայրն իր տունն ուներ։ Պղնձե գութանով նա մանրակրկիտ փխրեցնում էր իր հողերը, որպեսզի նրանք լավ բերք տան, հոգ էր տանում իր հիասքանչ ձիերի մասին, հպարտանում էր իր եղջերավոր անասուններով, որոնց համար ախորժելի խոտ էր աճեցնում։ Իհարկե, ինչպես և բոլոր մնացած մարդիկ, նա Մեդիայի արքայի ենթական էր, բայց առանձնանում էր ազատ ոգով և ավելի շատ զբաղված էր իր կյանքի առօրյա հոգսերով, քան թե թագավորությունում տեղի ունեցող տարատեսակ քաղաքական իրադարձություններով։

 

Մեդիական ցեղերի բնակիչները գտնվում էին հոգևորականների ազդեցության տակ, ովքեր բազմաստավածություն էին քարոզում։ Այդ կրոնը վաղուց հնացել էր և այլևս չէր կարողանում փոխել մարդկանց սիրտն ու հոգին։ Նրա ազդեցությունը կործանիչ էր՝ մարդիկ վախենում էին աստվածների վրեժից, ում հոգևորականները չար հատկանիշներ էին վերագրում, և այդ մշտական վախը մարդկանց կասկածամիտ ու չար էր դարձնում։ Մարդիկ երկրպագում էին ամենատարբեր աստվածներին՝ արևի, կրակի, ջրի աստծուն։ Այնպիսի բնության տարերքներն, ինչպիսին է փոթորիկը, երկրաշարժը կամ երաշտը, համարվում էին աստվածների բարկության հետևանքը, և որպեսզի ինչ-որ կերպ հանգստացնեն այդ բարկությունը, մարդիկ նրանց բազմաթիվ արյունոտ զոհաբերություններ էին մատուցում։ Մարդիկ չէին մտածում Միասնական Ամենազոր Աստծո՝ Ահուրամազդայի՝ Տիեզերքի Արարչի սիրո մասին։

 

Զրադաշտի հոր անունը Պորուշասպա էր։ Նրա նախնիները մի ժամանակ թագավորական պալատի մերձավորներն էին։ Զրադաշտի մայրը՝ Դուհովան, նույնպես ազնվական տոհմից էր։ Դեռ Դուհովայի՝ Զրադաշտի հորը հանդիպելուց շատ առաջ, նա Աստծուց հայտնություն էր ստացել։ Աստված նրան ասել էր, որ նա ծնելու է Աստվածային երեխա, և որ նա պետք է այդ երեխայի համար քնքուշ մայր լինի։ Մոտավորապես այդ ժամանակներում Զրադաշտի հայրը նույնպես Աստծուց հայտնություն է ստանում։ Այսպիսով, երբ Դուհովան և Պորուշասպան հանդիպեցին, երկուսն էլ գիտեին, որ նրանց երեխաներից մեկը ծնվելու է Աստծո Ոգուց։

 

Ավանդապատումներում ասվում է, որ երբ Զրադաշտն աշխարհ եկավ, ողջ տարածքը սկսեց զարմանահրաշ լույսով փայլել, և շրջապատի բնությունն ասես վայրկենական ծաղկեց։ Բոլոր մարդիկ իրենց զարմանալիորեն երջանիկ էին զգում։ Իսկ նոր աշխարհ եկած մանկան դեմքը լուսավորվել էր պայծառ ժպիտով։ Եվ այդ ժամանակ հայրն ու մայրը հասկացան, որ ծնվել է հենց այն երեխան, ում մասին նրանց զգուշացրել է անձամբ Ինքը՝ Աստված։ Նրանք հասկացան, որ իրենց նորածնին մեծ ապագա է սպասվում, և որ նա կդառնա ժողովուրդների Ուսուցիչն ու Փրկիչը։ Իսկ այն պահին, երբ Զրադաշտն աշխարհ եկավ, երկնքում հայտնվեց մի նոր, կրակոտ աստղ։

 

Զրադաշտի մանկությունը

 

Զրադաշտի կյանքի առաջին հինգ տարիների ընթացքում Նրա դաստիարակությամբ զբաղվում էր մայրը։ Հետո, երբ Նա մեծացավ, հայրը սկսեց որդուն ձիավարություն, նետաձգություն և շատ այլ՝ տղամարդուն անհրաժշետ հմտություններ սովորեցնել։ Նա նաև որդուն սովորեցրեց անկեղծ ու արդար լինել բոլոր մարդկանց հանդեպ։

 

Բայց Զրադաշտին չէին հետաքրքրում նետաձգությունն ու ձիավարությունը։ Նրան չէր հետաքրքում նաև որսը՝ չէ՞ որ նա  այնքան էր սիրում կենդանիներին։ Տղան գերադասում էր ձկնորսությամբ զբաղվել և երկար ժամանակ էր անցկացնում ծովի ափին։ Նա նաև սիրում էր մոր համար հոտավետ խոտեր ու ծաղիկներ հավաքել, որոնք նա օգտագործում էր տնտեսության մեջ։ Զրադաշտը հաճախ էր օգնում հորը տեղափոխել ակների վրա դրված ծանր բեռները, հյութալի խոտ էր աճեցնում կենդանիների համար, հոգ էր տանում ձիերին։ Նա մեծանում էր անասելի աշխատասեր ու աջակցող։

 

Ամենավաղ տարիքից Զրադաշտն իր տարեկիցներից առանձնանում էր զարմանալի բարությամբ ու վեհնձնությամբ։ Մանկուց նա արդեն մտածում էր կարևոր և լուրջ հարցերի մասին և չէր հանգստանում, մինչև չէր գտնում դրանց պատասխանները։ Նրան վանում էին հոգևորականների կողմից մարդկանց ներշնչած անիմաստ հավատալիքները։ Նա չէր հասկանում շատ ծիսակատարությունների ու ավանդույթների իմաստը, այնպիսին, ինչպիսին օրինակ զոհաբերություններն էին կամ թմրանյութ պարունակող ավանդական ըմպելիք՝ աոմա օգտագործելը, որը պատրաստում էին մի բույսի հյութից։ Սիրտը հուշում էր նրան, որ կան ուրիշ՝ ավելի լավ ճանապարհներ, որոնք կարող են մարդկանց երջանիկ դարձնել։

 

Երբ լրացավ Զրադաշտի 12 տարեկանը, նա արդեն մեծահասակների հետ ազատ քննարկում էր կրոնական, քաղաքական և տնտեսական շատ հարցեր։ Նա բառի բուն իմաստով հետապնդում էր հոգևորականներին իր բազմաթիվ հարցերով, և, վերջիվերջո, ինքն էլ պատասխանում էր դրանց՝ ապշեցնելով բոլորին իր աներևակայելի իմացությամբ ու մտածելու կարողությամբ։ Հենց այդ ժամանակ էր, որ Զրադաշտը սկսեց Աստծո կողմից ստանալ առաջին Հայտնությունները։ Նա հաճախ էր իրեն տեսնում շրջապատված փայլող հրեշտակներով, որոնք նրան Աստծո կողմից ինչ-որ առեղծվածային գիտելիքներ էին փոխանցում։ Եվ այդ ժամանակ փոքրիկ Զրադաշտը սկսեց խորը մտածել Ահուրամազդայի Վեհության ու Ամենագո Սիրո ու Նրա բարության մասին։

 

Շատ հաճախ Զրադաշտի հետ խոսում էր ամենաշողացող հրեշտակը՝ անձամբ Ահուրամազդայի Ոգին։ Զրադաշտը նրան անվանեց Սրոշ։ Հենց Սրոշն ու այլ հոգևոր արարածներ, որոնց Աստված ուղարկում էր Զրադաշտին, լցնում էին Նրան Աստվածային գիտելիքներով ու իմաստությամբ։ Եվ այդ պահից սկսած Զրադաշտը սկսեց երազել այն օրվա գալուստի մասին, երբ բոլոր մարդկանց սրտերը կկարողանան դառնալ նույնքան երջանիկ ու լուսավորված, որքան իրենը։

 

Երբ Զրադաշտ դարձավ 15 տարեկան, Նրա հայրը մահացավ։ Այդ ժամանակ Զրադաշտն արդեն գիտեր, որ չի գնալու հոր հետքերով և հողամշակությամբ չի զբաղվելու։ Նա գիտեր, որ Իրեն այլ ապագա է սպասվում։ Հոր թողած ողջ ժառանգությունից Նա Իրեն վերցրեց միայն նրա գոտին, որը օգտագործում էր իր աղոթքների ժամանակ։ Այդ գոտին ամբողջ կյանքում հիշեցնում էր Զրադաշտին Աստծուն մոտ լինելու մասին, որը մարդ պետք է զգա աղոթքի ժամանակ։

 

Զրադաշտն իր ընտանիքում ապրեց ևս հինգ տարի։ Այդ ընթացքում Նա ամուսնացավ։ Հարսանեկան արարողության ժամանակ Նա վստահորեն դեմ գնաց կրոնական ավանդույթներին ու սովորույթներին՝ պնդելով, որ Իր կնոջ դեմքը քողով ծածկված չլինի։ Երբ Զրադաշտը դարձավ 20 տարեկան, Նա թողեց ընտանիքն ու գնաց սարեր՝ աղոթելու ու խորհրդածելու համար։ Նա զգում էր, որ եկել է ժամանակը, երբ Աստված պետք է Իրեն սովորեցնի, թե ինչ անել հետո։ Սարերում Նա իր ժամանակի մեծ մասը նվիրում էր աղոթքներին։ Նա ապրում էր քարանձավում և սնվում էր միայն պանրով, հատապտուղներով ու մրգերով։ Հաճախ էր պատահում, որ Նա գնար սարաբնակ մարդկանց մոտ ու խոտերով բուժեր հիվանդներին։ Նա փորձում էր անել ամեն հնարավոր բան՝ հիվանդ և աղքատ մարդկանց կյանքը թեթևացնելու համար։ Ժամանակ առ ժամանակ Նա վերադառնում էր տուն՝ ընտանիքին օգնելու համար։

 

Զրադաշտը լսում է Աստվածային Կանչը

 

Մի անգամ գարնանը (Զրադաշտն այդ ժամանակ 30 տարեկան էր), երբ Զրադաշտն աղոթում էր, Նա հանկարծ լսեց Աստվածային Ձայնը։ Նրա առջև հառնեց Աստծո Հրեշտակը։ Հրեշտակը շատ բարձրահասակ էր, մարդուց շատ ավելի մեծ և փայլում էր զարմանալի լույսով։ Հրեշտակը Զրադաշտին հարցրեց, թե ինչ է Նա ուզում։ «Ես բարություն ու արդարություն եմ փնտրում»,- պատասխանեց Զրադաշտը: Այդ ժամանակ Հրեշտակը կանչեց այլ շողացող հրեշտակների, և նրանք բոլորը շրջապատեցին Զրադաշտին այնպես, որ Նա դադարեց տեսնել իր մարմինը։ Հետո Նա լսեց Մեծն Ահուրամազդայի ձայնը։ Եվ Զրադաշտը դիմեց Նրան՝ հետևյալ հարցերով․ «Ո՛վ, Ահուրամազդա, ինչպե՞ս է պետք աղոթել, եթե ցանկանում եմ Իմ աղոթքը նվիրել միայն Քեզ՝ Ամենավեհին, Ամենաբարձրյալին։ Ով, Ահուրամազդա, Ես կցանկանայի իմանալ Իմ նպատակն ու իմ երկրային առաքելությունը։ Ով, Ահուրամազդա, ի՞նչ լուր պետք է հայտնեմ մարդկանց։ Ով, Ահուրամազդա, ինչպե՞ս մարդկանց քո մասին պատմեմ, որ Իմ խոսքը հուզի նրանց սրտերը»։

 

Մեծն Ահուրամազդան պատասխանեց Զրադաշտի բոլոր հարցերին։ Զրադաշտի Հոգին լցվեց Աստվածային Ոգով և, և Նա հասկացավ, թե ինչ պետք է անի, Նրա առջև բացվեց հիասքանչ ապագան, որը սպասում էր Նոր կրոնին, գիտելիք, որը Նա պետք է բերեր մարդկանց։

 

Յոթ անգամ Զրադաշտը զրուցեց Աստծո հետ, տվեց Նրան ամենատարբեր հարցեր, որպեսզի ամբողջովին վստահ լինի Իր առաքելության վրա։ Դրանից հետո Զրադաշտը սարերից իջավ մարդկանց մոտ։ Մարդիկ ապշած էին զարմանահրաշ տեսարանով: Զրադաշտը քայլում էր, իսկ նրա հետևում գտնվող սարերն ասես կրակի մեջ լինեին և կրակե ցոլքը լուսավորում էր Նրա ճանապարհը։ Այդ կրակե ցոլքը նման էր Մովսեսին շրջապատած փայլքին, երբ Նա սարից իջավ մարդկանց մոտ՝ նրանց բերելով Աստվածային հայտնությունը։

 

Մի ձեռքում Զրադաշտը տանում էր այրվող ատրուշանը՝ սուրբ կրակի նշանը, որով Նա պետք է բոցավառեր մարդկանց սրտերն ու հոգիները։ Մյուս ձեռքում Նա պահել էր նոճենու գավազանը՝ Աստվածային Սրբության խորհրդանիշն ու երջանկությունը այն բոլոր մարդկանց համար, ով ականջալուր է լինում Աստծո Կանչին։ Այսպես Զրադաշտը՝ Աստծո Դեսպանորդը, սկսեց Մեծն Արարիչ Ահուրամազդայի Նոր Կրոնի մասին Իր վեհ քարոզը։

 

 Հետապնդումները վերածվում են փառքի  

 

Տասը տարի շարունակ Զրադաշտը Միդիա թագավորությունում՝ Իրանի հարավային մասում ուսուցանում էր նոր կրոնը, բայց այս բոլոր տարիների ընթացքում Նա ոչ մի աշակերտ չունեցավ։ Զրադաշտը մշտապես ծաղրանքների ու հետապնդումների էր ենթարկվում հոգևորականների կողմից, ովքեր ամեն բան անում էին՝ Նրան լռեցնելու համար։ Նրան վտարում էին, մարմնական պատիժների էին ենթարկում։ Զրադաշտի տանջանքներն այնքան ծանր էին, որ Նա երբեմն կասկածում էր Նոր կրոնը մարդկանց հասցնելու Իր կարողության վրա և կարծում էր, որ ավելի լավ կլիներ, որ Իր կյանքը նվիրեր հողագործությանը, ինչպես Իր ընտանիքի բոլոր անդամները։

 

Բայց Աստված չէր դադարում աջակցել Նրան։ Եվ Զրադաշտը միշտ այդ պարապ մտքերը ցրելու ուժ էր գտնում և ոչինչ հաշվի չառնելով՝ շարունակում էր Իր քարոզը։

 

Մի անգամ Նա երազ տեսավ՝ իր եղբայր Մետեոն իր հետ միասին ահռելի բանակի գլուխ է կանգնած։ Երազը կատարվեց: Մետեոն դարձավ Զրադաշտի առաջին աշակերտը։ Իր Ուսուցչի հետ միասին Նա գնում էր քաղաքից քաղաք, անցնելով հազարավոր կիլոմետրեր, և բոլորին պատմում Նոր Կրոնի մասին։

 

Վերջապես, Զրադաշտը թույլտվություն ստացավ իր առաքելության մասին պատմել Հիստասպես արքային։ Զրադաշտը մեծ հույս ուներ, որ արքան կընդունի Աստվածային Խոսքերը և դրա հետևանքով շատ մարդիկ կդառնան Նոր Կրոնի հետևորդները։ Ամեն ինչ կատարվեց հենց այնպես, ինչպես կանխատեսել էր Զրադաշտը։ Սկզբում արքան, հետո թագուհին, արքայազնը և ողջ արքունիքը ոգեշնչվեցին Վեհ Ուսմունքներով և դարձան Զրադաշտի հետևորդները։ Եվ Զրադաշտի ողջ ընտանիքը՝ Նրա մայրը, քույրերը, եղբայրները, երեխաները դարձան Նրա հավատարիմ հետևորդները։ Այսպես աստիճանաբար Զրադաշտի բերած Նոր Կրոնի սերմերը սկսեցին ծիլեր արձակել։ Շուտով Նրա Ուսմունքն ընդունեց ոչ միայն Միդիա թագավորությունը, այլև ողջ Պարսկաստանը։

 

Այս պահից սկսած մինչև Իր մահը Զրադաշտի կյանքի ամենաերջանիկ շրջանը եղավ (Զրադաշտը մահացավ 77 տարեկան հասակում)։ Նա կրոնն ուսուցանում էր անսպառ ջերմությամբ։ Շուտով Նրա անունը հայտնի դարձավ Հնդկաստանի, Հունաստանի և այլ երկրների ամենահեղինակավոր իմաստունների շրջանում։

 

Իր աղջիկներից մեկին Զրադաշտն ամուսնացրեց թագավորական վեզիրի հետ և Պարսկաստանի կառավարության ու Նոր Կրոնի հետ կապն ավելի ամրապնդվեց։ Հիստասպես թագավորը, ով դարձել էր Զրադաշտի հետևորդը, տարբերվում էր անասելի իմաստությամբ ու արդարությամբ։ Նրանից հետո կառավարող արքաները կարողացան միավորել Պարսկաստանի մասնատված թագավորությունները և այն վերածեցին ամենազորեղ տերություններից մեկի, որը երբևիցե գոյություն է ունեցել աշխարհում։

 

Զրադաշտի բերած Աստվածային օրենքները հրաշք գործեցին։ Նրանք օգնեցին կառավարությանն ազատվել կաշառակերությունից, ստից, անարդարությունից ու վախից։ Իրանի կառավարիչները հայտնի դարձան ողջ աշխարհում իրենց արդարությամբ, վեհնձնությամբ, թշնամիների հանդեպ բարի վերաբերմունքով, խաղաղասիրությամբ ու համբերատարությամբ։ Եվ իրենց բոլոր հաջողություններն ու քաջությունները նրանք համարում էին ոչ թե իրենց ձեռքբերումները, այլ Մեծն Ահուրամազդայի գործունեությունը։

 

Պարսկաստանի ժողովուրդը դարձավ շատ ավելի երջանիկ։ Մարդիկ ջանում էին ամեն ինչում համապատասխանել բարձր բարոյական չափանիշներին, որը քարոզում էր Զրադաշտի կրոնը։ Ենթարկվելով ամենատարբեր Աստվածային գրվածքներին՝ նրանք բարելավեցին իրենց առողջությունը, իրենց կենդանիների առողջությունը, նրանց հողերը սկսեցին առատ բերք տալ, նրանց ընտանիքներն ավելի ամուր դարձան։ Տղամարդիկ սկսեցին իրենց երեխաներին ու կանանց ավելի լավ վերաբերվել։ Մարդիկ դարձան հյուրընկալ ու բարեհաճ, արձագանքող ու բարի։ Մեծ նշանակություն սկսեցին տալ գիտելիքների ձեռքբերմանը, կառուցվեցին նոր դպրոցներ, ի հայտ եկան նոր արվեստներ և արհեստներ։ Ողջ երկիրը ծաղկեց։

 

Սարերում, որտեղ գետնի տակից բնական գազ է հոսում, մարդիկ կառուցեցին աշտարակներ ու ջահերի նման վառեցին։ Այդ այրվող աշտարակները մարդկանց հիշեցնում էին Զրադաշտի հոգևոր ջահի մասին, որի շնորհիվ Նա կարողացավ բոցավառել մարդկանց հոգիները։

 

Ներկայումս Զրադաշտի ամենամեծ հետևորդների թիվը Շրի Լանկայում է։ Այդ մարդիկ մինչ օրս հետևում են իրենց Մեծ Ուսուցչի ուղղորդումներին և սպասում են Նրա բոլոր կանխագուշակումների կատարմանը։ Իր Կանխագուշակումներից մեկում Նա ասել է, որ 3000 տարի հետո Երկրի վրա կտարածվի Աստվածային Արքայությունը և Չարն ընդմիշտ կվտարվի կյանքից։ Դա տեղի կունենա Նոր Փրկչի՝ Նոր Հոգևոր Ուսուցչի գալուստով, ով կծնվի Իրանում։ Այդ Ուսուցիչը կլինի Զրադաշտի ուղիղ հետնորդը, ինչպես նաև հետնորդը պարսից արքաների։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ