Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Երջանիկ ընտանիքի կարևորագույն հիմքը
Հոդվածներ

Երջանիկ ընտանիքի կարևորագույն հիմքը

Սիրո մասին խոսելիս մենք հաճախ սահմանափակվում ենք զգացմունքային բառապաշարով՝ այն ներկայացնելով որպես հաճելի վիճակ, ռոմանտիկ տրամադրություն կամ պարզապես հարմարվելու արդյունք։ Բայց սերը դրանից շատ ավելին է․ այն կարող է դառնալ կյանքի խորագույն շարժիչ ուժը՝ մի ուժ, որը միաժամանակ ունի թե՛ հոգևոր իմաստ, թե՛ բնության մեջ արտահայտված օրինաչափություն, և թե՛ մարդկային հարաբերությունների ամենանուրբ հիմք։ Երբ փորձում ենք հասկանալ, թե ինչու է սերը իրականում ամենահզորը, ինչու կարող է բուժել, միավորել, զորացնել և նույնիսկ ուղեգծել մարդու ամբողջ կյանքի ընթացքը, արժե նայել ոչ միայն մեր անձնական փորձին, այլև այն մեծ պատկերին, որտեղ սերն ընկալվում է որպես արարչագործության մեջ ներդրված կենդանի կապ։ Այդ տեսանկյունից է, Մերի Մաքսվելի <<Կյանքի գաղտնիքը>> գրքից ստորև ներկայացվող հատվածը բացահայտում սիրո իմաստը՝ սկսելով նրա տիեզերական արմատներից և հասնելով ամուսնության, ընտանիքի, սովորության, պարկեշտության ու ծնողավարման հոգևոր նշանակությանը։

 

Սերը լույս է, որն ուղղորդում է մթության մեջ, կենդանի կապ, որը միավորում է Աստծուն մարդու հետ և օգնում է վերելք ապրել յուրաքանչյուր լուսավորված հոգուն։

 

Եվ ինչու՞ է սերն այդքան հզոր, ամենաթափանց ուժ հանդիսանում։ Քանի որ մեզ ստեղծած Աստված Սիրող Աստված է և Նա թափանցում է ողջ արարչագործության մեջ։ Ուժը, որը կապում է ատոմները միմյանց, ձգողականության անտեսանելի թելերը, որոնք իրենց ուղեծրում են պահում պտտվող գալակտիկաները, նյութի մեջ մասնիկների միաձուլման ուժը, փոշոտման համար բացվող ծաղիկների բողբոջները, որոնք նոր կյանք են տալիս, զուգավորվող և բույն դնող թռչունները, արքայական եղջերուն իր եղնիկի ու ձագերի հետ միասին, ամուսինը, կինն ու երեխան՝ նրանք բոլորն արտահայտում են Արարչի  էության ամենակարևոր հատկանիշը՝ սերը։ Հետևաբար, երբ տղամարդու և կնոջ մտերմությունը հիմնված է սիրո և օրենքի վրա, այսինքն սրբագործված է ամուսնական կապերով, այն դառնում է երջանկության և ուժի անսպառ աղբյուր։ Ամուսնության մեջ ինտիմ հարաբերություններն էլ ավելի են ամրացնում սերը, իսկ սերը վեհացնում է ֆիզիկական մտերմությունը մինչև հոգևոր հաղորդակցության վիճակ՝ դարձնելով այն ուրախություն ոչ միայն մարմնի, այլև հոգու համար։

 

Ամուսնությունը հարկավոր է դիտարկել նաև անհատի և հասարակության հարաբերության տեսանկյունից։ Չի կարելի մաքսիմալ օգուտ քաղել նրանից, ինչի մասին դուք բավարար պատկերացում չունեք։ Ամուսնանալ առաջին հերթին նշանակում է ձեռք բերել ընկերություն, որը կտևի մի ամբողջ կյանք։ Միանգամայն հնարավոր է, որ կգա մի օր, երբ ձեր միակ մտերիմը կլինի ձեր ամուսինը։ Ծնողներն, ամենայն հավանականությամբ, ձեզնից ավելի շուտ կմահանան, երեխաները կմեծանան և իրենց սեփական կյանքը կունենան, ձեր եղբայրները, քույրերը, ընկերները կունենան իրենց մտերիմների սեփական շրջանակը, ովքեր նրանց համար շատ ավելին կնշանակեն, քան դուք։ Բայց ձեր ամուսինը կամ կինը միշտ կլինեն ձեր կողքին, դուք միասին կկիսեք թե՛ ուրախությունը և թե՛ տխրությունը, դուք կունենաք ընդհանուր տուն, երեխաներ, ընդհանուր եկամուտ, բացի այդ, ձեր հետաքրքրություններն ու հոբբիները տարիների ընթացքում կսկսեն ավելի ու ավելի համընկնել։ Նախքան ամուսնանալը ձեզ հարկավոր է պատկերացնել ձեր ապագա կյանքը, մտածել այն մասին, թե կարող եք արդյոք ձեր ողջ կյանքի ճանապարհն անցնել ձեր ընտրյալի հետ։

 

Ամուսնությունից շատ բան մի սպասեք և միևնույն ժամանակ մի իջեցրեք ձեր չափանիշները։ Ձեր միությունը չի կարող տալ ավելին, քան այն, ինչ դուք երկուսդ եք մտցնում նրա մեջ։ Եթե դուք անհամբեր եք, չափազանց խիստ, իշխող, կասկածամիտ, անհանդուրժող, տաքարյուն, եսասեր, իմացեք, որ բնավորության այս գծերը ձեր ամուսնությունն ամուր ու երջանիկ չեն դարձնի։ Նույնիսկ եթե դուք չեղարկեք այն և փոխեք ձեր զուգընկերոջը, դժվար թե նոր միությունն ավելի հաջողակ լինի։ Ամուսնության մեջ, ինչպես և յուրաքանչյուր հարաբերություններում, անհրաժեշտ է հարթել սուր եզրերը։ Այդ գործընթացը ցավոտ է։ Սկզբում շատ դժվար է հարմարվել այլ մարդու բնավորությանը, ահա թե ինչու է սերն իսկապես անհրաժեշտ ամուսնության մեջ։ Թերևս այստեղ նա ավելի կարևոր է, քան ցանկացած այլ հարաբերություններում։

 

Սերը, այս սկզբնական Աստվածային զորությունը, ի վիճակի է միավորելու այն, ինչ նման չէ իրար։ Արևի շողի նման այն ցրում է անհաշտության ամպերը, այն բուժում է վերքերը, որոնք մենք անմտածել, նյարդայնության պահերին հասցնում ենք միմյանց։ Տարիների հետ սիրո ամենաներող ուժին աստիճանաբար ավելանում է կայունացման ևս մեկ գործոն՝ սովորությունը։ Ընդհանուր տունն ու ամենօրյա շփումը մտերմացնում են մարդկանց, և ի հայտ է գալիս որոշակի կենսակերպ վարելու սովորությունը՝ ընտանեկան կյանքի ամենազորեղ ուժերից մեկը, որը պահպանում է հավասարակշռությունը։ Եվ անգամ երբ գա այն օրը, երբ ամուսինները հասկանան, որ սերն այլևս չկա, սովորությունը կարող է դառնալ այն ուժը, որը կպահպանի միությունը։

 

Ընտանեկան կյանքը հիմնված է երկու գործոնների վրա՝ պարկեշտություն և երեխաներ։

 

Պարկեշտությունը բարոյականության ամենահազվագյուտ մարգարիտն է ժամանակակից աշխարհում։ Այն կապված է ձեր կյանքի ամենաինտիմ կողմի հետ և ի վիճակի է ուրախություն ու գեղեցկություն բերել, եթե միայն դուք այն պահպանեք մինչև այն պահը, երբ այն իր արտահայտումը գտնի ձեր ամուսնական միության մեջ։ Պահպանեք այն նրա համար, ում հետ, ի թիվս այլ բաների, ձեզ կմիավորեն ընդհանուր տունն ու երեխաները, ում հետ դուք կկիսեք կյանքի բոլոր ուրախություններն ու տխրությունները։ Արժանապատվությունը, հոգևոր մաքրությունը հարյուրապատկվում են, եթե մինչև ամուսնությունը մաքրությունը պահպանվել է թե՛ ամուսնու և թե՛ կնոջ կողմից։

 

Այդ դեպքում երջանիկ ամուսնության հնարավորությունը շատ ավելի բարձր կլինի, քանզի ամուսիններն ամբողջությամբ միմյանց հետ կկիսեն այն, ինչը նրանց համար կապված է նոր կյանք մտնելու հետ։ Նրանք չեն ունենա մեկը մյուսին այլոց հետ համեմատելու ալտերնատիվը, նրանց մոտ զարգացած չի լինի չափից դուրս ցանկությունը, որը կխանգարի ամուսնությանը, իսկ ամենակարևորը, սեքսը կլինի նրանց ամուսնական կյանքի բնական և առողջ հատվածը, որը կօգնի շտկել անհարթությունները հարաբերությունների մեջ և կբերի խաղաղություն և հանգիստ։

 

Ի տարբերություն այն հակադիր պատկերացման, որ ինքնազսպումը վնասակար է առողջության համար և ոտնձգություն է համարվում անհատի օրինական իրավունքների հանդեպ, դոկտոր Կերելլը պնդում է․«Մինչ ամուսնանալը անարատությունը պահպանելը իդեալական վիճակ է։ Անարատությունը վաղ տարիքից պարկեշտ դաստիարակություն է պահանջում։ Այն ինքնակարգապահության ամենաբարձր արտահայտումն է։ Երիտասարդության տարիներին սեռական հարաբերություններից գիտակցված զերծ մնալը նպաստում է կյանքի բարելավմանն այնպես, ինչպես չի կարող նպաստել ոչ մի այլ բարոյական կամ ֆիզիկական ջանք»։ Անարատության տրամաբանական շարունակությունը ամուսնությունն է, և ամուսնությունը պետք է հնարավորինս երիտասարդ տարիքում լինի։

 

Ամուսնության նպատակը երեխաներն են, իսկ ժամանակակից աշխարհում, հատկապես մեծ քաղաքների զբաղված կյանքի մեջ, դրան մեծ նշանակություն չի տրվում։ Նյութական քաղաքակրթության լաբիրինթոսում, մենք այնքան ենք կտրվել մեզ ծնած մայր բնությունից, որ գնալով ավելի ու ավելի ենք զրկում ինքներս մեզ նույնիսկ այն սկզբնական ու օրհնյալ ուրախություններից, որոնք հասանելի են յուրաքանչյուր կենդանի արարածի։ Բազմացումը ներդրված է մեր բնության մեջ։ Այն ոչ միայն դրականորեն է ազդում առողջության վրա, ոչ միայն անհրաժեշտ է հասարակությանը, այլ նաև երեխաները հոգևոր օրհնության էությունն են։ Մեզ նման, մեզնից սերված, մեր կարիքն ունեցող նոր կյանքի ծագումը մարդկային սրտում առաջացնում է յուրահատուկ, նախկինում երբեք չվերապրած զգացողությունների մի ամբողջ գամմա։ Միայն մեռած սիրտը չի թրթռա ու չի սկսի արագ զարկել մանկական ձեռքի հպումից։ Մայրությունն ու հայրությունը մաքրում են մեզ էգոիզմի պատիճից։ Այն մեր կյանք է բերում նոր, բուռն հետաքրքրություն, պատասխանատվության լիովին յուրահատուկ զգացում, ստիպում է մարդուն խորհել իր և իր պատվի մասին, ծնում է այնպիսի սեր, որը համեմատելի չէ որևէ այլ բանի հետ՝ զոհաբերական սեր, որն առաջացնում է մեր մեջ ինքնանվիրում ու մեծագույն համբերություն։ Հիրավի, երեխայի ծնունդը ծնողների ինքնամաքրման ճանապարհն է։ Կյանքում հայտնվում է որոշակի «կայծ», և բացի այդ, այն ձեռք է բերում նոր  առաքելություն՝ փոքրիկ մարդկային արարածը պահանջում է սեր, հոգատարություն, օգնություն, նրան պետք է դաստիարակել ու կրթել։ Երեխան ամենաամուր կապերով կապում է հորն ու մորը, թարմացնում է նրանց սիրո աղբյուրը, նրանց ամուսնական ծառը ծածկվում է կանաչ տերևներով։ Երեխայի ծնունդով լցվում է այն դատարկությունը, որը հաճախ զգում են անզավակ ամուսինները մեծ տարիքում։ Երիտասարդները կարծում են, որ կյանքն անգամ առանց երեխաների է լիարժեք, և նույնիսկ միջին տարիքում մարդկանց թվում է, որ նրանք լիարժեք են առանց նրանց, քանզի հասունությունը ինքնարտահայտման գագաթնակետն է, բայց միայնակ ծերությունը, սիրուց զրկված, սարսափելի է իր անիմաստության մեջ:

 

Կա ևս մեկ պատճառ, շատ ավելի խորը, ըստ որի մարդը պետք է երեխաներ ունենա։ Մեր կյանքը կարելի է համեմատել թռիչքի հետ՝ անշունչ նյութը վերափոխվել է շնչավորի, կյանքի էվոլյուցիայի ընթացքում առաջացել է մարդը՝ միակը, ով վերադառնում է Աստծո մոտ։ Թռիչքը նախատեսված է հասնելու գագաթնակետին, որը մեզ վիճակված չէ ճանաչել այս աշխարհում։ Մահից հետո մարդկային անհատականությունը՝ նրա հոգին, շարունակում է իր ճանապարհը, կատարելագործվում է, զարգանում է, և մենք չպետք է մեր կամքով, եթե դրա համար հիմնավոր պատճառ չկա, գիտակցաբար կտրենք շղթայի մի օղակը՝  կանխելով նոր կյանքի ծնունդը, որը կշարունակի թռչել ավելի հեռու և ավելի բարձր։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ